ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԻ ԼԱՎ ՍԵՂՄԵԼ ԱՆՀՆԱԶԱՆԴ ԴԱՇՆԱԿՑԻՆ

ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՄԻ ԼԱՎ ՍԵՂՄԵԼ ԱՆՀՆԱԶԱՆԴ ԴԱՇՆԱԿՑԻՆ
09.03.2010 | 00:00

2010-ի մարտի 4-ը, ամենայն հավանականությամբ, իր արժանի տեղը կգրավի հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարության ճանաչման համար պայքարի հուշամատյանում։ Այդ օրն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։
Ընդգծենք, որ անցյալ դարասկզբից ԱՄՆ-ի օրենսդիրները պարբերաբար բարձրացրել են այս հարցը։ Օսմանյան կայսրությունում հայերի կացության վերաբերյալ առաջին երեք բանաձևերն ընդունվել են 1916, 1919, 1920 թվականներին, սակայն, այնուհանդերձ, չհաջողվեց կանխել հայերին ոչնչացնելու Թուրքիայի և ադրբեջանական նորաստեղծ պետության գործողությունները։ 1975-ին և 1984-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացվել է Կոնգրեսում, համարժեք բանաձևեր քննարկվել են նաև 2000 և 2005 թվականներին։ 2007-ի հոկտեմբերի 10-ին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն քվեարկեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Ներկայացուցիչների պալատի օրակարգ մտցնելու օգտին, և կոմիտեի 48 անդամներից 27-ը քվեարկեցին կողմ, 21-ը` դեմ։ Թեկուզ և Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ավանդաբար հանդես են գալիս ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այն ժամանակ 8 դեմոկրատ պատգամավորներ դեմ արտահայտվեցին 106 բանաձևին, սակայն 8 հանրապետականներ կողմ քվեարկեցին։
Այս տարվա մարտի 4-ին կողմ և դեմ ձայների հարաբերակցությունը նվազագույն էր` 23-22, թեպետ բանաձևի ընդունմանը դեմ հանդես եկած 22 պատգամավորներից ոչ մեկն էլ չժխտեց ցեղասպանության փաստը։ Այսպիսի մոտեցում դրսևորվում է առաջին անգամ, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է շահագրգիռ կողմերի միջամտությամբ, թեպետ այդ շահագրգիռ կողմերը միայն հայերը չեն։ Թուրքիայի հետ գործարար լուրջ կապեր ունեցող մի շարք ամերիկյան ընկերություններ անցած երեք ամիսներին շուրջ 14 մլն դոլար են ծախսել Կոնգրեսում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի կանխարգելման և Թուրքիային հետաքրքրող այլ հարցերի կապակցությամբ լոբբինգ իրականացնելու նպատակով։ Միաժամանակ հարկ է ընդգծել մի հանգամանք, որ ինչպես 2007-ի հոկտեմբերի 10-ի, այնպես էլ 2010-ի մարտի 4-ի բանաձևերը շահեկանորեն տարբերվում են նախորդներից իրենց մանրակրկիտ պատմաքաղաքական մշակվածությամբ։ Մասնավորապես 106 բանաձևում ներառված էին 30 փաստարկված հոդվածներ` Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ ներկայիս 252 բանաձևում այդ հոդվածների թիվը 33 է։ Ժամանակագրական առումով ամբողջությամբ ուրվագծված է Հայոց ցեղասպանության ընթացքը (1915-23 թթ.), հստակ նշվում է զոհերի թիվը` 2 միլիոն տեղահանվածներ, որոնցից 1,5 միլիոնը` ոչնչացված։ Երկու բանաձևերում էլ ընդգծված է իրավական և քաղաքական առումով մի շատ կարևոր հանգամանք, այն է` «այդ իրադարձությունների արդյունքում վերջ դրվեց հայերի 2500-ամյա գոյությանն իրենց պատմական հայրենիքում»։ Երկու բանաձևերն էլ կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին` երկրի արտաքին քաղաքականության մեջ համապատասխան ըմբռնում դրսևորել այս հարցերի վերաբերյալ, որոնք արձանագրված են ԱՄՆ-ի արխիվային փաստաթղթերում և վերաբերում են Հայոց ցեղասպանությանը` իբրև մարդկության դեմ կատարված հանցագործության։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին կարողանում է ավելի ու ավելի մեծ աջակցություն ստանալ Կոնգրեսում, թեպետ դրան զուգահեռ այս ձգտումը բախվում է Սպիտակ տան ցուցաբերած սառնությանը, որը չի ցանկանում գրգռել Թուրքիային։
Այս անգամ էլ թուրքական «ֆարսն» ու շանտաժի քաղաքականությունը նույն դերը խաղացին, ինչ նախկինում։ Կրկին հետ է կանչվում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը, հնչում են նույն բառերը «Թուրքիայի մեծության» և այն մասին, որ Վաշինգտոնը ռիսկի է դիմում և կարող է կորցնել «ռազմավարական դաշնակցին» ու «հենակետը»` իրաքյան և աֆղանական պատերազմներում հաջողությունը հարցականի տակ դնելով։ Իհարկե, խոսվում է նաև Ինջիրլիքի ամերիկյան ռազմաօդային բազայի գործունեության հնարավոր դադարեցման և այն մասին, որ Թուրքիան կդադարեցնի ամերիկյան ընկերությունների հետ կնքված պայմանագրերը` ռազմական տեխնիկայի ու զենքի ձեռքբերման վերաբերյալ, և որ տարածաշրջանում կարող է առաջանալ անկայունության վտանգ` «աճող հակաամերիկանիզմի» պատճառով։ Այս կապակցությամբ շատ բնութագրական ու համարժեք էր պաշտոնական Երևանի արձագանքը, երբ արտգործնախարարը հայտարարեց. «Հասկանալի չէ, թե դա ինչ է նշանակում։ Այսինքն, եթե Ցեղասպանությունը ճանաչվի, Թուրքիան պետք է սկսի աջակցե՞լ ահաբեկչությանը կամ պիտի հանդես գա ողջ աշխարհի դե՞մ»։ Թեպետ ուշադիր դիտարկելու դեպքում կարելի է հայտնաբերել էական տարբերություններ ինչպես Անկարայի հռետորաբանության, այնպես էլ Վաշինգտոնի պահվածքի միջև։ Սակայն պետք է հաշվի առնել, որ զգալիորեն փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, և հենց այդ հանգամանքն էլ սրբագրումներ է մտցնում կողմերի դիրքորոշումներում։ Թերևս, արժե առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետևյալին։
Եթե ժամանակին Քլինթոնի և Բուշի վարչակազմերը խիստ հակազդեցության էին դիմում և ճնշում գործադրում Կոնգրեսի վրա` Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ բանաձևի կամ հայտարարության ընդունման հարցում, ապա Բարաք Օբամայի վարչակազմը խուսափեց այդ խնդիրն ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմնահարցերի հետ կապելուց։ Ավելին, ժամանակին Ջորջ Բուշն անձամբ ելույթ ունեցավ օրենսդիր մարմնի առջև և խնդրեց չաջակցել փաստաթղթին, իսկ այնուհետև օգտվեց այն կասեցնելու համար վետոյի իր իրավունքից։ Այժմ Բարաք Օբաման առնվազն հրապարակավ չի ցանկանում հետ կանգնել իր նախընտրական խոստումներից և անձամբ որևէ հայտարարությամբ հանդես չեկավ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում` քվեարկության նախօրեին։ Միաժամանակ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ընդամենը կոմիտեի նախագահին հեռախոսով զգուշացրեց, թե քվեարկության դրական արդյունքի դեպքում վտանգի տակ կդրվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ընդ որում, նա չէր արտահայտվել բանաձևն առհասարակ չընդունելու օգտին, այլ առաջարկել էր փոփոխել ձևակերպումները։ Սա ինքնին շատ բնութագրական հանգամանք է և առանց կեղծ լավատեսության կարելի է արձանագրել, որ էական տարբերություն կա ամերիկյան նախորդ ու ներկա վարչակազմերի դիրքորոշման մեջ այս հարցում։
Բացի այդ, Թուրքիան ակնհայտորեն նախկին աջակցությունը չստացավ հրեական լոբբիից։ Միաժամանակ, ըստ Ամերիկայի հայկական համագումարի հայտարարության, սկսած 2007-ից «հայկական և հրեական համայնքների միջև գոյություն ունի առողջ երկխոսություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ», ինչն իր հերթին վկայում է, որ թուրք-իսրայելական ռազմավարական հարաբերություններն անշեղորեն գնում են դեպի մայրամուտ։ Բնութագրական է և այն, որ հրեական կազմակերպություններին ուղղված Թուրքիայի «խնդրանքները» հնչում էին սպառնալիքների ձևով, և դա էլ Անկարայի համար առանձնակի մխիթարություն չդարձավ։
Հետաքրքիր է նաև այն, որ Թուրքիան շարունակում է «Ռուսաստանի հետ մերձեցման գործընթացը շարունակելու» և էներգետիկ համագործակցության մասին սպառնալից հայտարարությունները։ Ըստ ամենայնի, սա դատարկ հռետորաբանություն չէ, որովհետև 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո ռուս-թուրքական մերձեցումը կրում է համակարգային և հետևողական բնույթ։ Ավելին, Անկարայում և նույնիսկ Բաքվում առանձին փորձագետներ կարծում են, թե ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի Թուրքիային «ամերիկյան շանտաժից», ինչի արդյունքում Անկարան կստանա «ավելի ազատ արտաքին քաղաքականություն» վարելու հնարավորություն։ Իհարկե, Ադրբեջանը չի թաքցնում, թե նույնիսկ հուսով է, որ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, կանդամակցի ՀԱՊԿ-ին, և այդ հանգամանքը «կբացառի Ռուսաստանի կողմից Հայաստանին միակողմանի աջակցությունը, անգամ պատերազմի դեպքում»։ Սակայն այս կարգի կանխատեսումներն ակնհայտորեն իրականության հետ կապ չունեցող ցանկություններ են, իսկ պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը ներկայիս իրավիճակում ավելի քան զուսպ է։ Միաժամանակ պետք չէ հաշվից դուրս գրել ռուսական փորձագիտական շրջանակներում բավականին լայն տարածում գտած այն կարծիքը, թե Ռուսաստանին ձեռնտու է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանզի դա «կհանգեցներ հակաամերիկյան քայլերի թուրքական ղեկավարության կողմից»։ Այդ համատեքստում «ֆորպոստ» Հայաստանի շահերի մասին գերադասում են չհիշատակել, և այս խորապատկերի վրա բնութագրական են նաև հայաստանյան փորձագետների հայտարարությունները, թե Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան կարելի է տեղափոխել Հայաստան։ Իրադրության ողջ տրագիկոմեդիան այն է, որ Ռուսաստանն ինքն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ թուրքական պատմագրությունը շարունակում է պնդել, թե հայերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի ներսում «հինգերորդ շարասյան» դեր էին ուզում կատարել` հօգուտ Ռուսաստանի։
Առայժմ պարզ չէ, թե Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում ինչպիսի փոփոխություններ կլինեն Կոնգրեսի միջազգային հարաբերությունների կոմիտեում կայացած որոշումից հետո։ Չի բացառվում, որ Թուրքիան հակադրվի Արևմուտքին Իրանի նկատմամբ պատժամիջոցների ընդունման հարցում, քանի որ ռոտացիոն սկզբունքով ժամանակավորապես գլխավորելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նաև հնարավոր է, որ Անկարան մերժի իր տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներ տեղակայելու ամերիկացիների առաջարկը, թեպետ Վաշինգտոնի մտադրություններն էլ այս հարցում մինչև վերջ հստակ չեն։
Բոլոր դեպքերում, Անկարան կանոնավորապես հասկացնում է, որ երկկողմ հարթությունում Վաշինգտոնի հետ իր ռազմաքաղաքական համագործակցությունը` Թուրքիայի ենթակա կարգավիճակով, մոտ է ավարտին։ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է վարել ինքնուրույն տարածաշրջանային քաղաքականություն և շատ ինքնատիպ վերաբերմունք ունի Իրաքում և Աֆղանստանում արևմտյան կոալիցիայի «հակաահաբեկչական գործողությունների» առնչությամբ։ Բոլոր այս հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ Սպիտակ տանը որոշել են մի լավ սեղմել անհնազանդ դաշնակցին։
Ամերիկյան դիվանագետները վերջին մի քանի ամիսների ընթացքում քիչ ջանքեր չգործադրեցին Թուրքիային համոզելու, որ անհրաժեշտ է վերջնական հանգրվանի հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ստորագրված արձանագրությունների վավերացման ճանապարհով։ Ընդ որում, միաժամանակ զգուշացվում էր, որ հակառակ պարագայում դժվար կլինի Կոնգրեսում կանխել համապատասխան բանաձևի ընդունումը։ Անշուշտ, ԱՄՆ-ի համար խիստ կարևոր է հայ-թուրքական սահմանի բացումը և երկաթուղու վերագործարկումը, եթե նկատի ունենանք, որ բոլորովին վերջերս վերականգնվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի և Իրաքի միջև։ Դա էապես կհեշտացներ կոալիցիայի զորքերի սպասարկումն Աֆղանստանում, իր հերթին Թուրքիան հնարավորություն ուներ` չտրվել Ադրբեջանի հորդորներին և գործել առաջին հերթին սեփական շահերից ելնելով։ Անկարան որոշեց դիմել շանտաժի ու սպառնալիքների փորձված մեթոդին, ինչն ինքնին էապես նվազեցնում է, եթե ոչ տապալում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որոշակի հստակություն կլինի, թերևս, ապրիլի 11-ին Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցից հետո, եթե, իհարկե, Թուրքիայի վարչապետը տուրք չտա երկրի ներսում ու նրանից դուրս հնչող խորհուրդներին և ԱՄՆ-ին «պատժելու» համար չեղյալ չհայտարարի սպասվող այցը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ