Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Տե՞ր է կանգնելու իր կարգախոսներին

Տե՞ր է կանգնելու իր կարգախոսներին
20.02.2013 | 17:19

«Հնարավոր» է կարգախոսով քարոզարշավ անցկացրած և պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Ազատության հրապարակում էր: Հրապարակում էին նաև բողոքական, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք, ի հեճուկս իշխանությունների, քվեարկել էին հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: Նրանք հիմնականում այն քաղաքացիներն էին, ովքեր կռիվ էին տալիս 2003, 2004, 2008 թվականներին: Այնտեղ էին նաև Սմբատ Այվազյանը, Նիկոլ Փաշինյանը, Շահեն Պետրոսյանը, Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանը, այլ քաղաքական գործիչներ, որոնք հարցազրույցներ էին տալիս իրենց շրջապատած լրագրողներին: Իսկ Ազատության հրապարակում ասուլիս հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես էլ հարթակ չբարձրանալով, հայտարարեց. «Ես պաշտոնների չեմ հավակնում, բայց ես այսօր նախագահն եմ Հայաստանի Հանրապետության: Կամ Սերժ Սարգսյանը տալիս է հաղթանակը ժողովրդին, կամ թող ինքը հրաժարական տա. դա իմ պահանջը չէ, դա իր պահանջն է»: Նա Սերժ Սարգսյանին ժամանակ տվեց մինչև այսօր` ժամը 17.00-ն` ընդունելու ժողովրդի հաղթանակը: Նա ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունը փոխանցի ժողովրդին:

Երեկ Ազատության հրապարակում մի տեսակ անորոշություն էր տիրում: Մարդիկ հիշում էին, թե հինգ տարի առաջ այս օրերին ինչ ոգևորություն էր տիրում, պայքարի, հավատի ինչպիսի մթնոլորտ: Իսկ հիմա սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես է վարվելու նա, պաշտոնական տվյալներով իրեն տրված 536769 քվեների հետ: Մի տեսակ շատ հավակնոտ, հաստատակամ կարգախոսով նա սկսեց իր քարոզարշավը` վստահեցնելով, որ, այո, մեր երկրում հնարավոր են փոփոխություններ, և պետք է հավատալ այդ փոփոխություններն իրականացնելու կոչված անձանց: Հետո շրջագայեց երկրով մեկ, մեկ առ մեկ սեղմեց իրեն հանդիպած մարդկանց ձեռքերը, այցելեց վարսավիրանոցներ ու տոնավաճառներ, ժպտաց խոստումնառատ: Եվ հիմա եկել է ՔԱՅԼ կատարելու ժամանակը: Ճակատագրական զուգադիպութամբ այս օրերին լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը: Վերջին տարիներին ով չի զլացել, խոսել է, գրել է սերնդափոխության անհրաժեշտության մասին, հայտարարել, որ Շարժման քաղաքական գործիչների սերունդն իր տեղը պետք է զիջի նոր սերնդի քաղաքական գործիչներին: Րաֆֆի Հովհաննիսյանը թեև եղել է Հայաստանի առաջին արտգործնախարարը, բայց առաջին անգամ է մասնակցում ՀՀ նախագահի ընտրություններին: Նա աչքի ընկավ այն բանով, որ հայ դժգույն քաղաքական մշակույթ ներմուծեց արևմտյան մշակույթի տարրեր` ցույց տալով, որ քաղաքական գործիչը պետք է անմիջական շփման մեջ մտնի իր ընտրողների հետ, չխորշի տեսախցիկների առջև վարսավիրի ծառայություններից օգտվելուց և այլն: Այդ ամենը, անշուշտ, հումորի, կատակի, ասեկոսեների հետ մեկտեղ, նաև իր նպաստավոր ազդեցությունը թողեց ընտրարշավի վրա: Բայց հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա կողմնորոշվել և ՔԱՅԼ կատարել: Մանավանդ որ ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ անհատներ հայտարարել են նրան սատարելու պատրաստակամության մասին: Եվ հիմա ժամանակն է ապացուցելու` ինքը հավատարի՞մ է մնում իր նախորդ կարգախոսներից մեկին, որով հավաստիացնում էր, որ ինքը ՏԵՐ է: Ասել է թե` կարողանալո՞ւ է հրաժարվել իր` որևէ շարժառիթ չհետապնդող նախկին գործողություններից` ԱԺ պատգամավորի մանդատ դնել-հետ վերցնելուց, ԱԺ յոթհոգանոց խմբակցության անդամների աշխատանքը նոր գումարման ԱԺ-ում «ջուրը լցնելուց» և նոր մարդկանց «Ժառանգական» դարձնելուց: Ձեռքի հետ էլ` «Ազատ դեմոկրատներ»-ի հետ դաշինքով ԱԺ մտնելուց: Չէ՞ որ հիմա նժարին դրված է ոչ թե յոթհոգանոց խմբակցություն ղեկավարելու, այլ, պաշտոնական տվյալներով, ստացած 536769 քվեին ՏԵՐ կանգնելու խնդիրը: Էլ չենք խոսում այն մասին, որ ոչ պաշտոնական աղբյուրներն էլ պնդում են` Րաֆֆին հաղթել է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ