«Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի 329-րդ համարը անվանակոչվել է Երվանդ Քոչարի անվամբ՝ «Kochar room» կամ «Քոչարի սենյակ»: «Ինտուրիստ», հետագայում՝ «Երևան», այժմ՝ «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում անվանի քանդակագործը ապրել է Փարիզից Խորհրդային Միություն վերադառնալուց հետո՝ 1936-1940 թթ.: Համարը ձևավորված է Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով:
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե ՔՈՉԱՐՆ ասաց, որ թանգարանը վաղուց էր մտադիր այս գաղափարն իրագործելու, քանի որ նախկին «Ինտուրիստը» եղել է Քոչարի առաջին հանգրվանը՝ Հայաստան վերադառնալուց հետո, իսկ հյուրանոցին կից բացօթյա սրճարանը` նրա սիրելի վայրերից մեկը. «Փաստը հայտնի էր, բայց, Աստծո կամոք, ժամանակը կարծես թե հիմա էր այս գաղափարն իրագործելու: Խորհրդանշական եմ համարում նաև այստեղ մաեստրոյին նվիրված գրքի շնորհանդեսն անցկացնելը»:
«Մաեստրո Քոչարը հուշերի անդրադարձում» գիրքը դրվագային եղանակով ներկայացնում է Քոչարի խոսքը, դիտողությունը, դիտարկումը մարդկանց հետ հարաբերվելիս՝ սրճարանում, փողոցում, այլուր: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, կազմել և խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը և Լալա Մարտիրոսյան-Քոչարը: Վերջինս նկատեց, որ քիչ են Քոչարի կյանքին և ստեղծագործությանը նվիրված գրքերը, հուշերի այս ժողովածուն գուցե փոքր-ինչ կլրացնի այս բացը. «Այդ հուշերն ամբողջացնում են Քոչար ուսուցչի, մարդու, փիլիսոփայի, արվեստագետի կերպարը: Ներկայացված մասունքների մեծ մասը առաջին անգամ է տպագրվում, դրանք նրա ստեղծագործությունների մեկնաբանման բանալին են»։
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ դիտարկմամբ՝ Քոչարը միայն մեծ արվեստագետ չէր, այլև ճաշակի էտալոն, խոսքի վարպետ. «Արժեք էր՝ անգամ իր կեցվածքով, շարժուձևով ու խառնվածքով։ Այդ առումով ներկայացված հուշերի գիրքը, նախ և առաջ, հատկանշվում է նրանով, որ փոխանցում է Քոչարի խոսքը՝ դիպուկ, արժեքավոր, ճաշակավոր և հեռագնա»:
«Իրատեսի» հետ զրույցում Քոչարի որդին՝ կինոռեժիսոր Ռուբեն ՔՈՉԱՐՆ ասաց, որ գրքում զետեղված հուշերի, պատմությունների մեծ մասն անհայտ է ընթերցողին, հրապարակվում է առաջին անգամ։ Վստահեցնում է՝ շատ հետաքրքիր է, ինքն էլ կարդում է, և եթե ինչ-որ բաներ էլ գիտի, միևնույն է, էլի հետաքրքությամբ ևս մեկ անգամ հաղորդակցվում է այդ ամենին: Ռուբեն Քոչարի հուշերից նույնպես կան գրքում, բայց շատ չեն երկու պատճառով. նախ՝ տարիքով բավական փոքր է եղբոր համեմատ, որն ավելի մեծ է ու հոր հետ ավելի շատ է շփվել, հետո՝ ինքը վատ հիշողություն ունի, ու ափսոսանքով նշում է, որ բավականին հետաքրքիր հիշողություններ գրքից դուրս են մնացել:
Այս հյուրանոցում կա նաև Չարենցին նվիրված սենյակ՝ 328-րդ: Ինչպես հյուրանոցի 329 համարի «Kochar room» անվանակոչման պաշտոնական արարողության ժամանակ իր խոսքում նշեց «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի տնօրեն Անտոնիո ՊԵՏՐՈՒՉԻՆ, հյուրանոցային գործունեության ընթացքում փորձում են ամեն տարի արժանին մատուցել արժանավորներին և երախտավորներին:
Նշենք, որ տարին քոչարյանական է. լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 120-ամյակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ