Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» 2010-Ի ԵՎ 2011-Ի ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» 2010-Ի ԵՎ 2011-Ի ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ
24.05.2011 | 00:00

ԻԲՐԵՎ ՆԱԽԱԲԱՆ
Հունիսի 22-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի 2010-ի տարեկան ժողովը գումարվեց «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում:
2010 թ. «Արարատբանկը» ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր և ընդգրկվել Հայաստանի բանկերի առաջին տասնյակում: Գործունեության արդյունքում առաջացած շահույթից 248 491 000 դրամ վճարվել է որպես շահաբաժին, 70 000 000 դրամ ուղղվել է պահուստային հիմնադրամի համալրմանը: Գործելով տնտեսական զարգացումներին և մարտահրավերներին համահունչ` բանկը 2010 թ. ևս եղել է երկրի ֆինանսական շուկայի ակտիվ մասնակից, ծանրակշիռ մասնակցություն է ունեցել տնտեսության իրական հատվածի վարկավորման մեջ, ընդլայնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները, բանկային ծառայությունների շուկայում հանդես է եկել բազում նորամուծություններով:
ԱՐԺԵՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՎ
Գնահատելով 2010-ը` «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը տարին հաջող համարեց։ Նրա գնահատմամբ` բանկի գործունեության բարձր արդյունավետությունն են վկայում մրցակցային դիրքերի էական բարելավումը և ձեռք բերած ցուցանիշները: Բանկի ակտիվները 2009-ի համեմատ աճել են 44,8 տոկոսով` կազմելով 62,9 միլիարդ դրամ, վարկային ներդրումները` 57,0 տոկոսով` կազմելով 25,3 միլիարդ դրամ, պարտավորությունները` 48,3 տոկոսով և կազմել 52,7 միլիարդ դրամ, սեփական կապիտալը` 29,1 տոկոսով` կազմելով 10,3 միլիարդ դրամ: 2010-ի արդյունքներով ձևավորված շահույթը կազմել է 1,2 միլիարդ դրամ, 2009-ի համեմատ աճելով 2,5 անգամ` հաճախորդների թվաքանակն աճել է 41,4 տոկոսով: Վարելով հավասարակշռված վարկային քաղաքականություն` բանկը հետճգնաժամային 2010 թ. հաճախորդների հետ ձևավորեց զարգացմանն ուղղված գործընկերային փոխշահավետ հարաբերություններ: Բանկի գերակայություններից է փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումը: Նախորդ տարվա համեմատ վարկային պորտֆելն աճել է 57 տոկոսով` կազմելով 25,3 միլիարդ դրամ: Միջազգային առևտրի ֆինանսավորման նպատակով փաստաթղթային գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ` կազմելով 9,7 մլն ԱՄՆ դոլար: ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող միջազգային առևտրի խթանման ծրագրի շրջանակներում օգտագործվեցին վերականգնվող վարկային պայմանագրի հնարավորությունները` ուղղված ներմուծման գործարքների կարճաժամկետ ֆինանսավորմանը: Եվրոպական մի շարք առաջատար բանկեր փաստաթղթային և դիլինգային գործառնությունների իրականացման համար վարկային գծեր են բացել «Արարատբանկի» համար, ինչը վստահության և գործընկերային հարաբերությունների բարձր մակարդակն է վկայում: Ավանդական է դարձել բանկի ակտիվ գործունեությունը պլաստիկ քարտերով ծառայությունների շուկայում: 2010-ի վերջին թողարկվել է 52452 պլաստիկ քարտ` 2009-ի համեմատ 37,5 տոկոսով ավելի: Բանկն անդամակցեց «Visa international» միջազգային վճարային համակարգին և պայմանագիր կնքեց հանրահայտ «Diners club» համակարգի հետ` դառնալով նրա բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Զարգացնելով երկակի (Dual) քարտերի կիրառման ոլորտները` հայտարարվեց «Visa international»-ի հետ համատեղ «Visa Autocard» պլաստիկ քարտի ներդրման ծրագրի մասին: 2010-ին բանկը շարունակեց տարածքային զարգացման ռազմավարությունը. գործարկվեց 6 նոր մասնաճյուղ, որոնցից երեքը` Արմավիրում, Մասիսում, Սևանում: Բանկի տարածքային ցանցը ներառում է 33 մասնաճյուղ: Մանրածախ ֆինանսական ծառայությունների ոլորտը բանկի զարգացման ռազմավարական ոլորտն է: Մասնաճյուղային ցանցի ընդլայնման և հաճախորդների սպասարկման որակի բարելավման հաշվին ազգաբնակչությունից կոմունալ վճարումների ծավալը 2010-ին աճել է 2,73 միլիարդ դրամով կամ 42,1 տոկոսով: Միջազգային արագ դրամական փոխանցումների ծավալներն աճել են 14,9 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 37,9 միլիոն դոլար` նախորդ տարվա համեմատ 64,7 տոկոս աճ գրանցելով: 2010-ին հաջողությամբ իրականացվել են 2009-ին մեկնարկած ինստիտուցիոնալ զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումները, որոնք ընդգրկում էին բանկի գործունեության առանցքային ուղղությունները: 2010-ին ընդլայնվել է համագործակցությունը բանկի բաժնետեր և ռազմավարական գործընկեր ՎԶԵԲ-ի, հայ-շվեյցարական «Իզմիրլյան» հիմնադրամի, գերմանա-հայկական հիմնադրամի հետ: ՎԶԵԲ-ի հետ 5 միլիոն ԱՄՆ դոլարի, «Իզմիրլյան» հիմնադրամի հետ 3 միլիոն դոլարի, «Հարավարևելյան Եվրոպայի» հիմնադրամի հետ 5 միլիոն դոլարի վարկային պայմանագրերը նոր խթան հանդիսացան բանկի` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման գործընթացի ընդլայնման և շուկայում նոր, մրցունակ առաջարկներով հանդես գալու համար: 2010 թ. «Արարատբանկը» շարունակել է համագործակցությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսական միջոցների հասանելիության ծրագրի հետ: Ներկայացնելով և մանրամասնելով այս տվյալները` «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը վստահության ու համագործակցության համար շնորհակալություն հայտնեց բանկի բազմահազար հաճախորդներին, գործընկերներին, բաժնետերերին և աշխատակազմին` վստահ, որ ընդհանրական ջանքերով 2011-ը կեզրափակվի նորանոր հաջողություններով:
Բաժնետերերի տարեկան ժողովին ներկա էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա գնահատմամբ` «Արարատբանկն» իր ուրույն տեղն ունի Հայաստանի բանկային համակարգում և մշտապես բարելավում է իր քանակական ու որակական ցուցանիշները, բանկային ծառայությունների մատուցման մակարդակը: Նա սպասարկման որակի կատարելագործման ցուցանիշ համարեց 40 տոկոսով միջին տարեկան աճը: ԿԲ նախագահը կարևորեց Հայաստանի տնտեսության վարկավորման ծրագրերը և վարկերի 100 տոկոս վերադարձելիության ապահովումը պայմանավորեց վարկային ռիսկերի կառավարման մեխանիզմների առկայությամբ: Բանկի վարած մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը ևս արժանացավ Հայաստանի թիվ 1 բանկիրի դրվատանքին: Նա շնորհակալություն հայտնեց «Արարատբանկի» աշխատակիցներին ու հաջողություններ մաղթեց բանկի բոլոր ձեռնարկումներում:
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Իրակլի Օզանաձեն 2010-ը համարեց «Արարատբանկի» համար հաջող տարի բանկային բոլոր ցուցանիշներով, բաժնետոմսերի 45-տոկոսանոց աճը, նրա գնահատմամբ, տպավորիչ ցուցանիշ է: Բանկը լավ շահույթ է ստացել, իսկ դա հաջողության գրավական է, պատահական չէ, որ «Արարատբանկը» Հայաստանի լավագույն 10 բանկերից մեկն է դարձել: Պարոն Օզանաձեն բանկի վարած քաղաքականությունը որակեց բանկային ագրեսիայի դրական օրինակ:
«Արարատբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը քվեարկությամբ ընդունեց բանկի վարչության նախագահի և հաշվապահի հաշվետվությունները 2010-ի գործունեության վերաբերյալ:
ԱՌԱՆՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՆՔ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆՔ
«Արարատբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ կարծում է, որ հետճգնաժամային 2010-ին բանկն ունեցավ իր պատմության ամբողջ ընթացքում արձանագրված ամենաբարձր աճը: Բանկի ձեռքբերումները նա համարում է առաջին հերթին գործընկերների և հաճախորդների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք, միաժամանակ հանրության լայն շրջանակների վստահության վկայություն ու երաշխիք: Գործելով տնտեսության զարգացումներին ու մարտահրավերներին համահունչ` բանկը 2010-ին եղել է ֆինանսական շուկայի ակտիվ դերակատար` ծանրակշիռ մասնակցություն ունենալով տնտեսության իրական հատվածի վարկավորմանը, ընդլայնել է համագործակցությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, բանկային ծառայությունների շուկայում հանդես է եկել բազմաթիվ նորամուծություններով, զարգացրել իր տարածքային ցանցը` ընդլայնելով ներկայացվածությունը մարզերում, շարունակել է ինստիտուցիոնալ բարեփոխումները` որակական նոր մակարդակ հաղորդելով բանկի կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության, ռիսկերի կառավարման համակարգերին: Փաստորեն, 2010-ին «Արարատբանկը» գործունեության բոլոր առանցքային ցուցանիշներով ունեցավ բանկային համակարգի միջին ցուցանիշները գերազանցող աճի տեմպեր և ներգրավվեց Հայաստանի բանկերի առաջին տասնյակում: Բանկի խորհրդի նախագահի գնահատմամբ` ցուցանիշների աճը վկայում է հաճախորդների վստահության մեծացումը, և առաջիկայում էլ բանկի գործունեությունը նպատակաուղղված է լինելու հաճախորդների հետ երկարաժամկետ ու կայուն համագործակցությանը, ֆինանսական բազմաբնույթ ծառայությունների մատուցմանը, նրանց բիզնեսների համակողմանի աջակցմանը: Պարոն Բեգլարյանը համարում է, որ առաջիկա տարիներին ավելի է մեծանալու մրցակցությունը, նոր մարտահրավերները նոր պահանջներ են առաջադրելու, և բանկը պետք է պահպանի առաջատար ֆինանսական կազմակերպությանը բնորոշ գործելակերպը:
-Ինչպե՞ս եք գնահատում բանկի գործունեությունը և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
-«Արարատբանկի» գործունեությունը գնահատում եմ «լավ», չնայած ընդունված են «գերազանց» կամ «բավարար» արտահայտությունները:
-ՈՒրեմն ինչո՞ւ եք լավ գնահատում:
-Որովհետև բարձր է բավարարից, բայց դեռ գերազանց չէ: Բանկի տնօրենությունն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել, և չնայած բանկն ընդամենը 7 տարեկան է, հավատացած եմ, որ մոտ ապագայում ավելի բարձր արդյունքներ կունենանք, զարգացման տեմպերն ակնառու են, և այն ծրագրերը, որոնք կան մեր առջև, կիրականացնենք` դիմակայելով բոլոր մարտահրավերներին:
-Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը բանկն իր մասնակցությունն ունի՞:
-Հայաստանի գյուղատնտեսության խնդիրներով զբաղվում է հիմնականում «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկը:
-Իսկ արդյունաբերության զարգացմա՞նը:
-Արդյունաբերության զարգացումը Հայաստանում շատ կարևոր է, որովհետև առանց արդյունաբերության մենք ապագա չունենք: Ես բազմիցս եմ նշել, այժմ էլ շեշտում եմ, որ ներկրումով մենք երկիր չենք կառուցի: Պետք է արդյունաբերությանը շատ լուրջ ուշադրություն դարձնենք` չխնայելով ոչինչ:
ՀԱՎԱՐՏ
2010-ի հունվարին ՎԶԵԲ-ն «Արարատբանկի» հետ կնքեց համաֆինանսավորման վարկային համաձայնագիր, որի շրջանակներում ընդունելի բիզնեսների վարկավորումը կիրականացվի երկարաժամկետ` մինչև 7 տարի մարման ժամկետով:
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց «Արարատբանկի» առաջին վաճառքի մինի կենտրոնը:
2010-ի փետրվարին ներդրվեց «CLASSIC-M» երկակի կիրառման քարտը, որում համադրված են «ԱՐՔԱ» համակարգի բանկային քարտի և Երևանի մետրոպոլիտենում ուղևորությունների համար վճարումների միջոց «Mifare» տեխնոլոգիական քարտի հնարավորությունները:
2010-ի մարտին, շարունակելով տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման քաղաքականությունը, բանկը սկսեց տրամադրել հիպոթեքային վարկեր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով:
Բանկում ներդրվեց միջազգային արագ դրամական փոխանցումների «իՏսՏՑՈ ՍՏՐՏվՈ» համակարգը:
Արմավիրում բացվեց բանկի 29-րդ մասնաճյուղը:
2010-ի մայիսին բանկը սկսեց «Visa Autocard» քարտերի ներդրումը:
2010-ի հունիսին բանկի կապիտալը համալրվեց 1,02 միլիարդ դրամով:
Սևանում բացվեց բանկի 30-րդ մասնաճյուղը:
2010-ի օգոստոսին բանկում ներդրվեց միջազգային արագ դրամական փոխանցման «Contact» համակարգը:
Բանկը դարձավ «Visa International» վճարային համակարգի ասոցացված անդամ` հնարավորություն ստանալով իր հաճախորդներին սպասարկելու «Visa Gold», «Visa Classic», «Visa Electron» քարտերով:
2010-ի սեպեմբերին Երևանում բացվեց բանկի 31-րդ մասնաճյուղը:
2010-ի հոկտեմբերին «Հարավարևելյան Եվրոպայի» հիմնադրամը և բանկը ստորագրեցին 5 միլիոն դոլարի վարկային պայմանագիր փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով:
«Commerzbank AG»-ն «Արարատբանկի» համար բացեց 3 միլիոն եվրոյի վարկային գիծ, որից 1 միլիոն եվրոն նախատեսված էր միջազգային առևտրի խթանման, իսկ 2 միլիոն եվրոն` արտարժութային գործառնությունների համար:
2010-ի նոյեմբերին հայ-շվեյցարական «Իզմիրլյան» հիմնադրամը և «Արարատբանկը» կնքեցին համաֆինանսավորման 2-րդ շրջանակային համաձայնագիրը, որով կողմերը 3 միլիոն դոլար կհատկացնեն փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորմանը:
2010-ի դեկտեմբերին բանկը պայմանագիր կնքեց «Diners club» միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Մասիսում բացվեց բանկի 32-րդ մասնաճյուղը:
Երևանում բացվեց բանկի 33-րդ` «Կոմիտաս» մասնաճյուղը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2444

Մեկնաբանություններ