Հին աշխարհից սկսած՝ տարբեր բնույթի դիտարկումները ցույց են տվել, որ հզոր ուժերն ու քաղաքակրթությունները, իրական փլուզումից ու վախճանից առաջ, փլուզվել են գաղափարապես և պասիոնարությունը կորցնելով։
Դրա դասական օրինակը Հռոմեական կայսրության անկումն էր, շատ կողմերով այդ անկմանը նման էր նաև Բյուզանդական կայսրության անկումը։
Վերջինիս մասին շատ հետաքրքիր տեղեկություններ է թողել Մատթեոս Ուռհայեցին։
Մեր ժամանակներում նման օրինակ է ԽՍՀՄ-ի փլուզումը, որն սկսել էր փլուզվել գաղափարապես այն ժամանակներից սկսած, երբ նույնիսկ կուսակցական ամենաբարձր մակարդակի ֆունկցիոներները իրենց ասած խոսքին չէին հավատում։
Ընդհանուր առմամբ, գաղափարական անկումն սկսվում է պասիոնարությունը կորցնելուց, որին հետևում է մարդկանց մտածելակերպի փոփոխությունը, ինչն էլ պահանջում է ապրելու փիլիսոփայության, այսինքն, գաղափարախոսության փոփոխություն։
Ներկա վիճակով նման գործերի չեմպիոնը Եվրոպան է, որը բազմաթիվ նշաններով վաղուց է սկսել կորցնել իր պասիոնարությունը, իսկ պատմությունը ցույց է տվել որ տնտեսական հզորությունը շատ արագ կարելի է կորցնել քաղաքական և ռազմական հզորությունների թուլացումից հետո։
Փափկասուն կյանքն ու հաճույքների կուլտը միայն նպաստում են պասիոնարության անկմանը։
Պավել Բարսեղյան