ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արմեն Գևորգյան. Ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները

Արմեն Գևորգյան. Ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները
24.12.2020 | 15:50

Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։

Այսպես․
Մեր երկրում ընդունվել և գործում է հատուկ օրենք՝ ՀՀ Պետական սահմանի մասին, որտեղ նկարագրված են ՀՀ պետական սահմանների նույնականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ու գործընթացները, որտեղ հստակ սահմանված է, թե ինչպիսի իրավական փաստաթղթերով են կարգավորվում այդ բոլոր հարցերը։ Այդ փաստաթղթերն են՝ միջազգային պայմանագրերն ու օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» կապ չունի Հայաստանի պետական սահմանների պարամետրերի որոշման հետ, որոնք կարող են սահմանվել բացառապես միջազգային պայմանագրով։


«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը և դրա հետագա փոփոխություններն ընդունվել են այն օբյեկտիվ գիտակցությամբ, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների որոշ հատվածներ սահմանակից են Արցախի Հանրապետության հետ։ Եվ դա օբյեկտիվ իրականություն էր մինչև 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։ Պայմանավորվող կողմերի միջև պետական սահմանների նոր պարամետրերը կարող էին հստակեցվել միայն Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո։ Եթե Փաշինյանը և նրա խորհրդականները ուշադիր ուսումնասիրեն օրենքի տեքստը, օրինակ դրա չորրորդ հոդվածը, կտեսնեն, որ Հայաստանի համար ադրբեջանական կողմի հետ որոշ հարցեր ամեն դեպքում բաց էին մնացել՝ Արարատի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում։ Սույն օրենքի հավելված 2-ի 2.2-րդ բաժնի 78-րդ կետում նշված Պարույր Սևակ, 2.10-րդ բաժնի 5-րդ կետում նշված Ազատամուտ և 49-րդ կետում նշված Ոսկեպար համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների կարգավորումից հետո:
Այլ երկրների հետ սահմանային մասեր ունեցող համայնքների վարչական սահմանների պարամետրերի վերջնական հստակեցման համար գոյություն են ունեցել նաև այլ հարցեր։ Ուզում եմ հարց տալ. երբ 2020-ի հուլիսին Տավուշում Հայաստանի ԶՈՒ իրականացրած գործողության արդյունքում զբաղեցվել էին նոր դիրքեր և տարածքներ, ի՞նչն էր փոխվել, այդ մարզի համայնքների վարչական սահմաննե՞րը, երկու կողմերի ԶՈՒ շփման գի՞ծը, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը:
3. Եթե «վարչատարածքային բաժանման մասին» գործող օրենքի դրույթները կասկածներ և անհանգստություն էին առաջացրել նոր իշխանությունների մոտ, որոնք արցախյան բանակցությունների գործընթացը սկսել էին «նոր կետից», 2018-ի դեկտեմբերից խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող էին փոփոխություններ ու ճշգրտումներ մտցնել։ Բացի այդ, կուզեի հիշեցնել, որ համաձայն մեր Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան՝ օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը մատնանշելու փոխարեն՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեիք՝ հստակեցնելով սահմանների պարամետրերը, ստանայիք Սահմանադրական դատարանի եզրակացությունը և խորհրդարանում վավերացնեիք այն։ Իսկ հիմա մենք Սյունիքում ի՞նչ ունենք, Ադրբեջանի հետ պետական սահմա՞ն, թե՞ կողմերի ԶՈՒ միջև շփման գիծ։ Իսկ ի՞նչ ունենք Տավուշում, Վայոց Ձորում և Նախիջևանի հատվածում։
4. Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլև՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Համաձայն ՀՀ պետական սահմանի մասին օրենքի՝ այդպիսի փաստաթղթեր հանդիսանում են միջազգային պայմանագրերը կամ օրենքները։ Այս կատեգորիաներից որի՞ն է պատկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և արդյո՞ք պահպանվել են դրա ընդունման բոլոր իրավական նորմերը: Մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք գոյություն ունեն այլ՝ չհրապարակված փաստաթղթեր, որոնցով Փաշինյանի կառավարությունը սկսել է հստակեցնել սահմանների պարամետրերը։ Հասկանո՞ւմ էին Փաշինյանը, ԱԳ և ՊՆ նախարարները, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շարունակությունը լինելու է այն, որ Ադրբեջանը փաստացի միակողմանիորեն սահմանելու է իր համար պետական սահմանի ամենանպաստավոր պարամետրերը, եղե՞լ են արդյոք այս հարցերի քննարկման համար համատեղ կամ բազմակողմ հանձնաժողով ստեղծելու փորձեր։
5. Ստորագրված հայտարարությունը, բացի նրանից, որ հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների արագ և անհասկանալի հստակեցմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ռուս զինվորականների տեղակայմանը, միաժամանակ որոշ տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի քննարկման պատճառ դարձավ: Դրանց մասին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից, դեռևս ոչ ոքի ոչինչ հայտնի չէ։ Օրինակ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, որ կա պայմանավորվածություն՝ Ադրբեջանին՝ բացի Մեղրիի միջանցքից, այլ միջանցք տրամադրելու մասին, որն Ադրբեջանին հնարավորություն կտա Նախիջևանից Հայաստանի տարածքով դեպի Լաչինի և Քելբաջարի շրջաններ կարճ ճանապարհ ունենալ։ Պատահակա՞ն է, որ Ադրբեջանը Ջերմուկի մոտակայքում սկսել է ամուր ռազմական շրջան կառուցել։ Արդյոք հասկանո՞ւմ ենք մենք, որ մեր տնտեսական բարեկեցության համար հիմնական ռիսկերը ի հայտ են եկել հե´նց այն շրջաններում, որտեղ գործունեություն են ծավալում Հայաստանի հիմնական հարկատուները՝ Քաջարանի կոմբինատ, Սոթքի ոսկու հանք, Մեղրիում՝ Ագարակի կոմբինատ։
6. Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, որ պետական սահմանների դեմարկացիայի անցկացման համար, որպես կանոն, ձևավորվում է պետական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ հանրապետական և տեղական կառավարման մարմինների մասնակցությամբ։ Ստեղծվե՞լ է նման հանձնաժողով Հայաստանում, որտե՞ղ և ինչպիսի՞ որոշումներ է ընդունել Սյունիքում սահմանների պարամետրերի մասով։ Ո՞վ է որոշել, որ այն պետք է հստակեցվի GPS-ի միջոցով։ Ասեմ նրանց, ովքեր տեղյակ չեն, որ արդեն տասնամյակներ շարունակ, չնայած Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերություններին, մենք դեռ ունենք համատեղ սահմանի որոշ հատվածներ, որոնց հետ կապված դեռևս չենք կարողացել պայմանավորվել, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Նույնիսկ հայ-վրացական սահմանի դեմարկացիայի ժամանակ կողմերը առաջնորդվում են ԽՍՀՄ ժամանակ ընդունված տարբեր քարտեզներով և փաստաթղթերով, ինչը հանգեցնում է տարաձայնությունների։ Իսկ այսօր մենք նույնիսկ չգիտենք, թե ո´ր փաստաթուղթը և ինչո´ւ հենց այդ մեկն է հայկական կողմից որպես հիմք ընդունվել Սյունիքում պետական նոր սահմանները հստակեցնելու համար։
7. Սահմանի այդ հատվածի դեմարկացիայի վերաբերյալ հայկական կողմից կոնկրետ ո՞վ է բանակցություններ վարում։ Ընդունված որոշումների համար պատասխանատվությունը անհատականացնելու տեսանկյունից դա շատ կարևոր է։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Վրաստանում սկանդալ հասունացավ վրաց-ադրբեջանական սահմանի պատճառով, և Վրաստանի մի շարք պաշտոնյաներ քրեական պատասխանատվության ենթարկվեցին՝ սահմանների պարամետրերի վերաբերյալ կայացրած որոշումների համար։
8. Պետական սահմանի դեմարկացիայի գործընթացը և դրա անվտանգության ապահովումը օրենքով վերապահված են ԱԳՆ-ին և ԱԱԾ-ին (հոդված 28)․ բանակը չի կարող որոշել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա պետական սահմանը։ Հենց նույն՝ գործող օրենքով Հայաստանի ԶՈՒ-ը հատկապես պատասխանատու են Հայաստանի օդային սահմանի պաշտպանության համար և աջակցում են սահմանների պաշտպանությանը։
9. Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում ռուս զինվորականների ներկայությունը Արցախից դուրս՝ հայ-ադրբեջանական սահմաններին։ Սա կարևոր է իմանալ, քանի որ, եթե ոչինչ չի փոխվել, համաձայն գործող պայմանագրերի՝ ռուս սահմանապահները մինչ այժմ Հայաստանում պաշտպանում էին միայն ԱՊՀ արտաքին սահմանները, իսկ դա Թուրքիան է ու Իրանը։ Հենց այդ պատճառով՝ ռուս սահմանապահներ չեն եղել հայ-վրացական սահմանին, Տավուշում, Գեղարքունիքում և Նախիջևանի հատվածում, որտեղ մենք Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենք, քանի որ այդ հատվածները համարվում են ԱՊՀ ներքին սահմաններ։


10. Գոյություն ունեն ՀՀ պետական սահմանների պարամետրերի որոշման ազգային օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ ՀՀ պետական սահմանի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն միջազգային պայմանագրերի կամ օրենքի հիման վրա։ 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ես չեմ հանդիպել պաշտոնական տեղեկատվության, որ ստորագրված լինեն որևէ նոր պայմանագրեր կամ ընդունված լինեն նոր օրենքներ՝ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ։
Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ՝ առանց միջազգային իրավունքի և սեփական օրենսդրության պահպանման՝ Հայաստանի հետ սահմաններ հաստատել, քանի որ դա նրա համար ձեռնտու է։ Իսկ մենք Փաշինյանին թույլ ենք տալիս անպատասխանատու ձևով և պետական օրենսդրության խախտմամբ՝ ի վնաս մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության Հայաստանի նոր սահմանները գծել, շարունակել մանիպուլացնել հասարակական կարծիքը։

Դիտվել է՝ 4795

Մեկնաբանություններ