Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷ՞ «ՕՏԱՐԱՄՈԼ» ԼԻՆԵԼ, ՔԱՆ ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ

ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷ՞ «ՕՏԱՐԱՄՈԼ» ԼԻՆԵԼ, ՔԱՆ ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ
24.11.2009 | 00:00

Ի՞նչ նպատակ ունի գովազդը: Պատասխանը թվում է ակնհայտ. հնարավորինս մեծ թվով գնորդների տեղեկացնել տվյալ ապրանքի (ապրանք` ամենաընդհանուր իմաստով` նյութականից մինչև գեղարվեստաթատերական, արժանիքների մասին առավելագույնս վաճառքի ու շահույթի նպատակով: Սա, իհարկե, դասական ձևակերպում չէ, բայց բովանդակությունը հաղորդում է: Գովազդել կարելի է ամեն ինչ: Խնդիրը ինչպեսն է: Ինչպե՞ս գովազդել, որ պոտենցիալ գնորդին շահագրգռի, համոզի, դրդի հենց այդ ապրանքը գնել: Գովազդը, իհարկե, ստում է: Ինչ-որ չափով: Գովազդվողի արժանիքները բազմապատկելով, երբեմն նաև հնարավոր մրցակիցների հակագովազդի հաշվին: Դա ազնիվ չէ: Բայց ո՞վ է խնդիր դրել ազնվությունը: Խնդիրը շահույթ ապահովելն է: Կա նաև գովազդի մասին օրենք, բայց դա բոլորովին այլ թեմա է: Գովազդը ստում է` բարձրաձայնելով շահեկան, լռելով ստվերոտ կողմերի մասին: Գովազդը զզվեցնում է, հատկապես հեռուստաեթերից հնչող գովազդը, որովհետև անվերջ կրկնում են նույնը` ընդմիջելով հաղորդումը, ֆիլմը, համերգը: Գովազդը ձանձրացնում է` չհասնելով բուն նպատակին, ընդհակառակը, տվյալ ապրանքի նկատմամբ հարուցելով անվստահություն ու անտարբերություն: Բայց գովազդը նաև հետաքրքրություն է առաջացնում, համենայն դեպս, գնորդի աչքն ու ականջն ընտելացնում է ապրանքատեսակին և նա գնելիս գերակայությունը կտա հենց այդ ապրանքին` ի թիվս այլ ապրանքատեսակների:
Հայկական հեռուստագովազդն իր ակտիվում տասնյակ հաջող նմուշներ ունի, որոնք իսկապես նպաստել ու նպաստում են գովազդվող ապրանքի հաջող իրացմանը: Օրինակները շատ են: Ցավոք, ավելի շատ են հակագովազդի օրինակները: Այնպիսի գովազդի, որի ժամանակ ուղղակի ալիքն ես փոխում:

Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի պատվերով համարյա մեկ ամիս եթեր է տրվում հմայիչ մի կապիկի, իսկ հաճելի մի ձայն կադրից դուրս զրուցում է նրա հետ. ասենք` կցանկանայի՞ր հանգստանալ Քոբուլեթիում, ուկրաինական գարեջուր կխմեի՞ր, մոլդովական գինի կխմեի՞ր, բրազիլական հավ կուտեի՞ր, կորեական ծխախոտ կծխեի՞ր, հունական կոնյակ կխմեի՞ր, մոսկովյան կոնֆետ կուտեի՞ր, նայիր ինչ լավ իտալական կոշիկ եմ հագել... Յուրաքանչյուր հարցից հետո հմայիչ կապիկը փակում է աչքերը, ականջները, բերանը, խայտառակ հորանջում է, մի խոսքով, կապիկն ասում է` ո՛չ: Ո՛չ և վերստին ո՛չ: Կապիկը մերժում է: Եթե այսքանով գովազդն ավարտվեր, կարելի էր համարել չարաճճի հանդգնություն ու վերջ: Հանդգնություն, որովհետև ոչ մի խելամիտ մարդ իրեն կապիկի հետ համեմատության մեջ չի դնի ու չի հետևի նույնիսկ ամենահմայիչ կապիկի օրինակին: Համենայն դեպս, հազարավոր հայեր արդարացիորեն Քոբուլեթին գերադասում են հայկական հանգստավայրերից, որովհետև կա ծով, կա սպասարկում, և գներն են մատչելի: ՈՒկրաինական գարեջուրն էլ դեռ որևէ մեկին չի թունավորել: Իսկ մոլդովական գինին, իհարկե, ֆրանսիական չէ ու գուցե վրացական էլ չէ, բայց խմել կարելի է, ինչպես և բրազիլական հավ ուտել ու չմեռնել, նույնիսկ նորից ուտել: Կորեական ծխախոտն էլ, նույնիսկ եթե ուղղակի խոտ լինի, հայկականից վատը չի լինի: Դե, իսկ հունական կոնյակը հրաշալի ըմպելիք է, բոլորովին չի զիջում ո՛չ ֆրանսիական, ո՛չ հայկական կոնյակին: Իտալական կոշիկի մասին ընդհանրապես պիտի հարգանքով լռել ու լռել երկար, համենայն դեպս, այնքան երկար, ինչքան հայ կոշկակարները կշարունակեն շուկան լցնել, առանց չափազանցության, անճաշակ, անհարմար, 70-ականները հիշեցնող, անորակ արտադրանքով, խոտանով, որի նույնիսկ լավագույն նմուշների կյանքը երեք օրից մի շաբաթ է, եթե այդ ընթացքում ոտքդ անվերականգնելի վնասվածքներ չի ստանում... Այսինքն` այն, որ գովազդատուն կապիկին է դիմում, լիովին արդարացված է, ի՞նչ պահանջես պրիմատից, նրա հասկացածն ի՞նչ պիտի լիներ, բայց, չգիտես ինչու, մենք պիտի կապիկից օրինակ վերցնենք... Այլապես կապիկի հետ երկխոսությանը չէին հետևի բացարձակապես անհասկանալի ինչ-որ անհեթեթ կոչեր` հարգենք հայրենական արտադրանքը, հարգենք հայ մարդու ստեղծածը, հարգենք ինքներս մեզ և բարձրագոչ բարոյախոսություն` «Օտարամոլությունը քայքայում է հայրենի տնտեսությունը»... Գուցե առաջին երկու «հարգենք»-ները ինչ-որ կերպ հասկանալի դառնային, թեպետ բացարձակապես անկապ են, բայց երրորդ «հարգենք»-ը` ինքներս մեզ, արդեն համբերության տեղ չի թողնում: Այսինքն` ըստ գովազդատուի, եթե հիմարություն ունենք ընտրելու անորակ, անճաշակ ու բացարձակապես անպետք հայկական արտադրանքը, որին տրամադրված գումարն ավելի լավ էր ջուրը գցել, դրանով հարգելու ենք ինքներս մեզ: Խենթացնող տրամաբանություն է: Իսկ ինչո՞ւ հայ մարդը չի հարգում իր ստեղծածը, ինչո՞ւ չեն ստեղծվում անհրաժեշտ պայմաններ, որ նրա արտադրանքը գոնե ներքին շուկայում մրցունակ լինի, մեղմ ասած` բանի պետք լինի: Հայրենասիրությունը և հարգանքը չափազանց լուրջ հասկացություններ են` նման անլուրջ, անպատասխանատու վերաբերմունքի արժանանալու համար: Եվ որքանո՞վ է օտարամոլություն որակյալ ու գործածության ենթակա իր ունենալու նորմալ մարդու նորմալ ցանկությունը: ՈՒ ավելի լավ չէ՞ «օտարամոլ» լինել, քան կեղծ հայրենասեր: Գովազդը` գովազդ, բայց գոնե մի քիչ բանականություն ու արժանապատվություն պե՞տք է: Գոնե պե՞տք է մտածել, իսկ ի՞նչ են սովորում երեխաները նման գովազդներից: Հարգենք ինքներս մեզ` ձևականորեն, ինչ-որ իրար հարմարեցված բառաշարեր ասելով, որոնց իմաստը հասկանալը պարտադիր չէ: Հայրենասիրությունը ոչ թե անհեթեթ կոչեր անելն է, այլ հայկական արտադրանքը մրցունակ դարձնելը, հայկական այնպիսի ապրանքանիշեր ստեղծելը, որ ոչ մի հանդուգն վրացի, ուկրաինացի, մոլդովացի, բրազիլացի, հույն, ռուս կամ իտալացի չերկմտեր` հայրենակա՞ն ապրանքին նախապատվություն տալ, թե՞ հայկական, որովհետև հայկականը բացարձակապես անխոտելի որակ ու մակարդակ ունի, գինն էլ մատչելի է ավելի: Սպառողների ազգային ասոցիացիան այս պարզ-պարզունակ իրողությունները հասկանալու համար կարող է դիմել կապիկի օգնությանը, բայց, վախենամ, արդյունքը նույնը լինի: Իրեն հարգող ցանկացած մարդ, իր ֆինանսական հնարավորությունների հանգույն, կընտրի որակյալը, փորձով իմանալով, որ ժլատը բազմակի է վճարում, ու թանկից էժանը չկա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ