Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը

Նախ` ինչպես ստեղծվեց կաղապարը
01.09.2009 | 00:00

ՉԿԱՂԱՊԱՐՎԱԾ ՀԱՅԱՑՔ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ-3
428 թ. Պարսկաստանի արքայից արքա Վռամ 5-րդը վերացնում է Արշակունյաց թագավորությունն իրեն ենթակա Հայաստանում: Դա, լինելով 387 թ. պարսկա-բյուզանդական դաշնագրի տրամաբանական շարունակությունը, միաժամանակ չէր սահմանափակվում հայոց պետականության վերացմամբ, այլ լուծում էր քաղաքական ավելի մեծ ընդգրկումների հարցեր: Պարսկական արքունիքն իր տիրակալության տակ գտնվող հյուսիս-արևմտյան երկրներում վարչաքաղաքական և տարածքային նոր վերաձևումներ է կատարում. Հայաստանի հետ միաժամանակ մարզպանական են դառնում նաև Վրաց և Աղվանից թագավորությունները: Քաղաքական վերաձևումներն ուղեկցվում են Հայաստանի հաշվին տարածքային վերաձևումներով. վրացական մարզպանությանն է կցվում Գուգարաց աշխարհը, Ատրպատականին` Փայտակարանը, իսկ Աղվանից մարզպանությանը` Արցախ և ՈՒտիք մարզերը: Քաղաքական այդ ակտով ոչ միայն ջլատվում էր Հայաստանի դիմադրողականությունը պարսկական ագրեսիվ նկրտումների դեմ ծավալվելիք մաքառումներում, այլև էթնիկական հակամարտությունների հող էր ստեղծվում Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի միջև. մի քաղաքականություն, որ բոլոր տիրողներն անշեղորեն կիրառել են հազարամյակներ շարունակ՝ մեր օրերում հանգեցնելով Հյուսիսային Իռլանդիայի և Կոսովոյի, Մերձդնեստրի և Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Արցախի և նման ու նման հիմնահարցերի:
Աղվանից մարզպանության ստեղծումով և Մեծ Հայքի Արցախ և ՈՒտիք աշխարհների՝ այդ մարզի կազմ մտցնելու իրողությամբ էլ պայմանավորվում է Արևելյան Այսրկովկասի պատմաքաղաքական հետագա զարգացումների ընթացքը: Նախ և առաջ հայաշխարհ բուն Աղվանքին՝ իր Ոստան ի Մարզպան, Կամբեճան, Փոքր Հայք, Դաշտ ի Բազկան (Հեջերի) բաղադրամասերով, միանում են ՈՒտիքն ու Արցախը՝ տարածքով ու մարդկային թվակազմով բուն Աղվանքից գերակշիռ մի միավոր, որով նորաստեղծ մարզպանության մեջ հայերն իրենց կազմով ավելի քան կրկնապատկվում են, եթե ոչ եռապատկվում: Միաժամանակ նախկին երկու թագավորությունների՝ Հայաստանի և Աղվանից թագավորության միջև Կուր գետի դերը, որպես բաժանարար սահմանի, վերանում է, և միևնույն ժողովրդի երկու հատվածները միանում են նաև վարչատարածքային առումով, մարզի շրջանակներում դառնում մի միասնական ու պատկառելի ուժ: Դրան ուղեկցում է երեկվա Աղվանից թագավորության կազմի մեջ գտնվող այլ էթնիկական տարրերի տարանջատումը. մի գործընթաց, որ սկիզբ է առնում հենց մարզպանության ձևավորումից: Զարգացող իրադարձություններին ժամանակակից ու ականատես Եղիշեի ժլատ ու թռուցիկ տեղեկություններից պարզվում է, որ նորաստեղծ մարզպանության կազմի մեջ ընդգրկված առանձին էթնիկական միավորներ ստացել էին որոշակի տեղական ինքնավարություն, նույնիսկ հիշատակվում են թագավորություն, թագավոր տիտղոսներով:
Հարավկասյան երեք երկրների նկատմամբ որդեգրած նոր քաղաքականությունը, որ դրսևորվում է կրոնափոխության պահանջով, Հազկերտը գործողության մեջ է դնում ամենից առաջ հարևան ու բախտակից այդ երեք երկրների զինական ուժերը չեզոքացնելու միջոցառումով: Նրա կարգադրությամբ հարավկովկասյան երեք երկրների այրուձին տարվում է տերության արևելյան սահմանագլուխ՝ Ապար աշխարհը, քուշանների երկրին տիրելու պատրվակով: Եղիշեն ներկայացնում է Հազկերտի հրովարտակը և ավելացնում. «Հրովարտակ հասավ Հայոց, Վրաց և Աղվանից և Լփնաց... աշխարհները և շատ ուրիշ հեռավոր տեղեր, որոնք առաջ պարտավոր չէին այն ճանապարհը գնալ»:
Ինչպես տեսնում ենք, Աղվանից աշխարհի կողքին Եղիշեն հիշատակում է նաև Լփնաց աշխարհը, որպես ինքնուրույն միավոր, չնայած այն մտնում է Աղվանից մարզպանության կազմի մեջ: Նույն իրողությանը Եղիշեն անդրադառնում է նաև կրոնափոխության համար մոգերին տված արքունիքի հանձնարարականում: «Դեռ չէին հասել Հայոց մեծ աշխարհը,- նշում է Եղիշեն,- որ փայտի միջոցով վիճակ էին գցում, թե ո՛ր ժողովուրդը (մոգերի) որ դասին է բաժին ընկնելու աշակերտելու համար: Որովհետև առհասարակ հրաման էին առել արքունիքից մտնել ինչպես Հայոց, այնպես էլ Վրաց և Աղվանից և Լփնաց ... աշխարհները»:
Երրորդ անգամ արդեն Եղիշեն խոսում է Լփնաց թագավորության գոյության մասին Խաղխաղի ճակատամարտի առիթով: Այդ ճակատամարտում Աղվանից մարզպան Սեբուխտի գլխավորած պարսկական զորքերի կողքին հայոց դեմ կռվում էին նաև Լփնաց թագավորի զորքերը և... «Արշավիր Արշարունին մռնչաց առյուծի պես և հարձակվեց վագրի նման, խփեց-սատկեցրեց Լփնաց թագավորի եղբայր քաջ Վուրկին և նրա բազմաթիվ համհարզներին էլ նրա հետ սպանեց»:
Խաղխաղի ճակատամարտի նկարագրության մեջ Եղիշեն հիշատակում է նաև Աղվանից մարզպանության կազմի մեջ գտնվող մի երկրորդ՝ Բաղասական թագավորությունը: «Այստեղ (ճակատամարտի դաշտում) Բաղասական թագավորի թագավորազուններից ոմանք հետ դարձան, հայոց նախարարներից մեկին ձիուց վայր գցեցին»:
Երկրորդ անգամ Բաղասական թագավորության գոյության մասին Եղիշեն հիշատակում է ապստամբությունից հետո Հազկերտի կազմակերպած դատի առիթով: Տիզբոնի դատավարության ժամանակ Վասակ Սյունեցուն ներկայացված մեղադրանքներից մեկն էլ այն էր, «թե ինչպես նա բարեկամացել էր Հոն Հեռանի հետ՝ Բաղասական թագավորի հետ միաբանած..., այնպես որ թագավորն ինքն էլ հասկացավ այդ մտադրություններն ու սպանեց Բաղասական թագավորին»:
Որ Աղվանից մարզպանության կազմում ընդգրկված որոշակի էթնիկական խմբերի տրվել է տեղական ինքնավարություն, և այդ ինքնավարության տարբեր սուբյեկտներ տարբեր դիրքավորում ունեին պարսկական քաղաքականության նկատմամբ, ամբողջանում է Եղիշեի ներկայացրած իրադարձությունների ընդհանուր համակարգում: Խաղխաղում Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորքի դեմ ճակատ են կազմել մարզպան Սեբուխտի, Լփնաց և Բաղասական թագավորների զորքերը, բայց մեջտեղ չեն երևում մարզպանության ամենախոշոր ու հիմնական էթնիկական տարրի՝ Աղվանից աշխարհի դերակատարները: Պարզվում է, որ Հայաստանի հետ միաժամանակ Աղվանքում ևս իրականացնում էին կրոնափոխություն, և Սեբուխտ մարզպանը սկսել էր Աղվանից եկեղեցիների ավերումը: Իսկ Աղվանից նախարարներից ու շինականներից շատերը, չկարողանալով դիմադրություն ցուցաբերել, ստիպված քաշվել էին լեռները՝ կրոնափոխությունից խուսափելու համար: Երբ Հայաստանի ապստամբած նախարարների հանձնարարությամբ Վարդան Մամիկոնյանը դուրս է գալիս Սեբուխտի դեմ, ջարդում նրանց զորքերը և հաղթականորեն առաջ շարժվում, «Աղվանից նախարարներից ու բոլոր շինականներից շատերն էլ, որոնք Աստծու անվան համար ցիրուցան էին եղել Կապկոհ (Կովկասյան) լեռների ամուր տեղերում, երբ տեսան այդ գործի հաջողությունը, որ Աստված կատարում էր Հայոց զորագնդի միջոցով, նրանք նույնպես եկան-ժողովվեցին և խառնվեցին հայոց զորքի հետ և նրանց հետ միաբան ու հավասար մասնակցեցին քաջության գործին: Այնուհետև գնացին-արշավեցին հոների պահակի վրա, որ բռնությամբ գրավել էին պարսիկները. առան, քանդեցին պահակը և կոտորեցին ներսում բնակված զորքը և Դուռը հանձնեցին Վահանին, որ Աղվանից թագավորների ցեղից էր... և տեղնուտեղը այն մարդուն, որին հանձնել էին Դուռը, հենց նրան էլ դեսպան ուղարկեցին հոների երկիրը և հոների երկրին գործակից ուրիշ շատ բարբարոս ազգերի մոտ՝ նրանց հետ բանակցելու և դաշն կնքելու»:
Ըստ էության Եղիշեն հայտնում է ավելին, քան գրել է իր ոսկեղենիկ մատյանում: Այդ ճշմարտությանն ենք ականատես լինում իրադարձությունների հետագա զարգացումներում: Եղիշեի հաղորդումներից պարզվում է, որ նորաստեղծ մարզպանության կազմում Լփնաց և Բաղասական թագավորների կողքին եղել է նաև մի երրորդը՝ Աղվանից թագավորությունը, որի Առանշահիկ թագավորական տան ներկայացուցիչներն ազգակցական կապերով սերտորեն կապված են եղել պարսից արքայական տան հետ: Պարզվում է, որ հիշյալ ժամանակահատվածում Աղվանից թագավորը եղել է հենց Հազկերտի քրոջ որդին, իսկ կինն էլ` նույն ընտանիքից: Հազկերտը բռնությամբ դավանափոխել է Աղվանից թագավորին, նրա հետ նաև շատ նախարարների: Իսկ նախարարների մի մասն էլ կրոնափոխությունից խուսափել է՝ ապաստանելով Կապկոհ լեռների ամուր տեղերում և հարմար պահին իջել-միացել է Վարդան զորավարին՝ Աղվանից թագավորական տան անդամ Վահանի գլխավորությամբ:
Բռնությամբ կրոնափոխված Աղվանից թագավորը, սակայն, ազգային շահերին ու ավանդներին հավատարիմ, հայրենիքի ճակատագրով մտահոգ պետական գործիչ է եղել: Հազկերտի մահից հետո Պարսկաստանում ստեղծված քաղաքական նոր իրականության ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ ամենից առաջ նա ձեռնարկում է իր թագավորության՝ Արցախով և ՈՒտիքով զորացված նոր Աղվանքի ամրապնդման գործը: Նախկին Աղվանքի մայրաքաղաք Կապաղակն արդեն ծայրամաս էր, անապահով կովկասյան ցեղերի ներխուժումների առաջ: Պարսից տիրակալին սիրաշահելով՝ նրա անունով նոր մայրաքաղաք է ստեղծում իր Նոր Աղվանքի կենտրոնական մասում. ՈՒտիքի ՈՒտի Առանձակ գավառում հիմնարկում է Պերոզապատ-Պարտավը, որը միաժամանակ դառնում է ընդհանուր մարզպանական կենտրոն հեռավոր Չողի փոխարեն: Նոր Աղվանքի տիրակալը պահը հասունացած է համարում հաջորդ վճռական քայլը կատարելու համար: Նա թոթափում է բռնությամբ պարտադրված մոգական կրոնը, վերադառնում քրիստոնեական հավատին և ապստամբության դրոշ պարզում պարսկական տիրապետության դեմ: «Աղվանից թագավորը չէր ուզում նորից ծառայության տակ մտնել,- վկայում է Եղիշեն,- այլ նա քանդեց Ճորա պահակը և Մասքութների զորքն այս կողմն անցկացրեց, միաբանեց տասնևմեկ լեռնական թագավորներին և պատերազմով ընդդեմ կացավ Արյաց զորքին և մեծ վնաս պատճառեց արքունի զորքերին»:
Մի ամբողջ տարի պատերազմական գործողություններ ծավալվեցին Աղվանից թագավորի դեմ, արքայից արքա Պերոզը կաշառելով պատերազմին մասնակից դարձրեց նաև հոների և թավասպարների բազմաքանակ զորքերին, ավերեցին «աշխարհի մեծ կեսը», բայց թագավորին ծնկի բերել չկարողացան: Վերջապես Պերոզ արքան է նահանջողը: «Պարսից թագավորը դարձյալ մարդ ուղարկեց նրա մոտ՝ «իմ քրոջն, ասաց, և քեռորդուս ուղարկիր ինձ մոտ, որովհետև ի բնե մոգական կրոնին հետևող էին, և դու քրիստոնյա դարձրիր, իսկ աշխարհը թող քեզ մնա»:
Աղվանից թագավորը մորն ու կնոջը վերադարձնում է Պարսկաստան, հրաժարվում աշխարհիկ կյանքից և ավետարանը ձեռքին կյանքի մնացած մասն անցկացնում մենակյացների հետ: Աղվանից այդ թագավորը Կաղանկատվացու «Պատմության» մեջ օժտվում է անունով. նա Աղվանից թագավոր Վաչեն է, Պերոզապատ-Պարտավի հիմնադիրը:
Աղվանից Վաչե թագավորի այս բուռն ու դրամատիկ քաղաքականությունն իր պատմաքաղաքական նշանակությամբ համեմատելի է իր անմիջական հաջորդի՝ Վաչագան Բարեպաշտի կատարած դերի հետ: Վաչեն իր փոթորկալից կյանքով հաստատեց, որ անդառնալիորեն ստեղծվել է պատմական մի նոր իրականություն, պատմության թատերաբեմ է իջել մի նոր Աղվանից հայաշխարհ, որն իր լեզվով ու մշակույթով, իր հավատով ու քաղաքական դիրքորոշումներով միշտ մնալու է իր մայր հատվածի հետ ու կողքին, իր մայր հատվածից անբաժան, պատմական բոլոր փոթորիկներին դիմակայելու է միասին ու միատեղ, չնայած պատմական ճակատագիր էր դառնալու բաժան-բաժան արված հայաշխարհների հետագա միավորման, մի միասնական պետական կառույցի մեջ վերամեկտեղվելու անհնարինությունը:
Որ այդ նոր Աղվանքը հայի հայրենիք էր, գիտեին նաև Անդրկովկասի պատմությանն անդրադարձած օտարազգի հեղինակներն անխտիր: Կբավարարվենք մի վկայությամբ միայն: «Ալբուլդան» հռչակավոր աշխատության հեղինակ Իբն ի Ֆակիհը, որ իր գիրքը գրել է Հիջրեթի երրորդ դարի վերջերին (900 թ.), Հայաստանի տարածքը բաժանել է չորս մասի և անվանել «Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Արմինիա». նա Առանը (Աղվանքը) համարում է Առաջին Արմինիայի մասերից, իսկ Պարտավ, Բելուկան, Կապաղակ, Շիրվան, Շաբրան, Շաքե, Շամքոր և Բալասաջանը համարում է Առանի քաղաքներից: Նա գրում է. «Առանը Արմինիայի առաջին հողային հատվածն է»:
Այս նոր հայաշխարհն անցյալից իր հետ բերել էր մայր ժողովրդի միասնական լեզուն, քրիստոնեական հավատն ու ազգային գիրը, որոնք դարերի հոլովույթով իրենց հետագա հայաշունչ զարգացումը ստացան: Աղվանից աշխարհը դարձավ համահայկական հասարակական կյանքի անբաժան ուղեկիցն ու մասնակիցը, համազգային մշակույթի անընդմեջ գործող օջախներից մեկը, իր պատկառելի ավանդը մուծեց ինչպես ազգային-ազատագրական շարժումների դարավոր պատմության մեջ, այնպես էլ համահայկական մշակույթի գանձարանը հարստացրեց ընդհուպ մինչև մեր օրերը: Ավելի քան 1500-ամյա քաղաքական վայրիվերումները, անընդմեջ իրար փոխարինած նվաճողների կատարած վարչատարածքային վերաձևումները, ժամանակին ստեղծված պատմական վավերագրերում հաճախակի հանդիպող հակասական վկայությունները խստագույնս բարդացրել են Արևելյան Այսրկովկասի, այդ թվում նաև` Հայոց Աղվանից աշխարհի ճշմարիտ պատմության վերականգնման գործը: Մի անգամ ևս ընդգծում ենք, որ դրությունն ավելի ծանրացավ, երբ անցյալ դարի 30-ական թվականներին Ստալինը հանձնարարեց ադրբեջանցի անվանակոչում ստացած ժողովրդի համար պատմություն ստեղծել, և պատմական ճշմարտության վերհանմանը փոխարինեցին նենգափոխումներն ու հորինումները: Նենգափոխումների ալիքը հասցրին Ղարաբաղ, հեռուն գնացող քաղաքական նկատառումներով Արցախ-Ղարաբաղի հայությանը որակեցին բռնությամբ հայացված աղվաններ, ադրբեջանցի կոչվող ժողովրդի նախնիներ: Կենտրոնի կողմից խրախուսվող ու հովանավորվող այսպիսի գաղափարաքաղաքական մթնոլորտի պայմաններում հերոսության համարժեք էր արդեն «սեփականաշնորհված» Աղվանից աշխարհ հասկացությունից գոնե Արցախ-Ղարաբաղի պատմության փրկությունը պատմագիտական կտրվածքով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին տասնամյակներին ներկայացվող աշխատություններում Աղվանից աշխարհի պատմությունը միակողմանիորեն հանգեցվել է Արցախ-Ղարաբաղի պատմության՝ պատմական իրողությունների անտեսման, տարբեր դարերում կատարված փոփոխությունների ոչ ճիշտ արժեքավորմամբ խաթարվել Աղվանից հայաշխարհի ամբողջական պատմությունը:
Ավելորդ համարելով գիտական շրջանառության մեջ գտնվող 1500-ամյա այդ պատմության վերակրկնությունը՝ կհետապնդենք մի համեստ խնդիր. կփորձենք ժամանակի պատմական իրողություններով ու վկայություններով մատնացույց անել այդ պատմության հետևողական միակողմանիությունը, որի հետևանքով անտեսվել է Աղվանքի ձախափնյակը:
Նախ՝ պետք է նորից կարդալ Խորենացուն՝ խուսափելու համար ցանկալի ու կամայական մեկնաբանություններից: Խորենացին հայտնում է, թե Վաղարշակը «հաստատում է արևելյան հյուսիսային կողմի մեծ-անվանի բազմաբյուր կուսակալությունը, Կուր կոչված մեծ գետի ընթացքով, որ անցնում է մեծ դաշտով»: Խորենացու այդ վկայությունը բնավ էլ չի ենթադրում, որ հիշատակվող Կուր մեծ գետը դառնում է ստեղծված կուսալակության հյուսիսային սահման, այլ մատնացույց է անում միայն Կուր գետի ընթացքով տարածված «մեծ դաշտը»: Այնուհետև Խորենացին նշում է, որ Սիսակից սերված Առանի ցեղը «ժառանգեց Աղվանից դաշտը և այս դաշտի լեռնակողմը»: Իսկ թե դա ինչ լեռնակողմ է, մենք արդեն գիտենք Եղիշեի պատմությունից: «Աղվանից նախարարներից ու բոլոր շինականներից շատերն էլ, որոնք Աստծո անվան համար ցիրուցան էին եղել Կապկոհ լեռների (Կովկասյան լեռների) ամուր տեղերում»: Այսինքն, նախամարզպանական կամ բուն Աղվանքի հյուսիսի՝ Կովկասյան լեռների ամուր տեղերում:
Մի վերջին, ճշգրտող երանգ էլ ունի Խորենացու հաղորդումը: «Ասում են, որ սրա (Առանի) զավակներից են սերվել ՈՒտեացիների ազգը և Գարդմանցիների, Ծավդեացիների, Գարգարացիների իշխանությունները»: Մի դեպքում` Առանից է սերվել ՈՒտեացիների ազգը, մյուս դեպքերում` սերվել են իշխանությունները: Դա ևս ինչ-որ բան ասում է:
Աղվանից Վաչե թագավորի աշխարհաթող լինելուց հետո երկիրը 30 տարի մատնվում է անիշխանության, մինչև որ Վաչեի Հազկերտ եղբոր որդի Վաչագանին հաջողվում է վերականգնել երկրի պետականությունը և ծավալել մի այնպիսի բուռն աշխարհաշեն գործունեություն, որ ժամանակակիցների կողմից արժանանում է Բարեպաշտ պատվանունին: Վաչագան Բարեպաշտը ևս բռնի կրոնափոխված իշխանազուններից է եղել, բայց, օգտվելով Նվարսակի պայմանագրով պարսկական Վաղարշ արքայից ստացած հավատի ազատության իրավունքից, իր թագավորության մեջ վերականգնում է քրիստոնեական հավատը, ձեռնամուխ լինում Նոր Աղվանքի վերակերտման գործին: Ամենից առաջ նա հետամուտ է լինում քրիստոնեական հավատի ամրապնդմանը, տարվա օրերի թվով եկեղեցիներ կառուցում երկրում, զարկ տալիս ուսման ու լուսավորության գործին: «Հրաման է տալիս իր իշխանության ենթակա Արցախ անառիկ երկրին՝ թողնել և լքել դիցապաշտության օրենքները՝ աղտեղի աստվածների զոհամատույց պաշտամունքը: ...Բազմաթիվ տեղերում նշանակում էր եպիսկոպոսներ, քահանաներ, տեսուչներ: Եվ Կամբեճանում, Աղվանքում միևնույն հրամանն էր տալիս ու հաստատում»:
Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Մեկնաբանություններ