ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դալալների» ճիրաններում

«Դալալների» ճիրաններում
15.10.2014 | 18:16

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած սննդամթերքի անորակությունից մինչև սպառողների իրավունքների խախտումը: Իրավիճակը հատկապես տագնապալի է գյուղմթերքների շուկայում, ուր առկա իրավիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «ամենաթողություն»: Գյուղմթերքի գները հատկապես բարձր են Երևանի կենտրոնական շուկաներում, որտեղ վխտում են քաղաքի «դալալները»՝ վերավաճառքով զբաղվողները, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ազնվությամբ: Կենտրոնի ու ծայրամասերի շուկաներում տիրող գների տարբերությունը գրեթե կրկնակի է. տպավորություն է ստեղծվում, թե Երևանի կենտրոնական թաղամասերի բնակիչները բացառապես սեփական փողերի ձեռքը կրակն ընկած միլիարդատերեր են ու չգիտեն՝ էլ որտեղ մսխել իրենց՝ անսպառ թվացող փողերը: Իհարկե, պատկան մարմինները կամ հենց իրենք՝ վերավաճառքով զբաղվողները, շուկայում տիրող այսպիսի թանկությունը բացատրում են գյուղմթերքի սակավությամբ: Նման թանկության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նախքան իր վերջնական սպառողին հասնելը, օրինակ, նույն ընկույզը երկար ու բարակ ճանապարհով է անցնում. գյուղացուց գնում են վերավաճառողները, վերավաճառողներից էլ՝ խանութները: Առանձնապես ոգևորիչ պատկեր չի տիրում նաև ծայրամասերի շուկաներում, որտեղ ևս ապրանքը մի քանի ձեռքով է անցնում: Այստեղի շուկաներում, որպես կանոն, օրվա երկրորդ կեսից ապրանքի սեփականատիրոջ չես հանդիպի. միայն վերավաճառողներ են:

Ոլորտում առկա լրջագույն խնդիր է նաև այն, որ Հայաստանում փաստացի գոյություն չունի պարենային իրավունք, այսինքն` չկա իրավունք, որը կերաշխավորի սպառողի՝ անվտանգ մթերք ունենալու իրավունքը: Պարենային իրավունքը այն կարևորագույն պատասխանատվությունն է, որ պետությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով պարտավոր է ապահովել սպառողների համար: Դրանք հատուկ մեխանիզմներ են, որոնք ներդրվում են տնտեսավարողի կողմից և վերահսկվում են պետական լիազոր մարմինների միջոցով՝ ապահովելու սպառողի անվտանգությունը: Քանի որ այդ մեխանիզմները կամ չեն ներդրվում, կամ ներդրվելուց հետո էլ չեն վերահսկվում, ուստի պարենային իրավունքը փաստացի բացակայում է մեր երկրում:

Ըստ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների՝ Հայաստանում գործում է տեխնիկական կանոնակարգ, որը կարգավորում է սննդամթերքի, մասնավորապես` բուսական ծագում ունեցող մթերքի անվտանգությունը: Այսօր Հայաստանում իրացվող գյուղմթերքների գրեթե 80-90 տոկոսը դուրս է փաստացի վերահսկողությունից: Այդ ամենը չի կարող կարգավորվել նույնիսկ գործող օրենսդրությամբ, քանզի նախ՝ նման մթերքների հիմնական վաճառող գյուղացիները տնտեսավարող սուբյեկտ չեն, այսինքն` պետական լիազոր մարմինը վերահսկելու մեխանիզմ չունի գյուղացիների վաճառած մթերքների նկատմամբ: Դրանով իսկ գործող օրենսդրությունը սպառողների համար չի ապահովում երաշխիքներ, ուստի այն, եթե ոչ հիմնահատակ, ապա էապես ենթակա է վերափոխման,առանց որի անհնար կլինի այս կարևորագույն ոլորտի կարգավորումը:


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ