«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Տեղեկատվական ներգործությո՞ւն, թե՞ կառավարում

Տեղեկատվական ներգործությո՞ւն, թե՞ կառավարում
26.07.2016 | 01:08

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Եվրասիական փորձագիտական ակումբը, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական զարգացումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչ առևտրային կազմակերպությունը հուլիսի 25-ին կազմակերպել էին քննարկում՝ «Տեղեկատվական ներգործության նոր մեթոդները (հետխորհրդային պետությունների օրինակով)» թեմայով: Ինքներդ եք հասկանում, որ թեման գերարդիական է, պատերազմում գտնվող պետության համար առավել ևս, և այդ թեմայով քննարկումը հատկապես այս օրերին, որքան էլ զեկույցները լինեն ակադեմիական ու գիտական, դառնում են բանավիճային ու անմիջական:

«ԵԹԵ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՌՆԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ»


«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նախքան կոնֆերանսը խնդրեցի սահմանել տեղեկատվական անվտանգության ոլորտը.


-Տեղեկատվական անվտանգության ոլորտը խիստ ընդգրկուն է, ցավոք, այսօր հիմնականում ընկալվում են հաքերային հարձակումները և այլ վտանգներ, բայց դա տեխնիկական կողմն է, կա նաև քաղաքական կողմը: Տեղեկատվական պատերազմներն այսօր աշխարհում կարևորագույն գործոն են, որ ռազմաքաղաքական ոլորտի պատասխանատուներից պահանջում են արագ մշակել նոր կոնցեպցիաներ: Ռազմարվեստի տեսաբան Կառլ ֆոն Կլաուզևիցը բանաձևել է ժամանակին՝ «Պատերազմը այլ միջոցներով քաղաքականության շարունակությունն է»: Մեր օրերում քաղաքականությունն է դարձել տեղեկատվական պատերազմների շարունակություն այլ միջոցներով, որովհետև տեղեկատվական պատերազմները պարունակում են ինքնազարգացման, ինքնատարածման մեխանիզմներ և ծավալվում են առանց ցուցումների: Խիստ կարևոր է, որ տեղեկատվական պատերազմների հայեցակարգերն անընդհատ փոփոխությունների մեջ են, դա չի նշանակում հինը մոռանալ, այլ հավելվելով՝ ձևավորում է բազմազան ու կոմպակտ ռազմավարություն: Նոր սերնդի տեղեկատվական պատերազմները ենթադրում են ներազդվող երկրում ստեղծել բարոյալքումի, սեփական մշակութային ժառանգության մերժումի մթնոլորտ, հասարակական գիտակցության և սոցիալական խմբերի քաղաքական-քաղաքակրթական ապակողմնորոշմամբ՝ քաղաքական լարում և քաոս, կարևոր նպատակ է կուսակցությունների քաղաքական փոխհարաբերությունների ապակայունացումը, բռնությունների սադրանքներն ընդդիմության դեմ՝ առճակատման, անվստահության, կասկածամտության, փոխադարձ ոչնչացման համար: Փոխվում են մի շարք հասկացությունների մեկնաբանումները, եթե առաջ կարելի էր խոսել պատերազմը սկսելու ու ավարտելու, հաղթող ու պարտվող կողմերի մասին, տեղեկատվական պատերազմները երբեք չեն ավարտվում ու գործնականում հաղթողներ ու պարտվողներ չունեն: Երբեմն պարտվող կողմն անգամ կարող է իր պարտությունը չգիտակցել:
-Ձեր նշած փոփոխությունները հասարակական գիտակցության մեջ ինչպե՞ս կարող են չընկալվել:
-Տեղեկատվական պատերազմի ամենակարևոր նպատակը հակառակորդ կողմում փակուղային գաղափարներ ներդնելն է: Օրինակ՝ պայքար կոռուպցիայի դեմ, ընտրական համակարգի բարելավման փորձ, բայց իրականության մեջ այդ գաղափարները բավարար չեն իրավիճակ փոխելու համար: Տեսեք՝ մեր հարևան Վրաստանը: «Վարդերի հեղափոխությունից» հետո նվազեց կոռուպցիան, ունենալով հոյակապ աշխարհագրական դիրք՝ ելք դեպի ծով, Վրաստանի ՀՆԱ-ն գրեթե նույնն է, ինչ Հայաստանինը, որ չունի այդ առավելությունները: Եթե Վրաստանում զարգացած գիտակրթական համակարգ կար, այսօր վրացիները դադարել են այդ համակարգի վերաբերյալ տվյալներ տեղակայել կայքերում: Գիտակրթական ներուժի կրճատմանը հաջորդում է արդյունաբերական հզորությունների նվազումը: Գործնականում հասարակությունը չի գիտակցում իր հիմնախնդիրները, ակնհայտ է, որ եթե որևէ երկիր չունի ֆինանսատնտեսական միջոցներ, երբեք չի դառնա ժողովրդավար: Մարդը տարեկան գոնե երեսուն հազար դոլարի եկամուտ պետք է ունենա, որ հնարավորություն լինի ժողովրդավարական նորմերը պահպանել: Տեղեկատվական միջոցներով ստեղծված պատրանքային աշխարհում ապրող հասարակությանը կարող է թվալ, որ ինքը հասել է ժողովրդավարության բարձունքներին, իրականում, ինչպես Ալեքսանդր Զինովևն է ձևակերպել, այդ հասարակությունները «ժողովրդավարական գաղութներ» են:
-Մենք ևս այդ սահմանման մե՞ջ ենք տեղավորվում:
-Նախադրյալներ կան նման զարգացումների, ցավոք: Այս հանգամանքներն են ստիպում ուշադիր լինել տեղեկատվական նոր սերնդի պատերազմների նկատմամբ, որ ոչ միայն բարոյազուրկ հասարակության ստեղծմանն են միտված, այլև տնտեսության դեմ:
-Պայքարի ի՞նչ միջոցներ կան այդ անտեսանելի պատերազմում:
-Բազում, կան տեխնոլոգիաներ՝ ինչպես պայքարել օտարերկրյա տեղեկատվական միջոցների ներդրումների դեմ: Առաջին օրենքն ընդունվել է Մեծ Բրիտանիայում դեռևս 19-րդ դարում: 20-րդ դարի առաջին կեսին ընդունել է ԱՄՆ-ը, 21-րդ դարում՝ Ռուսաստանը: Մի քանի օր առաջ շատ կոշտ օրենք ընդունեց Իսրայելը:

Կոնֆերանսի ժամանակ Գագիկ Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց նոր սերնդի տեղեկատվական պատերազմները՝ պատմությունը, ընթացքը և, իհարկե, շեշտեց, որ այդ պատերազմների ավարտի հույս չունենանք:

«ԵՍ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՐԹԵԼՈՒՆ, ՔԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԹԵԼՈՒՆ»
«՛Նորավանք» տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ խնդրեցի իբրև սկիզբ սահմանել տեղեկատվական անվտանգությունը Հայաստանի համար.


-Դա ամենաբարդ հարցն է: Եթե քննարկենք արևմտյան երկրների օրինակը, տեղեկատվական անվտանգություն ասելով՝ նրանք հասկանում են կիբեռոլորտը՝ տեխնիկական անվտանգությունը: Հետխորհրդային տարածքում հասկացությունն ավելի լայն է ընկալվում: Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցարգը, օրինակ, նշում է և տեխնիկական հանգույցները, և բովանդակությունը, որ տարածվում է այդ հանգույցներով, ընդգրկում է բարոյական, հոգեբանական, քարոզչական, հակաքարոզչական ոլորտները:
-Լավ, իսկ ինչպե՞ս են բաժանում:
-Բարդ է, իհարկե, գծել սահմանները: Չինաստանը կառուցել է իր սեփական ցանցը և դրսից ոչինչ ներս չի թողնում: Հայաստանն այդ մոդելով չի զարգանում, մենք ավելի շուտ եվրոպական մոդելով ենք զարգանում՝ մենք բաց ենք և ինտերնետն ընկալում ենք սահմաններ չճանաչող տիրույթ:
-Պաշտպանությունը այդպիսի տիրույթում հնարավո՞ր է:
-Դժվար է հասկանալ՝ որոնք են պաշտպանության դիրքերը, օրինակ՝ ադրբեջանական քարոզչությունը շատ հեշտ մտնում է հայկական դաշտ սոցիալական ցանցերով, և հարց է՝ փակե՞լ, թե՞ իմունիտետ զարգացնել: Մեր դեպքում ճիշտը երկրորդն է՝ հասարակությանը կրթել և սովորեցնել տեղեկատվությունը զատել:
-Պետականորեն հնարավո՞ր է կարգավորել տեղեկատվության զատումը:
-Պետք է կարգավորել ոչ թե օրենքով, այլ կրթելով: Շատ երկրներում դպրոցում որպես առարկա ուսուցանվում է մեդիա գրագիտությունը, և դա շատ ճիշտ է: Ի վերջո, տասնյակ մեթոդներ կան արգելափակումներն անցնելու, փակած տեղեկատվությունը տարածվում է բամբասանքի տեսքով, առավել վտանգավոր դառնալով: Ես կողմնակից եմ հասարակությանը կրթելուն, քան տեղեկատվությունը խրթելուն:

Կոնֆերանսի ժամանակ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց սոցիալական ցանցերն իբրև տեղեկատվական պայքարի դաշտ և միջոց: Նա նշեց, որ տեղեկատվական հակամարտության, քարոզչության ու հակաքարոզչության ժամանակակից մեթոդները էականորեն կախված են նոր միջավայրից, որ ստեղծել են ինտերնետը, սոցիալական ցանցերն ու նոր տեխնոլոգիաները: Սոցիալական ցանցերը, ներգրավելով միլիոնավոր մարդկանց, մի կողմից դարձել են տեղեկատվական պատերազմների դաշտ, մյուս կողմից՝ քարոզչության ու հակաքարոզչության գործիք: Սոցիալական ցանցերը հասարակական կարծիքի, տեղեկատվության տարածման նոր ձևաչափ են, որ ջնջել են աշխարհագրական սահմանները, հաճախ նաև՝ ազգային, տարիքային, սեռային տարբերությունները, յուրաքանչյուրն այդ տարածքում և սպառող է, և արտադրող: Սամվել Մարտիրոսյանի մասնագիտական խոսքը հագեցած էր փաստերով ու փաստարկներով և ներկայացնում էր ոչ միայն տեխնիկական մանրամասներն ու պատմությունը, այլև այդ արտադրողի ու սպառողի վրա կիրառվող ներգործությունները, որն էականորեն փոխում է տեղեկատվական պատերազմների մասշտաբները:
«Նորավանքի» փորձագետներ Դիանա Գալստյանը և Մարիամ Խալաթյանը ներկայացրին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի տարբեր երկրների փորձը՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի, Չինաստանի:
19-րդ դարում Մեծ Բրիտանիայում է ընդունվել հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն սահմանող առաջին օրենքը և ուղղված էր կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովմանը, մեր ժամանակներում նման օրինագծերում շեշտադրվում է ՀԿ-ի արտասահմանյան ֆինանասավորման խնդիրը: Պետությունը համոզված է, որ դրսից ֆինանսավորումը նպատակ ունի վերահսկողություն սահմանելու պետական կառավարման գործընթացի վրա, հետևաբար դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները, հիմնադրամները կամ ԶԼՄ-ները զբաղվում են ներքաղաքական գործունեությամբ՝ արտահայտելու այլ երկրի շահեր և համարվում են «օտարերկրյա գործակալներ»: Սահմանվում է, որ «օտարերկրյա գործակալը» իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որ գործում է «օտարերկրացի ղեկավարների ցուցումով և նրանց վերահսկողությամբ», զբաղվում է «քաղաքականությամբ օտարերկրացի ղեկավարի շահերի շրջանակներում»: Տարբեր երկրներում կարևորվում է այդ կազմակերպությունների գործունեության իրավական կանոնակարգումը: «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումներում կան կողմ և դեմ կողմեր: Նրանք, ովքեր կողմ են, դրսից ֆինանսավորման սահմանափակման անհրաժեշտության իրենց տեսակետը փաստարկում են պետական կառավարման համակարգին միջամտելու վտանգով: Նրանք, ովքեր դեմ են, շեշտում են «գործակալ» բառի բացասական իմաստը: Նրանք դեմ են դրսից ֆինանսավորման արգելմանը, ընդհանրացնելով, որ ֆինանսավորման այլ աղբյուրների բացակայությունը կարող է հանգեցնել ՀԿ-ի գործունեության դադարեցմանը: Կոնֆերանսում հնչած բոլոր զեկույցներին կարող եք ծանոթանալ soyuzinfo.am կայքում:
Ահա այսպիսի պատմություններ հիբրիդային պատերազմի մաս դարձած տեղեկատվության ներգործության և այդ ներգործության օրինական ու անօրինական ճանապարհների մասին:

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԻՑ 25 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ ԱՅՍՊԻՍԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ»
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ուղղակի հարցրի՝ ո՞րն է այսպիսի քննարկում կազմակերպելու նպատակը:
-Ես կարծում եմ, որ տեղեկատվական անվտանգության խնդիրները շատ կարևոր են դարձել: ԽՍՀՄ-ի փլուզումից և հետխորհրդային երկու տասնամյակներից հետո մենք առաջին անգամ մեր երկրում ինտելեկտուալ մակարդակով ուզում ենք հավաքական կարծիք ունենալ այս հարցերի մասին՝ մենք կարո՞ղ ենք ունենալ սեփական ինտելեկտուալ, ազգային, ինքնուրույն ներուժ, կարո՞ղ ենք կանխել մեր երկրի ապաինդուստրացումը և երկիրը արդյունաբերական զարգացած երկրների շարք վերադարձնել, ունե՞նք մեր երկրում գիտելիքահենք այնպիսի հասարակություն, որտեղ բարձր որակի տեխնոլոգիական և ինտելեկտուալ գիտելիքը կարող է ազդեցություն ունենալ պետության կառավարման գործում: Վերջապես՝ կսկսի՞ մեր իշխանությունը հովանավորել, վարկավորել, զարգացնել ինտելեկտի գեներացումը, թե՞ ոչ: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց պատասխանելու համար մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ չափով է մեր երկիրն անկախ և ի՞նչ չափով կախված, ի՞նչ չափով են մեր երկրում գործընթացներն ածանցվում ավելի ուժեղ պետությունների գործունեությունից, ի՞նչ չափով ենք ազդվում ներմուծովի, մեզ ոչ հարազատ, ոչ սիրելի գաղափարներից, չե՞նք մոռացել բնիկ, ազգային, հայկական գաղափարներն ու արժեքները: Այս հարցերի շարանն անվերջ է: Պատահական չէ, որ մեծ թվով ինտելեկտուալներ այս շոգին հավաքվել են՝ քննարկելու տեղեկատվական ինչպիսի ներգործություններ կան Հայաստանի վրա, որո՞նք են օգտակար, որո՞նք՝ ոչ: Ինչպե՞ս պայքարել այդ մարտահրավերների դեմ և ի՞նչ մեխանիզմներ են պետք մեր պետականությունն ու հասարակությունը փրկելու համար: Սրանք շատ կարևոր հարցեր են, և ես ուրախ եմ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի հետո ինտելեկտուալները այսպիսի գործընթաց են առաջ տանում:
-Չե՞ք կարծում, որ ուշացած գործընթաց է:
-Շատերն են իրենց համար ապրումներ ու մտքեր ունեցել, հիմա հավաքվել ենք համատեղ քննարկումի համար, կարծում եմ՝ գործընթացը պետք է շարունակվի, և հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունների համար այս նյութերը կլինեն հետաքրքիր:
-Կոնֆերանսի ժամանակ բազում թեզեր առաջադրվեցին, պրակտիկ կիրառություն կունենա՞ն:
-Երբ որոշում ընդունող մարդը ուզում է քայլ անել, նրան անհրաժեշտ են լինում խորհուրդներ, տեղեկություններ, փաստեր, տեսակետներ: Երբ որոշում ընդունող մարդը չի ուզում ոչինչ փոխել, որևէ կերպ նրա վրա ազդել հնարավոր չէ: Մեր աշխատանքի նպատակը այնպիսի վերլուծական նյութեր ստեղծելն է, որոնք կօգնեն որոշումներ ընդունող մարդուն քայլեր ձեռնարկել, երբ հարկ համարի:

Ինտերնետի ժողովրդին քննարկման ժամանակ Սամվել Մարտիրոսյանն անվանեց «բազմոցային զորքեր». բնորոշումը տարողունակ էր ու դիպուկ, իսկ մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ է որոնում սոցիալական ցանցերում՝ ստատուսների ու լայքերի լաբիրինթոսում փարատում է ձանձրո՞ւյթը, ինքնահաստատվո՞ւմ է, թե՞ զինվոր է տեղեկատվական պատերազմում, որ ինքը չի սկսել, բայց վարում են նաև իր միջոցով: Արժի մտածել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ