Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Մարտի 1-ի գործոնը կարող է խանգարել ԲՀԿ-ին

Մարտի 1-ի գործոնը կարող է խանգարել ԲՀԿ-ին
29.04.2013 | 17:05

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանն ասօր ասուլիսի ժամանակ, խոսելով քաղաքապետի թեկնածուների մասին, ասել է, թե ինքը Վարդան Օսկանյանին ձայն չի տա. «Մարտի 1-ի ելույթից հետո ես Օսկանյանին ձայն չեմ տա, չեմ էլ բարևի»:
Վարդան Օսկանյանի կերպարը, որպես քաղաքական ֆիգուրի, ընկալման խնդիր ունի հենց ԲՀԿ-ում: Հայտնի են տարբեր անդրկուլիսյան խոսակցություններ, դժգոհություններ ԲՀԿ-ականների կողմից դեռևս այն ժամանակ, երբ Օսկանյանը անդամագրվեց կուսակցությանը, և մինչև հիմա շատերը չեն հաշտվել նախկին արտգործնախարարի` «բարգավաճական» լինելու հանգամանքի հետ: 2008-ի մարտի 1-ի Օսկանյանի ասուլիսից թեև հինգ տարի է անցել, բայց այն դեռևս չի մոռացվել: Նախկին արտգործանախարարն այդ ժամանակ մարտիմեկյան իրադարձությունների համար մեղադրում էր ընդդիմությանը, հերքում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների փաստը, արդարացնում այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրագործած ծրագիրն ընդդեմ խաղաղ ցուցարարների: Այս ամենի պարագայում առնվազն զարմանալի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Օսկանյանին ԲՀԿ քաղաքապետի նախընտրական ցուցակում առաջին հորիզոնականը նվիրելու որոշումը: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում ավելի հարմար մեկը չի գտնվել քաղաքապետի թեկնածուի համար: Խնդիրը գուցե նաև վարքագծային ընդհանրությունների մեջ է: Արժե հիշել, որ Մարտի 1-ի համար ընդդիմությունը մեղադրում էր նաև ԲՀԿ-ին. շատ ակտիվիստներ վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների վրա հարձակվողների մեջ ճանաչել էին Ծառուկյանի թիկնազորի անդամներին:
Չխորանանք այլ մանրամասների մեջ, թե ուրիշ ինչ վարկածներ կարող են լինել Օսկանյանի` ԲՀԿ ցուցակի պատվավոր տեղում հայտնվելու վերաբերյալ: Դրանք տարբեր են` Քոչարյանի «ականջներից» մինչև այլ ուժերի հայաստանյան քաղաքական գործընթացներին մասնակցություն: Կարևորն այն է, որ Օսկանյանի ոչ միանշանակ կերպարը ԲՀԿ իրողությունում կարող է հարմար առիթ լինել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող երեք ուժերի համար` ՀՅԴ, ՀԱԿ ու «Ժառանգություն»: Նրանք պարզապես կարող են շահել այս ընտրություններում, եթե ճիշտ օգտագործեն ընդդիմադիրի իրենց ռեսուրսը` ի տարբերություն «ձկան» և «մսի» արանքում մոտ մեկ տարի տատանվող ԲՀԿ-ի: Ի դեպ, իր հաղթանակին կարծես չի հավատում նաև հենց ինքը` ԲՀԿ-ն: Դա պարզ երևում է իրականացվող քարոզարշավից` քարոզչական նկարների մռայլ գույներից մինչև վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված քննադատություններ, ծեծված խոսքերից մինչև ընդհանուր ֆրազներ: Այսինքն, ստացվում է, որ վարչապետին քննադատելուց զատ ԲՀԿ-ն այլ քաղաքական ծրագիր չունի: ԲՀԿ-ն չի քննադատում նախագահին և ընդհանրապես չի խոսում այն մասին, թե երբ կոալիցիայի անդամ էր, ինչ էր անում, որ, իր անդամների խոսքերով, երկիրն այս ծանր կացությունից դուրս գա: Հակառակ սրա, Վարդան Օսկանյանը օրերս հանդիպումներից մեկի ժամանակ, ԲՀԿ-ն ներկայացնելով իբրև Հայաստանի ապագայի համար խիստ մտահոգ ուժ, նույնիսկ ասաց, թե ԲՀԿ-ն «որպես կուսակցություն երբեք իշխանական լծակներ չի ունեցել»: Եվ սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն, որպես կոալիցիայի անդամ, մի քանի նախարարական պորտֆելներ ուներ կառավարությունում: Ընդունենք, որ դա շատ չէր հայաստանափրկիչ ծրագրեր իրագործելու, բայց և քիչ էլ չէր` գոնե որոշ ոլորտներում սայլը տեղից շարժելու համար:
Մարտի 1-ի գործոնը կարող է կարևոր դերակատարում ունենալ մայիսի 5-ի ընտրություններում, եթե ընդդիմադիր ուժերն իրենց «ընկերությամբ» ոչ թե սրբագրեն ԲՀԿ-ի անցյալը, այլ փորձեն կենտրոնանալ իրենց ձայների վրա` այդպիսով դուրս թողնելով արդեն տևական ժամանակ «տունտունիկ» խաղացող ուժին, վերջինիս հասկացնելով, թե քաղաքական կուսակցությունը ենթադրում է, նախևառաջ, քաղաքական քայլեր: Դա կարելի է անել ավելի նրբորեն, քան արեց ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին, երբ ընտրակաշառքներով գնեց նաև ընդդիմության ձայները, «սահուն, որպես քնքուշ մութի թև» ծվարեց Ազգային ժողովում իբրեևմեկը ընդդիմադիր ուժերից` խեղելով ընդդիմություն հասկացությունն ընդհանրապես:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ