Հեռակա զրույց` Փարավոնի հետ
10.01.2020 | 01:21
«Համոզված էի 1991-ին, համոզված եմ նաև այսօր` 2019-ին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոպիտ սխալ թույլ տվեց` ստեղծագործական միությունները պահպանելով որպես հասարակական կազմակերպություններ։
Մյուս սխալը ստեղծագործական արվեստանոցների սեփականաշնորհումն էր. նկարիչները, այո, դարձան արվեստանոցների տեր, բայց ոմանք չկարողացան դրանք պահպանել։ Եվ միությունը կորցրեց իր արվեստանոցային ֆոնդը»։
Փարավոն ՄԻՐԶՈՅԱՆ,
ՀՀ ժողովրդական նկարիչ
ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂԸ` ԹՈՒՋԵ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Հարգարժան բարեկամ Փարավոն Միրզոյան, ստեղծագործական արվեստանոցները պահպանելով որպես հասարակական կազմակերպություն, 3-րդ հանրապետության 1-ին նախագահը էապես վրիպեց։ Լիովին կիսում եմ մտահոգությունդ և փորձում եմ մեր մտահոգությունը վերածել գործընթացի, այն է` ստեղծագործական միությունների գործունեությունը համակարգել «Ստեղծագործական միությունների մասին» օրենքի տիրույթում։ Սակայն օրենքի ստեղծումը միայն երկրի ստեղծագործական միությունների ղեկավար ատյանների նախաձեռնությամբ կարող է կյանքի կոչվել։ Սպասենք նրանց արձագանքին։ Ինձ մնում է հիշեցնել, որ ՀՀ նախկին խորհրդարանները խնդիրը վարպետորեն խցկել են փակուղի. շուրջ տասը տարի Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարների նախաձեռնությամբ ստեղծված օրենքի նախագիծը փոշեպատվում էր այս և այն պատգամավորի կաղնեփայտ գրասեղանի գզրոցում։ Նախագիծն այդպես էլ չարժանացավ լուսարձակման, այն է` անգամ չներկայացվեց քննարկման։ Զուգահեռ ընթացքով նկարիչներին, կոմպոզիտորներին, գրողներին, ճարտարապետներին, թատերական գործիչներին, կինեմատոգրաֆիստներին և ժուռնալիստներին միավորող միությունները հայտնվեցին դեղնացոլք որոշ լրատվամիջոցների կատաղի գրոհների թիրախում։ «Արդյոք պե՞տք են ստեղծագործական միությունները» անարխիստական կոչի ներքո միություններն ու նրանց ղեկավարները ենթարկվում էին «թավշե» ողջակիզման։ Շուրջ երկու տասնամյակ այդպես էլ չհնչեց որևէ առողջ, կառուցողական քննադատական խոսք, չներկայացվեց որևէ հանրային և գեղարվեստական պահանջ, որոնց կարիքն ունեին վերոնշյալ միությունները։ Երկրի քրեաօլիգարխիկ համակարգը, անվերապահորեն գտնվելով արտաքին ուժերի հրահրումների տակ, սկսեց համաշխարհային պատմության մեջ եզակի խաչակրաց արշավանք ընդդեմ միությունների։ Այս ամենը քաջ հայտնի էր, նաև անհայտ չէ, որ մեր ստեղծագործական միությունները համաշխարհային վերահսկիչ կառույցները դիտարկում էին խորհրդային մնացուկ, որոնք անհապաղ անհրաժեշտ էր հեռացնել ազատական քաղաքատնտեսական շրջապտույտներում խոտորվող երկրի թարախապալարներով պատված ու տանջահարված մարմնից։ Չհաջողվեց։ Սակայն անվրեպ հաջողությամբ Հայաստանի յոթ ստեղծագործական միությունները հայ հանրության և համայն հայության մտապատկերում կերպավորվեցին թշնամու նկարագրով։ Այս ամենն արձանագրվել է մեր նորանկախ պատմության տարեգրքում և հիշեցում է նորհայաստանյան իշխանություններին` ստեղծագործական միությունները միավորում են արվեստի և մշակույթի շուրջ 5 հազար մշակների, այսինքն` հանրապետության մշակութային գրեթե ողջ ներուժը։ ՈՒրեմն չեղարկեք ձեր հռչակած նախորդ հակամշակութային («հինհայաստանյան») փակուղային քաղաքականությունը` ձևավորելով ազգային մշակույթի և արվեստի պահպանման ու զարգացման ռազմավարական ծրագիր։
Ըստ իս, ստեղծվելիք օրենքը պետք է սահմանի, որ պետությունը (այն է` իշխանությունը, ի դեմս գործող ԱԺ-ի) ստեղծագործական միությունները սկզբունքորեն զատում է հանրապետությունում գործող բազմահազար հասարակական կազմակերպություններից։ Զատման բանական և բարոյական մի նախադրյալ եմ հրամցնում ԱԺ-ին. երկու-երեք նախանձախնդիր քաղաքացիներ, դիցուք, կամենում են դյուրացնել թափառաշրջիկ շների կյանքը և ստեղծում են «Չորքոտանի քաղաքացի» ՀԿ-ն։ Սույն ՀԿ-ն իր կանոնադրությամբ սահմանում է թափառաշրջիկ շների իրավունքներն ու պարտականությունները և գործի է անցնում, դրամաշնորհ է շահում, մամլո ասուլիսներ է կազմակերպում, հրատարակում է զանազան գունազարդ թերթիկներ և այլն։ Մի գեղեցիկ օր այն յուր առաքինի առաքելությունն ավարտում է։ Հարգարժան պատգամավորներ-պատգամավորուհիներ` նկարիչներն ու դերասանները, ճարտարապետներն ու կոմպոզիտորները, կինոյի գործիչները և գրողները, ի վերջո` ժուռնալիստները, հասարակական գործիչներ չեն, նրանք տասնամյակներ շարունակ (թե՛ խորհրդային, թե՛ անկախական պատմա-քաղաքական շրջափուլերում) պահպանել, զարգացրել և, ինչու չէ, համաշխարհայնացրել են ազգային մշակույթը, գրականությունը, արվեստն ու կերպարվեստը։ Ի վերջո (սա պատմական ճշմարտություն է), հիմնահատակ փլուզված արդյունաբերության և համաճարակված գյուղատնտեսության ներկա բնօրրան 3-րդ հանրապետության քարշակը գիտությունը, մշակույթը և արվեստն են։ Այնինչ 2019-ին սանձազերծվեց նորհայաստանյան «խաչակրաց արշավանք» երկրի դեմ, սորոսյան մունետիկների գալարափողերից պահանջատիրական ծծումբ էր ժայթքում` ՀՀ ԳԱԱ-ն զատել պետությունից և վերածել հասարակական կազմակերպության։
Մի խոսքով, ստեղծագործական միություններն ազնիվ մետաղ են` առայժմ կաղապարված թուջե շրջանակում։
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ «ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ»
Ստեղծագործական արվեստանոցներն ուղիղ 10 տարի, այսպես ասած, անհայտ բացակայող էին, սեփականաշնորհվել էին հանրապետությունով մեկ սփռված փոքր օբյեկտները (հնակարկատների կրպակներն ու վարսահարդարման սրահները, խանութներն ու սրճարանները) և լեթարգիկ քնի մեջ հայտնված արդյունաբերական ձեռնարկությունները վաճառվեցին նրանց աշխատավորական կոլեկտիվներին։ Հիմնականում, իհարկե, տնօրեններին և պետերին։ Այդ տարիներին ստեղծագործական արվեստանոցները Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով անհատույց նվիրաբերվեցին նկարիչներին։ Զուգահեռաբար հանրապետության բնակչությանը նվիրաբերվեց պետական բնակարանային ֆոնդը։ Այստեղ մի էական նրբություն կա, որին անհապաղ անդրադառնում եմ։ Նկարիչները իրենց արվեստանոցների սեփականատերը չէին, նրանք ընդամենը վարձակալական հիմունքներով զբաղեցնում էին ստեղծագործական տարածքները։
Բնակարանները սեփականության վկայականով դարձան բնակարանատերերի սեփականություն։ Ստեղծագործական արվեստանոցներն օրդերով ի պահ հանձնվեցին նկարիչներին։ Ահա նաև երկրորդ նրբությունը` հրամանագիրը, ի տարբերություն օրենքի, հետադարձ ուժ ունի և մեկ այլ հրամանագրով մի այլ նախագահ կարող էր ստեղծագործական արվեստանոցները պետականացնել, տարածքների մի մասը «գրպանել» հանուն հասարակական շահի և այլն։ Ի վերջո, 2000-ին նախաձեռնեցի ստեղծագործական արվեստանոցների սեփականաշնորհման գործը, նկարիչներնց մեկի դիմումը հանձնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընտրված անկախ պատգամավոր Սամվել Ավետիսյանին։ Տիար Ավետիսյանը խնդիրը ներկայացրեց քննարկման և մինչև արվեստանոցների անհատույց սեփականաշնորհման օրենքի ընդունումը սատարեց գործին։ Հավատարմագրված էի ԱԺ-ում «Գործարար շաբաթ» շաբաթաթերթից և հընթացս զբաղվում էի օրենքի ընդունման լոբբինգով։ Օրենքի նախագիծը մշակեցին տիարք Վիկտոր Դալլաքյանը և Վարդան Բոստանջյանը։ Շուրջ 1 տարի օրենսդրական շտկումներով էր զբաղված Վարդան Բոստանջյանը։ Օրենքի ընդունմանը կողմ էին շատերը, գործարար պատգամավորները, ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները, ի մասնավորի` տիարք Գալուստ Սահակյանը, որը մշակույթի հանձնաժողովի փոխնախագահն էր, և Դավիթ Լոքյանը։ Ընդհանուր տրամաբանությունը ահա սա էր. «Եղած-չեղածը սեփականաշնորհված է, մի բան էլ թող մեր նկարիչներին հասնի»։ Հասավ։
Հարգարժան Փարավոն, այո՛, ՀՆՄ-ն կորցրեց իր արվեստանոցային ֆոնդը, բայց չէ՞ որ ՀՆՄ անդամ նկարիչները դարձան իրենց գույքի սեփականատերը։ Ինչու ՀՆՄ նախկին ղեկավարները մինչև 2000 թվականն ի զորու չեղան արվեստանոցային ֆոնդը սեփականաշնորհելու Հայաստանի նկարիչների միությանը։ Ի զորու չեղան, քանզի անհնար էր արդեն նշված քաղաքական պարտադրանքով, այն է` առհասարակ լուծարքի ենթարկել երկրի ստեղծագործական միությունները և տնօրինել նրանց պատկանող բավականին պատկառելի գույքն ու կայքը։
ՀԵՏԳՐՈՑ
Հին ու իմաստուն մի խոսք կա. «Ցանկանում ես լավ բան անել և անպատի՞ժ մնալ»։ Ես կարծես թե «պատժված» եմ։ Սակայն պատրաստ եմ մի նոր «արկածախնդրության»` սատարել ՀՆՄ-ին ստեղծագործական արվեստանոցային տարածք ձեռք բերելու հարցում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ