Չէ՛, իսկապես մեր չինովնիկական «կաստան» ունի իր առանձնահատկությունները: Չպետք է աչքդ կտրես նրանից: Թե չէ` հենց նրանց «չաքրաները» բացվում են, պարզվում է` ամենազորավորն են, ամենալիբերալը, ամենա-«նոու-հաուիստը»:
Երեկ: Բազմաչարչար, բազմաբնակարան, բազմաքաղաքական գործիչների ընդունած-ճամփած «Բանգլադեշը», կուլտուրական ասած` Հարավ-արևմտյան թաղամասը, ապրեց իր աստեղային ժամը: Եկան ՕԵԿ թիմն ու իր թեկնածուն և ասացին ամենաիրականանալի, կարելի է ձևակերպել նույնիսկ` ամենացանկալի մտքերից մեկը` Հարավ-արևմտյան թաղամասում նույնպես պետք է կառուցել նախարարություն…
Ընդ որում, սա այն դեպքն է, որի մասին ասվում է` տառապանքը փորձ ունի: Արմեն Երիցյանի ղեկավարած արտակարգ իրավիճակների նախարարությունը գտնվում է Դավթաշենում, ինչն էլ իր հերթին նշանակում է` ոչ միայն աշխատատեղ, ոչ միայն մտածողության-մենթալ պլանի փոփոխություն շրջապատում, որովհետև մեկ բան է կենտրոնացված «յարմրկաներով տարածքը», մեկ այլ բան` վերը նշված ապակենտրոնացման գործընթացը, որը, ըստ Արմեն Երիցյանի, պետք է տարածվի բոլոր գերատեսչությունների, բուհերի և կառույցների վրա, արդյունքում ոչ թե երևանցին գնա դեպ այդ հաստատություններ, ասել է` կենտրոն, այլ հակառակը` ապահովվի քաղաքի համամասնական զարգացումը:
ՈՒ սա ՕԵԿ ծրագրի ամենաընդունելի կետերից մեկն է, որով ՕԵԿ-ն ու նրա թեկնածուն հանդես են գալիս գործառնական նոու-հաուով, որն էլ, ինչպես ասացինք, դիտարժան է նրանով, որ իրատեսական է, ուղղված անմիջապես մարդուն այն պարզ պատճառով, որ ծայրամասերը, մայրաքաղաքի զարգացման վերջին տեմպերից դատելով, ոչ միայն անտեսված են, այլև պրովինցիալ իրենց մշակութաբանությամբ միշտ էլ հետ են մնացել մեծ և փոքր կենտրոններից` ծայրամասում ապրող երևանցուն չինտեգրելով քաղաքային մտածողությանը և ֆոլկլորին:
Տաբուի ջարդումը, եթե ՕԵԿ-ին իսկապես դա հաջողվի, քաղաքային-երևանյան կյանքն իսկապես կվերածի «տոնի», որ փարիզաբար բոլորիս հետ կլինի մշտապես:
Այսպիսով, նախընտրական պայքարի մեջ խորասուզված ՕԵԿ-ը, որը քարոզարշավի այս պահին իր մաքսիմում ծրագիրն է իրականացնում, այն է` վարչական շրջաններում հանդիպումներ է ունենում, որոնք հընթացս կփոխկապակցվեն բակային, ապա և` տնետուն հանդիպումների կասկադի հետ, սահուն կերպով փորձում է Երևանի ընտրությունները ծառայեցնել իր բուն նպատակին` քաղաքական բլոկից անցում կատարելով բուն` գործառնական բլոկին:
Ի դեպ, աշխատանքային այն բաժանումը, որն իրականացնում է ՕԵԿ-ը, չկա ոչ մի այլ կուսակցության մաներայում: Նկատվում է հետևյալ «ճանապարհային քարտեզը». ի տարբերություն ՀՀԿ-ի, այստեղ կուսակցության ղեկավարը մասնակցեց քարոզարշավի մեկնարկին: Ի տարբերություն ԲՀԿ-ի, որի կուսղեկավարը ելավ ու հաթաթա տվեց ալամ-աշխարհին` «ֆիլմ-ուժաս» ցուցանելով «ա լյա» Ջեյմս Բոնդ, թե բոլորդ ինձ հետ եք գործ ունենալու, Արթուր Բաղդասարյանը քաղաքական պատասխանատվության թիրախները արձանագրելուց, պայքարի մեկնարկն ազդարարելուց հետո ասպարեզը տրամադրեց բուն թիմին, որն էլ բավականին հետաքրքիր համամասնությամբ է կառուցված. առաջինը «երևանցի սրտացավ տղա է», որը գիտի Երևանը այնպես, ինչպես ուխտավորը` Մեքքան. «Որպես երևանցի իմ սիրտը ցավում է Երևանիս համար, և մեր կուսակցությունն ուզում է անել ամեն ինչ, մեր Երևանին ու երևանցուն օգնելու համար» (ա՜խ, Արմեն, Արմեն), ապա Երևանի կառավարչական հմտություններին տիրապետող Հովհաննես Շահինյանն է, որն առավել ստրատեգիկ հարցերի բլոկ է ներկայացնում երևանցուն, զի նրա տառապանքը նույնպես փորձ ունի. «Այսօր վարչական շրջանների ղեկավարները միմյանց հետ մրցակցում են ոչ թե կատարված աշխատանքներով և դրանց որակով` իրենց բնակիչների խնդիրները լուծելու համակրանքը շահելու համար, այլ թե ով որքան գումար գանձեց բնակիչներից` քաղաքապետի բարի վերաբերմունքին այդպիսով արժանանալու համար: Սոցիալական այս ծանր պայմաններում այսօր հարյուր հազարավոր բնակիչներ գտնվում են դատարաններում և հարկադիր կատարման մարմիններում»:
Ի դեպ, սինխրոն ու գրագետ այս քարոզարշավով է նաև պայմանավորված ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի` միանշանակորեն ֆավորիտ համարվելու հանգամանքը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ