Նախընտական տարին ի դերև է հանել հանրության ողջ պատկերը: Առաջացող և դեռ սպասվող քաղաքական-հասարակական նոր միավորներն ուրույն քրոնոմետրաժ են՝ հանրության ընդերքում տեղի ունեցողի մասին պատկերացում կազմելու, քաղաքական զարգացումների ընդհանուր վեկտորը հասկանալու համար:
Հետաքրքիրն այս ամենում, սակայն, այն է, որ տեղի ունեցող պրոցեսներն ընթանում են մի քանի մակարդակներով:
Կուսակցությունների խոշորացման. դասական օրինակը ԲՀԿ-ն է՝ որակական սեգմենտ չպարունակող քանակական աճով:
Կուսակցությունների կոտորակման. սա էլ ՀՀԿ-ի «Շրջադարձն» է՝ այլոց ղոնաղ ուղարկված Ղոնաղչյանի դեռևս անհասկանալի ու կարծես թե հեռուն գնացող պասաժով: Ընդ որում, այս գործընթացը բարտերային է. կփոխվեն դերերը և դերակատարները, ու չի բացառվում, որ ԲՀԿ-ի կոտորակման գործընթացը խիստ առաջանցիկ դառնա ՀՀԿ-ի համեմատ:
Կուսակցություններ՝ «նոր» դերակատարմամբ. սա արդեն Կարապետիչի դեպքն է, վերջինիս առայժմ «աքլորի» («ջոկեր» ասելը շատ կլինի, չի բացառվում՝ ինչ-ինչ զարգացումների դեպքում այս ուժի փոշիացում ևս) դեր է վերապահված:
Սողացող գործընթացներ: Այդպիսին են կուսակցությունների որդեգրած արևմտյան-ռուսական արժեքների ուղեծրերը: Այս դաշտում ևս որոշակի վերադասավորություններ և վերարժևորումներ կլինեն: Չի բացառվում, որ առաջանան նոր ուժեր, որոնք կփորձեն այս առումով մաքուր «կրումներ» ունենալ: Որովհետև գոնե արևմտյան դաշտը լրիվ բաց է մեզանում. այն լղոզելու մեջ իր ուրույն ավանդն ունեցավ ՀԱԿ-ը, որը կարծես պետք է ազատական-լիբերալ-արևմտյան վեկտորը լրիվ զբաղեցրած լիներ, սակայն, չգիտես ինչու, կախվել Ռուսաստանի ոտից, տեղ չի գնում, անվերջ ուզում է վերջինիս ապացուցել, որ նրան շատ է սիրում, և վերջինս էլ պետք է «էդ ղդար» ՀԱԿ-ին սիրի, երբ ՀԱԿ-ից լավ, հաստատ, ոչ ոք չգիտի, որ սերը, և այն էլ առ «Ռուսիո-մատ», քաղաքական կատեգորիա չԷ: Եթե ոչ հակառակը:
Որքան էլ տարակուսելի, բաց է նաև, այսպես ասած, սոցիալական արդարության դաշտը: Եթե կիրառենք ժամանակակից տերմինոլոգիան, ապա սոցիալական արդիականացման վեկտորը ևս կոնկրետ տեր ու տիրական չունի: Այստեղ էլ ամեն բան լղոզված է: Մի կողմից՝ ընդդիմությունը սոցիալական բունտի մոդելն է երազում-«գծագրում»՝ եգիպտական-թունիսյան տարբերակներով: Ինչն էլ, գենոմի տեսակետից, բացառվել է և, ըստ ամենայնի, էլի կբացառվի, որպես տեսակին չընդհանրացնող մոդուս: Մյուս կողմից էլ՝ իշխանությունն է «բարեփոխումների» կոչեր հռչակում ու այն թողնում կոալիցիոն երազախաբության ծիրում:
Ահա և այս ֆոնին, պարզվում է՝ առաջ է եկել մի նախաձեռնություն, որը կարող է լինել, այսպես ասած, սոցիալական արդիականացման պահանջարկի ձևավորողն ու, հանրային աջակցության դեպքում, նաև դրա ռեալ իրականացնողը:
Հասարակական այս նոր միավորումը, ոչ ավելի-ոչ պակաս, անվանվում է «Արդար Հայաստան»: Երկարատև պրոյեկտ են (դուրներն էլ չեկավ մեր «պրոյեկտ» ձևակերպումը), որովհետև, ըստ իրենց՝ «էս գործը մեկը պիտի սկսի՞, իրենք փորձում են լինել էդ մեկը»: Սկսելու ու սպասելու են հասարակության արձագանքին. պահանջարկ-առաջարկը բացառապես ձևավորելու են այս ճանապարհով:
Ինչ են անելու այս «մեկերը» հայաստանյան այսքան խառնափնթոր քաղաքական կյանքում: Առայժմ ոլորտային լրջագույն ուսումնասիրություններ են կատարելու և արդեն իսկ կատարել են, հատկապես այն ոլորտներում, որտեղ սոցիալական անարդարությունն առավել ցցուն դրսևորումներ ունի։ «Մենք հանդես չենք գալու միայն քննադատողի դերում, հասարակությունը քննադատությունից էլ է հոգնել, քննադատողներից էլ, քննադատվողներից էլ: Մենք առաջարկողներ ենք լինելու՝ կոնկրետ-աշխատող առաջարկություններ ենք ներկայացնելու, որոնք կարդիականացնեն տվյալ ոլորտը, հաղթահարելով «մնացորդային» երևույթները՝ սոցիալական անարդարությանը, անապահովությանը, մարդու իրավունքներին և մնացածին առնչվող»: Իրենց ասելով, արդեն իսկ ունեն ուսումնասիրությունների փաթեթ՝ մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում` լուրջ առաջարկություններով (շա՜տ հետաքրքիր է):
Այդ փաթեթներով էլ իրենք կներկայանան հանրությանը: Նախ այն շերտին, որը հոգնած է ընդդիմությունից, նույնքան էլ՝ իշխանությունից, խնդրեցին շեշտել. իրենք չարչրկված «երրորդ ուժն» էլ չեն (դա էլ է սպառել իրեն), կփորձեն շեշտադրումը կատարել մտավորականության վրա: Հանրությանը կներկայանան երիտասարդ, նոր մտածողությամբ առաջնորդվող և օժտված խմբով, որն էլ համապատասխանաբար դեպ իրեն կձգի գեներացիոն մեծ ուժ ունեցող շերտին, հատկապես երիտասարդներին, որովհետև «էսպես շարունակել չի կարելի. քսան տարի նույն դեմքերն են, նույն խոսքերը, նույն մարդիկ՝ տարբեր ֆորմատներով, երկիրն այդպես ծերանում է և քայլ առ քայլ մոտենում անկենսունակության նիշին: Եվ եթե ոչ հիմա, ապա հնարավորությունն ու շանսը մեկընդմիշտ կորսված կլինեն», կարծում են այս «նախաձեռնողները», որոնց մեջ որևէ հայտնի անուն մենք այդպես էլ չգտանք, ինչն էլ նրանք համարում էին իրենց գլխավոր բրենդը. բժիշկներ են, դասախոսներ, ինժեներներ…
Ըստ իրենց՝ հավաքված է մտահոգված մարդկանց մի մեծ խումբ, որը չի մասնակցելու քաղաքական խաղերին, կուսակցական խաղերի մեջ չի մտնելու, այլ առաջնորդվելու է միայն ու միայն հանրության և ժողովրդի պահանջարկով:
Հարցին, քանի որ երկրի սոցիալական արդիականացման իրենց պրոյեկտում իրենք լայնորեն օգտագործելու են նաև ժամանակակից կիբեր տեխնոլոգիաները՝ «Facebook», «Twitter», արդյոք պտույտի մեջ չէ՞ քսանհինգերորդ կադրի (երբ ինչ-որ կոդ են դնում այդ կադրի տակ, ապա ջնջում են կադրը, իսկ կոդն անտեսանելի ձևով մխրճվում է «դիտորդի» ենթագիտակցության մեջ՝ կոնկրետ գործի վերածվելով) սկզբունքը՝ կիբեր, ենթագիտակցական նոր «տոլչոկի» տանելով հասարակությանը (ինչն այսօր ընդունված է ողջ աշխարհում, ու, այո, արաբական աշխարհում Wikileaks-յան հեղափոխության դրսևորումներից մեկն էլ հենց դրա արդյունքում էր), ասացին, որ խորապես դեմ են հեղափոխություններին (էվոլյուցիո՞ն էլ - հեղ.), որովհետև «հեղափոխություններն սկսվում են էնտուզիազմով, ավարտվում` արցունքներով», և դա հենց նույն՝ Wikileaks-յան համաշխարհային չափաբանությունն է ապացուցում: Ասին:
Իրենք, իրենց ասելով, էս երկրում սանիտարական միջանցքի (սանիտարական միջանցքը «պատերազմների» ժամանակ է ստեղծվում, որով հանում են ծերերին, հիվանդներին, երեխաներին) պես մի բան են ուզում դառնալ, եթե ներքին բեկման պահանջարկ կլինի ազգի մենթալ պլանում, ընդերքային սպասումներում և վերջապես՝ հնարավոր կլինի քաղաքական դաշտում այսօր ձևավորված կարծրատիպերից ազատվել, իսկապես շարժուն, ժողովրդավարական մեխանիզմներ ձևավորել, ապա իրենք պատրաստ են այդ շարժում-«տոլչոկն» ստանալու համար երկար աշխատել ու սպասել՝ արդյունքների ստացման տեսանկյունից, որ առկա մթնոլորտն առանց ցնցումների ընթանա, երկրի ապագաղափարայնացման այս վակուումը թոթափվի, կադրային այս անվերջ հոգնածությունն ավարտվի:
Այդ ներուժն ազգի մեջ նրանք տեսնում են և դա շարժելն էլ համարում իրենց գլխավոր գործը:
Եվ հետո, «արդարների» համար նույնպես շատ հետաքրքիր է, թե այս «օպրոբացիան», սոցիալական արդիականացման այս քայլերն ազգի ինքնապաշտպանության գենոմին ի՞նչ արտածման կտանեն: Արդյո՞ք տեսակը ելքեր որոնելու ընդունակությունը կկիրառի՞, թե՞… (ինչքա՜ն հետաքրքիր է, չէ՞):
Դե, վերջի համար էլ, պարզ է, չէ՞, որ նման «օպրոբացիաների», իմա՝ այս կարգի նախաձեռնությունների, ինչպես նաև խաղն առաջ տանելու համար նաև լուրջ «օպրոբացիոն» փողեր են պետք: Էն էլ՝ հայաստանյան պայմաններում: Հարցրինք մեր «նախաձեռնողականներին» (չէ՛, եկեք մի բանում անկեղծ լինենք՝ գաղափարը վատը չէ). բա փող ունե՞ք, բա որտեղի՞ց:
Ասին՝ առայժմ մեր համեստ միջոցներով, մեր համախոհներով ենք փորձում ինչ-որ բան անել: Բայց եթե կարողանանք հասնել նրան, որ մեր առաջ քաշած գաղափարների շուրջ ժամանակի ընթացքում գեներացիա տեղի ունենա, ապա այդ ժամանակ ֆինանսական ռեսուրսները ևս կգեներացվեն: Ասել է՝ աշխատող գաղափարները նաև փող են բերում:
Բոլոր դեպքերում, հետաքրքիր է:
Մնում է ասել՝ հաջողեք։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ