ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին
25.07.2014 | 00:27

Բաց նամակով Ձեզ են դիմում Կոտայքի մարզի Զովունի համայնքի (շուրջ 7000 բնակչությամբ) ավելի քան 380 բնակիչներ, ովքեր 1965 թվականին Ապարանի տարածաշրջանի համանուն գյուղի տեղահանումից հետո ստեղծեցին նոր Զովունին` դնելով բնակավայրի առաջին հիմնաքարը:
«Հողերի սեփականաշնորհման մասին» օրենքը ուժի մեջ մտնելուց հետո (1991 թվականին), մեզ` հնաբնակներիս, տրամադրվեց նաև նախկին գյուղի (հին Զովունու) հողերի 50 տոկոսը, իսկ մնացած մասը պետական կառավարման լիազորությունների շրջանակներում հանձվեց համայնքի օգտագործմանը:
Մինչև անցած տարի, քանի դեռ հին Զովունու հողատարածքները մեր իրավասության տակ էին, մշակում էինք հացահատիկ, կարտոֆիլ, կերաբույսեր, զուգահեռաբար` հին արոտներում խնամելով սեփական անասուններին:
Սակայն ՀՀ կառավարության որոշումով այդ հողերն անցած տարեսկզբին միացվեցին Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղին: Նույն որոշման համաձայն, մեզ պարտադրվեց սեփական հողերը մշակելու համար դիմել Եղիպատրուշի համայնքապետարան` վարձակալության ամենամյա պայմանագիր կնքելու, իսկ հարկերի-հարկատվության հետ կապված խնդիրները ժամանակին գնալու- լուծելու-պարզաբանելու այդ հեռավոր համայնքի ղեկավարության հետ:
Մինչև վերջերս գյուղի ավելի քան 200 ընտանիք ապրում էր այդ հողերից ստացված միջոցների հաշվին` հավաքված-պահեստավորված կերերով պահել-կերակրելով շուրջ 400 գլուխ խոշոր և ավելի քան 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանիների: Այսօր, երբ մեր գլխին դամոկլյան սրի պես կախվել է սեփական հողերի օգտագործման իրավունքից զրկվելու վտանգը, սկսել ենք այս կամ այն կերպ ազատվել այդ կենդանիներից: Պատճառը կեր հայթայթելու և կերակրելու հնարավորությունից զրկվելու մտավախությունն է, քանի որ նոր Զովունին լինելով երևանամերձ` արոտավայրեր և հանդեր չունի: Այնինչ հին Զովունու արդեն վարձակալված հանդ ու արոտների մեծ մասն արդեն մատնվել է պարապուրդի, իսկ խոտհարքներում և անտառամերձ տարածքներում հաճախակի են դարձել հրդեհները:
Ամենացավալին այն է, որ մեր հին գյուղի սրբավայրերը, պատմական կոթողները, մեր պապենական գերեզմանները նույնպես վերոհիշյալ համայնքին հատկացված հողերի մեջ են:
Ստեղծված սև պատնեշը վերացնելու համար բազմիցս դիմել ենք ինչպես ՀՀ կառավարություն, այնպես էլ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խնդրելով հին Զովունու հողատարածքները համայնքային սեփականության իրավունքով գրանցել տալ որպես Նոր Զովունի գյուղի սեփականություն` դառնալով հարկատու սեփական համայնքին: Սակայն պատասխան դեռևս չկա: Պարզից էլ պարզ է, որ մեր այդ ցանկությունը մնալու է թղթի վրա:
Պարոն վարչապետ, պարոն նախարար, այն, ինչ արվում է գյուղի և գյուղացու հանդեպ, ոչ այլ ինչ է, եթե ոչ օտարում սեփական հողից: Զովունիում, որտեղ արտագաղթ համարյա չկար, դատարկվելու շատ վտանգավոր միտում է նկատվում, քանի որ «հող չկա, ուրեմն ապրելու հնարավորություն էլ չկա» ասելով՝ սկսել են իրենց տունը լքել հատկապես այն գյուղացիները, ովքեր ապրում էին հին Զովունու հողերից ստացված միջոցների հաշվին:
Գյուղում արտագաղթն արդեն նկատելի է դարձել, և եթե այդ վտանգը չկանխվի, կարճ ժամանակ անց Զովունին նույնպես կամայանա: Մեկ անգամ ևս դիմելով ձեզ, խնդրում ենք աջակցել` մեր օգտին լուծելու արդեն երկու տարուց ավելի կառավարության կողմից անտեսված այդ հարցը:
«Երբ աղետ է կատարվում, պատճառը հետո են հիշում». ասում է ժողովրդական իմաստուն ասացվածքը: Մեր խնդրանքն է ձեզ` օգնել կանխելու այդ աղետը:


Նախապես խորին շնորհակալությամբ`
Կոտայքի մարզի
Զովունի համայնքի 381 բնակիչներ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ