Մինչ Երևանի ավագանու ընտրություններին պատրաստվող մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն անց են կացնում մայրաքաղաքում, Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կապան և հանդիպել կապանցիների հետ: Նա կապանցիներին է ներկայացրել իր հետագա անելիքները, խոսել նորաստեղծ «Նոր Հայաստան» քաղաքացիական-ազգային շարժման առաքելության, բոլոր քաղաքներում կազմկոմիտեների ստեղծման մասին և հավաստիացրել, որ նահանջ չի լինելու (՞), իսկ տևական և միասնական պայքարի շնորհիվ կհաջողվի հասնել հաղթանակի:
«Ես առաջարկում եմ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ վերադարձնենք իշխանությունը ժողովրդին»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆու մարզային այս այցը ցույց է տալիս, որ նա շարունակում է մնալ իրադարձությունների կիզակետում՝ այս անգամ փորձելով հնարավորինս շատ մանդատներ ստանալ Երևանի ավագանիում կամ, ի վերջո, հասնել Սյունիքի ու ևս մի քանի մարզպետների պաշտոնանկությանը: Սակայն, շարունակելով մնալ իրադարձությունների բովում, նա այդպես էլ չի առաջարկում որոշակի քայլեր ու գործողություններ, որոնք կարող են համոզիչ լինել քաղաքացու համար: Թեև հանուն ճշմարտության նշենք, որ ընդդիմադիր առաջնորդներից նա միակն է, որն այդքան շատ շեշտադրումներ է արել քաղաքացիական պայքարի վրա: Անհայտ է մնում, թե ինչ է անելու Րաֆֆին Երևանի ավագանու ընտրություններից հետո: Շարունակելու՞ է արդեն ավանդական դարձած մարզային այցերը, կրկին հացադու՞լ է հայտարարելու Ազատության հրապարակում, թե՞ փակելու է իր քաղաքական պայքարի այս մի էջը ևս:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ