Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը, որի շրջանակում ներկայացվեցին ղեկավար կազմում և փառատոնի ծրագրերում տեղի ունեցած փոփոխությունները:
Ասուլիսի մեկնարկը տվեցին փառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը, ապա խոսքը փոխանցեցին նորանշանակ կազմին:
Մասնավորապես՝ փառատոնի նորանշանակ գլխավոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը և ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը ներկայացրին փառատոնի հետագա ընթացքի իրենց տեսլականը։
Ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքերով` մի շարք փոփոխություններ են սպասվում փառատոնի ծրագրում: Վավերագրական և խաղարկային լիամետրաժ ֆիլմերը միավորվելու են մեկ մրցույթային ծրագրում, ավելանալու է կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որտեղ ներգրավվելու են ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Հայկական խաղարկային և վավերագրական ֆիլմերը կարող են ներառվել փառատոնի միջազգային մրցույթային ծրագրերում: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի հետ մեկտեղ կգործի նաև հատուկ՝ «Հայկական պրեմիերա» արտամրցույթային ծրագիրը: Լինելու է նաև տարածաշրջանային լիամետրաժ ֆիլմերի ցուցաշար, պահպանվելու են հետահայաց ցուցադրությունները, հարգանքի տուրքերը:
Հասմիկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև փառատոնի նոր` ավելի «կանաչ» դիրքորոշման որդեգրմանը` շեշտելով, որ նախ և առաջ կրճատվելու են տպագրության ծավալները, ինչը հնարավոր կդառնա AR-ի և բջջային հավելվածի շնորհիվ:
Շարունակելու է գործել նաև GAIFF Pro մասնագիտական հարթակը` առաջիկա տարիներին ընդլայնվելու հեռանկարով:
«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2019թ.-ի հուլիսի 7-14-ը: Ֆիլմերի հայտերի ընդունումն սկսելու է հունվարի 10-ին, իսկ GAIFF Pro-ի մասնագիտական հավատարմագրումը` փետրվարի 28-ին: