Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ոչ մի տեղ տանող գործընթաց

Ոչ մի տեղ տանող գործընթաց
15.02.2013 | 00:35

Այս երկրում կա մի գործընթաց, որի մեջ իշխանություններին ոչ մի կերպ չես մեղադրի: Այն ինքնորեն ինքնաբուխ է:
Կարելի է վիճել` օրինաչա՞փ է ՀԱԿ-ի այսօրվա վիճակը, թե՞ ոչ: Կարելի է ապավինել մտքին, որ այնտեղ, ուր «եփվում» էին Կարախանյան Սմբատի ու Զուրաբյան Լևոնի հոգին ու միտքը, այլ վերջաբան չէր էլ կարող լինել: Այնուհանդերձ, ընդդիմադիր դաշտը քայքայելու նրանց համառությունը հիացմունքի է արժանի:
Ընդ որում, իրենց իդեա-ֆիքսին հասնելու համար վերջիններս ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, օգտագործում են թե՛ ընդդիմադիր դաշտից, թե՛ Տեր-Պետրոսյանի խարիզմայից մնացած վերջին փշուրները` սեփական նպատակն իրականացնելու համար:
Իսկ նպատակն ահավոր հասկանալի, նույնքան պրիմիտիվ, էլ ավելի` դատապարտված է: Փորձ է արվում «բարեփոխումների» գնալ, ընդդիմադիր բուրգ սարքել, այդ բուրգով գրավել «Կարթագենը»: Այլ կերպ ասած` մաքրել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ոչ արմատական ուժերից, քաղաքական միավոր դառնալ, և պայքարել 2018-ի համար: Հասկանալի է` հանուն ում:
Թույլ տանք ասել` այս ծրագիրը, քաղաքական արևի տակ սեփական «սախաթ» ոտքը տեղակայելուց զատ, ոչնչի չի ծառայելու:
ա) Կուսակցություն դարձող ՀԱԿ-ն այլևս և վաղուց չունի քաղաքական-բարոյական որևէ ռեսուրս, նրա միակ ռեսուրսը Տեր-Պետրոսյանի խարիզման է, որը, եթե ոչ հիմա, ապա կուսլիդեր դառնալուց հետո վայրկյանների ընթացքում ոչնչացվելու է Լևոն Զուրաբյանի կողմից` հազար ու մի պատճառով. նա վատ «տնտես» ու կազմակերպիչ է, և ՀԱԿ «հզոր տան» քայքայումը բոլոր ՀԱԿ անդամները պայմանավորում են առաջին հերթին նրա անձով, գործով, «մտածմունքով», վերջինիս` դեպի ԲՀԿ ու Քոչարյան ունեցած հզոր հակվածությամբ:
բ) Եվ եթե ՀԱԿ-ում տեղի ունեցող գործընթացն ինքնին օրինաչափ է, ապա դրան հաջորդող և սպասվող ԲՀԿ «բարեփոխման» ծրագիրն ուղղակի փայլուն «բերմուդյան եռանկյունի» է, որի մեջ կընկղմվի առանց այն էլ իր լավ օրերը չապրող ԲՀԿ-ն: ՈՒ թե բարեփոխման ծրագրի գաղափարական ճարտարապետները չլինեին ԲՀԿ արմատական թևի ներկայացուցիչները, ու թե դրանից էլ ոգևորություն չապրեին «գծի մեջ» եղող Զուրաբյանն ու Կարախանյանը, ապա կարելի էր հաստատապես մտածել, որ դա իշխանությունների` առ ԲՀԿ «թարախության» վերջին դրսևորումն էր` ՀԱԿ-ին զուգահեռ «կազմաքանդել» հինգ հարյուր հազար ձայն ու անդամ (որոնց մեծ մասն այս ընտրություններում քրտնաթոր աշխատում է Սերժ Սարգսյանի համար) ունեցող կուսակցությունը: Որովհետև, եթե ԲՀԿ արմատական թևին և Զուրաբյան Լևոնին հաջողվի հաղթահարել Ծառուկյանի «ինքնապաշտպանական վետոն» և համոզել նրան` բարեփոխումներ իրականացնել, ապա ԲՀԿ-ից արդեն «կամուֆլյաժն» էլ չի մնա:
Ինչո՞ւ։ Որովհետև.
1) ԲՀԿ-ն օլիգարխիկ կուսակցություն է. օլիգարխը չի կարող ընդդիմադիր դառնալ, ինչն էլ տեսանք այս ընտրություններում:
2) Ծառուկյանն իր կուսակցությունը ոչ մեկին չի տա, ինչպես վարվեց Տեր-Պետրոսյանը, որ «ինչ-որ մեկն» էլ վերցնի ու այն բարեփոխի: Համ էլ` Սերժ Սարգսյանն էլ չի թողնի:
3) Եվ եթե բարեփոխման արդյունքում ստեղծվի նոր կուսակցություն, զուտ արմատականներից բաղկացած, ապա չունենալով «ԲՀԿ» անուն-բրենդը, չի լինի ոչինչ:
գ) Կա նաև ՀՅԴ-ն բարեփոխելու իդեա-ֆիքսը: Այս տարբերակն ընդհանրապես քննարկման ենթակա չէ ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն չի գնա «թայ դառնա» նորածին, կաթնակեր, եսիմ քանի օրական կուսակցություններին: Ոչ նաև այն պատճառով, որ ընկեր Հրանտը նախագահականի` Սերժ Սարգսյանի ամենօրյա և նույնքան թանկագին հյուրն է: Այլ այն պարզ պատճառով, որ պարոն, ներեցեք, ընկեր դաշնակցությունը լավ գիտի «կեր ու սուսի» մեծ արվեստը:
Չնայած` «ա» և «բ» կետերի ներկայացուցիչները նույնպես այդ արվեստն անչափ բարձր են գնահատում:
Միակ և եզակի հարցը մնում է նույնը` ո՞ւմ «տաշտակից»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ