«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Տեղեկատվական ցուցանակներ՝ Տավուշի մարզի եկեղեցիների մոտ

Տեղեկատվական ցուցանակներ՝ Տավուշի մարզի եկեղեցիների մոտ
13.11.2015 | 12:04

Տավուշի մարզի վեց եկեղեցիների մոտ այսուհետև կարելի է տեսնել տեղեկատվական վահանակներ, որոնք երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կտեղեկացնեն եկեղեցիների հիմնադրման, կառուցապատման մասին և այլ տեղեկություններ։ Նախաձեռնության հեղինակը «Լիվինգ Սթոնզ-Կենդանի քարեր» հասարակական կազմակերպության երիտասարդներն են, ովքեր «Ճանաչենք մեր վանքերը» խորագրով ծրագրի շրջանակներում իրականացնում են տեղեկատվական այս արշավը։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Տեղադրվել են 6 տեղեկատվական ցուցանակներ՝ Կիրանց ձորում՝ սուրբ Առաքելոց, Կիրանց, Դեղձուտի եկեղեցիների, Սամսոնավանքի մոտ, Աճարկուտ գյուղում՝ սուրբ Աստվածածին և Ոսկեպար գյուղում՝ սուրբ Աստվածածին եկեղեցիների մոտ։ Ընդ որում, տեղեկատվական տախտակներից մեկը երիտասարդները տեղադրել են սեփական միջոցներով։
«Լիվինգ Սթոնզ-Կենդանի քարեր» ՀԿ նախագահ Էդուարդ Ավետիսյանը նշում է, որ Ոսկեպարի եկեղեցին շատ մոտ է սահմանին, և ցուցանակը տեղադրելու պահին լսվում էին հակառակորդի կրակոցների ձայները։ Ցուցանակներում զետեղված տեղեկատվությունը հավաքագրվել է պատմական տարբեր աղբյուրներից, որոնք մշակվել են մշակութաբանների, Հայ Առաքելական Եկեղեցու համապատասխան մասնագետների աջակցությամբ։
Էդուարդ Ավետիսյանը նկատում է, որ Կիրանց ձորի խոնարհված եկեղեցիներին հասնելը շատ դժվար էր, սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել, որպեսզի շարունակեն իրենց աշխատանքը։ Ընդ որում, այդ գեղատեսիլ վայր բավականին շատ այցելուներ են գալիս, ուստի կարևոր է, որպեսզի նրանք տեղեկանան վանքերի պատմությանը։ Էդուարդ Ավետիսյանը նկատում է, որ իրենց նախաձեռնությունը հետագայում լինելու է շարունակական։
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը բարձր է գնահատում այս ծրագիրը հատկապես իրազեկության բարձրացման տեսանկյունից։ Ըստ նրա՝ այն միտված է նաև նպաստելու զբոսաշրջության զարգացմանը։ Նա կարևոր է համարում, որպեսզի մշակութային ժառանգության յուրաքանչյուր կոթողի մոտ, դրանք կլինեն գործող, թե խոնարհված եկեղեցիներ, կցված լինի որոշակի պատմություն։
«Ճանաչենք մեր վանքերը» ծրագրի շրջանակներում ՀԿ անդամները տպագրել են նաև գրքույկ, որտեղ ներկայացված են Տավուշի մարզի մի շարք եկեղեցիների մասին ինֆորմացիա և նկարներ: Գրքույկներն այս օրերին անվճար բաժանվում են Հայաստանում գործող խոշոր տուրիստական կազմակերպություններին, որոնք ունեն մշակած տուրիստական ուղիներ ՀՀ-ի տարածքում:

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ