Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր

Ազատագրված շրջանների տնտեսական զարգացումը` Հայաստանի տնտեսական անվտանգության թիվ մեկ խնդիր
11.09.2009 | 00:00

ՀԵՏԸՆԹ

ԱՑՀԱՅԱՑՔ ԲԵՐԴԱՊԱՐՍՊԻ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ
Ադրբեջանական ԽՍՀ պաշտոնական վիճակագրական տվյալներով` 1985-ի, այսինքն` ղարաբաղյան գոյամարտի նախօրեին, ԼՂՀ-ին անմիջականորեն կից շրջաններում բնակվում էր շուրջ 475 հազար, ԼՂՀ տարածքում` շուրջ 145 հազար, Շուշիում` ավելի քան 20 հազար մարդ: Այսօր Արցախի բնակչության թիվը, մոտավոր տվյալներով, չի գերազանցում 110-120 հազարը։ Շուշիում բնակվում է շուրջ 3 հազար մարդ, իսկ ազատագրված շրջաններում, ավելի ճիշտ, դրանցից երկու հիմնական շրջաններում (Քաշաթաղի մոտակայքում) բնակչության թիվը չի անցնում 10-15 հազարից և, կարծես, սառել-կանգնել է մի կետի վրա: Դա խոր մտահոգություն է պատճառում: Հարց է առաջանում, և այդ հարցը չեն թաքցնում Հայաստան և Արցախ այցելող պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունները. ինչի՞ համար էր ձեր ազատագրական պատերազմը, եթե ազատագրած տարածքները շուրջ 1,5 տասնամյակ պետք է թողնեիք անմարդաբնակ ու ամայի:
Հայաստանի ազգային անվտանգությունը նման բազմանկյուն մի բերդակառույցի բազմաբևեռ խնդիրների շարքում թիվ մեկն է: Այսօր այդ կառույցի ամենաթույլ օղակը, մեր համոզմամբ, երկրի լեռնային շրջանների ամայացումն է, բնակչության գերկենտրոնացումը Երևանում և Արարատյան դաշտավայրում: Դա կարելի էր շատ թե քիչ բնական համարել, եթե այն տեղի չունենար լեռնային շրջանների հաշվին: Ասվածն առավելապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և հարակից ազատագրված շրջաններին: Նկատենք, որ նշված 3 աշխարհագրական տարածքները Հայաստանի միասնական տարածք են, և միայն այդ մոտեցմամբ կարելի է լուրջ մտածել նրա անվտանգության մասին: Այսօր ազատագրված շրջանների ամայությունը նույնքան վտանգավոր է Հայաստան պետության համար, որքան ՀՀ լեռնային շրջանների բնակչության արտահոսքը և բնակավայրերի չափազանց խախուտ (տկարացած) վիճակը: Առավել սուր և կենսական նշանակություն է ձեռք բերում (ճիշտ կլիներ ասել` վաղուց ի վեր ձեռք է բերել) ազատագրված շրջանների բնակեցման խնդիրը, քանի որ պահել-չպահելու հարցը դուրս է եկել միջազգային սպեկուլյատիվ խոսակցությունների մակարդակից և տեղ գրավել միջազգային ուժերի պարտադրած սպառնալիքի հարթության մեջ: Հայաստանը թևակոխել է արցախյան գոյամարտի 2-րդ փուլ, երբ նրա ամբողջ ներուժը պետք է գործադրվի ազատագրվածը պաշտպանելու և պահելու համար: Շատ բան, թերևս, մեզանից կախված չէ, սակայն մի բան հաստատապես կախված է. դա ազատագրված շրջանների արագ բնակեցումն է և տնտեսական յուրացումը: Եվ այսպես, ինչո՞ւ չեն բնակեցվել ազատագրված շրջանները: Դա բացատրվում է երեք հիմնական պատճառներով.
1. Նոր շրջանների բնակեցման պետական ծրագրի, ընդհանրապես, պետական ծրագրի իսպառ բացակայություն: Այս կարևորագույն գործը մատնված է բախտի քմահաճույքին, կրում է տարերային բնույթ:
2. Ազատագրված շրջաններում հաստատված նոր, հայաստանյան պաշտոնյաների հոռի բյուրոկրատական բնույթը, կաշառակերությունն ու այլ հակապետական բարքերն ուղղակիորեն խոչընդոտում են կամավոր նորաբնակներին հավատով հաստատվելու նոր բնակավայրերում:
3. Վերջապես, հայաստանյան տեղական իշխանությունների և ոչ իշխանական կազմակերպությունների բացարձակ անտարբեր վերաբերմունքն այս կարևոր ազգային հարցին:
Փախստականների և բնակչության միգրացիայի պետական կոմիտեն, որը գործում է շուրջ 2 տասնամյակ, մատնված է անգործության, քանի որ նրա մշակած Արցախի և նոր շրջանների վերաբնակեցման ծրագիրը մնում է թղթի վրա կամ իրականացվում է կրիայի քայլերով, նվազագույն պետական միջոցների բացակայության պատճառով:
Ի վերջո, ոմանց մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ արյամբ, հրով ու սրով ազատագրված շրջաններում հայերիս ներկայությունն ընդամենը ժամանակավոր և վաղանցիկ երևույթ է: Անհրաժեշտ է օր առաջ կոտրել այդ թերարժեք հոգեբանությունը, մշակել ազատագրված շրջանների արագ բնակեցման և տնտեսական զարգացման պետական քաղաքականություն և անհապաղ ձեռնամուխ լինել դրա իրագործմանը` նկատի առնելով այդ հարցի ռազմավարական նշանակությունը Հայաստանի և Արցախի անվտանգության համար:
Հայաստանի անվտանգության ռազմավարական շահերը պահանջում են, որ առաջիկա 10-15 տարում, այսինքն` Արցախի և ազատագրված շրջանների բնակչությունը հասցվի մեկ միլիոն մարդու, ինչի դեպքում հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունը սեփական ուժերով, ինչպես նաև լուրջ հիմքի վրա դնել Արցախի և նոր տարածքների ռեսուրսների տնտեսական յուրացման հրատապ խնդիրը:
Այս կենսական հարցը պահանջում է անհապաղ ձեռնամուխ լինել հստակ նպատակային ծրագրի ստեղծմանը:
Չհավակնելով այդ խնդրի լուծմանը` նշենք դրա մի քանի հիմնական առաջնահերթ կետերի ուրվագծերը.
1. Պետական ֆինանսական հիմնադրամի ստեղծում` ելակետ ունենալով առնվազն Քաշաթաղի մարզում տարեկան հազար նորաբնակների բնակեցման անհրաժեշտությունը:
2. Այդ նպատակով «Արցախ» հիմնադրամի ստեղծում, որը պետք է հավաքագրել հայկական սփյուռքի ջանքերով;
3. Ազատագրված շրջաններում ազատ տնտեսական գոտու որոշ տարրերի կիրառում, որը կնպաստի Հայաստանի և սփյուռքի գործարարների ներդրումների հոսքին դեպի այդ շրջաններ:
4. Հայաստանի բնակչության օրինազանց տարրերի (փախստականների, հասարակությանը չինտեգրացված նախկին քրեական տարրերի, դասալիքների, թափառաշրջիկների և այլն) վերաբնակեցման կազմակերպում ազատագրված շրջաններում (հիշեցնենք, որ այդ եղանակով են բնակեցվել և զարգացել ԱՄՆ-ի բազմաթիվ շրջաններ 18-րդ դարում):
5. Հստակ ուշադրություն պետք է դարձվի ազատագրված շրջանների գյուղատնտեսական հողերի արդյունավետ բաշխմանն ու օգտագործմանը:
ԿԱՆԽԵԼ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁԱԽՈՐԴ ՓՈՐՁԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Ազատագրված շրջաններում այդ վտանգավոր միտումն արդեն իսկ ակնհայտ է։ Այս մարզի նորընծա ղեկավարներին բնավ չի հետաքրքրում, թե հողի և մյուս արտադրամիջոցների հախուռն և համատարած սեփականաշնորհումը, ինչը ծանր հետևանքներ բերեց Հայաստանի գյուղացիության և գյուղի գլխին, արդյոք կհաջողվի՞ հաղթահարել:
Հիշեցնենք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության որոշ արկածախնդիր առաջնորդներ ծրագրում էին դրանով թռիչք կատարել զարգացած սոցիալիզմից դեպի 20-րդ դարի զարգացած կապիտալիզմ: Իրականում դա թռիչք էր հողի (և ոչ միայն հողի) պետական սեփականությունից դեպի նույնքան համատարած մասնավոր սեփականություն: 880 խոշոր հանրային (պետական և կոլեկտիվ) գյուղձեռնարկությունների փլատակների վրա ստեղծվեցին ավելի քան 330 հազար մանր և գաճաճ գյուղացիական տնտեսություններ: Դրանց թիվն այսօր անցնում է 380 հազարից, որոնք կրակն են ընկել իրենց տրված ավելի քան մեկ միլիոն մանր հողակտորների ձեռքը:
Սեփականության և տնտեսության մյուս ձևերն ու եղանակներն ինչպես համայնապետական ժամանակներում գոյություն չունեին, այնպես էլ չկան այսօր` «ազատ շուկայական» համակարգի օրոք: Իրոք, պատմական թռիչք կատարվեց, սակայն դա թռիչք էր ոչ թե դեպի կապիտալիզմ, այլ դեպի հեռավոր միջնադար:
Այս բոլորի անմիջական արդյունքը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետության մշակելի հողատարածությունների 40 տոկոսից ավելին արդեն 1,5 տասնամյակ դուրս է մնացել գյուղատնտեսական շրջանառությունից, ավելի ճիշտ, վերածվել է արոտավայրերի, իսկ ավելի ստույգ` թունավոր խոտաբույսերի բուծարանի, քանի որ անխնամ-անմշակ արոտավայրն աստիճանաբար լցվում է թունավոր մոլախոտերով, այսինքն` դրանք ոչ պիտանի են դառնում նաև անասնապահության համար: Իսկ վերջինիս վիճակի մասին են խոսում նաև հետևյալ թվերը. Հայաստանում դեռևս 55-66 տարի առաջ կառուցված կապիտալ անասնագոմերը հանրային հոտի սեփականաշնորհումից հետո բառացիորեն դատարկվել և թալանվել են, իսկ դրանք ավելի քան 3000 տիպային քարե շինություններ են, որոնցից այսօր մնացել են միայն պատերը և տանիքների կմախքը: Ամայացած հողերն ու թափուր մնացած անասնագոմերը Հրանտ Բագրատյան-Լևոն Տեր-Պետրոսյանական տխրահռչակ ագրարային, ավելի ճիշտ, հակաագրարային քաղաքականության տխուր հուշարձաններ են:
Մենք այս հակիրճ պատմական ակնարկով ցանկացանք միայն զգուշացնել, թե ինչու չի կարելի այլևս թույլ տալ հայաստանյան տապալված սեփականաշնորհման փորձի կրկնությունը նոր յուրացվող շրջաններում, քանզի դա հավասարազոր կլինի մեռելածինի վերակենդանացմանը:
Տեղին է հիշել ժողովրդի խոսքը. «Վնասի կեսից հետ կանգնելն էլ օգուտ է»:
(շարունակելի)
Նորայր ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ