ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

2020-ին՝ բոլորս դեպի Մարս

2020-ին՝ բոլորս դեպի Մարս
06.01.2020 | 14:46

Մարսի երկրպագուների համար 2020-ը գրավիչ է լինելու: Օգտվելով Երկրի ու Մարսի մերձեցումից, որ երկու տարին մեկ է լինում, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի և ԱՄԷ-ի տիեզերական գործակալությունները ծրագրում են Կարմիր մոլորակ ուղարկել անօդաչու մարսագնացներ: Յուրաքանչյուր թռիչք սնուցվում է գիտելիքների ծարավով, բայց յուրաքանչյուրն ունի նաև առավել երկրային ձգտումներ: ԱՄՆ-ի ՆԱՍԱ գործակալությունը Մարսի վրա արդեն ունի ռոբոտներ, բայց մարսյան մոլորակագնաց «Մարս 2020»-ը կունենա նաև դրոն-ուղղաթիռ: Եթե թռիչքը Մարսի նոսր մթնոլորտում հաջող լինի, աէրոպլան հնարած երկիրը լրացուցիչ պատվի կարժանանա՝ դառնալով առաջինը, որ վերերկրային թռչող սարք է գործարկում: Այդ դրոնի լուսանկարներն անկասկած համընդհանուր ուշադրություն կգրավեն:
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) դեռ Մարսի վրա վայրէջք չի կատարել: 2016-ին առաջին փորձը ձախողվեց, «Սկիապարելի» մոդուլը ջարդվեց՝ ածխացած փոս թողնելով, որ լուսանկարեց ՆԱՍԱ-ի տիեզերական ապարատը: Այս անգամ եվրոպացիները կաջակցեն ԱՄՆ-ին ու ՌԴ-ին, բայց մարսագնացի վայրէջքով ԵՏԳ-ն ինքնուրույն կզբաղվի: ԵՏԳ-ն մարսագնացին տվել է Ռոզալինդ Ֆրանկլինի անունը, որ զբաղվել է ԴՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրությամբ: «Եվրոպան պետք է ապացուցի, որ կարող է ինքնուրույն կատարել աշխատանքի իր մասը»՝՝ հայտարարել է առաքելության ղեկավար Պիետրո Բալիոնին:
Չինաստանի առաջին թռիչքը Մարս 2012-ին ավարտվեց ձախողումով, երբ ռուսական տիեզերանավը, որին կցված էր չինական իջեցվող սարքը, չկարողացավ Երկրի ուղեծրից դուրս գալ: «Հաջորդ տիեզերանավը Մարս (HX-1) Չինաստանը ինքնուրույն կուղարկի»՝ պատմել է Լան Տյանին, որ ղեկավարում է Պեկինի կոնսալտինգային ընկերությունը «Ամենահեռավոր կապույտ միգամածություն» բանաստեղծական անվանումով:

Չինաստանը շահագրգռված է միջազգային համագործակցությամբ: Չինաստանի տիեզերականն գործակալության փոխտնօրեն Ու Յանխուան հույս ունի միջազգային ջանքերով կառուցել «մարդկության ընդհանուր ճակատագրի ընկերակցություն» տիեզերքում «չինական իմաստնության օգնությամբ»: ԱՄԷ-ն ևս նախապատրաստում է թռիչք դեպի Մարս ամերիկացիների օգնությամբ, իսկ մարսագնացը կարձակվի ճապոնական հրթիռով: Դա կլինի առաջին միջմոլորակային թռիչքը՝ արաբական աշխարհի համար: ԱՄԷ-ի տիեզերական գործակալության նախագահ Ահմեդ իբն Աբդուլա Խումեյդ Բելխոուլ ալ Ֆալասին առաջիկա թռիչքն անվանել է արաբական պատմական նվաճում, որ «կվերածնի մեր նախնիների փառքը»: ԱՄԷ-ի «Հուոպ» (Հույս) զոնդը ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրով կուսումնասիրի Մարսի մթնոլորտը՝ փորձելով պարզել՝ ու՞ր և ինչու՞ են Մարսից հեռացել ջրածինն ու թթվածինը: ՆԱՍԱ-ի մարսագնացի վրա մի սարք, որ «շնչում է ինչպես ծառ», կվերամշակի Կարմիր մոլորակի մթնոլորտի ածխաթթու գազը թթվածնի, որ այնտեղ շատ քիչ է: Ապագա աստղագնացները կարող են թթվածինը շնչել կամ օգտագործել հրթիռային վառելիք պատրաստելու համար: ԵՏԳ-ի մարսագնացն ունի հորատիչ, որ նախկին գետաբերանում երկու մետր խորությունից կհանի գրունտը, որ ինքնին աննախադեպ է: Կարուսելային վառարանում հումքը կմանրացվի ու կտաքացվի, որ դուրս գան գազերը, որոնք կարող են ցույց տալ ներկա կամ հինավուրց միկրոօրգանիզմների գոյությունը: Չինական մարսագնացը կունենա ներքև ուղղված ռադար սառույցի որոնման համար:


2020-ի տիեզերական թռիչքների ժամանակացույցում կարող է ներառվել աշխարհի ամենամեծ հրթիռի մեկնարկը՝ ՆԱՍԱ-ի НАСА SLS-ի: «Վիրջին գալակտիկ» և «Բլյու օրիջին» ընկերությունները կարող են սկսել առևտրային սուբուղեծրային թռիչքներ արկածների ու ադրենալինի հաուստ որոնողների համար: Բայց երկրացիների համար ամենակարևոր իրադարձությունը կարող է դառնալ ԵՏԳ-ի արևային զոնդը, որի մեկնարկը ծրագրված է 2020-ի փետրվարին: Solar Orbiter-ը կթռչի ձգված ուղեծրով՝ 5 ամիսը մեկ մոտենալով Արևին: Նրա տաքությունից պաշտպանական շերտում կան անցքեր դիտարկումների համար, որտեղից սարքերը կհետևեն արևի ընդերքի տատանումների և լիցքավորված մասնիկների պարբերական կտրուկ արտանետումների փոխկապակցվածությանը: Այդ արտանետումները Երկրի մակերևույթի օզոնային շերտի թուլանալով տեսականորեն կարող են շարքից դուրս բերել էլեկտրական ցանցերն ու համակարգիչները Երկրի վրա, որի պատճառով ամբողջ մայրցամաքներ կարող են ընկղմվել քաոսի մեջ: Միջուկանյութի նման մի արտանետում 2012-ին Երկրային ուղեծրի վրայով թռել է՝ մեր մոլորակից անջատվելով ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ: «Solar Orbiter-ը մոլորակային պաշտպանության ձև կարելի է համարել»՝ ասում է եվրոպական Էյրբաս ընկերության աշխատակից Իեն Ուոլտերսը: Նրա տվյալները կօգնեն մշակել մոդելներ, որոնք հնարավորություն կտան կանխատեսել էլեկտրոնիկան ոչնչացնող այդպիսի մասնիկների մոտենալը՝ նախքան նրանք կհարվածեն Երկրին: Նրա խոսքով՝ այդ դեպքում էլեկտրական ցանցերը և այլ սարքավորումները հնարավոր է ժամանակավորապես անջատել կամ ինչ-որ կերպ պաշտպանել: Իհարկե, ի տարբերություն Մարսի ուսումնասիրություններից, այստեղ ռոմանտիկան քիչ է, բայց այդ առաքելությունը կարող է ամենանշանավորը դառնալ 2020-ին:
The Economist, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Հետաքրքիր է՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը երբևէ նման ծրագրերում կներգրավվի՞՝ եվրոպական, չինական, ռուսական, արաբական, թե՞ մենք միայն «Հուզանք ու զանգի» փող ունենք ու 20-րդ դարի 20-ականների պոեզիան ենք «արդիականացնում»: Իսկ Հայաստանի մասնակցությունը տիեզերական ծրագրերին Հայաստանում գնահատվում է …տիեզերական անհեթեթություն: Հեռավորության ու աննպատակահարմարության պատճառով: Բայց տիեզերքը, մեղմ ասած, միայն ուսումնասիրության համար չէ: Վաղուց արդեն Երկիրը տիերզերքը համարում է ռազմական պաշտպանության ու հարձակման իդեալական վայր: Որոշ երկրներ օդատիեզերական զորքեր էլ ունեն: Եզրակացությունները թողնում եմ ձեր երևակայությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ