ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն
05.04.2023 | 21:14

Նիկոլը կառավարության մարտի 30-ի նիստում ելույթ ունենալով, մասնավորապես ասել է.
«Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի Հանրապետության տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի Հանրապետության տարածք»։

Բնականաբար, հարցեր են առաջանում…
Սուտ 1-ին. նախ, ինչպե՞ս է Նիկոլի ասած՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխած նոր ճանապարհը 2022 թ. օգոստոսին, դրանից հետո գործարկվել, այսինքն՝ շահագործման հանձնվել և օգտագործվել, երբ այդ նույն ճանապարհը, ինչպես Նիկոլը հենց ինքն է ասել, ամբողջությամբ պատրաստ չի եղել ու կատարվել է մի այլ՝ ժամանակավոր երթուղու գործարկում:
Երկրորդ. եթե Լաչինի միջանցքի երթուղին իրականում փոխվել է ոչ թե Ալիևի կամ Ադրբեջանի ղեկավարության պահանջով, ոչ թե այդ պահանջին (ի դեպ, հնարավոր է նաև Նիկոլի նույնաբովանդակ պահանջին) Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի դավաճանական համաձայնությամբ, այլ 2022 թ. օգոստոսին նոր ճանապարհի գործարկմամբ, ինչպես Նիկոլն է ներկայացրել, ապա ինչու՞ է Լաչինի միջանցքի գործող երթուղին հապշտապ փոխվել այդ նոր ճանապարհով, որն «ամբողջությամբ պատրաստ չէր»:
Ավելին. ոչ միայն ամբողջությամբ պատրաստ չի եղել, այլև պատրաստ չլինելու և Ադրբեջանի ղեկավարության հետ իշխանությունների դավաճանական համաձայնության պտճառով ստիպված ենք եղել ավելի քան կես տարի վտանգելով մեր կյանքը, երթևեկել թշնամու՝ Ադրբեջանի տարածքով:
Մի բան էլ արձանագրենք և անցնենք առաջ. Նիկոլը ոչ միայն հերթական անգամ ստել է, այլև հերթական անգամ չի օգտագործել «Արցախի Հանրապետություն» անվանումը (պետության վարչական անվանումը), փոխարենը՝ իր խոսքում քանիցս գործածել է «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը: Գուցե վախեցել է, որ եղբայրը, իր իսկ բնորոշմամբ, «բարեկիրթ Ալիևը» կկտրի յուր զույգ ականջները, եթե համարձակվի պետության՝ «Արցախի Հանարպետություն» վարչական անվանումն օգտագործել, ինչն արտահայտում է ԱՀ-ի առանձին, անկախ պետություն լինելու, Ադրբեջանի կազմում չգտնվելու հանգամանքը:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը,- շարունակելով իր խոսքը, ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը:- Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի Հանրապետության տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»:
Սուտ 2-րդ. այսպիսով Նիկոլն իր համոզվածությունն արտահայտելով, նույնիսկ ընդգծել է, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի «պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»:
Ոչ միայն ընդգծել, այլև մի քանի բառից հետո կրկնել է. «Կրկնում եմ՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել՝ այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում, հետևյալն է. նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ»:
Կարելի է պատկերացնել, թե որքան ճչացող է Նիկոլի այս հերթական սուտը, որ նույնիսկ Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» (ԱԱԾ) կոչվածը, որն իրականում Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության է վերածվել, այնուհանդերձ, նրա վերոնշյալ ելույթից մի քանի ժամ անց ստիպված է եղել հերքել Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի սուտը.
«Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա»,- նշված է «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրությունում:
Նորություն չէ, որ Նիկոլը ոչ միայն ուզուրպացրել է իշխանությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը վերածել է ոստիկանական բռնապետության, այլև պետության մակարդակն իջեցրել է շրիշակի մակարդակի: Դժվար չէ պատկերացնել նաև, թե հիմա ինչպես են դրսում մեր չարակամները, ներառյալ՝ Ալիևը, քահ- քահ ծիծաղում՝ կարդալով «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրությունը ու տեսնելով նրա կողմից «վարչապետ» կոչվածի ստի հերքումը:
Բայց սուտը՝ սուտ, պետական դավաճանությունը՝ պետական դավաճանություն. հանցավոր անգործությունը՝ հանցավոր անգործություն. հերթական անգամ Հայաստանի զինված ուժերի, այս անգամ արդեն նաև «ԱԱԾ» կոչվածի համապատասխան պաշտոնյաների, ծառայողների կողմից դրսևորվել է առնվազն հանցավոր անգործություն:
Ընդ որում, հանցավոր անգործության անմիջական պատասխանատուները, գրեթե չեմ կասկածում, տվյալ արարքը դրսևորել իրենց ղեկավարների գիտությամբ, համաձայնությամբ կամ նրանց հրամանները, կարգադրությունները կատարելով, նրանք էլ, հավանաբար, հե՛նց Նիկոլի պահանջը կատարելով, ինչի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ խախտելով Հայաստանի սահմանը, ըստ «ԱԱԾ» կոչվածի, առաջ են եկել 100- 300 մետր (ոչ պաշտոնական գնահատումներով՝ մինչև 500 մետր) և առնվազն հինգ հատվածում դիրքավորվել Հայաստանի ինքնիշխան տարածքում, այդպիսով խախտելով մեր պետության տարածքային ամբողջականությունը և սպառնալիքի տակ դնելով Հայաստանի արտաքին անվտանգությունը: Թշնամին, առանց որևէ դիմադրության հանդիպելու, Տեղ գյուղի մոտ գրավել է մոտ 100 հեկտար վարելահող:
Քառասունչորսօրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում արձանագրված ու դրանից հետո ի հայտ եկած փաստերի համատեքստում կարծում եմ, որ տվյալ դեպքում ևս առերևույթ հանցագործություն՝ պետական դավաճանություն է կատարվել՝ հանցավոր անգործության դրսևորմամբ, որն «ԱԱԾ» կոչվածի կողմից քողարկվել է իր հաղորդագրությունում նշված «էսկալացիա թույլ չտալու» կտրականապես անընդունելի պատճառաբանությամբ: Այդ նույն տրամաբանությամբ Նիկոլը, նիկոլենք, գլխավոր շտաբը, «պաշտպանության նախարարություն» և «ԱԱԾ» կոչվածները վաղը կամ մյուս օրը ողջ Սյունիքը, Սևանա լիճը, հետո նույնիսկ Երևանն էլ կարող են, առանց դիմադրության, հանձնել թշնամուն:
Վերոնշյալ հանցավոր անգործության պատճառով մեր արտաքին թշնամուն փաստորեն օգնություն է ցույց տրվել թշնամական գործունեություն իրականացնելու համար՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Սա հաղորդում է հանցագործության մասին, որին, սակայն, ինչպես նախորդած դեպքերում, Հայաստանի գլխավոր դատախազն ու դատախազությունը համապատասխան ընթացք չեն տա: Այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց, Նիկոլին ու նիկոլենց իշխանությունից հեռացնելուց հետո միայն: Այդ ժամանակ համապատասխան քրեաիրավական գնահատական կտրվի նաև գլխավոր դատախազի և «ԱԱԾ» կոչվածի ղեկավարության անգործությանը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/220607/31/23/35/

Դիտվել է՝ 7779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ