Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային մրցելույթներն ավարտված են։ Հայտնի իննին, որոնք էին Մյունխենի «Բավարիան», «Յուվենտուսը», «Բարսելոնը», «Լիվերպուլը», «Մանչեստր Սիթին», «Չելսին», Դորտմունդի «Բորուսիան», «Սևիլիան», «Պորտուն», հավելվեցին «Ռեալը», «Աթլետիկոն», «Պարի Սեն Ժերմենը», «Լացիոն», «Ատալանտան», «Լայպցիգը», Մենխենգլադբախի «Բորուսիան»։ Եթե խմբավորենք, կստացվի, որ եվրոպական թիվ մեկ խաղարկության փլեյ օֆում ունենալու ենք չորսական իսպանական ու գերմանական, երեքական անգլիական ու իտալական, մեկական ֆրանսիական ու պորտուգալական թիմ։
A ԽՈՒՄԲ
Խմբային վերջին հանդիպումն էլ «Բավարիան» անցկացրեց բարձր նոտայով՝ 2։0, թեպետ մյունխենցիների համար այդ հաղթանակը մրցաշարային աղյուսակում ոչինչ չէր որոշում, մինչդեռ լինեին փոքր-ինչ մեղմ, մրցակցի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» համար Եվրոպայի լիգայի դուռ բացող կդառնար, բայց թե, մի փոքր կատակենք, ո՞վ էր ռուսներին հեռավոր 1945-ին խնդրել գնալ-հասնել գերմանական երկրի սիրտ ու մի խելապակասի պատճառով անմարդկային ջարդ կազմակերպել, որ հիմա վերցնեին ու տարիների «անխելամտության» պատասխանը ստանային։ Բա որ մարդիկ ասում են, թե ոչինչ անպատիժ չի մնում, նաև նման բաները նկատի ունեն, թեպետ, եթե անկեղծ, բոլոր ժամանակներն էլ իրենց բաժին մարդկային պատուհասն ունեն՝ ով-ով, գոնե մենք մեր այս օրերում այնպես դառնորեն համոզվեցինք այս ճշմարտությունում ու դեռ շարունակում ենք համոզվել, քանի դեռ հոգեգարին իր տեղը ցույց չենք տվել։
Նույն «անհանդուրժողության» ականատեսը եղանք և «Զալցբուրգ»-«Աթլետիկո» դիմակայությունում որտեղ արձանագրվել է նույն 2։0 հաշիվը (նկատենք, որ այստեղ առաջին դեպքի պատմական ենթատեքստը չկա)։ Այնպես որ, վերջին տուրն այստեղ ամեն ինչ նախկինի պես թողել է անփոփոխ։
B ԽՈՒՄԲ
Սա H-ի պես այն երկրորդ խումբն էր, որտեղ նախորդ տուրերի արդյունքներով ամեն ինչ կատարյալ անորոշության մեջ էր։
Սկսենք Մադրիդի «Ռեալ»-Մենխենգլադբախի «Բորուսիա» մրցակցությունից։
Իր նշանավոր հայրենակցի՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար կրկին փրկարարի դեր կատարեց Կարիմ Բենզեման, ում անվան դիմաց է գրանցված հանդիպման երկու գոլն էլ։ Հաղթանակն «արքայականին» հնարավորություն տվեց տասը միավորով բարձրանալու առաջին հորիզոնական, ապահովելու փլեյօֆյան առաջին ուղեգիրը։ Միջանկյալ նկատենք, որ ազգությամբ ալժիրցի ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձավ հինգերորդը, ով Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում հատել է 50+ գոլի սահմանը։ Նրանից վաղ այդ բանն արել են Լիոնել Մեսին (71), Քրիշտիանու Ռոնալդուն (67), Ռաուլը (53), Ռուդ վան Նիստելրոյը (50)։ Հավելենք, որ Բենզեման մեկ այլ ռեկորդային ցուցանիշ էլ է արձանագրել՝ «Ռեալի» կազմում նա անցկացրեց 527-րդ խաղը՝ դառնալով «արքայականի» կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստը։
Երկրորդ մրցակցությունը, որտեղ ուժերը չափում էին «Ինտերն» ու «Շախտյորը», ի հայտ չբերեց օրվա ուժեղագույնին՝ դառնալով կատարյալ ողբերգություն իտալական ակումբի համար, որն այդպես էլ ի զորու չեղավ պոկվելու չորրորդ հորիզոնականից։ Այս գոլազուրկ ոչ-ոքին ուկրաինական ակումբին միավորներով հավասարեցրեց գերմանականին, սակայն քանի որ լրացուցիչ գործակիցները հօգուտ «Բորուսիայի» էին, հենց նա էլ տեր դարձավ երկրորդ ուղեգրին։ Նկատենք, որ սա գերմանական ակումբի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյօֆյան փուլին մասնակցելու հնարավորություն է ստանում։
«Շախտյորն» ուժերը կչափի Եվրոպայի լիգայի խաղարկությունում։
C ԽՈՒՄԲ
«Մանչեստր Սիթին» բարեգթության նշույլ իսկ ցույց չտվեց «Մարսելին»՝ ֆրանսիական ակումբին այդպես էլ թողնելով բացի տուն գնալուց ուրիշ ոչ մի տեղ չտանող չորրորդ հորիզոնականում՝ 3։0։
Նույն կերպ վարվեց և «Օլիմպիակոսին» հյուր գնացած «Պորտուն»՝ թափանցիկ ցուցանելով, որ եթե խնդիր ունես, հույսդ պիտի ամբողջապես քեզ վրա դնես։ Իհարկե, հույները ֆրանսիացիների համեմատ ավելի համեստ հաշվով պարտվեցին՝ ընդամենը երկու անգամ գնդակը սեփական դարպասից հանելով, սակայն նրանց այս պարտության մեջ, այնուամենայնիվ, որոշակի սփոփիչ բան կար՝ նրանք պայքարը շարունակելու են Եվրոպայի լիգայի խաղարկությունում։
D ԽՈՒՄԲ
Մարզական առումով «Միդտյուլանդ»-«Լիվերպուլ» դիմակայությունը ոչ մի նշանակություն չուներ, քանզի, ինչպես անգլիացիներն էին վաղօրոք ապահովել խմբային առաջին տեղը, նույն կերպ աղյուսակի չորրորդ հորիզոնականն էր իրենով «արել» մրցակիցը։ Այնպես որ, սկզբունքորեն ոչինչ տարօրինակ չէր նրանում, որ այդ մրցակցությունն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով՝ 1։1։ Նկատի ունենալով կողմերի ունեցած քաշային կարգերի տարբերությունը՝ կարելի է այսպես ասել՝ անգլիացիները մրցակցին թողել են մի փոքր զվարճանալ։
Միանգամայն ուրիշ բան էր խմբային երկրորդ դիմակայությունը, որտեղ հաղթանակը տանտիրոջ կարգավիճակ ունեցող «Այաքսի» համար կապահովեր խմբային երկրորդ ցանկալի ուղեգիրը։ Լարված մրցավեճն այստեղ, ի վերջո, հաղթանակ է բերել «Ատալանտային»։ Հանդիպման միակ գոլը հյուրերը խփել են խաղավարտից հինգ րոպե առաջ, օգտվելով նաև այն հանգամանքից, որ դրանից հաշված րոպեներ առաջ տանտերերը մնացել են տասը հոգով։
E ԽՈՒՄԲ
Այստեղ վերջին տուրից առաջ ինչն ինչպես կար, այդպես էլ մնաց։ Պարզապես «Չելսին» սեփական հարկի տակ անարյուն հանդիպում ունեցավ «Կրասնոդարի» հետ՝ մեկական գոլերի փոխանակմամբ, «Սևիլիան» էլ հյուրընկալվելիս ձեռքից բաց չթողեց «Ռենին» հերթական անգամ ստորացնելը՝ 3։1։ 14 ու 13 միավորներ ունեցող անգլիական ու իսպանական ակումբները շարունակելու են մրցելույթները Չեմպիոնների լիգայում։
Այս խաղարկությունը ոչ պակաս հաղթական էր ռուսական ակումբի համար, որը նվաճեց Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունք։ Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանց այլ բան չի մնում, քան ապագայի համար տխուր մրցելույթներից հետևություններ անել։
F ԽՈՒՄԲ
Դորտմունդի «Բորուսիան» հարցերը նախապես լուծած թիմ էր։ Նույն կարգավիճակը, միայն թե բացասական առումով, ուներ և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Այնպես որ այս մրցակցությունը ոչինչ չէր որոշում, եթե, իհարկե, ռուսական ակումբը դուռը հետևից շրխկոցով փակելու ցանկություն չուներ, որը կարող էր լինել դեռ կենդանի լինելու արտահայտություն։ Հանդիպման առաջին գոլի հեղինակը ռուսական ակումբը ներկայացնող ֆուտբոլիստներն են եղել, սակայն դորտմունդցիները նրանց էյֆորիային տրվելու երկար ժամանակ չեն հատկացրել։ Արդյունքում «Զենիթը» կրել է հերթական պարտությունը՝ այդպես էլ չկարողանալով չորրորդ հորիզոնականից վեր նայել։
Հակառակ «Բորուսիա»-«Զենիթ» դիմակայությանը, առանձնակի նշանակության էր խմբային երկրորդ մրցակցությունը, որտեղ «Լացիոյի» նկատմամբ հաղթանակը «Բրյուգեին» շանս կարող էր տալ։ Բախտի որոնումներում բելգիացիները կարողացան միայն ոչ-ոքի արդյունքի հասնել (2։2), այն էլ խաղային զգալի ժամանակահատված տասը ֆուտբոլիստ ունենալու պայմաններում։ Իհարկե, խաղավարտին մոտ կարող էր և հրաշք լինել, սակայն հյուրերի հարվածի ողջ պատասխանատվությունն «իր վրա վերցրեց» դարպասաձողը։ Այսպիսով Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում դորտմունդցիներին ընկերակցեցին հռոմեացիները։ Վերջին քսան տարում սա նրանց համար կլինի առաջին դեպքը։
G ԽՈՒՄԲ
Սկսած «վաղնջական» ժամանակներից՝ փլեյ օֆ դուրս գալիք թիմերի հարցում այստեղ տարակարծության չկար, բայց որ «ծեր սինյորան» սեփական հարկի տակ «Բարսելոնից» կրած անպատվության պատասխանը պիտի փորձեր տալ, անկասկած էր։ Ընդ որում, թուրինյան ակումբի համար սույն խնդիրը շատ ավելի առաջնային էր, քան խմբայինն առաջին թե երկրորդ տեղով ավարտելը։
Առաջ անցնելով ասենք, որ ողջ տուրը հաղթանակով անցած կատալոնյան ակումբը ցավոտ պարտություն կրեց 0։3 հաշվով, դրանում իր ծանրակշիռ մասնակցությունն ունեցավ Ռոնալդուն, ով «Կամպ Նոուում» վերջին անգամ գոլ էր խփել 2018 թվականին, երբ դեռ հանդես էր գալիս լա լիգայում։ Թերևս ավելորդ չհամարենք նշել, որ պորտուգալացու կողմից դարպասի երկու գրավումն էլ եղել է 11-մետրանոցի նշանակետից։
Քանի որ միմյանց հետ ունեցած հանդիպումներում թուրինցիներն ավելի արդյունավետ են եղել խփած-բացթողածների հաշվարկով, հենց նրանք էլ հայտնվել են առաջին հորիզոնականում։
Կիևի «Դինամո»-«Ֆերենցվարոշ» մրցավեճում վճռորոշ է եղել ուկրաինացի ֆուտբոլիստների խփած միակ գոլը։ Այս խմբից հենց նրանք էլ կներկայացնեն Եվրոպայի լիգան։
H ԽՈՒՄԲ
Երեքշաբթի կայանալիք «Պարի Սեն Ժերմեն»-«Բաշակշեհիր» հանդիպումը կիսատ մնաց (ընդհատվելու պահին լուսատախտակի վրա 0։0 հաշիվն էր)՝ այդպես էլ խիստ վիճարկելի պատճառով. այն է՝ իբր թե դիմակայության չորրորդ մրցավարը թուրքական թիմի մարզչական կորպուսի ներկայացուցչի՝ Պիեռ Վեբոյի նկատմամբ ռասիստական արտահայտություն է թույլ տվել՝ անվանելով նեգր։
Հետո հետևեց երկար բացատրություն, որ համարյա «նեգր» բառի հնչողությանը մոտ մի բառ կա ռումիներենում, որն իրականում նշանակում է մուգ մաշկ ունեցող և ոչնչով աղերս չունի «նեգր» բառի բովանդակության հետ, սակայն այն տվյալ օրվա համար բավարար բացատրություն չդիտարկվեց հանդիպումը վերսկսելու համար, ինչի հետևանքով էլ հանդիպումը մեկ օրով հետաձգվեց։
Առաջ անցնելով ասենք, որ նման վարքագծի համար մրցավարին՝ Կոլչեսկուին, համաձայն ՈՒԵՖԱ-ի կանոնների, սպառնում է որակազրկում տասը խաղի չափով։ Միաժամանակ տեղեկացնենք, որ Վեբոյին ցույց տրված կարմիր քարտը չեղարկվել է։
Մինչև հետաձգված այս խաղին անդրադառնալը, ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել զուգահեռ ընթացած «Լայպցիգ»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցությունում, քանի որ հնարավոր տարբերակներից մեկով այն կարող էր միանգամայն ավելորդ դարձնել «Պարի Սեն Ժերմեն»-«Բաշակշեհիր» դիմակայության մրցակցային նշանակությունը. բանն այն է, որ գերմանա-անգլիական դիմակայությունում առաջինների հաղթանակը փլեյօֆյան երկրորդ ուղեգրի տեր էր դարձնում ֆրանսիացիներին։
Հանդիպումը «Լայպցիգը» շատ կտրուկ է սկսել՝ արդեն երկրորդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Մինչ հյուրերը փորձել են հավաքվել, հետևել է դարպասի երկրորդ գրավումը՝ հանդիպման դրական ելքն անգլիացիների համար դարձնելով խիստ կասկածելի։ 69-րդ րոպեին Կլյուվերտը հաշիվը դարձրել է գերսահմանային՝ 3։0։
Ի պատիվ «մանկունիացիների», նրանք հաշվի տարբերությունը հասցրել են նվազագույնի՝ 3։2, սակայն ավելին անելու համար ժամանակ չեն ունեցել։ Արդյունքում «Լայպցիգը» 12 միավորով դուրս է եկել առաջին հորիզոնական, իսկ նրա օրվա մրցակիցների պես 9 միավոր ունեցող «Պարի Սեն Ժերմենը» մեխանիկորեն դարձել է երկրորդ ուղեգրի տեր, քանի որ հօգուտ նրա են եղել լրացուցիչ գործակիցները։
Դառնալով չորեքշաբթի խաղարկված «Պարի Սեն Ժերմեն»-«Բաշակշեհիր» դիմակայությանը՝ տանտերերն առավել քան համոզիչ են եղել, հանդիպումը շահել են ջախջախիչ հաշվով՝ 5։1։ Երեք գոլ հեղինակել է Նեյմարը, երկուսը՝ Մբապեն։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ