Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Պարույր Հայրիկյանը վերադառնու՞մ է

Պարույր Հայրիկյանը վերադառնու՞մ է
25.03.2013 | 17:39

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում պատրաստակամություն է հայտնել գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։ «Ես 1998-99 թթ. կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարգացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում», - գրել է նա:
«Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեև գրել սիրում եմ և գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։
Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկությունը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատվելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, և նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաև Հոլանդիայից։
Շարունակում եմ պաս (խստացված՝ միայն չեփած կանաչեղեն և միրգ) պահել։ Հավանաբար վաղվանից հնգօրյա ծոմի անցնեմ։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ պահեցի։ Զատիկը՝ Հարության տոնը, կարևորագույն տոներից է, ու դրա հետ կապված խոհեր ու մտահոգություններ ունեմ։
Րաֆֆի Հովհաննիսյանը (և որևէ հայ քրիստոնյա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց ըստ էության նաև ծոմ է։ Ո՞րն է ելքը։
Քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։ Եվ ես մտածում եմ Սերժ Սարգսյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել նրանց իսկ հայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների համակարգ։ Ր.Հովհաննիսյանն իրեն նախագահ ճանաչելով և Ս.Սարգսյանին նախագահ չճանաչելով հանդերձ Ս.Սարգսյանին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությունն ամեն ինչից վեր դասեց։ Ս.Սարգսյանն արձագանքեց երկխոսության առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել՝ հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԷՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԲՆԱՋՆՋՎԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ Եվ այս արտահայտվող կամ քողարկվող մտահոգությունն առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել Ր.Հովհաննիսյանի և Ս.Սարգսյանի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը (ՍԲՀ)։ Ես 98-99 թթ. կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրություններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող Ր.Հովհաննիսյանը բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՀ նախագահ դառնալու Ս.Սարգսյանի առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխումների իրականացումը՝ վեց ամսից մեկ՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաև այս իրողությունն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնվելու վայրից։ Իսկ առաջարկիս Ս.Սարգսյանի և Ր.Հովհաննիսյանի համաձայնվելու դեպքում Ր.Հովհաննիսյանը կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ-որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ-որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ