«Իրատեսի» հյուրն է դերասան, գրող, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս Արման Կոթիկյանի՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմի հայտնի Մաեստրոյի դուստրը՝ ՍԵԴԱ ԿՈԹԻԿՅԱՆԸ: Վերջինս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դոցենտ է, դաշնակահարուհի, այսինքն՝ մոր՝ անվանի դաշնակահարուհի Օլգա Բաբասյանի մասնագիտական ուղին շարունակած զավակ, որը վերջերս անգին ծառայություն է մատուցել իր նշանավոր հոր հիշատակին. ի մի է բերել և բովանդակալից միհատորյակում ներկայացրել Արման Կոթիկյանի գրական ժառանգությունը, որը գրեթե ծանոթ չէ նրա կինոկերպարներով հիացող հայ հանրությանը:
-Տիկին Սեդա, ինչպե՞ս հղացաք արժեքավոր այս գիրքը հրատարակելու գաղափարը:
-Գաղափարը կար վաղուց, բայց ես չգիտեի, թե ինչ ասել է գիրք տպագրելը, թե ինչից է պետք սկսել: Այս հարցում ինձ շատ օգնեց գրքի խմբագիրը՝ Հովհաննես Պապիկյանը: Ես, իհարկե, ամեն տարի վերանայում էի հորս արխիվը, լավ գիտեի, թե ինչ նյութ ունեմ, բայց հրատարակելու հարցը հեշտացավ Պապիկյանի շնորհիվ: Իմ ձեռքի տակ եղած նյութերից բացի ես օգտագործել եմ նաև գրականության և արվեստի թանգարանում պահվող շատ նմուշներ, որոնք սիրով, պատրաստակամորեն ինձ է տրամադրել տնօրենը՝ Կարո Վարդանյանը:
-Գիրքը յուրօրինակ հուշարձան դարձավ Ձեր հոր համար, ինչի մասին գրել եք առաջաբանում. «Այս գրքով հայրիկս վերադառնում է տուն, և նրա վերադարձը ես համարում եմ Հուշարձան, որ կերտվեց հայրիկիս ժամանակակիցների, նրա արվեստը սիրող նվիրյալների և մեր ընտանիքի լավ բարեկամների ձեռամբ»:
-Այո՛:
-Արման Կոթիկյանի խոսքն եք մեջբերել առաջաբանում. «Ամեն բան անցողիկ է, աղջիկս, մնայուն է միայն մարդու անունը, մնայուն է այն հիշատակը, որ սերում է գործերից»: Ձեր հոր գործերը ակնառու են և սիրված թե՛ լայն հանրության, թե՛ մասնագետների կողմից: Սակայն ամեն մի գործի հետևում մարդն է, քաղաքացին, հայը: Ինչպիսի՞ն էր նա այս առումով:
-Այն ամենը, ինչ արել է հայրս, եղել է հայրենասիրությունից դրդված:
-Արման Կոթիկյանը շատ է կարևորել գիրը, գրողին: Դա մասնավորապես տեսնում ենք նախնի դպիրներին, Կոմիտասին, Դանիել Վարուժանին նվիրված բանաստեղծություններում: Կարևորելուն, գնահատանքին զուգահեռ՝ նա իր ցավն է արտահայտել Հայոց ցեղասպանությանը զոհ դառնալու հանգամանքի հետ կապված: Այդ ցավի կրողը լինելով՝ Արման Կոթիկյանը չափազանց լուսավոր, լավատես, զվարթ մարդ է թվում: Ինչո՞վ դա կբացատրեք:
-Նախ՝ դա բնավորության գիծ էր: Եվ բացի այդ՝ հայրս երբեք մեզ հետ Ցեղասպանության մասին չի խոսել: Մենք ընդամենը գիտենք, որ Եղեռնից հետո ինքը տեղափոխվել է Փարիզ, եղբայրը՝ Տրապիզոն: Փարիզում ընդունվել է Սորբոնի համալսարանի իրավաբանական և գրականագիտական ֆակուլտետները, ավարտել, ապա 1937 թվականին եկել-բնակվել է հայրենիքում:
-Եվ այդուհանդերձ, նրա հուշերում հույն մի կին է ներկայացվում՝ Զոյի անունով, որը փրկել է իր և Գևորգ եղբոր կյանքը Ցեղասպանության ժամանակ:
-Այո՛, նաև այդ կնոջ լուսանկարն է պահպանվել հորս մոտ, որտեղ իր փրկած երեք հայ երիտասարդներն են, իր ընտանիքը և մի կողով, որը պատահական իր չէ: 1915-ին հայրս, հորեղբայրս և նրանց ընկերը՝ Մանունց ազգանունով, որ հետագայում դարձել է դերասան, թուրքերից թաքնվել են սարերում: Զոյին տասնմեկ ամիս շարունակ այդ կողովով գաղտնի ուտելիք է տարել սարերը, ուր նա գնում էր արածեցնելու իր անասունները, և կերակրել-պահել է հայ երիտասարդներին, որոնք այդ ժամանակ 17-18 տարեկան էին: Եվ երբ համեմատաբար ապահով ժամանակներ են եկել, երիտասարդները սարերից իջել են ու լուսանկարվել Զոյիի և նրա ողջ ընտանիքի հետ: Միայն այդ ժամանակ է Զոյիի ամուսինն ասել, որ ինքը իմացել է կնոջ արարքի մասին, բայց լռել է, որ չվախեցնի նրան ու հետ չպահի հայերին օգնելու մտադրությունից: Հենց այդ ժամանակ էլ եղբայրները բաժանվել են: Հայրս մեկնել է Փարիզ (թեև որոշ տվյալներով նա մինչև Փարիզ գնալը եղել է Հյուսիսային Կովկասում, բայց սա ինձ համար անհայտ փաստ է, հայրս այդ մասին ոչինչ չի պատմել), եղբայրը՝ Տրապիզոն:
-Այդուհետ եղբայրները չե՞ն հանդիպել:
-Ո՛չ, այլևս չեն հանդիպել, բայց որոշ ժամանակ նամակագրություն են ունեցել: Եղբայրը այդպես էլ մնաց Տրապիզոնում, կազմեց ընտանիք: Վերջին նամակը հայրս ստացել է եղբոր կնոջից, որը հայտնում էր եղբոր մահվան մասին: Հորեղբայրս ուներ որդի՝ Վարդան անունով, որին հայրս կանչել էր իր մոտ՝ Փարիզ: Այստեղ նա ամուսնացել էր, իսկ 1947-ին էլ հորս հորդորով երեք երեխաների հետ տեղափոխվել է Երևան:
-Փաստորեն, Ցեղասպանություն վերապրած հայի բոլոր դեգերումներով անցել է Արման Կոթիկյանը, բայց և այնպես չի սիրել խոսել իր ապրած ցնցումների մասին, գաղտնապահ է եղել: Գուցե այդ հատկանի՞շն եք ցանկացել ակնարկել՝ գիրքը վերնագրելով «Նվագախմբի տղաներից» հայտնի խոսքով. «Չմոռանաք ի՛մ անունն էլ տալ…»:
-Խոստովանեմ, որ գիրքը կազմելիս ինձ համար ամենամեծ դժվարությունն այն էր, որ հայրս գրեթե ոչինչ չէր պատմել իր մասին, ես շատ բանից էի անտեղյակ: Չէի ասի, թե գաղտնապահ է եղել: Ուղղակի մտածում էր, որ ինքն իր գործն է անում, ու դա իրեն է միայն վերաբերում, ուրիշներին կարիք չկա պատմել այդ ամենի մասին: Մենք, օրինակ, չենք իմացել, որ նա նկարահանվում է «01-99», «Տժվժիկ» ֆիլմերում: Բայց «Նվագախմբի տղաների» մասին իմացանք, որովհետև պիտի խաղար գերմանացի դիրիժոր Շպեռլինգի դերը, որին ճանաչել էր մայրս՝ Օլգա Բաբասյանը:
-Ձեր մորի՞ց է հետաքրքրվել իր կերպարի նախատիպի մասին:
-Այո՛: Հայրս ցանկացավ ինչ-որ չափով տեղեկանալ, թե ով է եղել Շպեռլինգը, և մայրս պատմեց, որ նա աշխատել է կոնսերվատորիայում, նվագել տարբեր փողային գործիքներ, ստեղծել առաջին փողային նվագախումբը Երևանում: Մայրս շատ զարմացավ, որ հայրիկը պիտի խաղա Շպեռլինգի դերը, որովհետև Շպեռլինգը կարճահասակ, պեպենոտ մարդ է եղել, հայրս բոլորովին նման չէր նրան արտաքինով: Բայց պահպանվել է Խաչիկ Նազարեթյանի հուշը. նա պատմում է, որ Շպեռլինգի դերում երկու-երեք ամիս փորձեր է արել Դանզասը: Բայց մի օր ռեժիսորն անսպասելի հայտարարել է, որ հերթական տեսարանում պիտի փորձեն Արման Կոթիկյանին: Բոլորը սկսել են դժգոհել, նեղսրտել. «Շպեռլինգն՝ ու՜ր, Արման Կոթիկյանն՝ ու՜ր»: Բայց երբ հայրիկս ներս է մտել՝ հագնված, պատրաստված ըստ կերպարի՝ բոլորը միանգամից հասկացել են, որ հենց նա է իսկական Շպեռլինգը:
-Շպեռլինգի կերպարը շատ կարևոր շեշտադրում է մտցնում ֆիլմում, որովհետև ներկայացնում է օտար մարդու սթափ գնահատականը հայի և այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում էր 20-րդ դարասկզբի Հայաստանում: Արման Կոթիկյանն ինչպե՞ս էր վերաբերվում այս կերպարին:
-Հայրս, ինչպես արդեն ասացի, շատ հայրենասեր էր: Եվ իհարկե, նրա համար կարևոր էր այդ կերպարը լիարժեք ներկայացնելը: Նրա հայրենասիրությունը միայն իր մասնագիտության մեջ չէր դրսևորվում: Երբ Երևանում ինչ-որ նոր կառույց էր արվում, նա անպայման գնում-հետևում էր, ուրախանում, ոգևորվում: Նրա համար մեծ նշանակություն ուներ Երևանի կյանքում կատարվող յուրաքանչյուր լավ բան:
-«Կարինե» օպերետում Արման Կոթիկյանը մարմնավորել է պոլսահայ ուսյալ արիստոկրատի կերպարը, որը շահեկանորեն տարբերվում է արհեստավորական խավի ներկայացուցիչ Հորհոր աղայից: Խորհրդային գաղափարախոսությանը բնորոշ բանվորա-գյուղացիական դասի ջատագովության պայմաններում խնդիրներ չե՞ն ծագել՝ այսքան համակրելի մեծատուն-բուրժուայի կերպար խաղալու հետ կապված:
-Խնդիրներ ծագել են, թե ոչ, ինձ հայտնի չէ, որովհետև հայրս այս դեպքում էլ մնացել է նույն գաղտնապահ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ինքնամփոփ մարդը: Բայց որ այդ կերպարը հատուկ կարևորություն է ունեցել, ես գիտեմ հաստատ: Հորս նման ծագումով Արևմտյան Հայաստանից էր նաև կինոօպերետի ռեժիսորը՝ Արման Մանարյանը: Նա իր ֆիլմով անպայման ցանկանում էր ցույց տալ, որ Պոլսում ոչ թե պարզապես հայություն է ապրել, այլ ապրել է ուսյալ, բարձրակարգ հայ հասարակություն, մարդիկ, որոնք եղել են ժամանակի ամենալավ հաստատություններում կրթված, իրենց գործունեությամբ բարձր դիրքերի ու հարստության հասած անձնավորություններ: Եվ Տիգրան Չուխաջյանի մեծարժեք երաժշտությունն էլ արդեն շատ բան էր վկայում պոլսահայության մշակութային մակարդակի մասին:
-Այսինքն՝ Արման Կոթիկյանի մարմնավորած կերպարը դարձել է ռեժիսորի խոսափողը, որի միջոցով նա անուղղակիրեն բարձրաձայնել է այն թվերին արգելվող, վտանգավոր մի թեմա՝ Արևմտյան Հայաստանի, արևմտահայության մշակութային, գիտական, ֆինանսական ծանրակշիռ կարողությունների գոյության և դրանց հետագա փոշիացման թեման:
-Այո՛: Քանի որ հայրիկս ինքն էլ սեփական աչքերով էր տեսել այդ ամենը, կարողացավ ճշգրիտ ներկայացնել ֆիլմում: Եվ պիտի խոստովանեմ, որ Արման Կոթիկյանի համար չափազանց կարևոր էր կյանքի վերջին տարիներին ֆիլմերում նկարահանվելը: Որքան էլ որ նա թատրոնում հաջողված դերեր խաղացած լիներ, ես այսօր չէի կարողանա որևէ մեկին հավատացնել, թե Արման Կոթիկյանը տաղանդավոր դերասան է եղել, եթե խաղացած չլիներ այդ մի քանի դերը կինոյում:
-Մանավանդ, որ իր գաղտնապահության կամ ինքնամփոփության բերումով շատ բան չի էլ պատմել իր թատերական հաջողությունների մասին:
-Այո՛, իհարկե: Նա այսօր պարզապես կմնար հասարակության համար անծանոթ, անհայտ մի դերասան: Բայց կինոն կարողացավ սերունդների համար ճանաչելի ու սիրելի դարձնել Արման Կոթիկյանին: Կինոն հորս կյանքում իսկապես կարևոր դեր ունեցավ:
-Երևանում պահպանված պատմամշակութային շինությունների թիվն այնքան էլ մեծ չէ, ցավոք: Թեև զգալի փոփոխություններ կրած՝ պահպանվել է Աբովյան փողոցի 29 շենքը, որտեղ ապրել է Ձեր ընտանիքը, որտեղ անցել է Ձեր մանկությունը: Ի՞նչ եք հիշում այն ժամանակների բակից, հարևանական հարաբերություններն ինչպիսի՞ն էին միևնույն շենքում հավաքված նշանավոր մարդկանց միջև:
-Այն տարիներին մեր շենքում ապրում էին Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Միրաքյանը, կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի նկարչուհի դուստրը, Սունդուկյանի թատրոնի նշանավոր դերասան Միքայել Մանվելյանը՝ Միշոն, էլի ուրիշներ: Մանրամասները չգիտեմ, բայց ծնողներիցս լսել եմ, որ մեր բնակարանում սկզբում ապրել է գրող Ազատ Վշտունին: Թե ինչպես է նրանից տունն անցել մեզ, չեմ կարող ասել: Մեր շենքում բոլոր պատշգամբներն այն ժամանակ բաց էին, և որևէ հարևանի հանդիպելու համար հարկավոր չէր տանից դուրս գալ, բակով անցնել ու հասնել նրա բնակարան: Մարդիկ պարզապես քայլում էին պատշգամբով ու հասնում իրենց ցանկացած հարևանի բնակարանին: Այդպիսին էր շփումը, և հայրիկս ամենաջերմ հարևանությունն անում էր Միշոյի հետ: Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ երեխաներիս, բոլորս խաղում էինք շենքի առջևի կլոր բակում: Բոլորիս ծնողները այդ բաց պատշգամբից հետևում էին մեզ, ոչ մի վտանգ չկար մեզ համար: Հիմա ո՛չ բակն է այդպիսին, ո՛չ պատշգամբը: Բոլորս փակվել ենք մեր տներում, իսկ երեխաներն ընդհանրապես խաղալու տեղ չունեն: Այո՛, շատ են փոխվել մեր շենքը, նաև ամբողջ Երևանը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ