Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գրպանդ լայն բացիր սեպտեմբերին ընդառաջ

Գրպանդ լայն բացիր սեպտեմբերին ընդառաջ
28.08.2009 | 00:00

ՀՈ՞ԳՍ, ԹԵ՞ ՏՈՆ
Յուրաքանչյուր մարդու կյանքում հիշարժան օրերն այնքան էլ շատ չեն։ Գրեթե բոլոր կարևոր իրադարձություններն սկսվում են «առաջին» բառից՝ առաջին խոսքը, առաջին քայլերը։ Եվ առաջինների այդ շարքում իր հատուկ տեղն ունի առաջին զանգը։ Գիտելիքի օրվան՝ Սեպտեմբերի 1-ին, մնացել է շատ քիչ ժամանակ, և ծնողներին շատ մեծ փորձություն է սպասում՝ ինչպե՞ս երեխային ուղարկել դպրոց, ի՞նչ գնել առաջին հերթին, և ի՞նչը թողնել հետոյի համար։
Հանրապետության տոնավաճառները, գրենական պիտույքների, պայուսակների վաճառքի կետերն ու խանութներն այս օրերին արտասովոր բազմամարդ են: ՈՒսումնական տարին իր հոգսերով բախել է դպրոցական տարիքի երեխաներ ունեցող բոլոր ընտանիքների դռները: Ծնողները, բնականաբար, նստել-հաշվել են, թե մեկ երեխային դպրոց ուղարկելու համար որքան գումար է հարկավոր և, հավանաբար, դժվարությունների առաջ են կանգնել: Գրքերի, տետրերի, գրենական պիտույքների կողքին կա նաև հագուստի խնդիրը:
Տոնավաճառների և առևտրի կետերի վաճառասեղանները հիմնականում լեցուն են առավել մատչելի չինական և թուրքական ապրանքներով, թեև վաճառողները դժգոհում են գնորդների պասիվությունից, նշելով, որ սովորաբար ամենաաշխույժ առևտուրը տեղի է ունենում օգոստոսի վերջին օրերին։ Բացի այդ, տոնավաճառների աշխատողները նկատում են, որ որոշակի զանգված նախընտրում է գնումները կատարել ավելի քաղաքակիրթ տարբերակով՝ ֆիրմային խանութներից անհամեմատ որակյալ պիտույքներ ձեռք բերելով։ Դպրոցական երեխաներ ունեցող ծնողները վկայում են, որ մեր կրթական համակարգում ցայտուն շերտավորում կա, ինչը մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում, բացի այդ, ներկայիս կրթական համակարգը բավականին արժեզրկվել է, և որակյալ կրթություն ստանալու փոխարեն երեխան մտածում է հագուկապի մասին։ «Նյութականացված» դպրոցներում բոլորովին այլ չափանիշներով են առաջնորդվում: Ով լավ տեսք ունի, հարգի է, ով հասարակ է, իրենից բան չի ներկայացնում: Որքան էլ զարմանալի է, երբեմն մանկավարժների վերաբերմունքը նույնպես արտահայտվում է աշակերտի սոցիալական դիրքին համարժեք ձևով:
Դարձյալ վերադառնանք սեպտեմբերմեկյան գնումներին և սկսենք ամենաթանկից՝ հագուստից։ Պարզվում է` 5000 դրամից էժան կոշիկ գնելն անհնար է։ Կաշվե կոշիկները, բնականաբար, թանկ արժեն։ Տղաների կոստյումը սկսվում է 5000 դրամից, աղջիկների սպիտակ վերնաշապիկը՝ 2500 դրամից, տղաներինը՝ 2000 դրամից։ Կիսաշրջազգեստի նվազագույն գինը 2500 դրամ է, տղաների տաբատները՝ 2000-3000 դրամ։ Սրան պետք է գումարել նաև մարզահագուստի արժեքը։ Ընդ որում, բերված գները շուկայում նվազագույնն են, դրանց առավելագույն սահմանը նշել անհնար է, քանի որ ֆիրմային խանութներում դրանք կարող են հասնել աստղաբաշխական թվերի։ Բացի այդ, նշված գները ցածրդասարանցիների համար են, բարձրդասարանցիների հագուստն այլ գնացուցակի մեջ է։
Դպրոցական նորաձևությունը բոլորովին այլ խոսակցության թեմա է, որը ժամանակ առ ժամանակ արծարծվում է, սակայն վերջնական լուծում այդպես էլ չի ստանում։ Համազգեստով դպրոց հաճախել-չհաճախելու հարցը մշտապես օրակարգում է։ Ինչպես հայտնի է, նման պարտադրանք որևէ դպրոցի չի ներկայացվում, այդ հարցը որոշում են կրթօջախները, դպրոցականները կամ էլ ծնողական համայնքները։ Մեզ հետ զրուցած ծնողների մեծ մասը հակված էր ազատ հագուստին և դեմ էր համազգեստի պարտադրանքին։ Մի կողմից` համազգեստը սահմանափակում է աշակերտների այլ հագուստ կրելու ցանկությունը, մյուս կողմից՝ լրացուցիչ ծախսերի առաջ կանգնեցնում ծնողներին։ Իհարկե, ծնողների և ուսուցիչների մի մասն էլ կարծում է, որ համազգեստն ինչ-որ չափով կօգնի դպրոցում սոցիալական անհավասարությունը հարթելուն, և աշակերտների ուշադրությունն ավելի շատ կկենտրոնացնի գիտելիք ստանալու վրա։
Նոր ուսումնական տարվա համար բավականին մեծ գումար է պահանջվում նաև գրենական պիտույքների համար։ Տասներկու թերթանի տետրի գինը 25-70 դրամի սահմաններում է, հաստ տետրերը կարելի է գնել 100-300 դրամով, գրիչները՝ 50-ից 100, գունավոր մատիտները՝ 100-ից 1000, ֆլոմաստերը՝ մոտ 500 դրամով։ Դպրոցական պայուսակների գները տատանվում են 1500-2000 դրամի սահմաններում, թեև կան նաև 13-15 հազար դրամանոց պայուսակներ։ Յուրաքանչյուր երեխայի համար կարելի է 1000-ական դրամ էլ հատկացնել քանոնի, ռետինի, սրիչի, տետրերի կազմերի համար։ Գրենական պիտույքներից բացի, պետք է ձեռք բերել նաև դասագրքեր, ինչը վարձակալության սկզբունքով դպրոցներն են տրամադրում։ Դեռ մինչև սեպտեմբերի 1-ն աշակերտները ձեռք են բերել դրանք՝ վարձակալության համար վճարելով մոտ 6000 դրամ։
Խոսակցության առանձին թեմա են շուկայում առաջարկվող տետրերը։ Դրանք հիմնականում թուրքական ծագում ունեն՝ ինչ-որ աստղերի պատկերներով։ Շարունակում են նորաձև մնալ կիսամերկ դերասանուհիների և երգչուհիների նկարներով տետրերը։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջին շրջանում սկսել են թողարկվել նաև հայկական տետրեր՝ հայրենի ճարտարապետության դրվագներով, թևավոր խոսքերով, հայ գրականությունից մեջբերումներով։ Նշենք, որ հայկական տետրերը նույնպես մատչելի են և բավականին որակյալ՝ ի տարբերություն թուրքական արտադրանքի։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ