ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ժամանակավորապես անտեսում են խոր պատմությունից եկող հակասությունները

Ժամանակավորապես անտեսում են խոր պատմությունից եկող հակասությունները
01.08.2024 | 12:22

Ինչքան մեծ, հզոր և լուրջ է երկիրը, այնքան ուրիշները հաշվի են նստում նրա հետ և այնքան մեծանում է այն բանի շանսն ու հնարավորությունը, որ նման երկիրը կարող է, թեկուզ մասամբ, կառավարել իր ապագան։

Շատ հզորներից մի քիչ ներքև կան կիսամեծ երկրներ, ասենք Իրանի, Թուքիայի կամ Պակիստանի նման, որոնք նույն հզորների տեսանկյունից աշխարհի կառավարման գործում իրենց համար պարզապես խոչընդոտներ են, խանգարիչ հանգամանքներ, որոնցից պետք է ազատվել։

Այդ պրոբլեմի լուծումը, մեծերի տեսանկյունից, նման կիսամեծ երկրների տրոհումն է այնպիսի մասերի, որոնք ավելի հեշտ կառավարելի կլինեն, և կարիքի դեպքում կարող են նաև հեշտությամբ թշնամանալ մեկը մյուսի հետ՝ հիշենք Հարավսլավիայի դեպքերի շարքը (նման մոտեցումը պայմանականորեն կարելի է անվանել քարկտիկի սկզբունք՝ մանկական քարկտիկ խաղի նման)։

Այս պրոբլեմը բոլորովին այլ լույսի տակ է երևում տրոհման ենթակա կիսամեծ պետությունների կողմից։

Բնականաբար, նման պրոբլեմների լուծումը կիսամեծերը տեսնում են իրենց ուժերը միավորելու և դրանով տարատեսակ ճնշումները դիմակայելու մեջ՝ թեկուզ մասամբ և ժամանակավորապես անտեսելով խոր պատմությունից եկող իրենց սեփական հակասությունները։

Թվում է, թե նման լույսի տակ կարող է ինչ-որ չափով հասկանալի դառնալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների 2022-ի ամռանը տեղի ունեցած բազմիմաստ գագաթնաժողովը։

Նման երկրների կողմից թեկուզ ժամանակավոր և քիչ պրոբլեմներ շոշափող ինչ-որ աստիճանի ալյանսի, միության կամ կոալիցիայի ստեղծումը ունի աշխարհաքաղաքական խոր իմաստ:

- Նախ, նման միությունն ունի շատ կարևոր ստրատեգիական դիրք Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի միջև, և նրա բնակչության գումարային թիվը անցնում է 300 միլիոնից, որը ներկա աշխարհաքաղաքական խաղի պայմաններում անհրաժեշտ հզորության մինիմումն է:

- Այն կարող է լինել լուրջ խաղընկեր կամ խոչընդոտ Ասիայի և Եվրոպայի միջև (чем чёрт не шутит, կամ տեր Աստծո գործերն անքննելի են, ամեն ինչ էլ կարող է լինել):

- Նման միությունը նաև շատ լուրջ մեսիջ է իր խորքերում մնացող մեր նմաններին, այն է՝ տեղներդ նստեք ու ոտքներդ մեկնեք ձեր վերմակի չափով, շատ ավելի մեծ շահեր ու պոտենցիալ կորուստներ կան, որոնք համարյա թե կապ չունեն ձեզ հետ, պարզապես մի շարունակեք պրոբլեմներ ստեղծել ավելի մեծերի համար և, եթե ուզում եք շարունակել տապակվելը ձեր ավանդական պրոբլեմների մեջ, կարող եք շարունակել, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում ներկա աշխարհակործան պրոբլեմների ֆոնի վրա։

Բացի դրանից, նման հանգամանքներում թույլերի ու թույլիկների բազմաթիվ մանր-մունր պրոբլեմները մեծերի ու կիսամեծերի տեսանկյունից դառնում են կառուցվող կոալիցիաների ներքին խնդիրներ։

Մյուս կողմից էլ, թույլերի ու թույլիկների որոշ առաջնորդներ, արդեն լինելով դժոխքի կաթսայի մեջ, պատրաստ են ստեպ-ստեպ կաթսայից իջնել կրակը թեժացնելու համար և նորից վերադառնալ այնքան տաքուկ ու հարմար կաթսայի մեջ։

Ամեն գնով ապրելու ձգտումը մեզ հոգեկան հիվանդ է դարձրել ազգային մակարդակով, չնայած նրան, որ մենք անձ մակարդակով նորմալ միջինից մի բան էլ ավել ենք, բայց ուրիշների ստեղծած նպաստավոր քաղաքակրթական միջավայրում միայն մենք կարող ենք ամբողջ փայլով հանդես գալ։

Ցավոք սրտի, մենք մերոնց ծաղկելու համար նպաստավոր միջավայր սարքողներից չենք, չունենք դրա համար անհրաժեշտ հավաքական հզորությունը, քանի որ այն արդեն սպառված է լինում մինչ այդ՝ փոխադարձ ագրեսիայի մթնոլորտում և մանր ժուլիկային տիպի նպատակների ու դրանց հետևանք կոնֆլիկտների ու ինտրիգների վրա։

Նման հանգամանքները շատ կարևոր են մեր ներկա վիճակը հասկանալու և չափից դուրս շատ ավելորդ քայլեր չկատարելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ