Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Ինչ ասաց հայտնի անձնավորությունը Հռչակագրի տեքստի մասին և ինչու

Ինչ ասաց հայտնի անձնավորությունը Հռչակագրի տեքստի մասին և ինչու
26.08.2023 | 07:20

Հիմա կարող եմ հանգիստ խոսել, թե ինչ ասաց հայտնի անձնավորությունը Անկախության հռչակագրի մասին: Իր ասածը բացահայտում է 2018-ի Դավադրության բուն նպատակը, այսինքն, այն քաղաքական գիծը, ինչի համար նրան բերել են իշխանության, ու ինչն ունի աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, որի հետևանքով կարող է վերանալ Հայաստանի պետականությունը: Սա հասկանալու համար պետք է վիճակը սթափ գնահատել՝ առանց էմոցիաների:

Ինչպես վերականգնվեց Հայաստանի պետականությունը

Ներկայիս Հայաստանը ստեղծվել է 1828-ին՝ այս տարածքները Ռուսաստանի կողմից գրավելու հետևանքով: Ինչ խնդիր էր լուծում այն ժամանակվա Ռուսաստանը: Ռուսաստանին պետք էր դուրս գալ Սև ծով, ինչը չէր ստացվի, եթե չգրավեր Հյուսիսային ու Հարավային Կովկասը՝ դրանով ապահովելով սևծովյան տարածքների անվտանգությունը: Սև ծովի տարածքները Ռուսաստանը գրավել է օսմանցիներից՝ Ղրիմը, Հարավային Ուկրաինան, Մոլդովան, Ազովի ծովը, Հյուսիսային Կովկասը, Հարավային Կովկասն արդեն օսմանցիներից ու Պարսկաստանից: Դա լիարժեք դարձրեց Սև ծովի վերահսկողությունը, այսինքն, տաք ջրեր դուրս գալու խնդիրը:

Այս գործընթացը տևել է տասնյակ տարիներ՝ հարյուր հազարավոր զոհերի ուղեկցությամբ, միլիոնավոր մարդկանց տեղահանությամբ: Ճակատի մյուս կողմում օսմանցիներն ու բրիտանացիներն էին:

Ռուսաստանի վարած էթնոքաղաքականության նպատակն այն էր, որ օսմանցիներին ու Կովկասի թաթարների միջև, որպես սեպ, պետք է հանդես գային հայերն ու վրացիները: Կազմակերպում էին էթնոսների տեղահանություն՝ իրենց անհրաժեշտ էթնոխճանկար ստեղծելու համար:

Մասնավորապես, այսօրվա Թուրքիայում բնակվում են մոտ 5 միլիոն Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգորդներ, չհաշված ձուլվածներին, հարյուր հազարավորները զոհվել են տեղահանության ու պատերազմների ժամանակ:

Դա նշանակում էր այդ ժողովուրդների միջև հարատև կոնֆլիկտներ, ինչը թույլ կտար վերահսկել իրավիճակն, ու Ռուսաստանը հանդես կգար դատավորի, երբեմն՝ միջնորդի դերում:

Դա վատ է, սակայն դրա շնորհիվ հետագայում վերակագնվեց Հայաստանի պետական սուբյեկտայնությունն ու փրկվեց Վրաստանի պետականությունը, ինչը չէր լինի առանց դրա:

Առհասարակ, փոքր պետությունները ստեղծվում են համապատասխան աշխարհաքաղաքական դերակատարություն վարելու համար՝ որպես բուֆեր, որպես կոմպրոմիս և այլն: Այդ դերի կորուստը կարող է բերել նաև այդ երկրների պետականության կորստի: Նույնը՝ ամեն տեղ, սկսած Եվրոպայից, անկախ նրանից՝ ով է դա անում՝ Ռուսաստա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, Ֆրանսիա՞ն… Դա աշխարհաքաղաքականության օրենքն է՝ բաժանիր, որ տիրես:

Սա է իրականությունը, ինչը պետք է հասկանալ:

Հիմա մի մեջբերում հայտնի անձնավորությունից, ու հասկանանք, թե ինչ է նա ասել:

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:

Ասածի իմաստն է այն է, որ Հռչակագրի տեքստում կան մտքեր, որոնք մեզ հակամարտության մեջ են պահում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչից օգտվում է Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը), և մենք ի վիճակի չենք ապրել խաղաղության մեջ: Այսինքն, մենք միշտ Ռուսաստանի աջակցության կարիքն ենք ունենալու, որպեսզի պաշտպանվենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Այսինքն, ըստ նրա, մեր ընտրությունից է կախված, թե մենք ինչպես կապրենք:

Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանին ու Թուրքիային, առնվազն, պետք է Սյունիքը՝ թյուրքական աշխարհ ստեղծելու համար, ինչում նրանք առաջ են գնացել, կնքելով ռազմական համագործակցության պայմանագրեր, ստեղծել համադաշնության կառույցներ և այլն: Սյունիքի հարցում նրանք չեն զիջելու՝ անկախ մեր դիրքորոշումից:

Ում էին ուղղված հայտնի անձնավորության խոսքերը

Այդ անձնավորության խոսքերի հասցեատերը Միացյալ Նահանգներն էին: Նա դիմում էր ԱՄՆ-ին, տողատակերում ասելով, որ ես Ձեր պրոյեկտն եմ և կատարել եմ ձեր առաջադրանքները, սակայն դուք, աջակցելով թյուրքական աշխարհի ստեղծմանը, ի հակակշիռ Ռուսաստանի, Իրանի, իսկ հետագայում Չինաստանի, Հայաստանը ամբողջովին եք զոհաբերում, և դրանով իրեն խաբել են կամ «քցել» են ու եթե չկարողանան այս փուլում զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները, Հայաստանում կգան հակառակ ուժեր, որոնք արդեն չեն լինի Արևմուտքի կամակատարները, ու «ԽՍՀՄ»-ը կվերականգնվի:

Դրանով նա փորձում է համոզել նրանց, որ Հայաստանն ու իրեն վերջնականապես չվերացնեն, այլապես, կան ուժեր, որոնք դեմ կլինեն այդ ծրագրերին ու աշխարհաքաղաքական այլ ընտրություն կկատարեն:

Այդ անձնավորության տեքստի վերջին հատվածը մեջբերենք. «Եվ հիմա, Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի օրը, ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը անկախության օրակարգն է, որովհետև, եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Սրանով նա ԱՄՆ-ին ու «միջազգային հանրությանը» կոչ է անում զսպել Ադրբեջանին, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Սա փրկության ու ողորմածության կոչ է, որը մեծ քաղաքականության մեջ որևէ նշանակություն ու ազդեցություն չունի:

Մեծ քաղաքականության մեջ կան լավ ու վատ երկրներ: Գրածից չի բխում, որ Ռուսաստանը լավն է, ԱՄՆ-ը՝ վատը, կամ հակառակը: Մեծ քաղաքականության մեջ կան շահեր, որոնք ճզմում ու ոչնչացնում են ժողովուրդներ ու երկրներ: Ամեն ինչ որոշում են չոր շահերը, որոնց հիման վրա էլ կատարվում է ընտրություն: Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, Իրանը, Թուրքիան էլ՝ իրենցը, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ ԱՄՆ-ի խնդիրները, ինչը բնական է. քաղաքականության ու բիզնեսի մեջ բարեգործություն չեն պահանջում կամ՝ ակնկալում:

Հ.Գ. Արևմուտքը Երևանի ընտրությունների ժամանակ այդ անձնավորությանը փոխարինող պրոյեկտ է նախագծում, որը նրան կփոխարինի ու ավարտին կհասցնի Արևմուտքի ծրագիրը՝ ստեղծել թյուրքական աշխարհ: Դա ուկրաինական Զելենսկու նմանությամբ նոր պրոյեկտ է՝ Հայկ Մարությանի տեսքով: Երևանի ընտրությունները նոր քաղաքական դաշտ ստեղծելու նախերգանքն է: Ուր հասցրեց Զելենսկին Ուկրաինան, բոլորդ գիտեք, Հայաստանում դա ունենալու է ավելի ողբերգական արդյունք:

Կոչ եմ անում Երևանի ընտրությունների ժամանակ լինել ակտիվ, ընտրություն կատարել ոչ թե ինչ-որ ներկայացումների հիման վրա, ինչպես Ուկրաինայում՝ «Ժողովրդի ծառան» սերիալի, այլ հասկանալ, որ մոտ ապագայում սպասվելիք պրոցեսները ձեր ձայնից են կախված:

Պետք չէ կրկնել 2018-ի սցենարը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ