Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Իշխանությունը ցանկանում է քաղաքական դաշտն «ազատել» «Ժառանգությունից», իսկ որոշ արխիվ գնացած քաղաքական գործիչներ` «էստի համեցեք» են անում «բացվող տեղի» համար»

«Իշխանությունը ցանկանում է քաղաքական դաշտն «ազատել» «Ժառանգությունից», իսկ որոշ արխիվ գնացած քաղաքական գործիչներ` «էստի համեցեք» են անում «բացվող տեղի» համար»
25.08.2009 | 00:00

«ՄԻ՛ ԽՈՐԱՄԱՆԿԵՔ ԵՎ ՄԻ՛ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ, ՈՐ ԴԻՄԱՑԻՆԸ ԽՈՐԱՄԱՆԿԻ»
Րաֆֆի Հովհաննիսյան-ՀՀԿ բազմասերիանոց օպերացիան կարծես թե երբեք էլ ավարտ չի ունենա։ Հանրապետականներն իրենց «ճիշտն» են պնդում, «Ժառանգությունը»` իր։ Արդյունքում հանրությունը բավականաչափ իրազեկվում է երրորդ հանրապետության պատմական այդ փուլի մասին։ Ի վերջո, «Ժառանգության» և ՀՀԿ-ի շուրջ այս ողջ պատմությունն ի՞նչ նպատակ ուներ, ի՞նչ էին փորձում հանրապետականները «Ժառանգությանը» «հասկացնել»։ Այս թեմայի ու սրանից բխած այլ հարցերի շուրջ զրուցում ենք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։
-Հանրապետականների նախաձեռնած արշավի ուղերձը ոչ միայն «Ժառանգությանը», այլև հանրությանն էր ուղղված,- պարզաբանեց պարոն Սաֆարյանը։- Իրականում ամեն ինչ կապ ունի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Տարիներ շարունակ հասարակությունից գաղտնի է պահվել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Եվ հանկարծ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին գաղտնազերծել մադրիդյան սկզբունքները, ինչն անակնկալի բերեց բոլորին։ Մինչ դրանց հրապարակումը «Ժառանգությունն» առիթ էր ունեցել իր քննադատությունն ու մերժողական վերաբերմունքն արտահայտելու դրանց նկատմամբ կուսակցության մի շարք հայտարարություններով, հատկապես երբ Հայաստանը Մայնդորֆյան հռչակագրով պարտավորություն ստանձնեց հետագա բանակցությունների համար բացառապես հիմք ընդունել այդ սկզբունքները։ Դիվանագիտական տարբեր խողովակներով ունենալով տեղեկատվություն քննարկվող սկզբունքների մասին` մենք դեռևս նախորդ տարվա աշնանը նկատել էինք, որ այս գործընթացում էապես վտանգված են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության շահերը։ Այդ սկզբունքների հրապարակումից հետո էլ քննադատող հայտարարությամբ հանդես եկանք, քանի որ առաջիկա հանդիպումների ժամանակ ռիսկ կար, որ Սերժ Սարգսյանը կկանգնի փաստաթուղթ ստորագրելու իրողության առջև (այժմ էլ այդ վտանգը կա)։ Ահա սա էր պատճառը, որ ՀՀԿ-ի համար «Ժառանգության» հայեցակարգային քննադատությունը և խնդրով չափազանց hստակ դիրքորոշումը մտահոգության առարկա դարձան։ Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո իշխանությունը, կոնկրետ` ՀՀԿ-ն, իրեն մերկացած զգաց, քանի որ վաղ 90-ականներին նրա երջանկահիշատակ ղեկավարները պահանջում էին Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, սակայն անգամ այդ կուսակցության հնաբնակներն ու 2008-ին նրա մեջ մտած կասկածելի զանգվածը կոալիցիոն գործընկերների հետ դեմ արտահայտվեցին «Ժառանգության» համանման առաջարկին։ ՀՀԿ-ն ու իր կոալիցիոն դաշնակիցները նախկինում հայտարարություններով փորձում էին տպավորություն ստեղծել, թե Հայաստանի և ԼՂՀ-ի շահերին անդավաճան են, սակայն վերջերս վերահամոզվեցինք, որ իրականում գործ ունեինք պաշտոնի պահպանման դիմաց արցախյան խնդրում զիջումների հարցում տրված խոստումների հետ։ Սրան հավելենք նաև այն, որ 98-ից ԼՂՀ-ն դուրս էր մղվել բանակցային գործընթացից, և ազատագրված տարածքները, ընդհուպ Լաչինի միջանցքը, դարձել են սակարկության առարկա։ Այս ամենը այն դեպքում, երբ նախկին ու ներկա իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, թե ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում (պարզվում է` այս առաջարկներով այդպիսի հեռանկարը հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել), պետք է ունենա ցամաքային կապ Հայաստանի հետ (այժմ պարզվում է` այդ միջանցքը լինելու է ադրբեջանական սուվերենիտետի ներքո), և այսպես շարունակ: Այս ամենի կողքին «Ժառանգությունը» հանդես է գալիս շատ հստակ և անդավաճան դիրքորոշմամբ, այն է` ԼՂՀ անկախությունը փաստ և իրողություն է ու ենթակա միջազգային ճանաչման, այդ թվում` Հայաստանի: Հետևաբար, իշխանության դեմքի կորստի այս խորապատկերին «Ժառանգության» դեմ արշավ սկսվեց։ Թիրախ ընտրվեց նախ` Զարուհի Փոստանջյանը, և «Ժառանգությանը» փորձեցին ներկայացնել որպես կոսմոպոլիտ, ոչ ազգային ուժ` օգտագործելով Փոստանջյանի առաջարկների տակ թուրք և ադրբեջանցի մեկական պատգամավորների ստորագրության փաստը։ Երբ համարժեք պատասխան տրվեց այս զրպարտությանը, թեման կարծես մի փոքր ընդհատվեց։
-Վերջին «արշավն» ուղղված էր «Ժառանգություն» քաղաքական ուժի՞, թե՞ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դեմ։
-«Ժառանգության» դեմ։ Փոստանջյանից հետո հաջորդ թիրախը Հովհաննիսյանն էր, երբ հրապարակ նետվեցին ակնհայտ ստեր։ Այս կեղտոտ լուտանքներն էլ իրենց պատասխանը ստացան և, ըստ էության, Գալուստ Սահակյանը հրաժարվեց Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրած մեղադրանքից` մեղքը գցելով ինչ-որ հայ պաշտոնյայի վրա։
-Հայտնի՞ է արդյոք այդ պաշտոնյայի անունը։
-Հայտնի է, բայց թողնում ենք` նրա անունը Գալուստ Սահակյանն ասի, քանի որ դրանից հետո զրույցի մեկ այլ թեմա է բացվելու։ Հասարակությունը նաև վաղուց գիտի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման շրջանում նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի կապակցությամբ են տարաձայնություններ եղել, քանի որ Հովհաննիսյանը համոզված է եղել, որ այդ շրջանում հնարավոր է եղել միջազգային ատյաններում առավելագույնս հայամետ փաստաթղթեր ընդունել տալ և դրանց վրա դնել խնդրի կարգավորման գործընթացը (ինչի վառ օրինակները կան), մինչդեռ բավարարվել ենք նվազագույնով: Այս ամենը պատմություն է և հետաքրքիր է սոսկ դրանից դասեր քաղելու, բայց ոչ քաղաքական թիրախներ վնասազերծելու տեսակետից:
- Ի՞նչ էր ուզում ՀՀԿ-ն այս կտրվածքով.
-Ցանկություններից մեկն այն էր, որ «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ քննադատեն Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նույն ՀՀԿ-ն գիտի, որ իշխանությունների և իրենց քննադատությունը Տեր-Պետրոսյանի հասցեին վերածվում է գովազդի։ Այդ խորապատկերին էլ ՀՀԿ-ն ցանկանում է իրեն ներկայացնել որպես ղարաբաղյան խնդիրը տերպետրոսյանական «անդունդից» հնարավորինս հանած իշխանություն, ով «հաջորդ հանգրվաններում լրիվ հաղթողական դիրքեր» է ապահովելու: Պատահական չէ, որ «Ռադիո հայը» մեզ անընդունելի պահանջ առաջադրեց` կհնչեցվեն ձեր ներկայացրած փաստերը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ ասի, որ իր կամքից անկախ և ի պաշտոնե ներգրավվել է Տեր-Պետրոսյանի կատարած այնպիսի գործողություններում, որոնց արդյունքում ղարաբաղյան խնդիրը հայտնվել է փոսի մեջ։ Մենք այս առաջարկին կտրուկ արձագանքեցինք։ Այսօր փորձ արվեց այդ թեման տեղափոխել «Իրավունք» կոչվող թերթի էջեր, որը նախապատրաստական նպատակներով «հարցազրույցներ էր» վերցրել ՀՀԿ-ական կարկառուն դեմքերից: Սակայն նրանց այդ առաջարկը նույնպես մեր կողմից մերժվեց։ ՀՀԿ-ն ցանկացած շոշափուկներով, պատվերով հաղորդումներով ու գրչակներով հուսահատ փորձեր է անում իր խաթարված իմիջը բարձրացնելու։ Ահա այդ մերժման արդյունքում «Իրավունքում» տպագրվեց անլուրջ, այսպես կոչված, հարցազրույցը` հարցերով, որոնք իբրև ուղղվել էին ինձ, ու իբր ես պատասխանել էի ոչ համարժեք ու շատ մեղմ։ Այն կարդալով, նախ, մի կուշտ ծիծաղեցի, հետո էլ հասկացա այդ թերթի ողբերգությունը, որն իր մարդատյաց ու անհանդուրժող մտածողության պատճառով պատերազմական վիճակի մեջ է հայտնվել բոլորի հետ։
-Փաստորեն, կարծում եք, որ փորձ է արվում «Ժառանգությունը» հանրության աչքին ներկայացնել որպես ապազգայի՞ն ուժ։
-Քանի որ ՀՀԿ-ի և մյուսների դեմքը պատռվել է, փորձ են անում համոզելու, թե իբր «Ժառանգությունն» էլ «մի բան չէ», որի առաջնորդը նախկինում ԼՂՀ-ի հարցում «սխալներ» է թույլ տվել, ինչի արդյունքում այսօր «խեղճ ու կրակ» իշխանությունները հազիվ են կարողացել հասնել որոշակի առաջընթացի։ Սա փորձագիտական և քաղաքագիտական որոշակի կույտի կողմից հասարակությանը հրամցվող մեսիջ է։ Ի դեպ, «Ժառանգության» հանդեպ արշավն այսքանով չի սահմանափակվում. ծիծաղելի է, բայց արխիվից հանել են 17-18 տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի հոր` աշխարհահռչակ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրած մի ժողովածու (որում այլ գիտնականների մոտեցումներն են հայոց պատմության այս կամ այն շրջանի վերաբերյալ), որի հետ նա ընդամենը կապ ունի այնքանով, որ այդ կարգի առաջին ժողովածուի խմբագիրն է, և որով հայոց պատմությունը և հայկական խնդիրները դարձան արևմտյան գիտական հանրության ինտենսիվ ուսումնասիրության առարկան։ Եվ իշխանություններին ծառայող «պատմաբանների» մի խումբ Հայաստանում, իսկ Հայաստանից վերջին տարիներին ԱՄՆ փախած «հայրենասերների» մի խմբակ էլ Գլենդելի պուրակներում արշավ սկսեցին նրա հեղինակության դեմ: Թիրախը հայազգի պրոֆեսորի` հանրության շրջանում հայկական խնդիրների հարցում նրա իմիջն էր: Բայց կրկին տապալվեցին, ինչպես և պետք է լիներ:
-Կա տեսակետ, թե այս ամենը Րաֆֆիի Հովհանիսյանի անձի վրա ստվեր գցելու նպատակ ունի, քանի որ հերթական նախագահական ընտրություններում Հովհաննիսյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել։ Այդպե՞ս է։
-Գնալով համոզվում եմ, որ` այո։ Սա ցույց է տալիս, թե իշխանությունները որքան լուրջ են վերաբերվում «Ժառանգությանը», որքան ռեալ են տեսնում իշխանափոխության վտանգը` ի դեմս «Ժառանգության», և որքան լավ են իրազեկ հանրության շրջանում նրա աճող վարկանիշին։
-Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը մտադի՞ր է նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրելու թեկնածությունը։
-Հերթական ընտրությունների ժամանակ, անշուշտ, կբավարարվեն նախագահ առաջադրվելու համար սահմանադրությամբ ներկայացված պահանջները։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական և անձամբ Հովհաննիսյանի որոշմանը, նման հարց դեռ չի քննարկվել, ինքն էլ բազմիցս նշել է, որ պաշտոնն իր համար ինքնանպատակ ու ինքնապարգև չէ: Բայց տարիներ շարունակ «Ժառանգություն» կուսակցության մեծամասնության, եթե ոչ բոլորի, ցանկությունն է առանձին թեկնածուով հանդես գալը։ Հարկ է նշել, որ իշխանությունների բախտը չի բերել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր պոտենցիալ համանախագահի հարցում, որը Կոսովոյի անկախության խնդրում մեծ փորձ ունի։ ՈՒ կարծես թե «Ժառանգությունը» միակ քաղաքական ուժն է, որը պնդում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Սրանով էլ «Ժառանգությունը» դառնում է ԱՄՆ-ի նոր համանախագահի, միակողմանի ճանաչում իրականացրած պետությունների ամենաառաջին դաշնակիցն այդ քաղաքականությունն Արցախում իրականացնելու համար։ ՈՒստի իշխանությունը ցանկանում է քաղաքական դաշտն «ազատել» «Ժառանգությունից», իսկ որոշ արխիվ գնացած քաղաքական գործիչներ` ի դեմս բաբուխանյանների ու մյուսների, «էստի համեցեք են անում» «բացվող տեղի» համար։ Վերջիններս ցույց են տալիս, որ իրենք կարող են շատ լուրջ վայրահաչ կազմակերպել` շեղելով հանրության ուշադրությունը, իբր թե զիջումների հարցում համանախագահներն են ճնշումներ գործադրում ՀՀ իշխանությունների վրա։ Մյուս կողմից էլ` փորձում են ներքաղաքական դաշտում իրենց ծառայությունները մատուցել` տարիներ շարունակ բարբաջելով «5-րդ շարասյուների», «գունավոր հեղափոխությունների» մասին` այդ կերպ ապահովագրելով իշխանությունների «թիկունքը»։
-Այս ողջ ընթացքում ընդդիմադիր մյուս հատվածը` ՀԱԿ-ը, որի առաջնորդն այդ փաստաթղթի ստորագրել-չստորագրելուց ժամանակին լիովին տեղեկացված է եղել, լռում է։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-«Ժառանգությունն» իր դեմ սանձազերծված բոլոր արշավներում, ցավոք, միշտ միայնակ է եղել։ 2005-06 թվականներին, երբ «Ժառանգության» գրասենյակը կողպվում էր, իսկ կուսակցության անդամները լուրջ հետապնդվում, ընդդիմադիր որևէ ուժ ԱԺ ամբիոնից կամ հրապարակավ երբևէ չհնչեցրեց մեր խնդիրները։ Այսօր մենք այս ամենն անում ենք առանց որևէ ակնկալիքի և անգամ այնպիսի ուժերի համար, որոնց կարծիքներին համամիտ չենք: Բայց դա անում ենք, քանի որ դա է իրավական պետության հասնելու ճանապարհը։ Այս իմաստով «Ժառանգությունը» նման աջակցություն չստացավ։ Շատ քչերը խոսեցին ՀՀԿ-ի` նորագույն պատմությունը խեղաթյուրելու դեմ։ Բայց մենք սովոր ենք այսպիսի կարգավիճակին` ունենալով հասարակության աջակցությունը, հաղթել նման «դուելներում»։ Պարզապես հարձակումների հանդեպ իմունիտետ ենք ձեռք բերել։ Մյուս կողմից էլ` սա մեզ համար դառը դաս եղավ, որ այսուհետ ժամանակին թույլ չտանք որոշ մարդկանց ստեղծելու կեղծ կենսագրություններ, պատմություններ, կեղծ ընդդիմություն, փորձագիտական խաղեր տալու, որպեսզի «սաստիկ հայրենասիրական» ընդդիմության ներկայացուցիչները` բաբուխանյանները, գալաջյաններն ու մյուսները, փորձ չանեն հասարակությանն ապակողմնորոշելու։ Հետաքրքիր է նաև, որ այսօր ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ նոր կերպար են ստեղծում իրենց կուսակցության համար` ասելով` հանգիստ եղեք, մենք Շուշին չենք զիջելու։ Այսինքն` կարելի է կարծել, որ վաղն էլ կարող են հերոսություն համարել Ստեփանակերտն ու Երևանը չզիջելը։ Գործ ունենք մի անդունդի հետ, որտեղից դուրս գալը շատ դժվար է լինելու մեզ համար։ Եթե հոկտեմբերի 27-ի քրեական գործի շրջանակներում որոշ մարդիկ պատժվեին, այսօր քաղաքական հայտարարություններով հանդես չէին գա «Իրավունք» թերթի էջերում։ Ժամանակին եթե թույլ չտրվեր, որ մարդիկ ցանկացած խարդախությամբ, զոռբայությամբ «քցեն» իրենց թիմակիցներին, զավթեն «Իրավունք» թերթի խմբագրությունը, ապա վերջիններս այսօր այսպիսի «կշիռ» չէին ունենա, մարտի 1-ին ժողովրդի ընդվզումն ու իշխանության բարբարոսությունը չէին ներկայացնի իբրև «գունավոր հեղափոխություն» ու դա կանխելու «հայրենասիրական քայլ»։ Այսօր ցավ չէինք ապրի, որ նման մարդիկ պիտի խոսեն իրավունքի անունից, իրավունքի լեզվով, այն դեպքում, երբ այդ թերթին կարելի էր վերագրել ցանկացած անուն, բայց ոչ «Իրավունք»։
-Պարոն Սաֆարյան, ուշագրավ է նաև որոշ փորձագետների այն գնահատականը, թե ՀԱԿ-ին ևս ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ հերթական նախագահական ընտրություններին Տեր-Պետրոսյանը չի ցանկանա իրեն մրցակից տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ձեր գնահատականը։
-ՀԱԿ-ի որոշ գործիչներ փորձել են մեկնաբանել տեղի ունեցածը, բայց, ինստիտուցիոնալ առումով, այս լռության հետևում չեմ կարող գուշակել, թե ինչ հակակրանքներ կամ բացատրություններ են թաքնված։ Ամենալավ խորհուրդը, որ պետք է պահենք քաղաքականության մեջ, հետևյալն է` մի՛ խորամանկեք և թույլ մի՛ տվեք, որ դիմացինը խորամանկի։
-Քանի որ այս թնջուկը պայմանավորված էր ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներով, ի հավելումն ասվածի` ամառն ինչպիսի՞ն էր հիմնախնդրի համար։
-Ղարաբաղյան խնդրի առումով ամառը բավականին շիկացած էր։ Այս ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, համանախագահների հնարավոր փոփոխություններ, տարածաշրջանում ևս շիկացավ իրավիճակը։ Այս ամենը կարող է աշնանը դառնալ տարածաշրջանային շատ լուրջ տրանսֆորմացիաների առարկա։ Որովհետև հայ-ադրբեջանական, վրաց-ռուսական, հայ-թուրքական տեղեկատվական պատերազմներն ու սադրանքներն իրենց տարերքի մեջ են։ Փոխանակ այս մարտահրավերները հաղթահարելու, ՀՀ իշխանություններն ինքնամոռաց զբաղված են ներքին ճղճիմ խնդիրներով կամ գնացել են հանգստի։ Այն դեպքում, որ այսօր լուրջ մարտահրավեր է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի վարքագծերի վրա հնարավորինս ազդելու, փոփոխություն մտցնելու հարցը։ Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում նաև Ադրբեջանի աճող ռազմատենչ հռետորաբանության ահագնացող տեմպերը կասեցնելու համար։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ