«Սարյան փողոցում կա մշակութային հիմնադրամ, որը բաց է երեկոյան ժամերին»
10.01.2020 | 01:41
2018 թվականի օգոստոսի 10-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանը: 2019-ի դեկտեմբերի 2-ին նա կդառնար 100 տարեկան: Նույն թվականին ստեղծվեց «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը: 2019-ի օգոստոսի 10-ին Սարյան 19-21 հասցեում բացվեց հիմնադրամի արվեստային տարածքը: Տարեվերջին վարպետի ծննդյան 101-ամյակը նշանավորվեց հուշ-երեկոյով՝ նրա անունը կրող երևանյան կենտրոնում: «Հիմնադրամի գործունեությունը բազմաոլորտ է. փոփոխվող ցուցադրություններից բացի իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի արվեստային տարածքում հանրայնացվում է ոչ միայն մեծ վարպետ Նիկոլայ Նիկողոսյանի, այլև 20-րդ դարի վարպետների թողած ժառանգությունը, միաժամանակ ներկայանալու հնարավորություն է ընձեռվում երիտասարդ արվեստագետներին»,- մեզ հետ զրույցում ասաց «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահի տնօրեն, արվեստագետ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նշելով, որ վարպետը կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում, նրա արվեստանոցը բաց է եղել շատերի, այդ թվում՝ հայաստանյան արվեստագետների համար: Նույն մոտեցումը կիրառվում է ցուցասրահում: Այստեղ վարպետի հուշասենյակը մյուս ցուցասրահներից չի առանձնանում դռնով, ինչը նույնպես ենթագիտակցորեն զուգորդվում է մոսկովյան հյուրընկալ արվեստանոցի հետ: Հուշասենյակը կահավորված է Նիկոլայ Նիկողոսյանի՝ Երվանդ Քոչարի վրա գտնվող արվեստանոցից բերված կահույքով, կարելի է ասել, երևանյան արվեստանոցի վերարտադրությունն է:
-Ցուցասրահի տարածքն ինչպե՞ս է ընտրվել:
-Տարածքի ընտրությունը վարպետի կրտսեր դուստր Գայանե Նիկողոսյանինն է: Այս փողոցը բավականին աշխույժ է, զբոսաշրջիկների հոսք կա, բացի այդ, Սարյանի վրա են գտնվում վարպետի մտերիմ ընկերներից Մարտիրոս Սարյանի թանգարանը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի թանգարանը, ու կարծես դառնում են մեկը մյուսին կապող մշակութային օղակ:
-Ի՞նչ աշխատանքներ կան երևանյան ցուցասրահում:
-Կտավները՝ գծանկարներն ու գեղանկարները, որ հիմա տեսնում եք, տրամադրել է Մոսկվայում գործող «Նիկո» պատկերսրահը, մնալու են մինչև հունվարի վերջ: Վարպետի՝ հատկապես վերջին տարիներին արված կտավները հայ հանրությանը ծանոթ չեն, մտադիր ենք պարբերաբար տարբեր շրջանի ստեղծագործություններ Մոսկվայից բերել ու ցուցադրել: Քանդակները բերվել են Քոչարի վրա գտնվող արվեստանոցից: Դա Նիկողոսյան ընտանիքի նվերն է Հայաստանին: Մեր ֆոնդում կան շուրջ յոթ տասնյակ քանդակներ տարբեր նյութերից՝ գիպս, բրոնզ, գրանիտ, մարմար, փայտ: Քանդակների զգալի մասը վերականգնել են Մոսկվայի Գրաբարի վերականգնման կենտրոնի մասնագետները, վարպետի դուստրերի՝ Գայանե և Մարիամ Նիկողոսյանների նախաձեռնությամբ ու հրավերով: Ցուցասրահի մշտական էքսպոզիցիան պարբերաբար փոփոխվելու է: Կլինեն նաև ժամանակավոր ցուցադրություններ: Ասեմ նաև, որ մի քանի ամիս է ինչ գործում է ցուցասրահը, արդեն երկու նվեր ենք ստացել՝ Ռուբեն Ավետիսյանի (գեղանկար) և ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի որդու՝ Նիկիտա Մերգելյանի նկարները (գծանկար):
-Նիկոլայ Նիկողոսյանին ճանաչում են ավելի շատ որպես քանդակագործի՞, թե՞ գեղանկարչի:
-Միանշանակ՝ քանդակագործի, 20-րդ դարի ամենախոշոր մոնումենտալիստ քանդակագործներից մեկն է: Թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Հայաստանի շատ թանգարաններում կան վարպետի աշխատանքներից: Նա մեզ թողել է նաև գեղանկարչական զգալի ժառանգություն: Ինչն է հետաքրքիր. գրեթե բոլորը բնորդներից արված աշխատանքներ են, այսինքն՝ նկարել է այն մարդկանց, որոնց հետ շփվել է կյանքի ընթացքում: Օրինակ՝ բալետի պարուհի Ալիսիա Ալոնսոյի կտավն է ներկայումս ցուցադրվում ցուցասրահում, ունենք նաև պարուհու դիմաքանդակը, մի քանդակ էլ կա Մոսկվայի պատկերասրահում:
-Վարպետը գիտե՞ր, որ այստեղ է լինելու ցուցասրահը, որովհետև, փաստորեն, չի հասցրել տեսնել թանգարանը:
-Թանգարանը չհասցրեց տեսնել, բայց տարածքի մասին տեղյակ էր, ֆոնդ ստեղծելու առաջարկը, թանգարանի տարածքի ընտրությունը, այդ բոլորը կատարվեց վարպետի կենդանության օրոք: Նրա համար շատ կարևոր էր, որ այս տարածքը ծառայի որպես մշակութային կենտրոն:
-Չե՞ք կարծում, որ կենտրոնը կարող էր գործել նրա կենդանության օրոք:
-Խորհրդային Միության ժամանակ խոսակցություններ եղել են վարպետի անունով թանգարան կառուցելու մասին, մակետներ են գծվել, հետո անավարտ է մնացել:
-Ի վերջո, բացվեց որպես ոչ պետական, այլ մասնավոր թանգարան: Կա՞ բովանդակային տարբերություն:
-Թանգարանը մշտական հաստատություն է, որը բաց է հանրության առաջ, ծառայում է նրան՝ զարգացման նպատակով: Որպես մասնավոր հաստատություն՝ փորձում ենք թանգարանային գործառույթը մշակել ու առաջարկել նոր մոտեցումներ: Օրինակ, «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահը բացվում է ոչ թե ժամը 10-ին, այլ 12-ից և աշխատում մինչև երեկոյան 20-ը: Ինչու՞, որովհետև մարդիկ հիմնականում աշխատում են մինչև ժամը 17-18-ը, որից հետո միայն ժամանակ ունեն այցելելու թանգարան: ՈՒրբաթ օրերին (մինչև աշնան վերջը) աշխատում ենք մինչև 22:00-ն: Իրականում շատերը գերադասում են ընտանիքով կամ ընկերների հետ մշակութային հետաքրքիր վայրեր այցելել աշխատանքային շաբաթվա վերջին օրը, իսկ շաբաթ, կիրակի հանգստանալ տանը՝ ընտանիքի հետ: Դրա համար տեղի զբոսաշրջության զարգացման համար շատ կարևոր է, որ ուրբաթ օրերին մշակութային օջախը ավելի երկար գործի: Հիմնականում թանգարանները ժամը 16-ին փակվում են, մինչդեռ շատերը գիտեն, որ Սարյան փողոցում կա մշակութային հիմնադրամ, որը բաց է երեկոյան ժամերին:
-Կա դժգոհություն, որ թանգարաններում միջոցառումերն աշխատանքային ժամերին են անցկացվում: Ենթադրում եմ, որ նաև միջոցառումների ժամերն ենք հատուկ սկզբունքով համակարգում:
-Անշուշտ, սովորաբար ցուցադրությունները, գրքերի շնորհանդեսները, համերգային ծրագրերը մեզ մոտ արվում են 18:00-ից հետո: Մենք ինքներս էլ շատ միջոցառումների չենք կարողանում ներկա լինել ժամային գրաֆիկի պատճառով: Եվրոպական երկրներում թանգարանային ոլորտը զարգացած է, որովհետև նրանք ինստիտուցիոնալ մոտեցումով են աշխատում: Հատկապես վերջին 20 տարիներին Եվրոպայում մեծ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերին: Այդ համատեքստում ակտիվացել է նաև թանգարան գնալու մշակույթը: Դրսի փորձը հաշվի առնելով՝ կարևորում ենք նաև կրթական ծրագրերը, անցկացնում ենք սեմինարներ, դասընթացներ, ու դրանց մեկնարկը սկսել ենք մարզերից: Իբրև օրինակ, ամիսներ առաջ Կոտայքի մարզի Քանաքեռավանի արվեստի դպրոցի երեխաներին հրավիրեցինք ցուցասրահ, արվեստաբան Դիանա Ղազարյանը նրանց ծանոթացրեց ցուցանմուշներին, նաև նկարեցին վարպետի աշխատանքներից: Երեխաների այդ նկարները հետագայում ցուցադրվելու են վարպետի գործերի հետ: Կրթական ծրագրերը պարտավոր ենք շարունակաբար անցկացնել, որ այդ տարիքից երեխաների մեջ ձևավորվի գեղագիտական ճաշակ: Նրանք իրենց կատարած աշխատանքը կտանեն տուն, կարձանագրեն՝ որտեղ են եղել ու երբեք չեն մոռանա:
-Թանգարանային ոլորտում ուրիշ ի՞նչ խնդիրներ կան, որ վերանայման, արմատական փոփոխության կարիք ունեն:
-Մենք խնդիր ունենք ցացանմուշների պահպանման, վերականգնման, հանրայնացման առումով, ինչպես նաև էքպոզիցիաների թարմացման: Շատ թանգարաններում մշտական էքսպոզիցիան 20-30 տարի չի փոխվում, թեև ժամանակի ընթացքում ենթարկվում է տրանսֆորմացիայի: Եվ, ինչպես արդեն ասացի, միանշանակ պետք է վերանայել թանգարանների աշխատանքային ժամերը: Մեր այցելուները հիմնականում Թանգարանային գիշերն են գալիս թանգարան, բայց բազմամարդ թանգարանից չես կարող ինչ-որ բան վերցնել, թանգարանում պետք է հանգիստ շրջել, կարդալ, նայել, ծանոթանալ: Այլ կերպ ասած՝ ճիշտ տեսլականի ձևավորման, ինստիտուցիոնալ, կառուցողական մոտեցման անհրաժեշտություն կա: Մի բան է տեսնելը, հասկանալը, խոսելը, այլ բան՝ գործելը: Մենք այսօր ժամանակ չունենք խոսելու, մենք ունենք գործելու ժամանակ:
-Ի՞նչ կասեք հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին:
-Բացման օրվանից սկսել ենք աշխատել ծրագրային նախագծերի վրա: Միջոցառումների շարքը, առաջիկա հինգ տարվա կտրվածքով, ունենք: Այս տարվա փետրվարին մեզ մոտ մեկնարկելու է «20-րդ դար. Նիկոլայ Նիկողոսյանը և իր ժամանակակիցները» ցուցադրությունը: Առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվելու են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գրաֆիկական աշխատանքները: Ներկայացվելու են նաև այլ մեծանուն արվեստագետներ՝ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան, Մարի Հովելյան-Հակոբյան, Հովհաննես Զարդարյան, Խաչատուր Իսկանդարյան, Ալեքսանդր Գրիգորյան: Յուրաքանչյուր ցուցադրություն ուղեկցվելու է կրթական ծրագրերով, որոնց մասնակցելու են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:
-Ընդհանուր առմամբ, այցելուներից գո՞հ եք, կա՞ բավարար հետաքրքրություն:
-2019 թ. օգոստոսից ենք գործում, առայժմ դժվար է կոնկրետ բան ասել: Մեր հարևանությամբ շինարարություն է ընթանում, գրախանութ է բացվելու, հաջորդ տարի գարնանը հավանաբար կավարտեն, համագործակցելու ենք նրանց հետ: Ցուցասրահի դիմացի հատվածում ունենալու ենք Ձմեռային այգի: Տարածքը, ընդհանուր առմամբ, այնքան էլ մեծ չէ, բայց ունենալու ենք և՛ ցուցասրահ, և՛ հանդիպումների սրահ, և՛ ձմեռային այգի, և՛ գրադարան, որտեղ արվեստի մասին տարատեսակ գրքեր կան, նաև՝ վարպետի արվեստաբանական գրքերից, ցանկացողները կարող են գալ, նստել, թերթել գրքերը, աշխատել: Այսինքն՝ լինելու է մշակութային համալիր կենտրոն:
Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ