ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՉ ԹԵ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼ ՈՐԱԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՉ ԹԵ ՖԻԶԻԿԱԿԱՆ, ԱՅԼ ՈՐԱԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
07.05.2010 | 00:00

«Հայ-թուրքական արձանագրությունների առաջին փուլն ավարտվեց թուրքական կողմի զգալի առավելությամբ։ Այնինչ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե աշխարհածածան հաղթանակ են տարել, թուրքերի դեմքը պատռել են։ Այսօր Հայաստանը մի կողմ է քաշվել, ու որոշումներ ընդունելիս նրա տեսակետը կարող են հաշվի չառնել»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։ Նրա հետ ասուլիսի էր հրավիրված նաև Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որը, հիմնականում համաձայնելով Մելիքյանի դիտարկումների հետ, ընդգծեց. «Հայ-թուրքական սիրախաղին մեր երկիրը պատրաստ չէր։ Մենք պետք է սեփական ռեսուրսներն ամրապնդեինք, հետո միայն դիվանագիտական գործընթացների մեջ մտնեինք։ Հայաստանն այլևս սուբյեկտ չէ»։
Անդրադառնալով արձանագրությունների «մեռած» ու «կենդանի» լինելու հանգամանքին, բանախոսները, միմյանց լրացնելով, փաստեցին, որ Հայաստանը տարածաշրջանում վերածվել է «գործիքի»։ «Այսօր իշխանությունները փակուղային վիճակ են ստեղծել։ Հայաստանի միջոցով տարածաշրջանում հարցեր են լուծվում, որոնց հետ մենք ընդհանրապես կապ չունենք։ Իսկ խոսում են ոչ թե գործիքի, այլ նրա տիրոջ հետ։ Իրականում ոչ թե արձանագրություններն են մեռած, այլ Հայաստանի քաղաքական դաշտը։ Կասեցումն անգամ աշխատում է հօգուտ Թուրքիայի։ Այս ձևով, փաստորեն, Հայաստանը քարտ-բլանշ տվեց Թուրքիային»,- շեշտեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը` միաժամանակ նշելով, որ պետք չէ հոռետեսությամբ տրամադրվել մեր ներուժի նկատմամբ, պարզապես առկա զինանոցը ճիշտ պիտի օգտագործել։
Հովհաննես Հովհաննիսյանն էլ, նշելով, որ այսօր արձանագրությունները դեռևս ԱԺ մեծ օրակարգում են, հավելեց. «Հայաստանի իշխանությունների մեծագույն ցանկության դեպքում անգամ թույլ չեն տա ստորագրությունը հետ վերցնել, որովհետև Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության ձեռքում խաղաքարտ են դարձել»։
Ասուլիսն ավելի աշխույԺ դարձավ, երբ բանախոսներն անդրադարձան ներքաղաքական խնդիրներին, այստեղ արդեն կարծիքներն զգալիորեն իրարամերժ էին։ «Ցավում եմ, որ ՀԱԿ-ը, բացի իշխանափոխության գաղափարից, հարակից այլ խնդիրների վերաբերյալ զլանում է պարզաբանումներ տալ։ Տպավորություն է ստեղծվում, թե կոնգրեսն իշխանափոխությունից հետո ավտոմատ լուծելու է բոլոր խնդիրները։ Սա, անշուշտ, անվստահություն է առաջ բերում»,- նկատեց Մելիքյանը` հավաստիացնելով, որ ընդդիմությունը հասարակության այսօրվա սպասելիքները չի արդարացնում։ ՀԱԿ-ի ներկայացուցիչն առաջադրված «մեղադրանքների» մեջ փորձեց հստակություն մտցնել։ «Այս ընթացքում իշխանությունները ոչ մի դրական քայլ չկարողացան անել։ Նրանք ոչ մի սթափ խոսք չեն հասկանում։ Այնպես չէ, որ ՀԱԿ-ն առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ չի անում ու միայն իշխանափոխության մասին է խոսում։ Նույնիսկ քաղաքական պայքարը 4-5 ամսով դադարեցրինք։
Սա ամենևին էլ Սերժ Սարգսյանին սիրաշահելու համար չէր»,- հավաստիացրեց լիբերալ կուսակցության նախագահը, փաստելով, որ միջազգային ասպարեզում, Սերժ Սարգսյանից բացի, իշխանության ոչ մի ներկայացուցիչ կարծիք չի հայտնում, մինչդեռ Թուրքիայում պատկերը լիովին այլ է։ «ՈՒմո՞վ են այսօր իրենց շրջապատել, ու ովքե՞ր են միջազգային ասպարեզում, դիվանագիտական ռեսուրսով հանդես գալիս։ Հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերություններ կարգավորել, եթե ԱԺ-ի այսպիսի պատկեր ունենք, եթե կիսագրագետ նախարարներով կառավարություն ունենք։ Եթե այսպես շարունակվի, իշխանությունը նորից կվերարտադրվի»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը, որին հետևեց Արման Մելիքյանի արձագանքը. «Գուցե չարժե՞ր, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն այսքան սպասեին, գուցե փետրվարին միանգամից հարցերը լուծեի՞ն։ Փոխադարձ հրաձգությունն ու լեզվակռիվն անարդյունավետ են դարձել, չկա համախմբող ներուժ»։ «Գնդակը ձեր դաշտում է,- դիմելով Մելիքյանին` վստահեցրեց Հովհաննիսյանը,- այն մարդկանց ու քաղաքական ուժերի, ովքեր այսօր բևեռացված չեն, ո՛չ այս, ո՛չ էլ այն դաշտում են։ Նժարի որ կողմն անցնեք, նա էլ կհաղթի։ Մենք դրան ենք սպասում»։ Չեզոք դիրքի պահպանումը դժվարին գործ համարելով` ԼՂՀ նախկին արտգործնախարարը նկատեց. «Խնդիրը նժարներից մեկը ծանր դարձնելը չէ, պառակտումը պիտի փոխարինել ներհասարակական կոնսենսուսի ձևավորմամբ։ Ես դեմ եմ փողոցային, գավրոշական, հեղափոխական մեթոդներին, որոնք միշտ էլ վնասակար են եղել։ Պիտի մտածել ոչ թե ֆիզիկական, այլ որակական իշխանափոխության մասին»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ