ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ

ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ՊԱՏԿԵՐԸ ՁԵՐ
30.03.2010 | 00:00

Ավագ շաբաթն ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկու տարվա բոլորումը «մոլորել» են (երկրորդ նախագահի տերմինոլոգիան է, իմա` մոլորեցրել են) Քոչարյանին:
ՍԵՐԺԸ ՁԳԵՑ
2008-ին գնալուց առաջ Քոչարյանը մտածում էր` Սերժը չի ձգի: ՈՒ անհապաղ իր կարիքը կզգա:
Չինգիզխանը (հիշո՞ւմ եք) «գնալուց» առաջ ապսպրեց` փակել աղբյուրների բերանը, որ կյանքը կանգնի:
Ձգեց Սերժ Սարգսյանը: Երկու տարի: ՈՒ դեռ կձգի: Լի՜քը:
Ակնհայտ է` իր պես միայնակ թոշակառու Օսկանյանով, հետո էլ թոթովախոս մամլո խոսնակի երկարաշունչ «ձեռամբ» պատասխանելով Ֆասիեին ու Լենմարկերին (թե ինչու ինքը սկսեց բանակցել նաև Ղարաբաղի փոխարեն` խաղից հանելով ոչ միայն իր ճամփին պատահած յուրաքանչյուրին ու ամեն ինչ` սկսած Ղարաբաղից, հասնելով ՀՀ նախագահներին, վարչապետներին), միևնույն է` ղարաբաղյան հարցի լուծումը Քոչարյանը չի մոտեցնելու, որպեսզի 98-ի «դեժավյուն» կրկնի ու դառնա «չերիտասարդ թոշակառու»:
Նա ստիպված է համբերել: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ունի «գրիչ» ու կարող է ցանկացած պահի ցանկացած հրամանագիր ստորագրել, բայց ո՛չ երբեք` Քոչարյանի վարչապետացման:
Համ էլ` Սերժ Սարգսյանը Քոչարյանի համեմատ ունի ահավոր մեծ մի առավելություն. կարողանում է համբերել (օրինակ, նա համբերեց, որ Քոչարյանն ավարտի «սրոկը»... չե՞ք ամաչում, ո՞վ տվեց Հաագայի անունը, նկատի ունենք նախագահական երկու ժամկետները):
Իսկ Քոչարյանը ոչ միայն համբերություն չունի, այլև ռեսուրս, ահա և խոսեց «Զրադաշտը»` Վիկտոր Սողոմոնյանը, ու էլ մարդ չկա, որ ասի, թե Քոչարյանը, ի վերջո, ինչ է ուզում, երբ է ուզում, «ումով» է այդքան ահավոր շատ ուզում: Կամ էլ պիտի «մի թայլա» էլ պտտվեն. առջևում կրկին ԱԺ քառօրյան է: Բայց ոնց տեսնում եք` Գագիկ Ծառուկյանը գնացել է Դուբայ, հավե՜ս չուներ այդ խաղի մեջ կրկին ներսուզվելու, Հովհաննես Արգամիչն էլ իրեն տվել է թատրոնին (մե՜ղք է թատրոնը)` դպրոցն ու մանկահասակ երեխաների կրթական «ցենզը» մի կողմ թողած:
ՈՒ, փաստորեն, Քոչարյանը տեսնում է` «դեպոն» ոչ մի կերպ չի կանգնում, ու «նյարդում» է: Եվ այնուհանդերձ, ինչե՜ր արեց, որ «դեպոն» կանգնի հատկապես 2008-ին։ Նախ` 2005-ին Սահմանադրությամբ վարչապետին այնպիսի լիազորություններ հավելագրեց, որ ցանկացած նախագահ իրեն «անգլիական թագուհի» զգա։ Իսկ ահա Սերժը ելավ ու գնաց Բուքինգհեմյան պալատ` Քոչարյանին ցույց տալու, թե ով է իրականում անգլիական թագուհին աշխարհում։ Հետո էլ Քոչարյանին երբևէ ո՛չ այդ պալատում, ո՛չ էլ ԱՄՆ-ում չարժանացրին պաշտոնական ընդունելության: Ինչևէ:
Քոչարյանը հաշվում էր, որ իր բարեփոխած Սահմանադրությամբ նույնիսկ «կարող է պատահի տրումբեն պայթի»` ինքը չուզենա նախագահ դառնալ, մանավանդ որ, որպես վարչապետ, «թագուհի» կունենար:
Չստացվեց:
Իսկ թե 2008-ի մարտի մեկին նա ինչպե՜ս կանգնեցրեց «դեպոն», չվերհիշենք, որովհետև տասը մատղաշ տղերքի արյան հոտը դեռ բոլորիս ռունգերում է:
Բայց մի բան ասենք. եթե նկատում եք` սցենարն ահագին նույնն է. մարտի 1-ի նախօրյակին` ժողովուրդ-ոստիկանություն արյունոտ բախումից, հատուկ դրությունից մի քանի «րոպե» առաջ, դարձյալ մեջլիս մտավ Օսկանյանը (եթե չենք սխալվում` երկրում նա պիտի որ արտաքին գործերի նախարարը լիներ այն ժամանակ, բայց դե` Մինասիչը «խառնվեց» ներքին կյանքին, մեսիջներ ղրկեց հարկավորներին):
Բանն այն է, որ դրանով Քոչարյանը փորձում էր հասկացնել Սերժին, որ եթե ոչ ինքը, ապա վարչապետ պետք է նշանակվի գոնե Օսկանյանը։ Կար Հովիկ Աբրահամյանի տարբերակը ևս, սակայն քոչարյանենք այնքան էլ դրան հակված չէին. Օսկանյանի ձեռքից վարչապետությունը Քոչարյանը շատ արագ կվերցներ։ Այս բոլոր խնդիրները մենք քննարկելու ենք հերթով:
Այս պահին` ևս մեկ դիտարկում, և անցնենք երկրորդ նախագահի «ղալամով» քաշած պատկերին` ֆաս-անֆաս, հոգևոր-անհոգի բոլոր դիրքերով:
Բանն այն է, որ Քոչարյանը, որի կարծիքով այսօր «դեպոն» ընդամենն իներցիայով է առաջ շարժվում, պետք է «մոլորեր» շատ արագ. այնուհանդերձ, շատ կարևոր մեկ դիլեմայի առջև էլ է կանգնել. Հայաստան այցելած և ոչ մի պաշտոնյա, որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ չի այցելում նրան: Երբե՛ք:
Ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, որին անցնող տասը տարիների ընթացքում, երբ վերջինս ամենևին էլ ակտիվ քաղաքականության մեջ չէր, այլ «նախկին» էր և նստած տանը գիրք էր գրում (ի՜նչ կարևոր բան է տառաճանաչ լինելը), նրան գրեթե բոլորն էին այցելում: Չենք ուզում նույնիսկ հիշել, թե ինչպես նույն երկրորդ նախագահի օրոք նախագահականում խաբեցին Նազարբաևին, թե Տեր-Պետրոսյանը Հայաստանում չէ, որ վերջինս նրան չայցելի:
Հասանք պատկերագրմանը:
ՊԱՏԿԵՐ «Ա». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Երբ բազում ու բազմաթիվ ինտրիգների միջոցով 98-ին Քոչարյանը տիրացավ գահին, բոլորը մտածում էին` հնարավոր չէ` այդքան անարդարությունները նա կարողանա մարսել, և ուր որ է` աթոռը նրա տակ երերալու, փշուր-փշուր է լինելու:
Ավա՜ղ:
Ժամանակն անցնում էր, նրա դիրքերն ավելի էին «ամրակայվում»: Իսկ 98-ի անարդարություններն արդեն մանկական «միամտություններ» էին թվում այն ամենի համեմատ, որոնց շղթան արդեն հետո սկսվեց:
Էս պստիկ, ոչ մի ռեսուրս չունեցող, աշխարհից գրեթե մոռացված Հայաստանում Քոչարյանի օրոք շեքսպիրյան պալատներին հատուկ «կրքեր» խաղարկվեցին` մի կերպ, մեծ ինտրիգների արդյունքում ձեռք բերած աթոռիկը պահելու համար:
Փորձենք հասկանալ Ղարաբաղից մեզ մոտ եկած Քոչարյանի «ֆենոմենը»։ Չլինելով գրագետ, հայախոս, չտիրապետելով հայ տեսակի տիպաբանության գաղտնիքներին, չնույնացվելով հայ հողի հետ, չիմանալով հայ բնավորությունը, նիստ ու կացը, յուրացրած չլինելով հայ արժեհամակարգը, այսինքն, լինելով անչափ օտար, նա «տնավարի» եկավ ու երկար «տևեց», ու «բեզպորդոննո» դեռ ցանկանում է «տևել»` իր սկզբունքի համաձայն` «դավելով»:
Ավելին, նա, կարծես, հայոց մեջ նոր տիպաբանություն առաջացրեց` փորձելով իրեն ենթարկել «ամենն ու ամենքին»` ընտրելով իր համար ենթագիտակցական այնպիսի տարածք, որտեղ յուրաքանչյուր ոք պարտվում, անէանում-ոչնչանում է տարբեր կերպերով` ով ինչպես «կարող» է: Եվ դա ոչ այն պատճառով, որ Քոչարյան Ռոբերտն անչափ խելացի ու խոհեմ է կամ մագիա ունի և անտես ձևով ներազդում է բոլորի վրա:
Ո՛չ:
Պարզապես նա մեզանում, պալատական համակարգում բոլորովին նոր երևույթ է, և, ինչքան էլ պարադոքսալ հնչի, Քոչարյանով մեր տեսակն սկսում էր փոխվել:
Իսկ նրա տեսակն արտաքին աչքի համար չէ: Հասկանալի է` բարձրակարգ կրթություն չունի, մաներա` նույնպես: Ինչը, անկեղծ ասած, ամենևին էլ պարտադիր չէր և կարող էր լրացվել մի շարք այլ կոմպոնենտներով: Ասենք` անկեղծությամբ, հայավարի անմիջականությամբ, դիմացինի, «բարձրակարգի» գնահատմամբ, իր բացը նրանով լրացնելու կարողականությամբ:
Այո՛, Քոչարյանն արտաքին աչքի համար չէ, որովհետև ապրում է լոկ իր համար: Իսկ նման մարդիկ ինչքան էլ հասկանալի են (գիտենք, որ ընդունակ են քինախնդրության, վրիժառության, մինչև վերջին շունչը եսականությունը պահելու, ուրիշի «դիակի» վրայով անցնելու և այդպես շարունակ), սակայն մշտապես «մութ» են, անըմբռնելի:
Արևելյան իմաստությունն ասում է` որոնիր ոչ թե փաստը, այլ պատճառը:
Ի դեպ, նույն արևելքներում, ասենք, «յոգայի» (քրիստոնեության կողմից մերժելի) ուսմունքը կառուցվում է հետևյալի վրա. յոգը տարբեր վարժությունների միջոցով ողնաշարի ծայրում` «կապույտ թանաքամանի» մեջ նստած օձին արթնացնում, ողնաշարով` «չակրաներով» (էներգետիկ կենտրոններով) բարձրացնում-հանում է վեր: Մեծ պահքի Ավագ շաբաթվա մեջ դավանաբանական սխալ թույլ չտալու համար (ի դեպ, Քոչարյանը լավ չգիտի նաև Հայ առաքելական եկեղեցու և աղանդների տարբերությունը) նշենք, որ քրիստոնեությունն ուղիղ սրա հակառակն է` Սուրբ հոգին վերից` գլխից ներհոսում է դեպի մարդու սիրտն ու վերջնականապես հանգրվանում այնտեղ, զի սրտի մեջ է հոգու «գաղտնիքը». եթե սիրտը բաց է, մարդը հոգեպես կենդանի է, եթե ոչ, մարդն այլ տերերի է ծառայում։ Այսպես է ավանդում քրիստոնեությունը, իմա` Հայ առաքելական եկեղեցին:
Այսպիսով, յոգը օձին հանում է վեր` հասցնում է սրտին ու այլևս տեղ չունի նրան տանելու, քանզի «վերևում» գլխի-«սախասրարա»` Աստծո տան «չակրան» է, որը նրա համար անձեռնմխելի է: ՈՒ հենց այստեղ էլ յոգիզմը պարտվում է...
Ինչո՞ւ ենք այսքան երկար-բարակ «խորանում» այս ամենի մեջ. ընդամենը ասելու, որ եթե ոչ տեսական, ապա հաստատապես գեղագիտական առումով կարող ենք համադրել ու ասել, որ Քոչարյանի` մեր հանրության, քաղաքական, գիտական, մտավորական-հոգևոր ոլորտի համար կատարածը հետևյալն է. նրան հաջողվել է ոչ միայն իր, այլև հայ հանրության ողնաշարում քնած օձին արթնացնել, «բարձրացնել», հասցնել ոչ միայն իր շրջակայքի, այլև ողջ հանրության սիրտը: Ավելին` ոչ միայն սիրտը, այլև (թույլ տվեք ասել) գլուխը, ինչը եզակի բան է մեր տեսակաբանության համար, որովհետև հայ տեսակը նախ և առաջ հոգևոր-քրիստոնյա տեսակ է և ունի պատմական առաքելություն` տեսակը չփոխելու (թող բարձր չհնչի), հոգևոր արժեքներին հավատարիմ մնալու, օձին մասամբ տեղի տալու, բայց ոչ երբեք մինչև վերջ նրա հետ համերաշխվելու: Այն էլ` գլխի մակարդակում:
Ամենևին հակված չենք պնդումին, թե Քոչարյանին հաջողվելու է փոխել մեր տեսակը: Դա անհնարին է: Բայց նա հայ տեսակին մոտեցնելու է մի սահմանագծի, որտեղ հայը պետք է ընտրություն կատարի` ինքը համերաշխվում է օձի՞, թե՞ իր իրական բնույթի հետ:
Սա է Քոչարյանի «հոգևոր առաքելությունը» մեզանում, որը հաստատապես ո՛չ ինքն է հասկանում, ո՛չ իր միջավայրը, սակայն պրոցեսն ընթանում է` անկախ նրանց կամքը հաշվի առնելու (ահա մի տեղ, ուր նա չի կարող միակ տղամարդը լինել, որովհետև խելքը չի հասնում և պարզապես իրականացնում է վերից իրեն թելադրված ծրագիրը, և կարելի է ասել` շատ բարեհաջող)։ Քոչարյանով եռում է մեր ընդերքը, թերմացքը դուրս է գալիս ջրի երես, ինչն էլ հոգևոր իմաստով հրաշալի պրոցես է. կեռա-կթափվի, տակը մնացածից տեսակ ու որակ կգոյանա:
Եթե ոչ, դրա՛ն էինք արժանի:
Սա` հոգևոր-անտեսանելի ֆաս-անֆասը:
Հաջորդիվ կանցնենք տեսանելիին: Քաղաքական ասպեկտին: Այստեղ Քոչարյանը նույնքան «հետաքրքիր» է, որքան մնացյալում:
(շարունակելի)
Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ