«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Մի՛ կրակիր, Նաթան»

 «Մի՛ կրակիր, Նաթան»
12.02.2013 | 00:17

Թվում էր, համաշխարհային «սառույցը» որոշակի տեղատվության մեջ էր հայտնվել Բայդեն-Լավրով վերջին հանդիպման ընթացքում: Ավա՜ղ:
Եվ եթե աֆրոամերիկացի, արաբական գենետիկան ամերիկյան արյան մեջ ներխառնած Բարաքն իր առաջին «երդմնակալությունից» հետո ցուպն առած շտապեց դեպի հայրերի երկիր` պաշտոնավարման նոր աշխարհակարգն սկսելով Մերձավոր Արևելքից, այդպիսով աշխարհի նշանային համակարգում ամրագրելով, որ Մեծ Մերձավոր Արևելք բժեզինսկյան պրոյեկտն ամբողջ թափով գործարկման մեջ է դրվում, ապա երկրորդ ինաուգուրացիայից, կարմիր շորով Միշելի հետ պարելուց հետո, Օբաման շտապում է Իսրայել` ավետյաց երկիր, համարյա կաթ ու մեղր տանելով իր հետ: Ասել է` հորդորելու Իսրայելին` չհարձակվել Իրանի վրա:
Վատանալ պետք չէ այն պատճառով, թե փարիսեցիությունն էլ իր սահմանները պետք է ունենա, անբարոյականությունը` իր, դրանք քաղաքականության և այն էլ` մեծ քաղաքականության համար որևէ կատեգորիա չեն, այն էլ` Ամերիկայի դեպքում, որը գերազանցում է ինքն իրեն. Իրանին էմբարգոներով, քաղաքական մեկուսացմամբ մանրամասն ու նպատակային անկյուն քշող ԱՄՆ-ը գնում է Նաթանյահուին ասի` մի՛ կրակիր, Նաթան, երբ կասեմ` էն ժամանակ կրակիր:
«Նրբագեղ»-կուշտ, Մերձավոր Արևելքի փորոտիքը փառահեղորեն խառնած-«մաքրած» ԱՄՆ-ը, այս օրերին ճերմակ ձեռնոցներով, բակենբարդներով աշխարհի նշանային համակարգում նոր ազդակ է ամրագրում. հաջորդը, որի «փորը պետք է մաքրվի», այո, Իրանն է, և պաշտոնավարման երկրորդ փուլի գնացող Օբամայի միակ զբաղմունքը լինելու է Իրանը, միայն Իրանը, ոչինչ, բացի Իրանից:
Այդ հետո, երբ Իրանի «փորը լավ մաքրած» կլինեն, Օբաման տեղը կզիջի հանրապետականներին, որպեսզի սրանք նույնքան արտիստիկ ու ամերիկաբար «մոտենան» Չինաստանի «փորին», ուր ռոքֆելլերներն ու ռոտշիլդները (հիշենք` նրանք արդեն միասնացած են) այնքան կապիտալ են դրել տնտեսության մեջ, որ հետ քաշելու դեպքում Չինաստանն ավելի արագ կփլուզվի, քան իր օրերում ՕՊԵԿ-ից` գազի գնի իջեցմամբ «սառույցի վրա» հայտնված ԽՍՀՄ-ը:
Ահա և Ռուսաստանը` մեր հայրենակից, թիֆլիսահպատակ (մայրը վրացահայ է) Լավրովի շրթունքներով «ընտրյալ ժողովրդի» մոտ` Իսրայել մեկնող Օբամային դիմադարձ քամի-«շտուրմով» բավականին կոշտ հակադարձում է.
ա) Միստր Բարաք, իմացած լինեք, ում հետ` ինչպես, Ռուսաստանի հետ Դուք պարտավոր եք խոսել, ինչպես հավասարը հավասարի:
բ) Մենք թույլ չենք տա, որ Դուք նոր աֆղանստաններ ստեղծեք աշխարհում:
Այնուհանդերձ, Լավրովը մեկ նրբություն է բացում Բայդենի հետ հանդիպումից. Բայդենը շեշտել է` առանց Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ աշխարհում «հարցեր» լուծել: Ահա թե ինչու Ռուսաստանն էլ իր հերթին է ոտքը պինդ դրել «պեդալին»` սեփական շահերն առաջ տանելու «վազքում», այդ թվում` Հայաստանում, և առաջին հերթին Հայաստանում, որպես տարածաշրջանային կարևոր խաղացող:
Այստեղ փնտրեք նաև Պարույր Հայրիկյանի պարույրաձև բոլոր «խաղերի» հիմքը. այն պարզ պատճառով, որ Պարույրի հետ ով չի ալարել, խաղացել է` նրա միջոցով կյանքի կոչելով իր շահերը։ Էն ժամանակ նա պայքարում էր Լևոնի դեմ, հետո, երբ Լևոնին «հայտնի ուժերը» հրաժարական պարտադրեցին, նա ելավ, խորհրդարանում ասաց` էս հո հեղաշրջում է։ Հետո, ասում են, Վազգենը նրան տարավ-«հետ բերեց», ու նա էլ չէր բողոքում, որովհետև էլ «հեղաշրջում» չէր տեսնում, հետո ինչ կեղտոտ բան ասես չասաց Կարեն Դեմիրճյանի մասին, հետո` Անդրանիկ Մարգարյանի…
Մի խոսքով, սա Պարույր Հայրիկյանն է, այստեղ նա տանն է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ