ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍԻՈ ԹԵՎԻ ՏԱԿ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍԻՈ ԹԵՎԻ ՏԱԿ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
02.03.2010 | 00:00

Գոյություն ունի այսպիսի հասկացություն` «մեծ սպասումների էֆեկտ»։ Այն ձևավորվում է որոշակի քաղաքական իրավիճակում, երբ հասարակությունը նոր իրադրությունից որոշակի սպասումներ է ունենում։ Նույնպիսի իրավիճակ երբեմն ձևավորվում է պետությունների հարաբերություններում, երբ դրանք նոր կարևոր փուլի կամ հանգրվանի շեմին են։ Սակայն նոր նախագահի երդման արարողությունից հետո ՈՒկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ, չնայած Կրեմլի սպասումներին, ռուս-ուկրաինական տանդեմի «բարոմետրն» առայժմ ցանկալի տատանում չի արձանագրում։
Ամենից առաջ ՈՒկրաինայի դեռևս գործող վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մտադիր չէ թողնել զբաղեցրած պաշտոնը, և քանի որ վարչապետ կարող է ընտրվել միայն Գերագույն ռադայի մեծամասնության աջակցությունը վայելող գործիչը, ուստի «երկաթյա լեդին» հայտարարեց, թե «Տարածաշրջանների կուսակցությունը» բավարար ձայներ չունի իրեն վարչապետի պաշտոնից ազատելու համար։ Նոր կոալիցիայի ստեղծման հեռանկարները չեն հստակեցվել նաև Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցների երկակի դիրքորոշման պատճառով, միաժամանակ հիմքեր չկան արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։ Այս խորապատկերի վրա անցավ նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությունը, որը, չնայած արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությանը (դրանցից 11-ը գլխավորում էին երկրների նախագահները), այնուհանդերձ, անցավ առանց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության բարձրագույն քաղաքական ղեկավարության մասնակցության։ ՈՒկրաինական ազգայնականներին էլ խիստ գրգռեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի «ձեռամբ» նոր նախագահի օրհնության արարողությունը։
Նորընտիր նախագահը փորձեց անմիջապես հավասարակշռել իրավիճակը, հայտարարելով, թե իր առաջին այցը կլինի Բրյուսել, ոչ թե Մոսկվա, ինչպես կանխատեսվում էր։ Միաժամանակ Վիկտոր Յանուկովիչը, փաստորեն, հավաստիացրեց Արևմուտքին, որ ՈՒկրաինան կրկին չի հայտնվելու Ռուսաստանի գերակա ազդեցության ներքո, և ինքը երկրի ապագան տեսնում է որպես «եվրոպական ոչ բլոկային պետության», որը կարող է կամուրջ դառնալ Արևմուտքի ու Արևելքի միջև, քանի որ ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես էլ այսօրվա Եվրոպայի մի մասն է։ «Մենք պետք է պրագմատիկ լինենք և ջանքերը կենտրոնացնենք Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ Մենք պետք է կառուցենք թափանցիկ քաղաքականություն, որը թույլ կտա մեր տնտեսությանը զարգանալու, և կապացուցի, որ ՈՒկրաինան նոր արժեքներ է բերելու Եվրամիություն, եթե դառնա նրա մի մասը»,- հավաստեց Յանուկովիչը։
Այսպիսով, Կրեմլի քաղաքական օրակարգի առաջին իսկ հարցը` ՈՒկրաինայի վերադարձը ռուսական ազդեցության ուղեծիր, առայժմ չի լուծվում այնպես, ինչպես ընտրություններից առաջ կանխատեսում էին Մոսկվայում։ Անկասկած, այստեղ իր նշանակությունն է ունեցել այն հանգամանքը, որ Վիկտոր Յանուկովիչը հաղթանակ տարավ ընդամենը 3,5 տոկոսի առավելությամբ և դարձավ երկրի առաջին նախագահը, ով չի ստացել բնակչության ձայների գոնե 50 տոկոսը, թեպետ դա Մոսկվայում ոչ ոքի չի մտահոգում։ Այնտեղ սպասում են խոստացված քայլերին, իսկ նախագահի լեգիտիմության ապահովման խնդիրը համարում նրա ու նրա թիմի պրոբլեմը։ Վերջիններս էլ, փաստորեն, առաջին իսկ քայլերով փորձում են ապացուցել, որ նոր նախագահը ռուսական դրածո չէ, և իրենց քաղաքականությունը նախընտրական խոստումների համեմատ ունենալու է լուրջ սրբագրումներ։ Առաջին «հարվածը» Մոսկվայի մտադրություններին ՈՒկրաինայի նոր ղեկավարի հայտարարությունն էր, թե ինքը չի նախաձեռնելու Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան նոր մաքսային միությանը միանալու քայլեր։ «Մենք ցանկանում ենք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), իսկ մաքսային միության մաս կազմելն ուղղակիորեն հակասում է դրան և խիստ կբարդացնի մեր ցանկության իրագործումը։ Այդպիսի հարց մեզ համար չկա այսօր, հազիվ թե լինի վաղը կամ մյուս օրը»,- նշել է ՈՒկրաինայի նոր ղեկավարը։ Իրավիճակը պակաս անորոշ չէ, այսպես ասած, «հումանիտար բնույթի» նախընտրական խոստումների իրագործման ուղղությամբ։ Արդեն հայտարարվել է, որ ռուսերենը, այնուհանդերձ, չի կարող հռչակվել երկրորդ պետական լեզու, որովհետև դրա համար հարկ կլինի փոխել սահմանադրությունը, իսկ հանրաքվեի անցկացումն «այդպիսի ոչ միանշանակ հարցի շուրջ կարող է միայն խորացնել հասարակական տարաբաժանումը»։ Համապատասխանաբար, ՈՒկրաինայի նոր իշխանությունները «սողոմոնյան որոշում» են որդեգրում` հայտարարելով, որ լեզվական քաղաքականությունը երկրում պետք է իրականացվի միջազգային նորմերի համաձայն, «Տարածաշրջանային և ազգային փոքրամասնությունների լեզուների մասին» համաեվրոպական խարտիայի հիման վրա։ Այսինքն, ռուսերենը, լավագույն դեպքում, կարող է ունենալ միայն տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, կիրառվել միայն այն մարզերում, որոնց բնակիչներն իրենք կցանկանան դա և համապատասխան կարգով կդիմեն կենտրոնական իշխանությանը։
Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հարթ չի լինելու նաև «գազային» հարցերում։ Արդեն հայտարարվել է, որ ՈՒկրաինայի նախագահի Ռուսաստան կատարելիք առաջիկա պաշտոնական այցի շրջանակներում այդ թեման լինելու է գլխավորը։ Մոսկվան, ինչպես նախկինում, ցանկանում է, որ ՈՒկրաինայի գազատրանսպորտային ողջ համակարգը սեփականաշնորհվի, մինչդեռ երկրի օրենսդրությունն արգելում է այդ համակարգի օտարումը պետական սեփականությունից։ Եվ հազիվ թե Վիկտոր Յանուկովիչը դառնա այն նախագահը, ով երկիրը կզրկի այդպիսի ռազմավարական ռեսուրսից։ Ընտրություններից առաջ նա հայտարարել է, թե մտադիր է վերականգնել ՈՒկրաինայի գազատրանսպորտային համակարգի կոնսորցիումը, ինչը նշանակում է, որ ռուսական «Գազպրոմը», ուկրաինական «Նավթագազ» պետական ընկերությունը և եվրոպական սպառողներին ներկայացնող որևէ ընկերություն հավասար չափաբաժին կունենան կոնսորցիումում` յուրաքանչյուրը 33,3 տոկոսի չափով։ Բայց սա, ինչպես ասում են, ընտրություններից առաջ էր։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ գազատրանսպորտային համակարգի արժեթղթերի փաթեթի 50 տոկոսը պետք է պատկանի ՈՒկրաինային, իսկ ռուսական և եվրոպական կողմերը պետք է բավարարվեն մնացած 50 տոկոսը միմյանց միջև բաժանելով։ Միաժամանակ, նոր նախագահն արդեն դիմել է Եվրամիությանը` գազատրանսպորտային համակարգը արդիականացնելու համար խոշոր վարկ տրամադրելու խնդրանքով։ Այսպիսի իրավիճակը հազիվ թե ամբողջությամբ ձեռնտու լինի Մոսկվային։
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հարաբերություններում ոչ պակաս կարևոր մեկ այլ «թնջուկի»` Սևաստոպոլում բազավորված Ռուսաստանի սևծովյան նավատորմին, ապա հարցն այս պահին, կարծես, այնքան էլ արդիական չէ, քանի որ համապատասխան պայմանագրի ժամկետը կլրանա միայն 2017-ին։ Բայց այստեղ էլ կան հետաքրքիր միտումներ, մասնավորապես, ուկրաինական ԶԼՄ-ներով տարածված տեղեկության համաձայն` մոտ ժամանակներս երկիր կժամանի Գերմանիայի աերոտիեզերական կենտրոնի տեխնիկական մասնագետների խումբը` ուսումնասիրելու Սևաստոպոլի ռազմական ռադարներն օգտագործելու հարցում ՈՒկրաինայի հետ համագործակցության հնարավորությունները։ Թերևս միայն ՆԱՏՕ-ին առնչված խնդրում Ռուսաստանի պահանջները կարելի է բավարարված համարել, քանզի առանց այդ էլ դաշինքի ընդլայնում միջնաժամկետ հեռանկարում չի նախատեսվում, ըստ այդմ, ՈՒկրաինայի նոր նախագահն էլ հայտարարել է, որ երկիրը նման նպատակ չունի։ Թեպետ ուկրաինական առանձին վերլուծաբանների պնդմամբ, ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ինտեգրման ողջ անցած գործընթացը «գրչի մի հարվածով ջնջել հնարավոր չէ, քանի որ այն պահանջելու է մի շարք օրենսդրական փոփոխություններ, իսկ դրա համար նախագահը խորհրդարանում անհրաժեշտ ձայներ չունի, անգամ նոր կոալիցիա ձևավորելուց հետո էլ հազիվ թե ունենա»։ Սակայն ՈՒկրաինայի նախագահը, այսպես թե այնպես, ստիպված է լինելու իր դիրքորոշումը հստակեցնել այս կապակցությամբ, ինչպես նաև իր վերաբերմունքն արտահայտել եվրոպական անվտանգության համակարգի արդիականացման մասին Կրեմլի առաջարկության առնչությամբ։
Բոլոր այս հանգամանքները, օբյեկտիվ և սուբյեկտիվ շարժառիթներով հանդերձ, ցույց են տալիս, որ նոր ուկրաինական բուրժուազիան և նույնիսկ օլիգարխներն ամենևին էլ ոգևորված չեն միայն Ռուսաստանի թևի տակ հայտնվելու հեռանկարով։ Նույնիսկ Յանուկովիչին բացահայտ աջակցող օլիգարխները նախընտրում են լինել առաջինն իրենց երկրում, քան հարյուրմեկերորդը` նոր հնարավոր միության մեջ։ Միաժամանակ ակնհայտ է, որ առանց Արևմուտքի աջակցության ու արևմտյան լայնածավալ ներդրումների ՈՒկրաինայի տնտեսության արդիականացումն անհնարին է։ Սա հասկանում են նաև Մոսկվայում, ինչը, սակայն, չի բացառում տնտեսական և էներգետիկ բնույթի ճնշման գործադրումը, եթե ՈՒկրաինայի նոր իշխանությունը չարդարացնի Ռուսաստանի սպասելիքները։
Այսպիսով, ներկա իրադրությունն ՈՒկրաինայում ցույց է տալիս, որ նոր նախագահը դեռ երկար ժամանակ հարկադրված է լինելու հավասարակշռել իր քաղաքականությունն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Յուրաքանչյուր ընտրություն այս երկրում ավելի ու ավելի է ընդգծում, որ իրականում գոյություն ունի երկու ՈՒկրաինա, իսկ նրանցում առկա հիմնարար տարբերությունները վերջին երկու տասնամյակների ընթացքում միայն ավելի են խորացել։ Նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչին բաժին ընկավ այն քաղաքական գործչի ճակատագիրը, ով «խաղագումարը» կդնի երկրի միասնության պահպանման վրա, այն դարձնելով իր քաղաքական գործունեության առանցքը կամ էլ, առհասարակ, այդ խնդիրը կհանի քաղաքական օրակարգից` հնարավոր բոլոր հետևանքներով։ Բայց քանի դեռ նա, թեկուզ ձևականորեն, միասնական ՈՒկրաինայի նախագահն է, չի կարող վարել ո՛չ ծայրահեղ ռուսամետ, ո՛չ էլ խիստ արևմտամետ քաղաքականություն։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ