ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տնտեսության աշխուժացման համար անհրաժեշտ է ոչ թե հարկային բեռի ավելացում, այլ դրա թեթևացում

Տնտեսության աշխուժացման համար անհրաժեշտ է ոչ թե հարկային բեռի ավելացում, այլ դրա թեթևացում
26.12.2008 | 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Կառավարության` ՀՀ Ազգային ժողովին ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթն անընդունելի է միանգամից մի քանի առումներով:
Ճգնաժամի փուլում հայտնված տնտեսության աշխուժացման համար անհրաժեշտ է ոչ թե հարկային բեռի ավելացում, այլ դրա թեթևացում:
Պետք է բացառել հարկային օրենքների հաճախակի փոփոխությունները:

Հարկային փոփոխություններն այսօր կարող են վտանգել 2009-ի պետական բյուջեի կատարումը: Այն ընդունված է հարկային այլ օրենքներով, և դրանց փոփոխությունները կբերեն բյուջետային համապատասխան փոփոխությունների:
Նոր փոփոխությունների փոխարեն պետք է նախ` գործող հարկային օրենսգիրքը պարտադիր դարձնել բոլորի համար և բացառել «արտոնյալներին»:
Սոցիալական կարևորագույն հիմնահարցերի շարքում առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ստվերային տնտեսության տեսակարար կշռի կրճատմանը՝ տնտեսության ընդհանուր համակարգում:
Հաշվի առնելով տնտեսական գործունեության տարբեր ոլորտների առանձնահատկությունները և ապրանքաշրջանառության ծավալները` պետք է կիրառել գոտիականության սկզբունքը և անցում կատարել հարկային շրջանայնացման: Առաջարկվում է սահմանել հարկային գոտիներ Հայաստանի ողջ տարածքով, ինչը թույլ կտա համեմատաբար բարձր հարկեր սահմանել չափից ավելի կենտրոնացված կապիտալի ու գերշահույթի ստացման շրջաններում, որոնք սովորաբար ներառում են մայրաքաղաքի կենտրոնական և դրանց հարող տարածքները, առևտրական կենտրոնները և որոշ չափով վերաբացված արդյունաբերական շրջանները: Բարձր հարկերի տարածքների սահմանումը, իր հերթին, կնպաստի առևտրական և արդյունաբերական կապիտալների ապակենտրոնացմանը, դրանց վերաբաշխմանը դեպի այն մարզերը, որոնք այդ կապիտալների ներդրումների կարիքն ունեն:
Բնականաբար, Գյումրիում, Վանաձորում, ինչպես նաև հանրապետության հարավում և հյուսիս-արևելքում՝ լեռնային և նախալեռնային շրջաններում, հարկային շրջանայնացումը պետք է նախատեսի ոչ միայն ցածր հարկեր, այլև դրանցից ժամանակավորապես ազատ ձեռնարկատիրություն: Միայն նման մոտեցումը թույլ կտա հավասարակշռել ժողովրդի կենսամակարդակի խիստ բևեռացված վիճակը և մարզերի անհամաչափ զարգացումը: Այս լծակի օգտագործումը տնտեսության ավելի գրավիչ պայմանների ձևավորմամբ կօգնի արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման անհրաժեշտ բազայով հիմք դնելու ռազմավարական նշանակության սոցիալ-տնտեսական այնպիսի կարևոր հիմնահարցերի լուծման համար, ինչպիսիք են սահմանամերձ, լքված գյուղերի վերաբնակեցումը, բնական աճի խթանումը, գյուղացիական տնտեսությունների համապարփակ զարգացումը և արտագաղթի կասեցումը:
Պետական բյուջեի եկամտային մասում շարունակում են աճել անուղղակի հարկերը, ինչը վկայում է տնտեսության իրական հատվածի զարգացման խիստ անբավարար մակարդակի մասին: Անհրաժեշտ է պետության տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման արդյունքում հասնել ուղղակի հարկերի տեսակարար կշռի աստիճանական աճի և դրա գերակշռությանը` անուղղակի հարկերի համեմատ: Պետական եկամուտների մի զգալի մասն ապահովվում է ոչ թե ռիթմիկ գործող տնտեսությունից ստացվող ուղղակի հարկերից, այլ հիմնականում անուղղակի հարկերից և սահմանի վրա գանձվող մաքսատուրքերից: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 10,3 մլրդ դրամ հավելուրդով` գերազանցապես հենց հիշյալ եկամուտների հաշվին:
Շարունակում է անբավարար մակարդակի վրա մնալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը: Այս ցուցանիշի գծով 16%-ով Հայաստանը 175 երկրների ցուցակում վերջին տասնյակներում է և առայժմ հեռու է քաղաքակիրթ երկրների տնտեսություններին բնորոշ 50-60% ցուցանիշից: Անհրաժեշտ է լրջորեն մտահոգվել երկրի մրցակցային առավելությունների բացահայտման, տնտեսության մրցունակության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման հարցերով` միաժամանակ հրաժարվելով ստվերի կրճատման երկակի ստանդարտներից:
Հարկերը պետք է նպաստեն արտահանման ծավալների ավելացմանը: Դատելով առկա միտումներից` 2009-ին կարելի է կանխատեսել արտահանման համեմատ ներմուծման ծավալների գրեթե հնգապատիկ գերազանցում, որը կարող է ավելի խորացնել տնտեսական ճգնաժամը, և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և որպես դրա հետևանք` մասնավոր տրանսֆերտների կրճատման պայմաններում կարող է կտրուկ կրճատել սպառողական պահանջարկն ու շղթայական ռեակցիայով ավելի դժվարացնել երկրի տնտեսական առողջացման գործընթացը: Այս ամենի հետ սերտորեն առնչվում է հաջորդ մտահոգությունն առ այն, որ աղքատության վերացումը ենթադրում է ոչ այնքան պետական բյուջեի ծախսերից այդ նպաստների գումարների բացարձակ ավելացում, որքան նոր աշխատատեղերի ստեղծում, նոր հարկվող արդյունքների արտադրություն և գործազրկության աստիճանական վերացում: Այդ նպատակով անհրաժեշտ է հարկային արտոնություններ նախատեսել նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկատերերի համար:
Ճկուն հարկային քաղաքականությամբ խթանելով մանր ու միջին ձեռներեցության զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը` կառավարությունն իր աշխատանքի կարևորագույն խնդիրներից պետք է համարի արտագաղթի կանխումը, ստեղծագործ աշխատանքի համար գրավիչ պայմանների ստեղծումը, սպառողական զամբյուղի նվազագույն մակարդակի ապահովումը, միջին խավի վերականգնումը: Հիշյալ խնդիրների լուծման հաջողությունը պայմանավորվում է կառավարության, Ազգային ժողովի և հասարակության բոլոր խավերի համագործակցությամբ և օժանդակությամբ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 7617

Մեկնաբանություններ