ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀԻԼԸՐԻԻ ԱՅՑԻ ԲՈԼՈՐ ՀՄԱՅՔՆԵՐԸ

ՀԻԼԸՐԻԻ ԱՅՑԻ ԲՈԼՈՐ ՀՄԱՅՔՆԵՐԸ
09.07.2010 | 00:00

ԱՄՆ-ը կրկին, իր քրմերի «հանգով», խառնշտորեց Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի փորատակը:
ՍՐԲԱԳՐԱՅԻՆ (ՉՀԱՍԿԱՆԱԼ` ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ) ԱՅՑ
Իրանը երկու անգամ «վերցնելուց» (սովորական և կոշտացած սանկցիաներով), Ռուսաստանին ու Պուտին Վլադիմիրին տեղը դնելուց, Մեդվեդև Դիմային հավասարաչափ «փափկացնելուց» հետո, ԱՄՆ-ը որոշեց առաջ գնալ ասիմետրիկ և սիմետրիկ ձևաչափերով` խիստ համաժամանակյա. «ԱՄՆ-ը չի ընդունում ազդեցության գոտի հասկացությունը` նկատի ունենալով հետխորհրդային տարածքում հատուկ ազդեցություն ունենալու Ռուսաստանի հայտարարությունը» (Քլինթոն)։ Եվ ոչ միայն:
Եվ այն ժամին, երբ Հիլըրին Օլբրայթի և Բժեզինսկու մայր հայրենիքում, ուր հայտնաբերվել են թերթաքարի-գազային հումքի մեծ պաշարները, անում էր այդ ու այլ կարգի հայտարարություններ, նույն ժամին Ջո Բայդենը Մերձավոր Արևելքում` Իսրայել-Պաղեստին-Իրաք շրջագծում, «փորատակի» ծանր հատվածն իր վրա վերցրած` փորձում էր մի վերջին անգամ հաշտեցնել Իսրայելին ու Պաղեստինին, Իրաքում համաձայնության կառավարություն ստեղծել, նույն ժամին էլ Օբաման Վաշինգտոնում` Սպիտակ տանը «նույն բանն» էր անում Նեթանյահուի հետ... իսկ նոր հրամանատար Դեյվիդ Պետրեուսն արդեն Աֆղանստանում էր:
Մի խոսքով` ԱՄՆ-ը զբաղված էր լրջագույն սրբագրումներով:
ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ԱՎԵԼՑՈՒԿ` ԱՐՏԻՍՏԻԿ ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Արարողակարգային: Պետդեպում կանայք են հիմնական տիրակալները: Ամերիկյան ծիսակարգը կանանց էներգետիկան է հարմար գտել` արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համար. այդ և մնացած ասպարեզներում նրանք հասու են այնպիսի խորքերի, ինչին ոչ մի տղամարդ ու երբեք չի կարող:
Արդեն «իմաստունների խորհուրդը» ղեկավարող Մադլենը, կրկին ասպարեզ վերադարձող Ռայսը մտայնացվում էին «երկաթյա» տիտղոսների հետ. չնայած մի անգամ Օլբրայթը պստիկ մարմինն այնպես շարժեց, այնպես պարեց, որ «ողջ աշխարհը զարմացավ»: Իսկ Ռայսը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ ճամփորդելիս, ինքնաթիռում գետնին քնեց` միակ մահճակալը տրամադրելով տղամարդուն:
Թվում էր` դեմոկրատների ներկայիս ինստիտուտը նաև փափուկ պետքարտուղար էր «թողարկել» աշխարհի համար, որն անկաշկանդ, բերանը լայն բացած ժպիտով անվերջ ժպտում է աշխարհին: Պարզվեց` ոչ: Չնայած մի քիչ էլ գեղարվեստական անփութության հմայքների մեջ է Հիլը. հիշում եք` Սարկոզիի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ տիկնոջ սև ոտնամանը ոտքից դուրս թռավ, մնաց Վերսալի աստիճաններին, նա բոբիկ հետ եկավ, նրբագեղ հագավ (սեքսուալ էլ էր պահը` ոնց որ) ու առաջացավ դեպ Սարկոզի:
Գլուխ չցավեցնենք: Այդ արտաքուստ է նա այդքան «փափուկ»: Երևանում` նախագահականում ասուլիսի հայտնված տիկինը նույնքան նպատակային, անվրեպ, երկաթյա էր, ինչպես ամերիկյան փիլիսոփայությունն է ինքնին` իր սրտակեղեք պրագմատիզմով:
Արտիստ Ամերիկան պետդեպի յուր տիկնոջն «աշխարհը» վերցնելու էր ուղարկել նոր իմիջով. Հիլը ՈՒկրաինայում բոլորովին նոր սանրվածքով էր (երևի դա էր պատճառը, որ խեղճ Յանուկովիչը նրան մի գլուխ` «ընկեր գլխավոր քարտուղար, ընկեր գլխավոր քարտուղար» էր ասում), Հայաստանում և Ադրբեջանում հագնված էր խիստ դիտարժան` սպիտակի-սևի դասական կոնտրաստի, վզնոց-թևնոցի նրբագեղ համադրությամբ (իրենց Անկախության և մեր Սահմանադրության տոնի առիթով... մենք գոնե այդպես «հասկացանք»), իսկ Սաակաշվիլուն նա ներկայացավ իր «հին», արդեն հագած կապույտ կոստյումով:
Արևելյան Եվրոպային նա ներկայացավ ոչ թե ամուսնուց և Լևինսկուց դավաճանված, այլ իդեալական մոր, սիրելի դստերը` Չելսիին ամուսնացնող ու թանկագին զոքանչի բարձր աշտարակից: ՈՒ նույն աշտարակում էլ Լեհաստանի հետ ստորագրեց հակաօդային հրթիռային համակարգին առնչվող` Ռուսաստանին «դավաճանած» փաստաթուղթ:
Իսկ ընդհանրապես, պետք էր Հիլին դիտել այն պահին, երբ համատեղ ասուլիսի եկավ մեր Էդվարդի հետ. առաջին պահին (ընդ որում ահագին ժամանակ) նրա թարգմանող սարքը չէր աշխատում, Էդիկն իր համար խոսում էր, տիկինն աչքերի մեջ ամերիկյան շրջահայացությամբ` ձեռքը տանում էր սարքին, համբերում, էլի տանում` էլի համբերում. կողքին վազվզում էր իր օգնականը` հղի, մանկահասակ մի կին, որ խառնվել էր ահավոր` տեխնիկական այդ անսարքության պատճառով, ու մի տեսակ սրտառուչ էր «հղի Ամերիկայի» այդ վազքը մեր նախագահականի բակում: Իսկ Հիլի աուրան պինդ-պաշտպանված, գնդի մեջ լավ պահված առանցք էր` ինքնավստահության բարձր դոզայով:
Իսկ թե ինչու պետդեպի տիկինը որոշեց այդքան հագեցած այցի ընթացքում Հայաստանում համ էլ ոտքով կտրել ողջ Բաղրամյանը, օպերան, հասնել «Մարիոթ» («Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս» շարքի՞ց), ինքը կիմանա, սակայն պետք է ասել, որ մի յուրօրինակ փոխըմբռնում, բոլոր դեպքերում, առկա էր ՀՀ ԱԳ նախարարի և նրա միջև, ընդ որում, «Զվարթնոցում» հրաժեշտի պահին էլ Նալբանդյանը մեղմ-քնքուշ բռնել էր Քլինթոնի թևից ու հրաժեշտ էր տալիս նրան, իսկ ինքնաթիռ բարձրանալիս` շարժասանդուղքին, Հիլը տևական թփթփացնում էր Էդիկի ձախ ուսը:
ՈՒ գնաց։
«Бери шинель, пошли домой»
Լրջացանք: Չնայած Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների «վերաբեռնմանը», ամերիկյան այս` Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք «կոլցոն» տվեց օդում առկա բավականին թվով հարցերի պատասխաններ:
Այն է` ԱՄՆ-ը խիստ հստակ աշխարհին և մասնավորապես Ռուսաստանին հասկացրեց` «բեռնումը» ինչ-որ սահման է ենթադրում, դրանից այն կողմ` «раки зимуют»: Ամերիկյան: Գրեթե չենք մեջբերելու այն մտքերն ու հայտարարությունները, որոնք արվել են այդ ողջ տուռնեի ընթացքում: Դիտելու ենք լոկ «նշանները»` Կոելյոյի հանգույն:
Բժեզինսկու քրմական բարեհաճությանն ու հորդորին հավատարիմ, այն է` փոխել լեհական «պոլյուսում» ամերիկյան քաղաքականությունը (ինչպես և` Չինաստանի, Ռուսաստանի, արաբական աշխարհների «պոլյուսներում»), Քլինթոնի առաջին հանգրվանն առանցքային նշանակության երկիր Լեհաստանն էր: Երկիր, որը որոշել է և դեռ կորոշի եվրասիական «օսի» ճակատագիրը, երկիր, որն այդ օրն ընտրում էր նոր կուրս ու նոր նախագահ, որն էլ պետք է կարողանար արբիտրի դեր ստանձնել այդ նույն «օսում»` արդեն փափուկ, առանց առճակատումների փիլիսոփայության համար:
Ասինք` այնտեղ Քլինթոնը մի քիչ խոսեց իրենց դստեր հարսանիքից, պատմեց անեկդոտ Ստալինի ու Վատիկանի դիվիզիաների մասին, ստորագրեց «Իրանի դեմ» հակաօդային հրթիռի պայմանագիր, որը Ռուսաստանը համարեց հրթիռ իր դեմ, այնուհետև տիկինը հարկ համարեց ասել, որ ճիշտ է` ինքը Օլբրայթի նման գունավոր հեղափոխությունների արտահանմամբ չի զբաղվում, սակայն սորոսյան և այլ ամերիկյան կազմակերպություններն աշխարհում հետայսու ևս «գործելու» են մշտարթուն ռեժիմով:
ՈՒկրաինայում` «легкой джазовой походкой» նա շնորհավորեց Յանուկովիչի 60-ամյակը, որը դեռ չէր լրացել, ինչը ընդունված չէ (չար լեզուներն ասում են` չի կարելի, վատ նշան է), փորձելով հասկացնել` ամեն բան անցողիկ է այս մեծ ու լուսավոր աշխարհում, ու ՆԱՏՕ-ի դռները բացելով Յանուկովիչի առջև` գնաց ջերմորեն հանդիպելու Յուլյայի հետ, ցուցանելով, թե ինչքան իրենց դուր չի գալիս Կրեմլի գրպանում տեղավորված, 60-տարին «դուռը չոքած» ՈՒկրաինայի «գլխավոր քարտուղարի» ընտրած արտաքին քաղաքական կուրսը:
Թույլ տանք ասել` ամենաթիրախայինն այդ ողջ տուռնեում Քլինթոնի` Վրաստան կատարած այցն ու հայտարարություններն էին: Ավելի ստույգ` գաղափարական շեշտադրումները տեղի ունեցան Վրաստանում, մարտավարական շեշտադրումները` Ադրբեջանում, հիմնականում` Հայաստանում:
Ասենք միանգամից` ամերիկյան նոր ռիտորիկան վրացական «գետնին» վրա անչափ կոշտ էր, եթե չասենք` խիստ ագրեսիվ էր: ՈՒ նաև շրջադարձային էր: Այն սկսվեց Հայաստանից. մեր նախագահականի բակում մեր ռազմավարական գործընկերոջը տիկին պետքարտուղարն անվանեց «օկուպանտ»` նկատի ունենալով Օսիան ու Աբխազիան, ասաց, որ Ռուսաստանը հետ չի կանգնել իր կովկասյան ամբիցիաներից (բա ի՞նչ աներ մի քանի մետր այն կողմ գտնվող Սերժ Սարգսյանը, որ մի քանի վայրկյան հետո արագ-արագ չթռչեր Աստանա, թե չէ տիկինն այնքա՜ն հեռուն էր գնացել... հասկացաք):
Այսպիսով, Նահանգները Հարավային Կովկասում ձեռնամուխ է լինում նոր պարտիայի` կրկին Վրաստանի միջոցով: Որովհետև հասկանում է, որ դեպ Աֆղանստան տրանզիտը, ինչպես նաև Իրանի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջան-Հայաստան «տանդեմի», իմա` «գրավյալ» տարածքների, իսկ իրականում` Ֆիզուլի-Զանգելան գոտում սեփական «լոկացիաներ» տեղադրելու միջոցով առայժմ փոքր-ինչ միֆերի ոլորտից է, ուստի միակ ֆորպոստը Հարավային Կովկասում դեռևս մնում է Վրաստանը, և պետք էր կրկին ու կրկին ուժեղացնել հանրապետականներից սիրված Միխեիլին:
Վրաստանից Ռուսաստանին ևս մեկ մեսիջ ուղարկվեց. Քլինթոնն առանձին հանդիպեց վրաց ընդդիմության արևմտամետ ներկայացուցիչ Ալասանիայի հետ, իսկ Բուրջանաձեին հրավիրեց կանանց հետ հանդիպման ժամանակ. հիշենք, որ մայիսի 9-ին Նինոն նստել էր Պուտին Վլադիմիրի «կողքին». Պուտինից, թե մեկ այլ բանից ներշնչված` Նինոն չցանկացավ «նստել» Հիլըրիի կողքին, ու չգնաց նրա հետ հանդիպման: Ավելին` Պուտինը դրանից «ոգևորված»` փողկապների նկատմամբ հատուկ հակումներ ունեցող Միխոյին իր հերթին մեսիջ ուղարկեց (դե չէ, ոչ այն, ինչ ասել էր Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ, թե` համապատասխան տեղից` «ձվերից կկախեմ նրան»). հետախույզ Պուտինն այս անգամ ասաց` «աղջիկ մի բեր մեզ վրա, տղա ջան, կարո՞ղ ես` ինքդ լուծի Աբխազիայի ու Օսիայի հարցը, Միխո»:
Ոնց երևում է` «շպիոնների գործով» ահավոր է նեղացած հետախույզ Պուտինն ԱՄՆ-ից, համ էլ որ Միացյալ Նահանգներն անում է ամեն ինչ` Մեդվեդևին ուժեղացնելու համար (ԳՌՈՒ-ն «իզոլյացնելուց» հետո. հիշենք, որ նախորդ տարի Կարաբելնիկովը «լքեց» այդ կառույցը, որովհետև մեղադրվում էր ՃՀձ-ի, այնտեղից էլ ՄՈՍԱԴ-ի հետ «համագործակցելու» մեջ, հիմա էլ ԱՄՆ-ը «խաղում» է չեկիստների ճակատագրի ու իմիջի հետ, իսկ դա ուղիղ գծով նշանակում է դիպչել Վլադիմիրի «ինքնագիտակցությանը»):
Եվ ընդհանրապես, Ռուսաստանի պատասխանը Չեմբեռլենին` ԱՄՆ-ին և նրա «մեսիջավոր» այս շրջայցին, խիստ ասիմետրիկ էր. Ռուսաստանը հաջողացրեց Բելառուսը «մտցնել» մաքսային միության մեջ, հասնել նրան, որ երդմնակալված Օթունբաևան ևս համաձայնի «մտնել» այնտեղ, սպասվում է Տաջիկստանի «մտցնումը» նույնպես:
Այսինքն` մեր Սերժ Սարգսյանն արագ-արագ Քլինթոնին «հրաշալի ամերիկյան տորթ» հյուրասիրելուց հետո, գնաց Աստանա, որպես դիտորդ մասնակցելու եվրասիական, իրականում` ռուսական «գործերին», ու, պարզվեց` քիչ էր մնում էնտեղ էլ իրեն «տորթ» մատուցեին` 600 միլիոնի (չնայած` միլիարդ էինք ուզել) տեսքով... որ մե՞նք էլ մտնեինք մաքսային միության մեջ:
Էստեղ արդեն պետք է պաուզան ձգոտել: Հիշենք` ժամանակներ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ «տա իլող բան չի». մենք «իրենց» հետ ընդհանուր սահման չունենք։ Բայց քանի որ փողն ուզողն ինքն էր եղել, ԵվրԱզԷՍ-ն էլ «պատրաստվում» էր տալ, համենայն դեպս, «намек» էր արել հասկանալու` մենք ինչ ենք ասում, մենք էլ դիմեցինք կառավարությանը` ասինք, կարո՞ղ է ինչ-որ բան է փոխվել. «մըտցըցվում» ենք մաքսային միության մեջ. վարչապետանոցից պաշտոնապես ասացին` ոչ, մոտեցումը նույնն է: Նույն օրն էլ պարզվեց, ոչ մի փող, ոչ մի 600 միլիոն մեզ ոչ ոք չի տալիս:
Շարունակենք Ռուսաստանի` Քլինթոնին ասիմետրիկ պատասխանների մասին. հաջորդական քայլով մայր-Ռուսը Բորտնիկովի (ինչ էլ անուն է) «ֆիլիալի»` ՖՍԲ-ի 37-թվային ուժեղացման գնաց` օրենքով` «ուպոլնոմոչիաները» («մոչիտ» բառի՞ց է) ուժեղացնելով: Իսկ «գոսպոդինի»` Վոլոշինի, վերադարձն արդեն ինչ ասես արժեր:
Այսքանը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻԱԿ ԼԻԴԵՐՆ Է, ՈՐ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ
Հերիք չէ, դստերն ամուսնացնող Հիլըրին օրումեջ զանգում էր Սերժ Սարգսյանին` «հո՞ւնց ես, հի՞նչ կա», հիմա էլ վեր է կացել, եկել-հասել Հայաստան` Երևանի փողոցներն է չափչփում, էնտեղ էլ... Ալիևին չեն հրավիրում ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին, հրավիրում են Սերժ Ազատիչին, Սաակաշվիլին էլ երկու կլոր շաբաթ աջ է ընկնում, ձախ` չի հաջողացնում հանդիպել Բարաք Հուսեյին Օբամայի հետ:
ՈՒ հերիք չէ` Սերժ Սարգսյանը տարածաշրջանային միակ լիդերն է, որ հանդիպել է Օբամայի հետ, էնտեղ էլ նույն Օբաման «Մոնդի» համար ասում է, որ Հարավային Կովկասում իրենց համար ամենաէական երկիրը Հայաստանն է. սա ի՞նչ բան է:
Անցանք պետդեպի տիկնոջ այցի ադրբեջանա-հայաստանյան համադրույթներին:
Ասել ենք` տիկին «խաղաղությունը» տարածաշրջանում էր պատերազմը` բլիցկրիգը կանխելու համար: Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական Բաքվում հնչած մտքերի ռեֆրենը ո՛չ Աֆղանստանն էր, ո՛չ էլ էներգետիկ «օսը» (լեհական թերթաքարային այլընտրանքը, ըստ ամենայնի, «ջրելու» է Ռուսաստանի, Ադրբեջանի էներգետիկ ամբիցիաները), այլ միակն էր` «խաղաղություն», հելսինկյան սկզբունքներ:
Այն, որ ադրբեջանական կողմի սպասումները չարդարացան ոչ միայն պետերբուրգյան, այլև քլինթոնյան այս հանդիպման օրակարգերում, խիստ ակնհայտ էր: Ադրբեջանական հասարակական սեկտորի հետ Քլինթոնի անցկացրած «մեղրամսի», ժողովրդավարության դասընթացների, Ադրբեջանն ավտոկրատիա համարելու մասին շատ խոսվեց: Ընդ որում, ադրբեջանական նույն սեկտորի հետ հանդիպմանը Քլինթոնը խոսել էր նաև երկու բլոգերների ձերբակալության մասին, իսկ հայաստանյան համանուն սեկտորի հետ հանդիպման ժամանակ ոչ մի անդրադարձ չէր եղել քաղբանտարկյալներին (այս մասին ներքևում` արձանագրումով` «ժողովրդավարությունը միայն ընտրություններին չի վերաբերում», ինչը նշանակում էր, որ աշնանն ընտրությունների գնացող Ադրբեջանին ու Ալիևին տիկինը նույնպես բան էր ասում: ՈՒ թե դրան էլ գումարում ենք` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի տևական բացակայությունը, Մամեդյարովի հետ շատ «պստլո բրիֆինգը», Ադրբեջանում չքնելը, կուլտուրական ասած` չգիշերելը, ապա առանց ակնոցի էլ ակնհայտ է դառնում, որ ամերիկյան կողմը փորձել էր բավարար ընդգծել Հայաստանի նկատմամբ իր ուշադրությունը:
Ընդ որում, այդ շարքում էր ոչ միայն Հայաստանում գիշերելու ամերիկյան «բարի ավանդույթը», այլև արարողակարգով չնախատեսված` Ծիծեռնակաբերդ «մասնավոր» այցը` պետքարտուղարի դրած ծաղկեպսակով հանդերձ, Էդիկի հետ Երևանում գիշերով «ֆռֆռալուն» զուգահեռ, գրեթե դիֆիրամբների ձոնումը Սերժ Սարգսյանին. «Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար... Ես մեծ ակնկալիքներով եմ սպասում մեր հետագա հանդիպումներին (պահո՜. առաջ գոնե հեռախոսով էին հինգ րոպեն մեկ իրար հետ անհամբեր խոսում- հեղ.)... Հայաստանի ապրիլին կայացրած որոշումը պետական գործչին վայել տպավորիչ որոշում էր»` վրա-վրա արձանագրում էր տիկինը, իսկ վերջին` «ա լյա Սերժ» արտահայտությունը, ընդհանրապես, ինչպես ասում են, վերջն էր. «Գնդակը մրցակցի դաշտում է»,- հմայիչ ժպիտով ընդգծեց Հիլըրի Քլինթոնը (բա էլ ո՞նց Սերժը մնար Հայաստանում ու կայծակի արագությամբ չսուրար ԵվրԱզԷՍ. բա չէին ասի՞` «գայթակղե՞ց, հա՞, նրա էմալե պրոֆիլը քեզ»):
Ի դեպ, հայաստանյան ռուսոֆիլ ընդդիմությանն ամենից շատ հետաքրքրել էր Քլինթոնի պատվիրակությունում տեղ գտած «էներգետիկ արքա» Ռիչարդ Մորնինգսթարը` ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնացը, որը նաև առանձին հանդիպումներ էր ունեցել հայկական կողմի հետ: Սակայն մենք անդրադառնանք Հայաստանի նկատմամբ Քլինթոնի ընդգծած վերաբերմունքի շարունակականությանը` արձանագրելով, որ նա մեզանում չհանդիպեց ընդդիմության և հատկապես նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Կարող եք ասել` Ադրբեջանում նույնպես ընդդիմության հետ չհանդիպեց: Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում, որպես այդպիսին, ընդդիմություն չկա: Իսկ այստեղ ընդգծված լիդերով և բավականին հզոր ընդդիմություն կա, որի հետ հաշվի է նստում Հայաստան ժամանող ամեն ոք:
ՈՒստի կարող ենք կարծել, որ այդ «չհանդիպումն» ուրույն երկսայր մեսիջ էր իշխանափոխության սպասող ընդդիմությանը, որ Սերժ Սարգսյանը վայելում է Միացյալ Նահանգների աջակցությունը, և ապա` Ռուսաստան անվերջ նարիշնիկական «վոյաժների» մեկնող ընդդիմության վարքագիծն առանձնապես Արևմուտքի սրտով չէ (Վանոն Արոյին ուղղված իր վերջին հայտնի նամակում երևի մի անգամ էլ հիշած լինի Քլինթոնի մորը)...
Ամփոփելով Քլինթոնի մասին այս երկար ասքը, պետք է նաև արձանագրել, որ փորձագետների մի մասը հակված է այն պնդումին, որ դեռ Գեյթսի այցի ժամանակ Միացյալ Նահանգները հասկացել էր, որ Ադրբեջանը չի համաձայնելու «Հելսինկյան սկզբունքների» հետ, ասել է` նույնիսկ միջանկյալ կարգավիճակը նրա սրտով չի կարող լինել:
Իր հերթին էլ Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի համաձայնի, որ Ադրբեջանը բլիցկրիգի գնա: Ոչ միայն այն պատճառով, որ Հարավային Կովկասը խիստ անկանխատեսելի ռեգիոն է, և չի իմացվի այդ «կրիգից» ինչ «ՍՐՌՍ» դուրս կգա: Եվ հետո` Ռուսաստանն անմիջապես իր խաղաղապահները կմտցնի «այնտեղ», ու ԱՄՆ-ի բազաներին այլևս ու երբեք հերթը չի հասնի:
Եվ այնուհանդերձ, նկատեցի՞ք` Քլինթոնի այցին զուգահեռ, իրար հետևից ֆրանսիական փորձագետ` հայկական ազգանվամբ (Շալյան), ամերիկյան փորձագետ` հայկական ազգանվամբ (Կիրակոսյան), ամերիկյան փորձագետ` ամերիկյան ազգանվամբ, Քլինթոնի վարչակազմի ներկայացուցիչ (Ասմուս)` երեքն էլ նույն բանն էին կրկնում` նույն տոնով. ամռանը կլինի պատերազմ` բլիցկրիգ, Ադրբեջանի օդուժը կռմբակոծի ԼՂ-ն, Ստեփանակերտը, հարակից տարածքները... Ռուսաստանը կօգտվի ու խաղաղապահներ կմտցնի Ղարաբաղ:
Ինչո՞ւ: Ի՞նչ է սա, բոլոր դեպքերում, նշանակում:
Ճնշո՞ւմ կողմերի` Հայաստանի ու Ադրբեջանի, նաև` Ռուսաստանի վրա: Ռուսաստանի ռեակցիայի ստուգո՞ւմ: Ինչ-ինչ պայմանավորվածությունների փորձարկո՞ւմ:
Սպասենք: Չնայած ամառն արդեն կես է եղել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ