Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Սկսել գնագոյացումից, և խնդիրները կնվազեն. Ավստրիան մեզ օրինակ

Սկսել գնագոյացումից, և խնդիրները կնվազեն. Ավստրիան մեզ օրինակ
10.06.2016 | 08:44

Երևան-Վիեննա-Երևան ամենօրյա չվերթերի ուղևորների թվում մշտապես կարելի է հանրահայտ դեմքերի հանդիպել: Նրանք հեռուստաէկրաններից հայտնի ԱԺ պատգամավորներ են, նախարարներ ու նրանց տեղակալներ, տարբեր ծրագրերի ղեկավարներ, ՊՈԱԿ-ների տնօրեններ, ՀՀ կառավարությանը կից ու առընթեր կոմիտեների, վարչությունների ու ծառայությունների պետեր, մի խոսքով, մեր վարչակառավարչական վերնախավը: Տասնամյակ առաջ, երբ ընտանեկան հանգամանքների բերումով առաջին անգամ էի Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր մեկնում, օդանավակայանների սպասասրահներում լիներ, թե ինքնաթիռների ներսում, զրուցակիցներիցս հաճախ էի կարծիքներ լսում, թե՝ թող շրջեն, եվրոպական դասընթացների մասնակցեն, կայացող ու կայացած երկրների փորձն ուսումնասիրեն, այդ կերպ մեր կյանքը բարեփոխեն, մեզ էլ համաշխարհային քաղաքակրթության մաս դարձնեն: Միանշանակ հավանություն էի տալիս, քանզի մերոնք լավագույնս հագնված էին, կատարելապես շփվում էին իրենց շրջապատի այլազգիների հետ, զրուցակիցները նրանց խոսքի հանդեպ հավանության նշաններ էին ցուցադրում: Միաժամանակ վերհիշում էի ՀՀ հեռուստաէկրաններից հնչող «Մի փոքր էլ համբերություն ու հավատ, և ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսը, և վստահությունն ամրապնդվում էր շարքային քաղաքացիներիս մեջ:

Հավելեմ, որ մեր պետական այրերը նաև մշտապես էին հիշեցնում, որ Ամերիկան էլ մեկ օրում չի կառուցվել: Այսուհանդերձ, սպասումների էինք տրվում, հույս տածում, որ Եվրոպա այցելող մեր այրերը, ծանոթանալով և ուսումնասիրելով բարեկեցիկ ապրող եվրոպական փորձը, մեր նորանկախ Հայաստանն էլ այդ արժեհամակարգի մաս կդարձնեն, մեր իղձերը կիրականացնեն:


Բայց, այ քեզ բան: Տարիները եռամյակ ու հնգամյակ են դառնում, տասնամյակ ու քսանամյակ, իսկ ՀՀ շարքային քաղաքացու լավատեսությունն այլևս այն չէ: Նա նկատում է, որ մեծ խնդիրների կողքին անգամ փոքր հարցերը չեն լուծվում, դրանք բազմանում են, առօրյան գաղջ դարձնում: Լավ, ասենք, երեխան բանան է ուզում, որը թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում ներմուծվող է, այնտեղ ՀՀ 500 դրամին համարժեք 1 եվրոյով էլ է վաճառվում, մեր առևտրային ցանցում՝ միջինը 1000 դրամով:

Դե, հազարավոր կիլոմետրեր հեռավորություններից են բերում, ծովեր ու նավահանգիստներ անցնում, հետո էլ երկաթուղի, մի խոսքով սպասարկում չէ, այլ տանջանք ու փորձանք, հետն էլ ռիսկեր ու վտանգներ: Հասկացանք, ըմբռնումով ենք մոտենում, փոքրիկին էլ երբեմն համոզում, թե դրամապանակը տանն ենք թողել: Իսկ ինչո՞ւ է մեզանում եվրոպականից զգալի բարձր գնով վաճառվում, ասենք, հայրենական հանքային ջուրը: Եվրոպական ոչ մեծ երկիր Ավստրիայի տասնյակ անվանումներով սուպերմարկետներից յուրաքանչյուրում 1,5 լիտր տարողությամբ ավստրիական հանքային ջուր կարելի է գնել անգամ 24 ցենտով, ինչը ՀՀ արժույթով 120 դրամ է: Ծանոթանալով դրանց պիտակում նշված բաղադրությանը, ըմպելով այն՝ համոզվում ես, որ, ասենք, «Վելթգրուելլե» հանքային ջուրը լավ ջերմուկ է, որի պարզ ապացույցը թեկուզև այն է, որ ավստրիացիները այն հիմնականում գնում են 6-հատանոց փաթեթավորումով: Նրանք, անշուշտ, նաև վստահ են, որ իրենց վճարած գումարի նվազագույնը կեսը հարկեր են, որոնք ծախսվում են իրենց իսկ միջավայրը առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու նպատակով: Տեսեք՝ 8,7 մլն բնակչությամբ Ավստրիայում վերջին տարիներին ստեղծվող համախառն ներքին արդյունքը 400 մլրդ դոլար է, դրանից գոյացող բյուջեն՝ 230 մլրդ դոլար, ՀՀ-ում՝ համապատասխանաբար 10 և 2 մլրդ-ական դոլար: 1 բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը Ավստրիայում ստացվում է 30 հազար դոլար, ՀՀ-ում՝ 800 դոլար: Եթե առաջինում ՀՆԱ-ից բյուջե հավաքագրումը 50 տոկոս է, ՀՀ-ում այն հազիվ 20 տոկոս է:

Բնականաբար, հարց է ծագում, թե որն է ճիշտ, որը սխալ, կապ ունի՞ այս վիճակը կոռուպցիայի հետ և նման բաներ: Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացին չի ընդվզում կոնկրետ այս կամ այն թվի ու վիճակի հանդեպ, ակնկալելով, որ իր վճարած հարկերից ու տուրքերից գոյացող ֆինանսական միջոցներով պահվող վարձու աշխատող պաշտոնյան տրամաբանված գործունեություն կիրականացնի, իրեն օրենքով տրված լիազորություններ կկիրառի, եթե հարկ լինի, վարչական լծակներ կօգտագործի, երկրի տնտեսությունում կարգուկանոն կհաստատի ու այդ կերպ մեր առօրյան կբարելավի: Շարքային քաղաքացու ուզածն ու պահանջածն ընդամենն այս է, որ պետական պաշտոնյան իր համեստ ու պատասխանատու պարտականությունը կատարի, իր մասնագիտական կոչումն արդարացնի, այլ ոչ՝ կոռուպցիա ու մենաշնորհ կոչվող մոնստրների դեմ պայքարի: Դա, տարօրինակորեն, ՀՀ գործող վարչապետն իր խնդիրը համարեց: Հանրությունը, անշուշտ, կզորակցի նրան, սակայն որոշակի թերահավատությամբ: Պարզ մի պատճառով. եթե, իշխանական առավելագույն լծակներ ունենալով հանդերձ, թիվ 1 գործադիրի ղեկավարին չի հաջողվում իր ենթակայության տակ գտնվող բանակի միջին օղակը գործի դնել, նրանց օրենքներով ու կանոնակարգերով առաջնորդվելու գործողությունների մղել, ինչպե՞ս է պահանջներ ներկայացնելու նախարարներին ու նրանց տեղակալներին, կառավարությանը կից մարմինների պետերին, ովքեր շատ հաճախ անմիջական պատասխանատվություն կրողներ չեն, ունեն քաղաքական անձեռնմխելիություն, քանզի անհասկանալի կոալիցիայի մաս են կազմում:

Նույն ջուրը երկրորդ անգամ մտածները ինքնավստահ են, որ իրենց պարտադրված են հրավիրել, այդ կերպ երաշխավորել, որ գործելու և գործողությունների ազատություն ունեն, որոնք շատ հաճախ կարող են բոլորովին չհամընկնել վերջին ընտրություններում անհավանական տոկոսներով հաղթածների ծրագրերին:


Ինչու է մեզանում նման կերպ մտորելու պահանջ ծագում: Տարիներ ու տասնամյակներ առաջ Հայաստանից արտագաղթածները, որոնք տնտեսագիտական ու տնտեսավարական խոր գիտելիքներ չունեն, այլ այստեղ ընդամենը անձնական բիզնեսներ են բացել և այդ կերպ պարբերաբար են շփվում թե՛ տեղաբնակների, թե՛ վերջին շրջանում այստեղ հաստատվածների հետ, վստահեցնում են, որ Հայաստանն էլ եվրոպական երկրների պես կայացնելն ինչ-որ առանձնահատկություններ չի պահանջում, այլ ընդամենը՝ աշխատանքի հանդեպ բարեխղճություն: Սննդի արտադրություն սկսած ոչ վաղ անցյալում երևանցի Էդուարդը պատմում է, որ արտադրական տարածքը շահագործման նախապատրաստելիս անպատկերացնելի բծախնդրության է հանդիպել, մինչդեռ երևանյան իր հացի փռում այդ հարցը լուծում էր վայրկյանների ընթացքում, 5-10-հազարանոցների միջոցով: Եկան, դիտողություններ արեցին, խոստացավ ուղղել, մոտավոր մի գումար վերցրին, և վերջ: Մինչ հաջորդ այցը և այսպես շարունակ: Պատկերը նույնն է այլ ոլորտներում, ասենք, երթուղայինների առումով, որոնց միայն ղեկն ու անիվներն են շարժվում, մյուս բոլոր մասերի ու ցուցիչների իսպառ բացակայության ու անսարքության պարագայում:

Հայաստանյան իրականության որ ոլորտը դիտարկես, գերական անհասկանալին ու տարօրինակն է, անփութությունը, կարծես ինչ-որ անտեսանելի ուժ պարտադրում է պարզ ու հասարակ գործընթացներում թերանալ, անփույթ վարվել, զանցառու ու հանցառու դառնալ: Որ այս վիճակը կառավարվում է, կասկածելու հարկ չկա, քանզի միջին օղակի մի քանի հազար պաշտոնյաների մեջ, անշուշտ, կան գործելու ունակ մասնագետներ, որոնք ի զորու են գոնե սթափության միջավայր ստեղծելու: Ասենք, հացաթխման ոլորտում, որտեղ սանիտարական վիճակի, գների, արտադրանքի իրական ծավալների, առաքման ու պահպանման, այլևայլ հարցերի մի ծավալուն գորդյան հանգույց է ստեղծվել: Դրանց մի մասը տեսանելի է փուռ-խանութների վաճառքի սրահներում, խախտումներն աչք են ծակում, իսկ պատասխանատու պաշտոնյաներն աջակցություն ակնկալում են շարքային քաղաքացուց:

Դե, մեր պաշտոնյաներն առանձնահատկություններ ունեն, մենթալիտետի հարց է, ինչպե՞ս կարելի է: Արդարացումներ, պատճառաբանություններ, ինչ ասես, միայն ոչ՝ աշխատանքի հանդեպ տարրական բարեխղճություն: Օրերս ֆեյսբուքյան տարածքում լրագրողներից մեկը կարծիք էր ներկայացրել, ըստ որի, համեստ պաշտոնյայի անհամեստ ապրելակերպին առաջնահերթ պետք է արձագանքեն նրա հարևանները: Մի հարցնող լինի, այդ անձի հարևանությամբ չկա՞ն, ինչ է, իրավապահ ու վերահսկող կառույցների, այլևայլ իրավասություններ ունեցող մարմինների աշխատակիցներ, գաղտնի գործակալներ, յուրօրինակ մատնագիրներ: Ոչ վաղ անցյալում տողերիս հեղինակի հետ կապված մի դեպք հիշեմ: Առաջին հարկում գտնվող բնակարանիս պատշգամբի տակի հազիվ 60 սմ բարձրությամբ խորշը փակելու փորձի համար, որտեղ թափառող կենդանի էր սատկել, թաղապետարանը բնակչիս ապօրինաշինության մեջ մեղադրեց ու դատական գործ հարուցեց: Առաջին ատյանի դատարանը միայն 3-րդ փորձից պատասխանողիս հանդեպ տուգանք սահմանեց. հայցվոր կողմի իրավաբանն անհարմար էր զգում դատարան ներկայանալ: Վճիռը բողոքարկեցի վերաքննիչ դատարանում, որտեղ նույնպես թաղապետարանի ներկայացուցիչն այդպես էլ չհայտնվեց, և դատարանը պատմական քայլ կատարեց՝ քաղաքացուս ո՛չ մեղավոր ճանաչեց, ո՛չ էլ արդարացրեց, այդ կերպ համակերպվելով խորշը փակելու իմ վճռին:

Հարևաններս, այս մասին տեղեկանալով, հուշեցին, որ այդ ամբողջ քաշքշուկի նախնական գինը 4-5 հազար դրամ էր, ինչը, անշուշտ, գիտեի, բայց «ակտ» կազմողին կաշառել չէի պատրաստվում: Շրջեք ողջ Հայաստանով, դիտարկեք բազմաբնակարան շենքերի առաջին հարկերի պատշգամբների տակ գտնվող տարածքները, որոնք ավտոտնակների ու մառանների են վերածվել, իսկ քաղաքացուս որևէ խոչընդոտ չստեղծող պատը ապօրինաշինություն որակվեց, ամիսների քաշքշուկի հանգեցրեց և իմ համառության շնորհիվ միայն բարեհաջող ավարտ ունեցավ: Տասը քաղաքացուց քանի՞սն է պատրաստ անցնելու դժոխքից փոքր-ինչ մեղմ այս ճանապարհը:


Կարճ ժամանակով Հայաստանից բացակայելը մշտապես է մտորելու առիթ տալիս. այդ ի՞նչ ունակություններով են օժտված բարվոք միջավայրերում ապրող հանրությունները, որը հատուկ չէ հայաստանաբնակներիս: Պարզ դիտարկումներից հետո համոզվում ես, դա են ապացուցում նաև ոչ վաղ անցյալում Հայաստանից ավստրիական 300 հազար բնակչությամբ Գրաց քաղաքում հայտնված մեր բժիշկ, ճարտարագետ, էլսարքեր վերանորոգող, կոնսերվատորիան ավարտած երաժիշտ կատարողները, որ բարդ կամ հանելուկային ոչինչ էլ չկա: Մեր հայրենակիցներն ապրում են նաև քաղաքամերձ բնակավայրերում, որոնք միայն պայմանականորեն կարելի է գյուղական որակել, քանզի դրանք իրար կապող ճանապարհներով կարելի է «Ֆորմուլա-1»-ի մրցաշարեր անցկացնել: Իսկ ահա մերոնք հաջողեցրին օրեր առաջ շահագործած «Հյուսիս-հարավ»-ի առաջին վերանորոգումն անցկացնել, երբ յուրաքանչյուր քառակուսի մետրը ոսկու գնով է կառուցվում: Վերջին 10 տարիներին պարբերաբար հյուրընկալվելով Ավստրիայի 2-րդ քաղաքում, չեմ նկատել, որ երբևէ փոսալցումներ կատարվեն, կամ անձրևաջրերի կուտակումների խնդիր առաջանա: Եվ տարակուսանքը, թե ասֆալտապատումն ի՞նչ է, որ որակյալ չենք իրականացնում, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ ընդամենը պահանջվում է սահմանված չափորոշիչները պահպանել, որոնց մեջ բոլորովին չի մտնում անձրևի պայմաններում ասֆալտ փռելու մերոնց ավանդույթը:

Հատուկ չեմ այս մասին նշում, այլ ինքնաբերաբար, քանզի ասֆալտապատման փոխարեն ցանկացած այլ ոլորտ ընտրելը հայաստանյան իրողությունը չի փոխի: Երթուղայինների վարորդները, ինչպես և ԱԺ պատգամավորները, իրենց աշխատատեղերում կշարունակեն օրենքը խախտել ու ծխել, հեռուստասերիալների հեղինակները, իրենց հերոսներին առավել տպավորիչ ներկայացնելու նպատակով, անգամ անհարկի պարագաներում ծխախոտառատ տեսարաններում կներկայացնեն, ծխախոտի բիզնես իրականացնողները կշարունակեն իրենց արտադրանքը դպրոցամերձ տարածքներում իրացնել, ինչն այստեղ հնարավոր չէ պատկերացնել. ծխախոտ այստեղ վաճառվում է հազվադեպ հանդիպող կետերում, այն էլ «Լոտո» ցուցանակների ներքո:


Ավստրիական միջավայրը բարերար է, որի սկիզբն ու նախապայմանը դժվար է նկատել: Այն, թերևս, սկզբնավորվում է պարզ ու հասարակ հարցերի հանդեպ նույնքան պարզ ու հասարակ պահվածքից: Գուցե սկսենք այդ մանր խնդիրներից, մեզանում անհավանական բարձր գներից, որտեղ, ասենք, հանքային ջուրը վերջին տեղերում չէ, քանզի մեր մարդկանց դիպուկ գնահատմամբ, այն նավթից զգալի թանկ է վաճառվում: Այսօրինակ հարցերը ոչ օրակարգային համարելն ու դրանց փոխարեն տարօրինակ հայերեն բառապաշարով գլոբալ խնդիրների շուրջ մտահոգությունների ցուցադրումը միայն զավեշտի է հանգեցնում:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Ավստրիա, Գրաց

Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ