ԶՐԿՎԵԼՈՎ ԱՐԱՐՄԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԻՑ
«…Մտադիր եմ մի կերպ մտնել…»: Ցնցող խոստովանանք է. Սարյանը նոր էր ապաքինվել հյուծիչ հիվանդությունից. «Փարիզ հասնելով 1926 թ. սեպտեմբերին, ես ստիպված եղա զբաղվել իմ թուլացած առողջությամբ: Մեր բժիշկները չէին կարողացել ինձ օգնել, նրանք խոսում էին սկլերոզի մասին և խորհուրդ էին տալիս «ռեժիմ պահպանել»: Հենց այդ ռեժիմն էր, որ ինձ հյուծել էր: Ես չէի կարողանում երկար քայլել, քանի որ շուտ էի հոգնում: Իմ օրգանիզմը շատ թուլացած էր, և դա ազդել էր իմ սրտի վրա, որն ինքնին այդքան էլ առողջ չէր: Բժիշկները այդ վիճակը վերագրում էին սրտամկանի սկլերոզին:
Իմ հիմնական դեղը սնունդն էր: Հինգ-վեց ամիս հետո ես կազդուրվեցի…»:
Տիար Սարյանը «մի բան պոկեց» հայոց գլխավոր թանգարանի, պետական պատկերասրահի համար: Նա թողել էր ռուսական նշանավոր կենտրոններում, Մոսկվայում ու Լենինգրադում համաշխարհային ճանաչման և լիարժեք բարեկեցության արժանանալու գայթակղությունը, և հայրենիք ժամանելով՝ իր «Հայկական աշխարհն» էր կառուցում, մերթ որպես շինարար ու ճարտարապետ, մերթ էլ՝ բանվոր և զինվոր:
Երվանդ Քոչարը Փարիզում ապրեց երկար տարիներ: Դրվագենք նրա մի հուշապատում, քանզի այն մեր թեմայի շրջանակում է. «1930 թ. Փարիզում գնում էի Լուվրի թանգարան՝ մասնավորապես ուսումնասիրելու Անդրեա Մանտենիայի «Խաչելությունը»: Ավտոբուսը կանգնեց Սեն Ժերմեն բուլվարի մոտ: Կանգառի հարևանությամբ ոչնչով աչքի չընկնող մի բուկինիստական խանութ կար: Ավտոբուսից աչքիս ընկավ մի նկար՝ մի դիմանկար, կանացի մի գլուխ, որի աչքերն ինձ գրավեցին, չնայած նկարի մութ և անխնամ վիճակին: Անմիջապես իջա ավտոբուսից և մտա խանութ: Պարզվեց՝ խանութի տերը մեռել էր, և աղջիկները վաճառում էին խանութում եղածը: Ես ձեռքս վերցրի պորտրեն, որ ինձ կախարդական հայացքով ցած էր բերել ավտոբուսից: Ես գնեցի այդ գործը և Լուվրի փոխարեն շտապեցի տուն: Որքան կարող էի, մեծ զգուշությամբ մաքրեցի նկարի վրայի կեղտը: Աստիճանաբար երևաց սքանչելի վարպետությամբ արված կանացի պորտրեն՝ ստորագրված՝ Կուրբե: ՈՒրախությանս չափ չկար»:
Կարիք կա՞ հիշեցնելու, որ Մաեստրոն հռչակավոր Կուրբեի սքանչելի կտավը («Երիտասարդ կնոջ դիմանկարը») նվիրաբերեց Հայաստանի պետական (այժմ՝ ազգային) պատկերասրահին: Այվազովսկու բարեսիրական գործողությունները հայրենի Թեոդոսիայում և այլուր հանրահայտ են: Կերպարվեստի շատ այլ հայ վարպետներ ևս սատարել են երկրին, հաճախ զրկվելով արարման անզուգական բերկրանքից:
ՏԻԳՐԱՆ ԽԱՆ-ՔԵԼԵԿՅԱՆ. ԱԶՆՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ
Մի՞թե հայ ազգային արժանապատվությունը չի շոյվում երևելի հայ մեծահարուստ այրերի անունն ու գործը հիշելիս: Մանթաշյանց, Արամյանց, Գյուլբենկյան, Նուբար Փաշա և այլք: Սակայն նրանք հայ ինքնության պատմության մեջ պատվո ատյանում տեղ են գրավել նախ իրենց մեկենասական գործերով: Տիգրան Խան-Քելեկյանը նշանավոր դիվանագետ էր, հարուստ մարդ էր, սակայն հայոց պատմության մագաղաթե էջերում ամրագրվեց ոչ որպես դիվանագետ կամ կապիտալի տիրակալ, այլ հավաքորդ և մեկենաս: Նա գրեթե անհայտ է հայ հանրությանը: Փորձենք ամփոփ հայտավորել: Ժամանակին նա Հայաստանի պետական պատկերասրահին է նվիրել մի ամբողջ հավաքածու, որում Զ. Զաքարյանի, Գ. Շլդյանի և Ե. Քոչարի գործերն էին և Իգնատիոսի՝ 13-րդ դարի նկարազարդ Ավետարանը: Հակոբ Գյուրջյանին նա պատվիրեց իր կիսանդրին և վճարեց մի այնպիսի գումար, որով տիար Հակոբը կարող էր ուղիղ մեկ տարի հանգիստ խղճով ապրել և արարել: Գյուրջյանին տիար Տիգրանը շնորհեց ամենամեծ պարգևը՝ ստեղծագործական անկախությունը: Գյուրջյանն ուներ երկու արվեստանոց Փարիզում, որոնք լիքն էին բրոնզի ձուլակտորներով, գրանիտով ու մարմարով: Ֆրանսիացի և իտալացի քարտաշ վարպետները օրնիբուն կյանքի էին կոչում Գյուրջյանի մտահղացումները:
Քոչարը հիշում էր, որ մի բելգիացի միլիոնատեր իր սեփական ինքնաթիռով հասնում էր Փարիզ, բախում էր Գյուրջյանի արվեստանոցի դուռը և կեցվածք ընդունում, այլ կերպ ասած՝ բնորդում էր նրան: Նուբար Փաշան և Գյուլբենկյանը, ըստ էության համաշխարհային ճանաչում ունեցող այս գործարարները, որոնք սովոր չէին այցելելու որևէ կերպարվեստագետի, սիրով էին հանգրվանում Հակոբ Գյուրջյանի՝ Փարիզի Լատինական թաղամասի արվեստանոցում: Ի դեպ, բախում էին արվեստանոցի դուռը քանդակագործի նշած ժամին, րոպեի ճշտությամբ: Նշանավոր մեծահարուստների համար պատիվ էր, որ իրենց քանդակել է Հակոբ Գյուրջյանը: Ի դեպ, Գյուրջյանն ինքն էր նշանակում իր գործերի գինը, որը հաճախ շատ բարձր էր:
Այս ստեղծագործական անկախության և վերասլաց քանքարումների թիկունքում ազգային և հասարակական գործիչ, դիվանագետ, մեծահարուստ և մեկենաս Տիգրան Խան-Քելեկյանն էր՝ պատվո պահակ կանգնած:
Այսօր հայ նկարիչը գրեթե անտեսված է պետության կողմից: Նրա ստեղծագործությունների իրացմամբ (գնմամբ) հիմնականում զբաղվում են անհատ հավաքորդները (իհարկե, կերպարվեստի դիլերների միջնորդությամբ): Երևանում գործում են մի քանի մասնավոր պատկերասրահներ՝ «Արամե», «Շեդևր» և այլն, գործում են հաջողությամբ, ապահովում են արդի ազգային կերպարվեստի առանձին հատվածների լիաթոք շնչառությունը: Չնայած նյութական դժվարություններին, առաջնադիրքում է Հայաստանի նկարիչների միությունը: Սակայն միությունը ի պաշտոնե չի զբաղվում ստեղծագործությունների վաճառքով, պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում և շարունակում է հավատարմորեն ծառայել իր առաքինի առաքելությանը՝ պահպանել հայ ազգային կերպարվեստի հրաշալի ավանդույթները և զարկ տալ ներկա արարումներին: Հանրահայտ են «Արամե», «Շեդևր» և մի քանի այլ մասնավոր պատկերասրահները, որոնք հանրահռչակում և հաջողությամբ իրացնում են իրենց գեղարվեստական սկզբունքին հարիր նկարիչների գործերը և վերջ, շրջանը փակվում է: ՈՒ եթե նկարիչը չունի մշտական պատվիրատու ներքին և արտաքին շուկաներում, պարտադրված ջրի գնով վաճառում է իր շնորհալի աշխատանքը: Զի օրեր անց վերստին բանալու է արվեստանոց-տաճարի դուռը: Իսկ նրան կտավ է պետք, վրձին և ներկ, անհրաժեշտ է բրոնզ և քար ձեռք բերել… Գրողը տանի, արարել է պետք: Նաև՝ ապրել:
1991-ից ի վեր չի ստեղծվել հայ ազգային կերպարվեստի ահռելի ավանդույթների պահպանման և ներկա արժեհամակարգի ձևավորման ու զարգացման ռազմավարություն: Անվերջ ու անսկիզբ ինչ-ինչ դրամաշնորհային ծրագրեր են կյանքի կոչվում, անպտուղ և անհեթեթ կոչումներ են շնորհվում, գավառական երես ու դարձերես ունեցող հրապարակային միջոցառումներ են անցկացվում, որոնց տեսանելի արդյունքը զանգվածային կերուխումի վառ հիշատակն է՝ ռուսական ձկնկիթի, հայկական լուլաքաբաբի, ֆրանսիական լիկյորի և ֆիննական օղու հետքերով նախշազարդված սփռոցը: Ցուցք է, ուրիշ ոչինչ: Եվ ահա հեղաշրջիչ քայլը. ՀՀ մշակույթի նախարարությունը վերածվում է ենթանախարարության: Այնինչ երկրի հսկա մշակութային ներուժը համառորեն հուշում է՝ ունենալ մշակույթի և արվեստի գերնախարարություն: Անդունդի վրա ամռան տապին կամուրջ նետեց (իմա՝ գերնախարարության բացակայությունը լրացրեց, ձեզ ու ինձ էլ խորապես սփոփեց) երկրի խորհրդարանը՝ Վարդավառի վերջին հանդեսում լվանալով ԱԺ բակում վիշապագորգեր, այն է՝ համատեղելով բարձր արվեստը (վիշապագորգը հայ ազգային արվեստի որքան գունագեղ, նույնքան էլ խորախորհուրդ նմուշ է) ցնցող ցուցքի հետ: (Ի դեպ, ցուցքը շոուն է, խրախճանքը, տոնավաճառն է և այլն է):
ԱԶՆՎԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ԿԱՊԻՏԱԼԸ
Հայ ազգային կերպարվեստի գալիք պատվարժան մեկենասներ, Մանթաշյանցի և Արամյանցի, Գյուլբենկյանի ու Խան-Քելեկյանի, Նուբար Փաշայի և այլ երևելիների հոգեզավակներ, ժամանակն է՝ ազնվականացրեք ձեր ազնիվ կապիտալը, ներդրումներ կատարեք և զարկ տվեք հայ ազգային կերպարվեստի նախ՝ ավանդույթների պահպանմանը, հետո նաև՝ զարգացմանը: Հավատացեք, չեք փոշմանի:
Տողերիս հեղինակը փորձում է ձևավորել «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանը: Հրատարակման է պատրաստ «Կերպարվեստ կենտրոն» հանդեսը, որն ի թիվս այլ հրապարակումների, հանրահռչակելու է մեր օրերի մեկենասների գործը: Բարդ է խնդիրը, բայց լուծելի է: Եվ, ահավասիկ, ձեր ուշադրությանն եմ արժանացնում Ատյանի ստեղծման ճանապարհային քարտեզը:
«ՀՀ ԱԺ-ի խմբակցություններին, պատգամավորներին և նախագահությանը
ա. Ընդունել օրենք մեկենասության մասին:
բ. Մինչև օրենքի ընդունումը (այն, իհարկե, կարող է և չընդունվել) լիովին պատրաստ է տպագրման, սակայն չկա մի աննշան, սակայն կարևոր բան՝ բավարար գումար: Հանդեսում հռչակվել է «Ազգային կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանը: Սպասում եմ ձեր արձագանքին:
Այժմ մի քանի դիտարկում, որ, կասկած չկա, ըստ արժանվույն կուղղորդեն գալիք մեկենասներին:
Համաշխարհային շուկաներում կերպարվեստի նմուշների վաճառքը բավականին մրցունակ գործընթաց է և շահութաբերությամբ քիչ է զիջում զենք-զինամթերքի վաճառքին, բանկային գործին, շատ կներեք, մարմնավաճառին: «Սոթբի», «Քրիստիս» և այլ նշանավոր աճուրդներում նկարներն ու քանդակները վաճառվում են գրեթե առասպելական գներով: Սա մի զարմանալի շուկա է, իր նուրբ առանձնահատկություններով և անծանոթ աչքի ու մտքի համար հաճախ զարմանալի օրինաչափություններով: Հայ ազգային կերպարվեստը աղքատ ազգական է համաշխարհային խնջույքահանդեսում: Աղքատ ազգական է, զի այն, որպես կերպարվեստի ուրույն և հարուստ դպրոց, աշխարհին անծանոթ է և խնջույքահանդես է մտնում հետնադռնից: Շքամուտքերը մեր առջև փակ են: Միջազգային շուկաներում հաստատվելու համար տրամաբանական և ճկուն քայլեր պետք է կատարել, ի մասնավորի հայկական ազգային կերպարվեստը հնագույն ժամանակներից մինչև միջնադարյան կերպարվեստ (մանրանկարչություն, հարթաքանդակներ, որմնանկարչություն և այլն), մինչև 19-րդ դարի վերջ և 20-րդ ամբողջապես, ի վերջո ՝ մինչև մեր օրերը, ճանաչելի և ընդունելի դարձնել որպես ազգային կերպարվեստի ինքնուրույն դպրոց: Մասնագիտական լուրջ քննարկումները, առաջարկներն ու դիտողությունները թողնելով բնագավառի արհեստավարժներին Հայաստանում և աշխարհում, պարզապես ներկայացնում եմ ճանապարհային քարտեզը:
Բազմալեզու պատկերագրքերով, գուցե ամսագիր-հանդեսներով հարկավոր է ներկայանալ աշխարհին՝ սկսած մեզ հայտնի առաջին հայ քանդակագործ Անգեղյան Տորքից (Տորք Անգեղից), որի մասին Մովսես Խորենացին ահա ինչ է քարագրել. «Նա սերված էր Հայկի թոռ Պասքամից…, վիթխարի էր հասակով և ուժով»: Պատմահայրը ավելացնում է, որ նրան նշանակել էին արևմտյան կողմի կուսակալ, հաստատելով, որ Անգեղյան Տորքը պատմական դեմք էր: Եվ ավելացնում է. «Նրա մասին երգում էին, թե ձեռք էր զարկում որձաքար ապառաժներին, որոնց վրա ոչ մի ճեղք չկար, և ճեղքում էր ուզածի պես մեծ ու փոքր, տաշում էր եղունգներով, այդպես տախտակ էր պատրաստում և, նույնպես իր եղունգներով, նրանց վրա գծում էր արծիվներ և այլ այդպիսի բաներ»:
Հավատացեք, որ, մուտքագրվելով միջազգային շուկաներում, հայ ազգային կերպարվեստը կդառնա ազգային տնտեսության քարշակներից մեկը: Եկեք եղունգներով տաշենք այն ճանապարհը, որ պիտի հաղթահարի «Հայ կերպարվեստի մեկենաս» պատվո ատյանը:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ