Մայիսի 14-ին Թուրքիայում ընտրություններ են։
Նախագահի պաշտոնին հավակնում են երկու թեկնածու, Էրդողանը եվ Քըլըչդարօղլուն։
Քանի որ Թուրքիան մեր հարևան և պատմականորեն բացարձակ թշնամի, ցեղասպան պետություն է, կարծում եմ, շատերին կհետաքրքրի ընտրությունների ելքը, ինչը բախտորոշ կարող է դառնալ նաև մեր երկրի համար։
Առանձին քննարկենք թեկնածուներին, նրանց բացասական և դրական արդյունքներով երկրի համար։
ԷՐԴՈՂԱՆ.
1. Այս քաղաքական գործիչը Թուրքիան դարձրեց տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը։
2. Նրա իշխանության ընթացքում Թուրքիան դարձավ տարածաշրջանի տնտեսապես հզոր երկիր, թուրքական արտահանումը դարձավ հարևանների արտարժութային պաշարների քամիչը։
3. Թուրքիան ստեղծեց անօդաչուների արտադրության հզորություններ, որի առանձին մոդելներ վճռական դեր ունեն արդի ռազմական կոնֆլիկտներում։
4. Թուրքիայում կառուցվեց խոշորագույն ատոմակայան, որը ապագայում միջուկային պետություն դառնալու լուրջ հնարավորություն է դիտվում։
5. Բացասական իմաստով արդյունքների մեջ առաջնայինը դա հարևանների հետ պատերազմի առկայությունն է: Երկիրը պատերազմում է Սիրիայում, Իրաքում, գերլարված են հարաբերությունները Հունաստանի, Հայաստանի հետ, Իրանի հետ կա ստորջրյա խորը լարվածություն։
6. Երկրի ներսում կան դատապարտված շուրջ 150 հազար զինվորականներ, դատավորներ, ընդդիմադիրներ և տապալված հեղաշրջման հազարավոր աջակիցներ։
7. Հզոր երկրաշարժի արդյունքում երկրում առկա են տնտեսական լուրջ վնասներ, որոնք առնվազն մի քանի տարի դեռ զգացվելու են, իսկ դրանց վերացման համար պահանջվելու են տասնյակ միլիարդ ԱՄՆ դոլարներ։
8. Էրդողանի Թուրքիան համարվում է ՌԴ նախագահի ստվերային աջակիցը, ինչն էլ իր կնիքն է դնում արևմտյան երկրների կողմից Թուրքիայի հետ վստահելի համագործակցության վրա։
9. Քրդաբնակ արևելյան շրջաններում և Եվրոպային սահմանամերձ շրջաններում Էրդողանի նեոթուրանիզմի գաղափարները չեն ընդունվում, կամ կատարելապես մերժվում են ազգային թշնամանքի և կամ կոսմոպոլիտիզմի պատճառով։
10. Եվրոպական երկրներն Էրդողանին համարում են գաղթականներին դեպի Եվրոպա ուղղելու հիմնական մեղավոր և սլաքավար-շանտաժիստ։
11. Էրդողանը ծանր հիվանդ է և, ամենայն հավանականությամբ, առավելագույնը մեկ կամ երկու տարվա ֆիզիկական կյանք ունի, ինչն էլ խոսում է նրա քաղաքական գործունեության վաղաժամկետ ավարտի հնարավորության մասին։
12. Էրդողանը ստախոս է, քաղաքական արկածասեր, որին հանգիստ չի տալիս իսլամական աշխարհի խալիֆը լինելու ցնորքը։
13. Էրդողանի ընտանիքը, փեսան, բարեկամները, մերձավոր ընկերները ուզուրպացրել են տնտեսությունը, դառնալով մաֆիոզ կառույց, որի ձեռքում են հայտնվել տասնյակ միլիարդ դոլարների ֆինանսական հոսքեր։
ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒ.
1. Այս թեկնածուն վայելում է բնակչության շուրջ 45 տոկոսի բարեհաճությունը։
2. Բավականին համեստ, մեղմ դիրքորոշում ունի Իրանի, Հունաստանի հետ հարաբերությունների մասով։
3. Ամերիկյան և եվրոպական կենտրոնների համար ունի չեզոք դիրքորոշում` ՌԴ ղեկավարի հետ ստվերային համագործակցության իմաստով։
4. Վայելում է քրդական շրջանների բնակչության աջակցությունը, ինքն իր հերթին անձնապես խոստովանում է ալևիտ լինելու փաստը, որը թուրք ազգայնականների համար ծանր հարված է։
5. Տնտեսության հարցերի հետ կապված վայելում է շատ տնտեսագետների աջակցությունը, որոնք Էրդողանի կողմից թուրքական լիրայի արժեզրկման բացասական հետևանքների դեմ են, միևնույն ժամանակ դեմ են անընդհատ աճող ռազմական ծախսերի քաղաքական կամքին։
6. Այս թեկնածուին սատարողների մեջ մեծ ծավալ են կազմում երիտասարդները, որոնք Էրդողանի փոխարեն ցանկանում են տեսնել նոր դեմք։
7. Այս թեկնածուն փորձելու է հիմնականում խորանալ երկրաշարժի հետեանքների վերացման գործում, հաշվի առնելով այդ շրջաններում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում նրա արտահայտած կոչերը։
8. Քըլըչդարօղլուն հակված է փակելու Էրդողանի ստեղծած նավթային մաֆիան հյուսիսային Իրաքի հետ, որը ծանր հարված կլինի ստվերային այդ շղթայի բոլոր մասնակիցներին։
Ամփոփելով վերը ներկայացված փաստարկները, կարելի է չկասկածել, որ այս ներթուրքական ընտրությունները լինելու են շրջադարձային ու նաև դրամատիկ։
Անկասկած է, որ միապետական դիրքորոշում ունեցող Էրդողանը և նրա մերձավորները փորձելու են հաղթանակ կորզել հնարավոր բոլոր մեթոդներով և կանգ չեն առնելու բախումների, ձերբակալությունների, կեղծիքների, լցոնման առջև։
Կարծում եմ` քաղաքացիական պատերազմի չի հասնի իրադրության զարգացումը, եթե Էրդողանին հաջողվի չեզոքացնել բանակի ղեկավարներին։
Իսկ թեկնածուներից ո՞վ է մեր համար համեմատաբար նախընտրելի։ Այդ իմաստով, պետք է հիշել, որ Էրդողանի մոտ հակահայ դիրքորոշումն արդեն հետդարձի ճանապարհ չունի, իսկ նրա և Իլհամի միակամությունը մեր համար լուրջ վտանգներ է պարունակում։
Պակաս կարեւոր չէ Էրդողանի եվ ՌԴ նախագահի անձնական շփումները, որի օգնությամբ ՌԴ և Ադրբեջան քաղաքական շփումները դարձել են գեր լավատեսական։ Կարծում եմ, որ Թուրքիայի նոր նախագահ Քըլըչդարօղլուն կարող է որոշակի բարենպաստ դիրք և մեղմ քաղաքական գործելաոճ ունենալ, քան նեոօսման Էրդողանը, որի քաղաքական և ֆիզիկական մահվանն են սպասում տասնյակ միլիոնավոր մարդիկ Մերձավոր Արևելքում։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ