Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Քաջահավատ եմ, որ Աստված դեռ մեզ հետ կապված ծրագրեր ունի»

«Քաջահավատ եմ, որ Աստված դեռ մեզ հետ կապված ծրագրեր ունի»
16.11.2018 | 03:08

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆՆ է: Նրա նորատիպ «Հմայագիր» ժողովածուն ամփոփում է վերջին տարիներին գրված, մասամբ նաև մամուլում լույս տեսած բանաստեղծություններ, որոնք կնոջ, քաղաքացու, հայի հայացք են՝ ուղղված իրական և տեսլական աշխարհին:


-Կարինե, «Հմայագիրը», ինչպես յուրաքանչյուր արժեքավոր գրքի դեպքում է լինում, ընթերցողներիս համար բացում է նորաբառերի զարմանահրաշ աշխարհ՝ մայրերեն, սիրազգեստ, սիրալույս, սիրաշաբթի, աներբ ¥սեր¤… Ակնհայտ է, որ սիրո գերակայություն կա այս բառաշարում, նաև՝ ամբողջ գրքում: Բա՞ռն է սիրուց ծնվել, թե՞ սերը՝ բառերից:
-Անկեղծանալով ասեմ, որ իմ լեզվին բնորոշ են այսօր ոչգործածական բառեր, որոնց համար պարտական եմ 13-14–րդ դդ. իմ փառավոր հեղինակներին (որ իրականում նաև իմ ուսուցիչներն են)՝ Հովհաննես Երզնկացուն, Վարդան Արևելցուն, Եսայի Նչեցուն, Հովհաննես Ծործորեցուն, Հովհաննես Քռնեցուն. քերականության նրանց մեկնություներում առկա փիլիսոփայական-գեղագիտական հայացքները հետազոտելիս բնականորեն իմ բառապաշար են անցել բառեր, որոնք, չեմ ուզում ընդունվածի նման ասել՝ հնացած, իրականում սքանչելի, դիպուկ, հնչեղ բառեր են, պարզապես պետք է փոշին թափ տալ և սիրել: Ի դեպ, աներբ-ը Նարեկացու նվերն է: Իսկ ընդհանրապես, բառաստեղծումը բանաստեղծության ծննդի հետ է լինում: Ես բառեր եմ հորինում վաղ մանկությունից, և ամեն հորինված բառ արդեն բանաստեղծություն էր ու է… Իհարկե, Բառն է սիրուց ծնվել, սիրելի Կարինե, ինչպես որ ամենայնը: Բայց քանի որ «ի սկզբանե Բանն էր», այսինքն՝ Խոսքը, ուրեմն՝ Սիրո և Բանի նույնականությունն է սկզբնազարդ գոյը, և այդ նույնականության մեջ է արարվել աշխարհը և շարունակում է լինել մեզ խելահեղության հասցնելու չափ սիրելի ու անհասկանալի տիեզերքում: Բառերի հետ խաղալը, իսկն ասած՝ բառախաղը, լեզուս բացվելուց հետո, ի սկզբանե և հիմա էլ իմ ամենասիրելի խաղն է, որ իր այլացումն է գտնում գրականության մեջ, հրապարակախոսության, փիլիսոփայության մեջ: Թերևս, ամենահաճախը՝ լռելու մեջ, երբ լռությունը բառով հղանալու ընթացքն է բռնում:

-Ձեր «Հեկատեն» բնաբան ունի. «Բանաստեղծությունները մահ չունեն»: Անհնար է զուգահեռ չտանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանն ասված նախադասության հետ. «Ֆրանսիայում բանաստեղծները չեն մեռնում»: Մակրոնի ելույթից օրեր անց Հենրիկ Էդոյանը հրապարակային մի ելույթում ասաց. «Իսկ Հայաստանում բանաստեղծները չեն ապրում»: Ո՞րն է Ձեր բանաձևումն այս համատեքստում:
-Նախ՝ քանի որ Մակրոնն իր կյանքի մի շրջանում եղել է փիլիսոփայական հերմենևտիկայի հայրերից մեկի՝ Պոլ Ռիկյորի օգնականը, այլևս զարմանալի չէ, որ այսքան անթերի խոսք ունի: Վստահաբար՝ Պլատոնը հենց այս տեսակն ի նկատի ուներ, երբ երազում էր, որ երկիրը կառավարի փիլիսոփան: Ինչ վերաբերում է Ազնավուրին հրաժեշտ տալիս ասված մահախոսականում հնչած մտքին, թե Ֆրանսիայում բանաստեղծները չեն մեռնում, դա Օվիդիոսի շատ հանրահայտ ասույթն էր՝ ձևափոխված: Ասված է՝ Բանաստեղծությունները չեն մեռնում (CARMINA MORTE CARNET ): Իրոք, փառք Աստծո, բանաստեղծները Հայաստանում էլ չեն մեռնում: Հազար փառք Աստծո, երբեք և ոչ մի տեղ չեն մեռնում: Թե ինչ է նկատի ունեցել Էդոյանը, չեմ կարող ասել: Նույնիսկ եթե շատ վատ են ապրում, չապրելու պես են ապրում բանաստեղծները Հայաստանում կամ այլուր, միևնույն է՝ Բանաստեղծությունը չի մեռնում: Կրակի միջից մի օր դուրս է գալիս և ծիլ տալիս ու կանաչում, ինչպես փշատերևի կոնն է իր մեջ կրում քանի ու քանի նոր ծառ, որ անտառային սոսկալի հրդեհից հետո միակ փրկվա՞ծն է լինում: Գուցե դա էլ անտառի բանաստեղծության հրաշքի ծածկագիրն է կրում իր մեջ: ՈՒզում էի ասել, որ «Բանաստեղծները չեն մեռնում»-ը բնավ չի նշանակում, թե բանաստեղծները անպայման իրենց արժանի երկրային կյանքով են ապրում. սովորական մարդկային չափանիշներով հաճախ նրանց վատթարն է վիճակվում, բայց չէ՞ որ դրանք Հավերժի ժամից դուրս են: Իհարկե, այսօր էլ, հազար տարի առաջ էլ, թե՛ Հայաստանում, թե՛ մեկ այլ երկրում, սրտի ուզածի պես ապրում են հարուստները: Բայց դե նրանց կյանքն էլ առանձնապես նախանձելու բան չէ, քանի որ նրանց սրտի ուզածը չի կարող համընկնել բանաստեղծի սրտի ուզածի հետ. այդպիսի համընկնումն անհնար է:
-«Հմայագիրը» մոր, դստեր, սիրող կնոջ, հոգու միայնության կրողի պոեզիա է գերազանցապես, սակայն երբ անդրադառնում եք մեր երկրի ու ժողովրդի կյանքը տասնամյակների ընթացքում փոթորկած իրողություններին (Հոկտեմբերի 27, Մարտի 1), միանգամից դառնում եք մարտիկ, պահանջատեր, կանացիության մեղմությունը մի կողմ թողած, ըմբոստ քաղաքացի: Տեսնու՞մ եք այնպիսի իրականության հնարավորությունը, երբ ստիպված չեք լինի փոխել Ձեր պոեզիայի ընթացքը ներանձնականից դեպի քաղաքացիական, երբ չեք հետևի «քաղաքական օդերևութաբանների» անբարենպաստ կանխատեսումներին:
-Քսանամյա պայքարի բուռն տարիներին քաղաքացիական այդ լիցքը մեծ մասամբ իր ելքը գտնում էր լրագրության մեջ, իհարկե, սակայն կան զգացողություններ և ապրումներ, որ միայն բանաստեղծության մեջ կարող էին արտածվել: Ես երազում եմ Հայաստանի այն խաղաղ և ստեղծարար մթնոլորտի մասին, որը կբացառի ծածկանուններով հոդված գրելը, որպես օրենք՝ բարձր պոեզիայի հաշվին քաղաքական-քաղաքացիական բանաստեղծությունների առատությունը: Հույս ունեմ, որ կգա կամ արդեն մոտեցել է այդ ժամանակը:
-«Տեր, էլ ի՞նչ մեղա» բանաստեղծության մեջ գրում եք.
«Տեր, մի՞թե մտքիդ մեզ Ծովից-ծովից
այսպես՝ դար առ դար ու տարեցտարի
Երկնքից-երկինք վեր-գաղթեցնելն է:
Տեր, խլանում է իմ մեղա-մեղան՝
ողբից մայրերի ու հայոց հողի»:
2018-ի ապրիլյան քառօրյայի արձագանքն է, կարծեմ, բայց և այսպիսի տողերի ենթատեքստը շատ հեռվից է գալիս ու միտված է շատ հեռուներին, սա մերօրյա ընդվզում չէ բնավ: Ինչու՞ Տիրոջը ոչ մի կերպ չի հասնում մեր համահավաք ձայնը:
-Ճիշտ եք նկատել: Դառնանք և նորից հիշենք տիեզերալույս Նարեկացուն՝ «Այն փոքրիկ հոտն է տրտմած»… Չգիտեմ, բայց քաջահավատ եմ, որ Աստված դեռ մեզ հետ կապված ծրագրեր ունի: Մենք առաքելություն ունենք այս երկրի երեսին: Ո՞վ գիտե, գուցե աշխարհի առաջ բաց մեր սիրտը, գուցե մշակութաստեղծ մեր բնույթը, մարդասիրությունը, ապրելու մեր մշտանորոգ կամքը դեռ հրաշքնե՞ր են գործելու: Միայն թե մնանք մեր հողի վրա, միայն թե կասեցվի ազգակործան այս արտագաղթը, և ազգային կեցության բոլոր հիմքերը առողջանան, և մեր պետությունը դառնա հայի ինքնադրսևորման լավագույն միջավայրը: Այդ դեպքում մեր ոգին կհրաշագործի ամենուր և ամեն ինչում:

-Թարգմանությունն ի՞նչ է տալիս թարգմանվող հեղինակին, թարգմանչին, ընթերցողին: Ո՞վ է ամենամեծ շահառուն այս դեպքում:
-Թարգմանությունը հեղինակի համար երկրորդ (և հաջորդ) ծնունդն է, պայմանով, որ թարգմանիչը և թարգմանվողը հավասարազոր տաղանդ ունենան: Հակառակ դեպքում կամ թարգմանությունն է կորցնում (շահում), կամ բնագիրը: Եղել են գործեր, որ ես թարգմանել եմ շնչակտուր, շտապելով, որ հայ ընթերցողը կարդա, թեկուզ և միջնորդ լեզվից՝ ռուսերենից արված. ինչպես, օրինակ, Հ. Միլլեր, Վ. Վուլֆ, Ակուտագավա, Բորխես, կան, որ բնագրից եմ հաճույքով թարգմանել՝ Նաբոկով, Բունին: Հասկանալի է, չէ՞, որ փիլիսոփայության ֆակուլտետում սովորելը ինքնին ենթադրում է փիլիսոփայական բնագրեր կարդալ, մեծ մասամբ՝ ռուսերենով, և ուրեմն՝ Կանտից ու Հեգելից հետո թարգմանության դժվարությունները հաղթահարված էին, և մնում էր հրճվանքը: Սիրով թարգմանել եմ նաև Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը և ուրախ եմ, որ ինքը հասցրեց տեսնել իր զարմանալի մտահղացումը հայերեն թարգմանված: Ինչ վերաբերում է պոեզիային, կարծեմ նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ պոեզիան պետք է թարգմանի բացառապես պոետը: Արձակի դեպքում էլ է ցանկալի, որ թարգմանիչը նաև գրող լինի, բայց կարող է լինել արհեստավարժ թարգմանիչ և գործը պատվով կատարել: Մինչդեռ պոեզիան միայն լեզվի գերազանց իմացությամբ անհնար է թարգմանել. թարգմանել բանաստեղծություն՝ նշանակում է նորից բանաստեղծել: Ամենասիրով, ամենաքնքշանքով և վառվելով ես թարգմանել եմ Մարինա Ցվետաևա: Եթե ստացվեր այնպես, որ ապրեի իմ երազած կյանքով, իհարկե, բա-ցար-ձա-կա-պես լրագրությամբ չէի զբաղվի. միայն ես և Աստված գիտենք, թե բանաստեղծական քանի ժողովածու է խժռել քաղաքական լրագրությունը: Ես ամբողջովին կապրեի բանաստեղծությամբ և կգրեի իմ երազած բանաստեղծությունը, ավելի շատ ժողովածուներ լույս կտեսնեին, և ես պարզապես ավելի երջանիկ կլինեի: Ավելի շատ ժամանակ կտրամադրեի գիտությանը, և մտքումս փայփայած պոեզիայի փիլիսոփայության շուրջ մենագրությամբ իմ վաստակը կբերեի հայ փիլիսոփայական մտքի զարգացմանը: Եվ եթե ամեն ինչ այդքան գեղեցիկ լիներ, ես կթարգմանեի միայն և միայն Ցվետաևա՝ ամբողջությամբ, իր ողջ գրական ժառանգությունը: Բայց ճակատագիրը նախատեսել էր, ահա, այս ընթացքը, և ես սիրում եմ իմ ճակատագիրը. Amor fati. Ի՜նչ լավ զրուցեցինք, չէ՞: Եվ շնորհակալ եմ, սիրելի Կարինե, ինքս ինձ կողքից նայելու այս առիթի համար:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ