ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ»

«ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ»
24.09.2010 | 00:00

«Իրատես de facto» ակումբը երեկ հյուրընկալել էր ճապոնական Սինդեն ռյու ձյու ձյուցուի սև գոտի 8-րդ դանի մեծ վարպետ ՍԻԿԵ-ՏԱԿԱՈ ԿԻՏԱՆՈՅԻՆ, հայկական Սինդո ռյու մարտարվեստի հիմնադիր ՍՈԿԷ-ՀԵՆՐԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ, «Դանի Նիպպոն Բուտոկու կա»-ի հայկական մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչ ՌԷՆՍԻ-ԳՐԻԳՈՐ ՇԵԿՈՅԱՆԻՆ, ովքեր լրագրողներին տեղեկացրին, որ հայկական մարտարվեստն արդեն գրանցվել է Ճապոնիայի կայսերական պալատի «Դանի Նիպպոն Բուտոկու կա»-ի մարտարվեստների կենտրոնում:
Ճապոնիայի կայսերական պալատի մարտարվեստի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչ Գրիգոր Շեկոյանը նշեց, որ մասնաճյուղն ունի տարբեր ակումբներ, ինչպիսին հայկական «Սինդո ռյու» կարատեն է, որի հիմնադիրը Հենրիկ Շահբազյանն է: Շեկոյանը ուրախությամբ նկատեց նաև, որ Սիկե-Տակաո Կիտանոյի այցերը Հայաստան և դասավանդումը շատ բան են տալիս և՛ սաներին, և՛ իրեն: Ի դեպ, այս մարտարվեստով հետաքրքրվողների համար տարիքային սահմանափակում չկա:
«Իրականում դա կարատե չէ, այլ մարտարվեստի մի այլ ոճ, որն ավելի քան 40 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում բյուրեղանալով՝ դարձավ մարտարվեստի մի ձև, որը շատ ավելի մատչելի է ու արդյունավետ»,- նշեց սենսեյ Շահբազյանը՝ ընդգծելով, որ Կիտանո սենսեյը, տեսնելով իրենց կատարած աշխատանքը, 2008-ին առաջարկել է հայկական մարտարվեստը ներկայացնել նաև Ճապոնիայում, որտեղ սաների հրաշալի ելույթները ճանաչում են բերել հայկական այս մարտարվեստին:
Հայկական մարտարվեստի սենսեյը համոզված է, որ հիմնադրել է ճշմարիտ քրիստոնեական արժեքների հենքով դյուցազնական մարտարվեստի դպրոց, որտեղ բազմատիպ ուսուցում են ստանում՝ խոհարարություն, բժշկություն, հոգեբանություն, բնագիտություն, մարտարվեստ: «Եթե միանգամից ուսուցանում ես մարտարվեստ, այն էլ` վտանգավոր, պիտի երկու-երեք ամիս հետո դադարեցվի, որովհետև դեռ հոգևորի մեջ հաստատված չէ դա»,- վստահեցնում է Հենրիկ Շահբազյանը:
Ակումբի հյուրը նաև պատմեց, թե ինչպես նման դպրոց ստեղծելու գաղափար առաջացավ: «Երբ նկատեցի, որ Հայաստանում արևելյան մարտարվեստի տարածման տենդենց կա, որը քաղցկեղի նման տարածվեց, ես դրանում վտանգ տեսա: Դրա մեջ նաև դավանափոխության մոտիվներ կային: Հատուկ մասնավոր հակվածություն չեմ ունեցել մարտարվեստի նկատմամբ, որովհետև մանկուց ապրել եմ բնության մեջ, ձևավորվել եմ բնության գրկում: Չեմ այպանում, քննադատում մյուս բոլոր մարտարվեստները, բայց նրանք իրենց ազգային, էթնիկ ծագումնաբանությունն ունեն, մենք էլ հայկական շատ հզոր ձևեր ենք ունեցել, որոնք չեն զիջել ազգերի մարտական հնարքներին: Իսկ ինչո՞ւ չհիմնել մերը՝ հայկականը՝ հայի հոգուն ու էությանը բնորոշ: Ժամանակի ընթացքում այն սինթեզվեց, արձագանք գտավ երիտասարդների շրջանում: Հիմնականում ներդաշնակությունն է գերիշխում, ոչ թե ագրեսիան: Այս մարտարվեստը հենվում է հոգևոր գործոնի վրա։ Հոռետես չեմ, բայց այսօրվա երիտասարդները մի տեսակ մոլորված են: Մեր արվեստն այս առումով շատ օգտակար է, քանի որ ավելի լիարժեք մարդ են դառնում` ծնողասեր, մարդասեր, ազգասեր, ու ձևավորվում են որպես հզոր տղաներ»:
Իսկ սենսեյ Կիտանոն, որ արդեն չորրորդ անգամ է Հայաստանում, հավաստիացրեց, որ հայերին բավականին հետաքրքրում է այս մարտարվեստը, և ամեն անգամ այցելելիս բավականին առաջընթաց է նկատում: «Շատ ուրախ եմ, որ հայերը հասկանում են մարտարվեստի փիլիսոփայությունը, որը ոչ միայն դիմացինին տապալելն է, այլև հոգու և մարմնի ներդաշնակ զարգացումը, որի միջոցով հասնելու են ինքնակառավարման: Հայերը հասկանում են այս նպատակը»,- շեշտեց Ճապոնիայի կայսերական պալատի նախագահների խորհրդի անդամ սենսեյ Կիտանոն: «Առողջ հոգում առողջ մարմի՞ն» հարցադրմանը ճապոնացի հյուրը դրական արձագանքեց. «Կարծում եմ՝ հարկավոր է և՛ հոգու ուժ, և՛ մաքրություն»:
Ինչ վերաբերում է մարտարվեստով զբաղվող մարդու սննդակարգին, ապա սենսեյ Շահբազյանը կարծում է, որ բուսակերությունն է մարդուն ուժ, հզորություն և առողջություն տալիս: Իսկ սենսեյ Կիտանոն հիշում է ճապոնական ասացվածքը՝ սեղանից պետք է վեր կենալ կիսասոված:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ