ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆինանսական ճգնաժամի հնարավոր «օգուտները»

Ֆինանսական ճգնաժամի հնարավոր «օգուտները»
28.11.2008 | 00:00

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱԼԴՈ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն արդեն վերածվել է ավելի ընդգրկուն տնտեսական ճգնաժամի ու ցնցումների, և պատճառած վնասների առումով չի խնայում ո՛չ զարգացած, ո՛չ զարգացող երկրներին: Թեև ՀՀ կառավարությունն արդեն իր մոտեցումներն է արտահայտել երկրի տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու վերաբերյալ, այնուամենայնիվ, իրավիճակը կարող է ավելի սրվել և նոր անակնկալներ մատուցել:
Այդ իմաստով կարևոր է անցում կատարել տեղի ունեցած երևույթներին արձագանքելու (այլ խոսքով` ռե-ակտիվ) քաղաքականությունից դեպի ավելի նախաձեռնողական, նախահարձակ տնտեսական քաղաքականություն (այլ խոսքով` պրո-ակտիվ), որը թույլ կտա ոչ թե հարկադրված լինել պաշտպանվելու վնասներից, այլ անգամ փորձել օգուտներ քաղել երկրի հետագա զարգացման համար: Ավելին, նպատակահարմար է թվում ոչ թե մեկ անգամ բավարար իրատեսական ծրագրի մշակումը, այլ մի քանի սցենարների նախապատրաստումը, որը թույլ կտա որոշ պարագաներում անկանխատեսելի զարգացումների դեպքում պետական քաղաքականության զինանոցում ունենալ պատրաստի մոտեցումներ` դիմագրավելու մեկ սցենարի ձախողման հետևանքներին: Մասնավորապես, պրո-ակտիվ քաղաքականության դրսևորում կարող է լինել, օրինակ, եթե ստեղծված պայմաններում փորձենք օգուտներ քաղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամն առաջին հերթին և ավելի ուժգին հարվածելով համաշխարհային տնտեսությանն ու դրա ֆինանսական շուկաներին լավագույնս ինտեգրացված երկրներին, հանգեցնում է այդ երկրների տնտեսությունների մրցունակության կտրուկ անկման, ուստի և մրցակցային դիրքերի թուլացման: Զարգացող երկրներն այս պարագայում իրենց մրցակից զարգացած երկրներից ճգնաժամի փուլում կարող են ավելի նպաստավոր գներով ձեռք բերել այն տեխնոլոգիաներն ու արդիական սարքավորումները, ինչը տնտեսական աշխուժացման և վերելքի փուլերում գրեթե անհնար է: Սա նաև այն պատճառով, որ ոչ միշտ են զարգացած երկրները պատրաստ վաճառելու նման սարքավորումներ իրենց պոտենցիալ մրցակիցներին: Ճգնաժամից այս կարևոր հանգամանքով օգտվելու համար, պարզվում է, բավարար չէ նպաստավոր գնով արդիական սարքավորումներ ձեռք բերելը: Չմոռանանք, որ դրանք պետք է նաև մաքսային օրենքներով և ընդունված որոշումներով մաքսազերծել - ներմուծել, ինչն ինքնին բավականին ծախսատար գործընթաց է: Անհրաժեշտ է գոնե այս փուլում վերանայել մաքսային քաղաքականությունն ու նախ իջեցնել սարքավորումների և արդիական այլ տեխնոլոգիաների համար սահմանված մաքսատուրքերը` խթանելու դրանց մուտքն ու կիրառումը հանրապետությունում: Միաժամանակ խորհուրդ է տրվում արտադրության հիշյալ միջոցները մաքսազերծել ոչ թե շուկայական արժեքով, այլ փաստացի ձեռք բերված invoice-ի հիման վրա: Այլապես, անգամ անվճար կամ նվիրատվության կարգով ձեռք բերված սարքավորումների մաքսազերծումը կարող է ավելի թանկ նստել արդյունաբերողի և արտադրական ոլորտի զարգացման մեջ քայլեր կատարող գործարարի վրա, քան դրա իրական գինն է: Սա, կարծում եմ, տնտեսական առաջնահերթ խնդիր է և կարիք ունի հրատապ լուծման:
Ի դեպ, շուկայական արժեքի մասին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մի շարք սպառողական ապրանքների գները կտրուկ նվազել են, իսկ մաքսազերծման համար դրանց կիրառվող արժեքները մնում են բարձր` այսպիսով թույլ չտալով հայ սպառողին ինքնըստինքյան օգտվել ճգնաժամի հետևանքով մեզ ընձեռված հնարավորություններից: Հետևաբար, պետք է մասնագիտական լուրջ վերահաշվարկի ենթարկվեն այս ժամանակահատվածում որոշ ապրանքների գծով համաշխարհային շուկայում մինչև երկու-երեք անգամ գնանկում արձանագրած ապրանքների մաքսային արժեքները: Այս փուլում կարևոր է ձեռք բերել սպառողական ապրանքների մեծ խմբաքանակներ ոչ միայն այն պատճառով, որ դրանք ձեռնտու կլինեն սպառողների լայն շրջանակների համար, այլև թույլ կտան գները պահել խիստ վերահսկողության տակ` զերծ մնալու շուկայում մենաշնորհային բարձր գների ձևավորումից: Նպաստավոր իրավիճակ է ստեղծվել նաև կառավարության համար` համալրելու և ավելացնելու պետական ռեզերվները` հացամթերքի, նավթամթերքի և այլ կարևորագույն ապրանքների գծով: Ըստ որում, այդ գործը պետք է հանձնարարել ոչ թե մասնավոր ընկերություններին ու միջնորդներին` ձևական բնույթ կրող մրցույթների միջոցով, այլ գնումների միջոցով կապ հաստատելով մատակարարող երկրների հետ, հնարավորության դեպքում` անմիջականորեն արտադրողից:
Այս ամենը, իհարկե, մեկուսի չի կարող բերել ցանկալի արդյունքների, եթե վերանայման չենթարկվի ոչ միայն պետական բյուջեն, այլև տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես: Նախ` պետական բյուջեի մասին: Այն մշակվել է այս տարվա ամռան ամիսներին, երբ համաշխարհային շուկայում ֆինանսական ցնցումներ դեռ չէին գրանցվել, և այդ տեսքով ներկայացվել է Ազգային ժողովին ու հավակնում է հավանության արժանանալ առանց որևէ վերահաշվարկի: Երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն իրատեսորեն պետք է հաշվի առնի ոչ միայն գնային տատանումները, որ տեղ են գտել մինչ օրս, այլև փորձի ներառել նաև միջոցառումների այն ընդհանուր արժեքը, որն անհրաժեշտ է լինելու ճգնաժամային միտումներին դիմակայելու համար:
Դրա հետ մեկտեղ, տնտեսական քաղաքականության որոշակի փոփոխություն է զգացվում: Մինչ համաշխարհային ճգնաժամի շրջանը Հայաստանն, ինչպես հայտնի է, դիմագրավում էր իր տնտեսական դժվարություններին, եթե չասենք` տնտեսական ճգնաժամին, և վարում այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը սովորաբար բնորոշ է տնտեսական աշխուժությունից տնտեսական վերելքի փուլին անցում կատարող զարգացած երկրներին: Մասնավորապես, տնտեսական աշխուժությունը խթանելու նպատակով վարկերն ավելի մատչելի դարձնելու փոխարեն, բարձրացվեցին դրանց և վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Հարկերն առաջվա մակարդակի վրա են և որևէ կերպ առայժմ չեն նպաստում տնտեսության աշխուժացմանը: Արհեստականորեն արժևորված դրամն ուղղակի հարվածում է տնտեսության մրցունակության բարձրացմանը և վատթարացնում առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ներմուծման ծավալները չորս և ավելի անգամ գերազանցում են արտահանման ծավալները), իսկ ներմուծման աճի միտումներն ավելի վտանգավոր են` համեմատած արտահանման աճի խիստ համեստ տեմպերի հետ:
Մեր կողմից առաջարկվում է անցում կատարել դեպի ցածր վարկերի տրամադրման նպատակային քաղաքականություն` խթանելու գործարար աշխուժությունը: Շարունակելով «ստվերի» դեմ պայքարի քաղաքականությունը և փորձելով հարկերը պարտադիր դարձնել բոլորի համար, անհրաժեշտ է փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար, թեկուզ ժամանակավորապես, անցնել արտոնյալ հարկային ռեժիմի քաղաքականության և երկրի տարածքում զարգացման համամասնությունն ապահովելու նպատակով` հարկային շրջանայնացման քաղաքականության: Վերջինիս արդյունքում պետք է տարբերակված հարկեր սահմանել Երևանից դուրս տարբեր բնակավայրերի համար: Միաժամանակ, անհրաժեշտ է անցնել «էժան» դրամի քաղաքականության, որը դրականորեն կանդրադառնա տնտեսության տարբեր ճյուղերի (մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, այլ ոլորտների) մրցունակության բարձրացման վրա և կարող է հանգեցնել առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի կրճատմանը` զուգահեռաբար իրականացնելով նաև ներմուծման փոխարինման ակտիվ քաղաքականություն: Այս ամենը հնարավորություն կտա խուսափելու այն սխալներից, որոնք թույլ տրվեցին 2008-ին` նախ ասիական, հետո նաև ռուսական ֆինանսական ճգնաժամի շրջանում, և առավելագույնս օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 8264

Մեկնաբանություններ