Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից միայն չորս թիմ այս մրցաշրջանում դեռևս չի կրել պարտություն։ Դրանք են Գերմանիան ներկայացնող «Բայերն» ու «Վոլֆսբուրգը», իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Այս տուրում նրանց շարքը լքեց Մադրիդի «Աթլետիկոն»։
ԳԵՐՄԱՆԻԱ
«Լայպցիգ»-«Վերդեր» մրցակցությունն ավարտվել է 2։0 հաշվով՝ տանտերերին հնարավորություն տալով 24 միավորով ամրագրվելու աղյուսակի երրորդ հորիզոնականում։ Նույնքան միավորի տեր է դարձել նաև «ՈՒնիոն Բեռլինին» հյուրընկալված «Բավարիան»։ Այստեղ իրողությունները զարգացել են հետևյալ կերպ։ Արդեն չորրորդ րոպեին անկյունայինի փայլուն խաղարկումն առաջ է մղել տանտերերին։ Մյունխենցիների խաղային ձեռագրին ծանոթը դրանից, բնականաբար, ողբերգություն չէր կարող ապրել, քանզի հրաշալի գիտի թիմի պոտենցիալը։ Սակայն պատասխան գոլն անհամորեն ուշանում էր։ Այն իրողություն է դարձել միայն երկրորդ խաղակեսի միջնամասում։ Տուգանայինի կենտրոնում փայլուն դիրքավորված Լևանդովսկին բաց չի թողել հնարավորությունը։ Այս մրցակցությունում այլ գոլ չի արձանագրվել։ Նկատենք, որ սա վերջին հինգ խաղում մյունխենցիների երրորդ ոչ-ոքին էր։
«Բավարիայի» այս մասնակի վրիպումը «Հոֆենհայմին» հյուրընկալած Լևերկուզենի «Բայերի» համար առաջատարությունը ստանձնելու փայլուն հնարավորություն էր, սակայն դրա համար նախ անհրաժեշտ էր հաղթել մրցակցին։ Շտապենք ասել, որ այն առաջադրված խնդիրը լուծել է գերազանց՝ քարը քարի վրա չթողնելով «Հոֆենհայմից»՝ 4։1։ Այս հաղթանակից հետո «Բայերի» անվան դիմաց փայլփլում է 25 թիվը, որը նրա միավորների թվային արտահայտությունն է։
«Այնտրախտի» նկատմամբ 2։1 հաշվով տնային հաղթանակը «Վոլֆսբուրգին» 22 միավորով տեղ է ապահովել չորրորդ հորիզոնականում։
Անսպասելիորեն պարտություն է կրել Դորտմունդի «Բորուսիան», այն էլ՝ սեփական հարկի տակ, այն էլ՝ խոշոր հաշվով՝ 1։5։ Դորտմունդցիներին ցավեցրել է «Շտուտգարտը»։
17 միավորով առաջին վեցյակը եզրափակում է «ՈՒնիոն Բեռլինը»։ Մայրաքաղաքցիները երկու նիշով են հետ «Բորուսիայից»։
ՖՐԱՆՍԻԱ
«Լիլ»-«Բորդո» մրցակցությունում հաղթանակ տոնած տանտերերը՝ 2։1, մտքով անգամ չէին կարող անցկացնել, որ առաջատարության բերկրանքն ըմբոշխնում են ոչ թե հաշված ժամերով, այլ շատ ավելի լայն ժամանակային չափումով։ Բանն այն է, որ «Լիոնին» հյուրընկալած «Պարի Սեն Ժերմենը» պարտություն կրեց (0։1) ու իրենից առաջ թողեց ոչ միայն «Լիլին», այլև օրվա մրցակցին։ «Լիլն» ու «Լիոնն» ունեն 29-ական, «մայրաքաղաքցիները»՝ 28 միավոր։
Ներքին առաջնությունում անպարտ մրցելույթների շարքը շարունակել է «Մարսելը»։ Այս անգամ նրա առջև ընկրկողը եղել է «Մոնակոն»՝ 2։1։ «Մարսելը» 27 միավորով երրորդ տեղում է, սակայն, ի հաշիվ պակաս անցկացրած խաղի, շարունակում է մնալ դիվիզիոնի պոտենցիալ առաջատարը։
Բավականին աշխույժ մրցակցություն է ծավալվել «Լանս»-«Մոնպելիե» դիմակայությունում, որտեղ տոն տվողը գերազանցապես հյուրերն են եղել։ Նախահարձակ լինելով՝ Միշել Դեր-Զաքարյանի սաները հաշվի մեջ առաջ են անցել երկու գնդակի առավելությամբ, սակայն հյուրերը կարողացել են վերադառնալ խաղ ու հավասարեցնել հաշիվը։ «Մոնպելեին» ևս մեկ անգամ հաջողվել է հաշվի մեջ առաջ անցնել։ Հետագա զարգացումները ցույց են տվել, որ դրանով այդ հանդիպումում խփելիք գոլերի քանակը կողմերը սպառել են։ 3։2 հաշվով հաղթանակը հյուրերին 26 միավորով տեղ է ապահովել առաջին հնգյակում։
ԻՍՊԱՆԻԱ
Տուրի կենտրոնական հանդիպումն անվիճելիորեն «Ռեալ»-«Աթլետիկո» մադրիդյան դերբին էր։ Այս հանդիպման նշանակությունը մեծ էր մի շարք առումներով, իսկ դրանց մեջ գլխավորը թերևս այն էր, որ առաջնության գլխավոր մեդալների համար պայքարում «Աթլետիկոյից» հետ մնալը ծայրահեղության չհասցնելու համար «արքայականը» դատապարտված էր հաղթելու։
Մրցակցի դարպասի առաջին գրավումը «սերուցքայինները» իրականացրել են անկյունայինը փայլուն խաղարկելու արդյունքում, իսկ երկրորդն իրականություն է դարձել այն բանից հետո, երբ թնդանոթից արձակված «կրակազարկը» դիպել է դարպասաձողին, որից հետո, անդրադարձվելով Օբլակից, հայտնվել ցանցում։ Հաղթանակ 2։0 հաշվով, ու «Ռեալը» 23 միավորով երրորդ հորիզոնականում է։
Այս պարտությունից հետո «Աթլետիկոն» կարող էր կորցնել առաջատարությունը, եթե «Էյբարին» հյուրընկալած «Ռեալ Սոսիեդադը» հաղթեր մրցակցին։ Հաղթելու դեպքում՝ ամբողջությամբ, ոչ-ոքիի դեպքում՝ մասնակի, քանի որ այս պարագայում առաջատարությունը մադրիդցիները սանսեբաստացիներին զիջելու էին ի հաշիվ ավելի վատ լրացուցիչ գործակիցների։ Ճիշտ է՝ այս դեպքում էլ Դիեգո Սիմեոնեի սաները կմնային լիդեր, սակայն այս անգամ «պոտենցիալ» բառի հավելումով։ Ինչևէ։ «Ռեալ Սոսիեդադը» չի կարողացել լիովին ճնշել «Էյբարին» ու բավարարվել է միավոր վաստակելով՝ 1։1։
Նույնպիսի արդյունքով է ավարտվել նաև «Բետիս»-«Վիլիառեալ» առճակատումը։ Վերջինս 22 միավորով չորրորդ հորիզոնականում է։
Տուրի իր հանդիպումը շատ ավելի վաղ անցկացրած «Կադիսը» 18 միավորով եզրափակում է առաջին վեցյակը։ Նրանից մեկ միավորով ու մեկ հորիզոնականով վեր է արտագնայում նվազագույն հաշվով «Խետաֆեին» պարտության մատնած «Սևիլիան»։
Որքան էլ իր մրցելույթներով ավելի շատ հարցեր հարուցող ու հարցականների տեղիք տվող, այդուհանդերձ չենք կարող շրջանցել «Բարսելոնին»։ «Լևանտեի» հետ տնային մրցավեճը կատալոնցիներն անցկացրել են՝ ունենալով ճնշող առավելություն, սակայն հաղթանակն ավելի քան համեստագույն հաշվով է եղել, ու թե չլիներ Մեսին իր կայծակնային կողմնորոշմամբ, թիմը դժվար թե խուսափեր հերթական միավորների կորստից։ 17 միավորով կատալոնցիներն ութերորդ հորիզոնականում են։
ԱՆԳԼԻԱ
Լոնդոնյան «Էվերտոն»-«Չելսի» դերբին ավարտվել է առաջինի հաղթանակով՝ 1։0, որը, փայլուն մեկնարկից հետո միավորներ շաղ տալով, էապես վատացրել էր մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքերը։ Ինչ վերաբերում է «ազնվականներին», նրանց պարտությունն ավելի քան տեղին է եղել մերձակա հետապնդողների համար։ «Սաուտհեմպտոնը» տնային խաղում պարտության է մատնել «Շեֆիլդին»՝ 3։0, նման հաջողությունից անպակաս չի մնացել և «Բրայտոնին» հյուրընկալած «Լեստերը»՝ 3։0։ «Աղվեսներն» ունեն 24, «Սաուտհեմպտոնը»՝ 23 միավոր։ Նրանք աղյուսակի երրորդ-չորրորդ տեղերում են։
Մանչեստրյան դերբիում խաղաղ հանգուցալուծմամբ են դիմակայությունն ավարտել տեղի երկու գրանդ ակումբները, որոնք այդպես էլ չեն կարողանում ներխուժել լավագույն վեցյակ։ Հասկանալի է, որ դա ժամանակի խնդիր է, բայց և այնպես ձգձգվող իրողություն։ Գոնե սեփական երկրպագուների համար, որոնք աշխարհում հարյուրավոր միլիոններով են հաշվվում։
Սակայն տպավորություն թող չստեղծվի, թե խոսքով ընկած, կարող ենք մոռացության տալ առաջատարներին՝ Տոտենհեմին» ու «Լիվերպուլին»։ Բնավ։ Երկուսն էլ արտագնա հանդիպում էին անցկացնում, ու եթե Ժոզե Մոուրինիոյի սաների մրցակիցն աղյուսակի միջնամասում գտնվող «Կրիստալ Պալասն» էր, ապա Յուրգեն Կլոպի տղաները պիտի որ խնդիր չունենային աղյուսակի հետնախորշերից աչք չբացող «Ֆուլհեմի» պարագայում։ Սակայն երկուսն էլ իրենց դիմակայություններն ավարտեցին նույն 1։1 հաշվով՝ աղյուսակի գլխամասում այդպես էլ անկարող լինելով արմատական փոփոխություն մտցնելու։ Երկուսն էլ ունեն 25-ական միավոր։
ԻՏԱԼԻԱ
Ինչ արդյունք էլ գրանցվեր «Միլան»-«Պարմա» դիմակայությունում, ոչնչով չէր կարողանալու ազդել մրցաշարային աղյուսակում միլանցիների ունեցած դիրքի վրա, որն արդեն որերորդ տուրից միանձնյա առաջատար է։ Բնականաբար, «Միլանը» պիտի փորձեր առավելագույն հատույցով օգտվել անհամեմատ թույլ մրցակցի հետ հանդիպումից ու, հաղթելով, մերձակա հետապնդող «Ինտերից» պոկվածությունը պահել հինգ նիշի հեռավորության վրա սակայն, հակառակ սպասածի, հյուրերը Միլան էին ժամանել կռիվ տալու մտադրությամբ ու թե չլիներ հավելյալ ժամանակում տանտերերի խփած գոլը, երեք միավոր վաստակած էին դառնալու տուն։ Գրանցվել է գոլառատ ոչ-ոքի՝ 2։2։
Հանդիպման 77-րդ րոպեին է միայն «Ինտերը» կարողացել խոցել «Կալյարիի» դարպասը, ինչը տվյալ պահի համար ընդամենը հաշիվ հավասարեցնել է նշանակել։ Հուրախություն սեփական երկրպագուի, միլանցիները չեն կանգնել ձեռք բերածի վրա՝ նախ հաշվի մեջ են առաջ անցել, իսկ հավելյալում առավել ամրապնդել առավելությունը՝ 3։1։ Այս չորրորդ անընդմեջ հաղթանակը «Ինտերին» 24 միավորով հանել է երկրորդ հորիզոնական։
Եթե զարգացումներն ենք նկատի առնում, ճիշտ և ճիշտ նույն սցենարով է ընթացել «Նապոլի»-«Սամպդորիա» դիմակայությունը։ Տարբերությունը եղել է երկու բանում. այստեղ հաղթել են տանտերերը, և հանդիպման հաշիվն է փոքր-ինչ այլ եղել՝ 2։1։ «Նապոլիի» անվան դիմաց 23 միավոր է, այն մեկ միավորով է հետ մնում «Ինտերից»։
23 միավոր է նաև «Յուվենտուսի» անվան դիմաց։ Թուրինցիները հյուրընկալվելիս 3։1 հաշվով պարտության են մատնել «Ջենովային»։ Այստեղ դուբլով աչքի է ընկել Ռոնալդուն։ Ի դեպ, դարպասի նրա երկու գրավումն էլ արդյունք են 11-մետրանոց տուգանային հարվածների։ «Ծեր սինյորայի» կազմում սա տաղանդավոր պորտուգալացու 100-րդ մրցելույթն էր։
Սեփական հարկի տակ հաղթական մրցելույթ է ունեցել «Սասուոլոն»։ Մրցակիցն է եղել 0։1 հաշվով զիջած «Բենևենտոն»։
Ընդհանուր թվով վեց գոլ և հաղթանակ 5։1 հաշվով՝ ահա այսպիսին է եղել «Բոլոնիա»-«Ռոմա» դիմակայության արդյունքը, որտեղ իտալացի «գայլերի» գոլերից մեկի հեղինակն էլ մեր Հենրիխ Մխիթարյանն է։ «Ռոման» 21 միավորով եզրափակում է առաջին վեցյակը, նրանից մեկ միավոր ավելի ունի «Սասուոլոն»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ