Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Գալու է նաև խոստումներից գործի անցնելու ժամանակը

Գալու է նաև խոստումներից գործի անցնելու ժամանակը
29.04.2013 | 18:03

Գրիչ վերցնելուն և մտորումներս թղթին հանձնելուն ինձ մղեցին այս օրերին այստեղ-այնտեղ հնչող, քաղաքական ու տնտեսական հիմնավորման հետ երբեմն որևէ աղերս չունեցող խոստումներն ու Երևանի զարգացմանն ու բարգավաճմանը միտված աստղաբաշխական, մտացածին թվերը: Այս տարի Երևանի ավագանու ընտրություններն աչքի են ընկնում ակտիվությամբ ու շռայլ խոստումներ տալու, Երևանը 4 տարում առնվազն Փարիզ դարձնելու սին հավաստիացումներով: Սա ինձ հիշեցնում է մեր երկու տարեց նշանավոր գրողների` տղամարդկային սեփական հնարավորությունների մասին չափազանցված պատկերացումները, իրար նախանձելն ու գրողների միության համաբուժարանի բժշկի բազմիմաստ պատասխանը. «Եթե ասելով է` դուք էլ ասեք...»: Վերջերս, օրինակ, հանրահավաքներից մեկում ավագանու արգո թեկնածուն խոստանում էր քաղաքապետ դառնալուն պես Երևանի բյուջեն հնգապատկել ու դարձնել ոչ ավելի, ոչ պակաս 400 միլիարդ դրամ, մեկ ուրիշը համոզում էր, որ օտարերկրյա ներդրումներով կհեղեղի Երևանը և այլն, և այլն: Հոյակապ է: Բայց այդ ելույթներն ու խոստումներն ինձ և գործից հասկացող հազարավոր մարդկանց համոզեցին, որ այս պարոնները ի վիճակի չեն ոչ թե քաղաքապետ, այլ նույնիսկ փոքրիկ մի գյուղի գյուղապետ աշխատելու, քանզի չգիտեն համայնքի բյուջեի ձևավորման ամենատարրական միջոցները, ներդրումներ բերելու ձևերն ու ճանապարհները... Այդպիսի և համանման օրինակները, ցավոք, քիչ չեն:

Ասելով հո չէ՞: Ասելը, խոստանալը, անշուշտ, վատ բան չէ, դժվար էլ չէ: Բայց, ահա, աչքդ չթարթած, գալիս է նաև խոստումները գործի վերածելու դժվարին ու հիմնախնդիրներով առլեցուն ժամանակը: Ես տասը տարի ղեկավարել եմ Շենգավիթ համայնքը և, թող ներվի անհամեստությունս, լավ եմ պատկերացնում համայնքի ղեկավարի չարքաշ, հաճախ աննկատ աշխատանքը: Երբ Տարոն Մարգարյանն ընտրվեց Ավան համայնքի ղեկավար, մայրաքաղաքի համայնքների ղեկավարներս ուրախանում, հպարտանում էինք մեր կրտսեր գործընկերոջ նպատակամետ աշխատանքով, փորձում մեր խորհուրդներով օգնել նրան: Ամիսներ անց արդեն նա էր շատերի լավագույն խորհրդատուն:
Ո՞րն է Տարոն Մարգարյանի հաջողության գաղտնիքը, ավանցիների և, ինչու չէ, երևանցիների մեծ մասի կողմից մինչև այսօր էլ հարգանքի ու անկեղծ սիրո արժանանալու նախապայմանը: Ըստ իս, դա առաջին հերթին նրա ծագումից է գալիս, գեներից: Մոտիկից ճանաչելով պատմական Տարոն աշխարհի շառավիղներից շատերին, շփվելով նրանց հետ, ես հիացել եմ նրանց մեծ մասի բարությամբ, համեստությամբ, համբերատարությամբ, հաստատակամությամբ ու հավասարակշռվածությամբ, խառը իրավիճակներում ճշգրտորեն կողմնորոշվելու բացառիկ հատկությամբ, աշխատասիրությամբ, այս հողը, երկիրն ու նրա մարդկանց սիրելու, նրանց հոգս ու ցավերով ապրելու, կարելվույն չափ մարդկանց օգնելու, սատար կանգնելու պատրաստակամությամբ: Անշուշտ, փոքր չէ նաև ընտանիքի, հարազատների շրջապատի ազդեցությունը, որտեղից նա աշխատասեր մեղվի նման միայն մաքուրը, լավն ու բարին է վերցրել ու ընդօրինակել: Տարոն Մարգարյանն իր համայնքի, քաղաքի համար աշխատում է անմնացորդ նվիրվածությամբ այնպես, ինչպես կաշխատեր իր օջախի, սիրասուն զավակների համար: Վկան` մեր քաղաքի ամենաբարեկարգ, գեղեցիկ ու աչք շոյող վարչական շրջանը` Ավանը: Վկան` վերջին մի քանի տարում հիմնավորապես բարեկարգվող, եվրոպական առաջնակարգ քաղաքներին հարիր տեսք ստացող ու գեղեցկացող Երևանը: Քիչ գործ չի արվել նաև երևանցիների սոցիալական խնդիրները հնարավորինս մեղմելու ուղղությամբ: Քաղաքի, առանց այդ էլ ոչ հարուստ, բյուջեից միջոցներ են հատկացվել մանկապարտեզներն անվճար դարձնելուն: Ասել է թե, եթե հնարավորություն կա, արվում է առանց ճռճռան խոստումների` թե տրանսպորտն անվճար կանենք, մետրոյի գիծը կհասցնենք եսիմ ուր և այլն։
Տարոն Մարգարյանը չի սիրում խոստումներ տալ: Նա գործի մարդ է, գերադասում է աշխատել և լավագույնս աշխատեցնել իր աշխատակազմին:
Երբ Տարոն Մարգարյանը կանգնեց Երևանի ղեկի մոտ, շատերը, հատկապես նրան չճանաչողները, սպասում էին, որ քաղաքապետարանում սկսվելու է վհուկների որսը, «օտարներին» հանելու և «իր մարդկանց» գործի ընդունելու տխրահռչակ աշխատաոճը: Սակայն, նոր քաղաքապետը հենց սկզբից հասկացրեց, որ իրեն աշխատող, ազնիվ, քաղաքի ու նրա մարդկանց հոգսերով ապրող, սեփական քաղաքը սիրող մարդիկ են պետք` անկախ ծագումից ու կուսակցական պատկանելությունից: Պատահական չէ, որ քաղաքապետարանում աշխատանքային և մարդկային ջերմ ու հաճելի մթնոլորտ ձևավորվեց: Ավելորդ է ասել, որ ձեռք բերված անուրանալի հաջողությունների գրավականներից մեկն էլ կադրերի ճիշտ տեղաբաշխումն ու աշխատանքներն այս ձևով կազմակերպելն է:
Թերությունների մասին: Անշուշտ, դեռևս կան: Բայց, դատելով վերջին տարիներին եղած թերությունները շտկելու, վերացնելու տեսանելի մասշտաբներից, մի քանի տարի հետո դրանք կզրոյանան ու մեր քաղաքն առավել գեղեցիկ, հաճելի ու կառուցիկ կներկայանա:
Անկեղծ լինենք, Երևանի ավագանու ՀՀԿ ներկայացրած ցուցակի առաջին տեղն զբաղեցնող Տարոն Մարգարյանի նման, այսպես ասած, «քաղաքապետացու» ուրիշ ո՞ր կուսակցությունն ունի, կամ այդ կուսակցություններից ո՞ր մեկը չէր ցանկանա, որ իր ցուցակի առաջին տեղում լիներ հենց Տարոն Մարգարյանը: Ասել է թե, վեր կանգնենք կուսակցական պատկանելությունից, սիրել-չսիրելուց, նայենք մարդու կատարած գործերին և անցած ճանապարհին ու մայիսի 5-ին խղճի մտոք ընտրություն կատարենք:
Հին խոսք է. «Ավելի լավ է թեկուզ մեկ հատիկ մոմ վառել, քան ժամերով բողոքել խավարից»: Տարոն Մարգարյանը հազարավոր մոմեր է վառել իր պաշտելի քաղաքում, լուսավորել հարազատ երևանցիների ճանապարհը: Նա ապացուցել է, որ, չնայած երիտասարդ տարիքին, կայացած քաղաքապետ է` պատրաստ շարունակելու սկսած գործը: Չեմ կասկածում, որ նրան ճանաչողները, նրա կատարած գործերին քիչ թե շատ ծանոթ երևանցիները իրենց քվեով կնպաստեն, որպեսզի Տարոն Մարգարյանը ևս 4 տարի շարունակի Երևանի կառուցմանը, բարեփոխմանն ու գեղեցկացմանը միտված իր և իր թիմի աշխատանքը:

Մարտին ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ