Դրսից հրահրված հեղափոխությունները միշտ որակվում են որպես ժողովրդի ապստամբության իրավունք և ժողովրդավարություն, իսկ արդեն այդ օտար իշխանության դեմ ժողովրդի արդար և ինքնաբուխ պայքարը՝ որպես լեգիտիմ իշխանության յուրացում և իշխանազավթում։
Օրինակ, երբ ԼՏՊ-ն 1988թ. բերվում էր իշխանության, խաղասեղանին դրված էր Արցախի վերամիավորման նուրբ և զգայուն շարժառիթը։ Բոլորը պետք է ողջունեին ժողովրդի անկեղծ և նվիրական ձգտումը, պետք է խաղարկեին նրա ազգային նուրբ զգացմունքները, խաղային նրա թմրած գիտակցության հետ, այնտեղ բորբոքեին ազգային հույզեր և նետեին քաոսի կրակների մեջ։
Իրենք պետք է անցնեին ընդհատակ ու թողնեին, որ ժողովուրդը այդ կրակից մի քիչ տաքանար, ապա՝ շիկանար, հետո այրվեր ու մոխրանար։ Բայց կատարվեց հակառակը՝ ժողովուրդը այդ կրակից ոչ միայն չայրվեց, այլև թրծվեց, կոփվեց, կարծր մետաղի պես հաղթահարեց սովը և ծարավը, մութը և ցուրտը, թալանը և ավերը, երկրաշարժը, անհավավասար կանխորոշված կռվում կռվեց ու ՀԱՂԹԵՑ։
Սա Ազգային սերուցքի կազմակերպման և ժողովրդի ոգու ուղղորդման անրևակայելի ակտ էր, որը, ի հեճուկս կանխորոշված հրեշավոր ծրագրի, բոլորովին այլ ընթացք ունեցավ։
Բայց հրեշավոր մեխանիզմը աշխատում է լուռ և համբերատար։ Աշխատում է ազգային սերուցքի մասնատման դեմ, որ ժողովրդի ոգին մասնատվի և քաղաքական ալկոհոլի ու ոգելից խմիչքի ազդեցության տակ թմրի և անզգայանա։
Հիմա, երբ այս աղետալի հեռվից նայում ես կատարվածին, հասկանում ես, թե այդչափ հզոր ներուժ ունեցող ազգին ինչպես կարելի է մի քանի տասնամյակում բարոյապես սպանել, հոգեպես խեղել, դարձնել բարոյական հաշմանդամ։
Ժողովրդուդը արժանի չէ իր ընտրած իշխանություններին, ժողովուրդը կապ չունի այս ամենի հետ, Ժողովուրդը ուզում է իրական ազատություն, ոչ թե հպարտութուն, ուզում է իրական խաղաղություն, ոչ թե կործանման խաղաղություն, ուզում է հարատևում, ոչ թե գետնաքարշ գոյատևում:
Վահե Թորոսյան