Երեկ օնլայն ձևաչափով տեղի է ունեցել The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունը։ Դրան է անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը՝ մեկնաբանելով մրցանակին հավակնող ֆուտբոլիստների կազմը։ Տղամարդկանց պայքարում մրցանակին հավակնում են Լիոնել Մեսին, Քրիշտիանու Ռոնալդուն ու Ռոբերտ Լևանդովսկին։
«Ես զարմացած եմ, որ Քրիշտիանու Ռոնալդուն ու Մեսին հայտնվել են հավակնորդների թվում, ու չեմ հասկանում, թե ինչու նրանք պետք է լինեին այնտեղ։ Ցավոք, ֆուտբոլը բիզնես է, ու կուլիսներում կան գործակալներ, մամուլ, շատ այլ բաներ՝ բացի տեսախցիկներից ու նրանից, ինչ մենք տեսնում ենք։ Այդ ամենը որոշակիորեն շփոթեցնում է։ Լավագույն խաղացող պետք է դառնա Ռոբերտ Լևանդովսկին։ Եթե դա տեղի չունենա, հասկանալի կդառնա, որ մենք ականատես եղանք մեծ անարդարության»,- Բերբատովի խոսքն է մեջբերում Marca-ն։
Տեղեկացնենք, որ դափնեկիրները որոշվելու են վեց անվանակարգում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, տարվա լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ, կին դարպասապահ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ