Այնպես է ստացվում, որ հինգ տարին մեկ հայաստանցիները պայքար են սկսում, շարժում է ձևավորվում, բայց դրանք վաղ թե ուշ մարում են: Սրանում, իհարկե, մեղքը ժողվրդինը չէ, քանի որ ժողովուրդը միշտ պատրաստ է դուրս գալու հրապարակ: Վերջին ապացույցը նախագահական ընտրություններն էին ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը: Հենց առաջին հանրահավաքներից կարծիքներ էին հնչում, թե այն շուտով մարելու է, կամ էլ` ի՞նչ շարժում ինչ-որ «Բարևի» շուրջ: Փաստ է, որ այն կանխատեսվածից երկար տևեց, ու դեռ պարզ չէ, քաղաքապետի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես կվարվի: Գուցե նա ցանկանա հետ բերել իր հանրային ռեսուրսը, և ականատես լինենք ինչ-որ շարունակության:
2008-ին սկսված շարժմանը և այն գլխավորող առաջնորդին քաղաքական դաշտից մեկ-երկու հղումներ եղել են, թե` Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դաշտը մենաշնորհել է, և որևէ նոր բան անել հնարավոր չէ: 2013-ի հետընտրական անցուդարձը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտն ընդհանրապես անհնար է մենաշնորհել: Կա իր իրավունքների և լավ կյանքի համար պայքարելու պատրաստ ժողովուրդ, և կան քաղաքական կուսակցություններ: Խնդիրը, կարծում եմ, լիդերների մեջ է: Հենց շարժմանը մասնակից կուսակցությունների լիդերների ամբիցիաները գլուխ են բարձրացնում, շարժումն իր ֆիասկոն է ապրում:
Ի՞նչ ունեն իրար հետ կիսելու ընդդիմադիր գործիչները, եթե նրանք իսկապես ընդդիմադիր են, պայքարում են հանուն ժողովրդի և ոչ հանուն անձնական, նեղկուսակցական շահերի: 1996-ին Վազգեն Մանուկյանը սկսեց մի բան, որը մի քանի ժամվա մեջ հանգավ: Հետո` երկուստեք մեղադրանքներ, թե ով էր մեղավոր, որ ԱԺ դարպասները քանդվեցին, ու ժողովուրդը մագլցում էր դարպասներով դեպի ներս: 1998-ին ոչինչ էլ չսկսվեց, քանի որ Կարեն Դեմիրճյանը, գուցե հեռատես մարդ լինելով, այսպես ասած, կրակ չբորբոքեց: 2003-ի հետընտրական զարգացումները նույնպես կարճ ժամանակ անց մարեցին, ընդդիմադիր գործիչները պարզապես չցանկացան շարունակել, թերևս մտածելով, որ այն ժամանակվա իշխանության հետ կռիվը կարող էր ծանր հետևանքներ ունենալ ժողովրդի համար: Գուցե: 2008-ին առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանը գլխավորեց մի շարժում, որն աննախադեպ էր անցած տարիների մեջ ու համեմատվում էր 1988-ի Ղարաբաղյան շարժման հետ` իր թափով ու ոգեղենությամբ: Առանց պատճառների մեջ խորանալու կարելի է փաստել, որ այսօր այդ շարժումը չկա: Շարժումը մարել էր մինչ ՀԱԿ-ի կուսակցություն դառնալը: Կարո՞ղ է ՀԱԿ-ը այսուհետ շարժումը հետ բերել, դժվար է ասել. միայնակ գործելու դեպքում դա պարզապես անհնար է, կուսակցությունն ավելի փոքր դաշտ է նման գործողությունների համար: Եվ վերջապես` «Բարևի» շարժումը:
Ենթադրվում է, որ եթե կա պայքար, անհնար է, որ այն ինչ -որ դրական արդյունքի չհասնի: 2008-ից այս կողմ եղած երկու շարժումների նպատակը իշխանափոխությունն էր, իսկ ստացանք միայն քաղաքացիական գիտակցության եկած հասրակական ինչ-որ մի շերտ և հիասթափվածների բանակ, որի գերակշիռ մասն այսօր օտար ափերում է: Արտագաղթը ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մեղքով է: Ավելորդ է ասել, որ երբ մարդը հույսերի փլուզումից հուսահատության մեջ է ընկնում, փորձում է փախուստ տալ ստեղծված իրավիճակից: Ոմանք այդ փախուստը տեսնում են երկիրը լքելու մեջ, ոմանք պարզապես անտարբեր են դառնում քաղաքականության նկատմամբ:
Պայքարը կարևոր է, բայց կարևոր է նաև` հանուն ինչի և ինչի դեմ: Մեր քաղաքական գործիչներին պակասում է անկեղծությունը: Ազնվությունը հազվագյուտ հատկանիշ է և քաղաքականության մեջ հազվադեպ է հանդիպում: Ժողովուրդը բացառիկ զգացողություն ունի կեղծիքի, շահի ու զանազան խաղերի նկատմամբ: ժողովուրդը երեխայի պես է` շուտ ոգևորվում ու ճանապարհ է ելնում, բայց հենց զգա, որ սերն առ ինքը ընդամենը շղարշ է քաղաքական բազարները ծածկելու համար, ձեռքդ բաց կթողնի` քեզ թողնելով մեն-մենակ` հոգու և խղճի շուկայում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ