«denik»-ը «Իրատեսում»
27.09.2019 | 01:02
Չեխիայում բնակվող գեղանկարիչ, պատմաբան ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ուղեկցությամբ սեպտեմբերի 24-ին խմբագրություն այցելեցին չեխական «denik» օրաթերթի գլխավոր խմբագիր ՊԱՎԵԼ ԲՈՀՈՒՄԸ, նախկին գլխավոր խմբագիր ՊԱԵԴ ՅԻՐԻՅԻԼԿՈՎԸ և վերջինիս կինը` տիկին ԲՈՀԱՄԻԼԱ ՅԻՐԻՅԻԼԿՈՎԱՆ։
Խմբագիրներին հրավիրեցինք զրույցի։
Վ. Ա.- Ո՞րն է Հայաստան այցելելու նպատակը։
Պ. Յ.- Աղջիկս եղել է Հայաստանում 2016-ին և շարունակ պնդում էր, որ անհրաժեշտ է այցելել քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիր։ Այս տարի հաջողվեց իրականացնել մեր վաղեմի ցանկությունը։
Պ. Բ.- Երկար տարիներ ինձ Հայաստան էին հրավիրում, ժամանակս չէր բավարարում։ Մենք քրիստոնյա ենք, և առանձին պարտավորություն է այցելել այն երկիր, որտեղ Նոյն է հանգրվանել։ Ամենամեծ ցանկությունս Արարատը տեսնելն էր, նրա ֆոնին նկարվելը, և այն իրականացավ։ Այցելելու ենք Խոր Վիրապ, բիբլիական լեռն ավելի մոտիկից տեսնելու։
Վ. Ա.- Ինչպե՞ս եք Ձեզ զգում անծանոթ արևելյան երկրում։ Անծանոթի աչքերով ինչպիսի՞ երկիր է Հայաստանը։
Պ. Յ.- Շատ ենք զարմացած հայերի բարեսրտությամբ և առատաձեռնությամբ։ Եղել ենք տարբեր վաճառատներում և ռեստորաններում, ու ոչ մի տհաճ բանի չենք առերեսվել։
Պ. Բ.- Փոխշփվելիս մեզ օգնում է ռուսերենի իմացությունը։ Իսկ Հայաստանում, որքան տեսել եմ, բոլորն են խոսում ռուսերեն։
Պ. Յ.- Մեզ զարմացնում է քրիստոնեական հավատի այն հզորությունը, որն առկա է հայերի շրջանում, հատկապես` երիտասարդների։ Եկեղեցիներում հանդիպում էինք շատ երիտասարդների և երեխաների։ Անկասկած. հավատի Ձեր արմատները շատ խորն են։ Մեր երկրում, ցավոք, այդ խորությունը նկատելի չէ։
Վ. Ա.- Չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը չափազանց արդիական է շատ երկրներում, նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս տեսանկյունից ինչպիսի՞ն է վիճակը Չեխիայում։
Պ. Յ.- Լայն հասարակական քննարկումներ չեն եղել։ Հարցը արծարծվել է կառավարական մակարդակներում, կոնվենցիան ստորագրվել է, բայց չի վավերացվել։
Պ. Բ.- Սլովակիան և Հունգարիան մերժել են վավերացումը, Բուլղարիան` նույնպես։ Այս հարցը մեզ համար, կարծում եմ, փակված է։
Վ. Ա.- Ներգաղթյալների հարցն այսօր համաեվրոպական թնջուկի է վերածվել և որոշ երկրների համար դարձել է սպառնալիք։
Պ. Յ. -Բրյուսելը մեզ համար վերին ատյան չէ, և նրա թելադրանքով մենք չենք շարժվում։ Չեխիայի նախագահ Զեմանը հայտարարել է՝ Չեխիայի Հանրապետությունն ինքը պետք է որոշի իր քաղաքականությունը ներգաղթյալների առնչությամբ։ Այս իմաստով մեծ խնդիրներ մեր երկրում չկան։ Իսկ մուսուլմանները հատուկենտ են։ Առհասարակ ներգաղթյալների և Ստամբուլյան կոնվենցիայի առաջադրած հարցերում դաշինք են կազմել Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան։
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ