Դեկտեմբերի 18-19-ին Մոսկվայում կայացել է սամբո մարզաձևից հանրահայտ Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 14 երկրի 130 մարզիկ։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ։
Աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, որը հիմնականում հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում, մրցումային առաջին օրը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խերտեկին։
Մրցումային երկրորդ օրը մարտական սամբոյի 68 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի երկրորդ արծաթե մեդալը նվաճել է Սամվել Բադալյանը։
Մարզական սամբոյի մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ