ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ

Նոր տեխնոլոգիա` նոր շուկաներ
21.05.2013 | 00:48

Հայաստանում շուրջ մեկ տարի պաշտոնապես գործող «ՈՒրարտու ագրոհոլդինգ» ընկերության գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսության ոլորտում ինովացիոն նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և ջրային ռեսուրսների օգտագործման համար առավել արդյունավետ հիդրոֆիքս համակարգերի արտադրմանն ու ներդրմանը: Դրանք ընկերությունը շուկայականից առավել մատչելի գներով տրամադրում է ֆերմերներին և գյուղատնտեսական նշանակության կառույցներին: «Ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են դրանք և ի՞նչ նպատակաուղղվածություն ունեն». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ընկերության գլխավոր տնօրեն ԱՐԱՐԱՏ ՍԻՆԱՆՅԱՆԻ հետ:

-Նոր, առավել կատարելագործված, դիմացկուն տեխնոլոգիաների, սարքավորումների և մետաղյա դետալների արտադրությունը, որը լայնորեն կիրառվում է Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Հոլանդիայում, առաջնահերթորեն նպատակաուղղված է խորհրդային տարիներին հիմնված ջերմատնային տնտեսությունների վերականգնմանն ու վերազինմանը: Դրան զուգահեռ ընկերությունը տարբեր երկրներից (Իսպանիա, Հնդկաստան) Հայաստան է ներկրում և գյուղացիական տնտեսություններին է տրամադրում ջերմամեկուսիչ, ջերմապահպանիչ թաղանթներ, կաթիլային և անձրևային եղանակով ոռոգման համակարգեր: Նշված եղանակով ոռոգման համակարգը, որի սնուցման խողովակները տեղադրվում են բույսի արմատային համակարգի մոտ, լիարժեք սնուցում ապահովելուց բացի, 100 տոկոսով կրճատում է ոռոգման ջրի կորուստը` արդյունավետ դարձնելով նաև պարարտացումը: Մեխանիզմի շնորհիվ չոր են մնում նաև բույսի տերևները, որով կանխվում է հիվանդությունների տարածումը: Համակարգը կարելի է օգտագործել նաև բացօթյա ցանքատարածքներում: Բացի այդ, Իսրայելից և Չինաստանից ընկերությունը հանրապետություն է ներկրել հովացման նոր սարքավորումներ և համակարգեր, որոնք ողջ տարին կայուն հիմքերի վրա են պահում փակ գրունտների ապակյա պատերի ներսում եղած ջերմաստիճանը: Կառույցը նպատակ ունի նաև պոլիէթիլենային թաղանթով պատված նոր ջերմատներ ստեղծել Արարատյան դաշտում, որտեղ կփորձակվեն Պարսկաստանից բերված ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող սարքավորումները: Ասեմ, որ Հայաստանի բնական պայմաններն ապահովում են ջերմատնային տնտեսության զարգացման մեծ հնարավորություն, ինչի շնորհիվ բիզնեսը կարող է մեծ աճ ապրել, ուստի մենք աշխատում ենք առավել զարգացնել այն:
-Որտե՞ղ են իրականացվում ջերմոցային համակարգերի փորձարկման աշխատանքները:
-Նշված համակարգերի առաջին խմբաքանակն ընկերությունը փորձարկել է Արմավիրի մարզի Խաթունարխ համայնքի վերականգնված ջերմոցային տնտեսություններում: Նոր սարքավորումների կիրառման շնորհիվ արդեն հիդրոպոնիկ եղանակով (առանց հողաշերտի) աշխատող ջերմոցային տնտեսությունում 30-35 տոկոսով կրճատվել են ծախսվող գազն ու էլեկտրաէներգիան, առավել բարձրացել բույսերի բերքատվությունը:
«ՈՒրարտուն» նորագույն տեխնոլոգիաներով վերաորակավորում և վերակառուցում է նաև հին թռչնանոցները: Արդեն վերազինված երկու կառույցներում, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա խնամվում է 17-18 թռչուն, նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ շուրջ 40 տոկոսով կրճատվել է ծախսվող էլեկտրաէներգիան: Բացի այդ, երևույթը դրական ներգործություն է ունեցել նաև թռչունների զարգացման, աճի ու ձվատվության վրա:
Նշեմ, որ ընկերությունը վերջերս Իսպանիայից Հայաստան է ներկրել կարկտապաշտպան թաղանթներ, որոնք գարնանը կփորձարկվեն ընկերությանը հատկացված Արմավիր քաղաքին հարող 3 հազար քմ խաղողի այգիներում: Այդ թաղանթները, որոնք ապահովում են 100 տոկոս արդյունավետություն, փորձարկվել և այժմ լայնորեն կիրառվում են զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում (Իսրայել, Ֆրանսիա, Գերմանիա):
Բացի վերոհիշյալներից, «ՈՒրարտուն» արտադրում է նաև պոլիէթիլենային արտադրության ոռոգման մեծ տրամաչափի (100 մ երկարությամբ, մինչև 20-դյույմանոց) հիդրոֆիքս խողովակներ, որոնք, կանխելով վերգետնյա գոլորշացումը, ոռոգման ջուրն անկորուստ հասցնում են բույսերին` այդ գործընթացի վրա ծախսվող աշխատուժը (առուների և ջրանցքների փորում) նվազեցնելով 50-60 տոկոսով: Նշված խողովակները նպատակահարմար են նաև պղտոր, աղային և հանքային նյութեր պարունակող հոսքերի դուրսբերման և այլընտրանքային ջրօգտագործման ժամանակ: Դրանց պահանջարկը մեծանում է հատկապես ոռոգման շրջանում:
-Ի՞նչ կազմակերպությունների և ընկերությունների հետ եք համագործակցում և ինչպիսի՞ հեռանկարային ծրագրեր ունեք:
-Համագործակցում ենք Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի (ԳԱՖ) հետ, որն ընկերության տրամադրած գույքի և աշխատուժի դիմաց հատկացրել է տարածք, ինչպես նաև «Արթին-Վարուժան» ընկերության հետ: Վերջինիս օժանդակությամբ հավաքվում-գործարկվում են ջերմոցային տեխնոլոգիաների օպտիմալ ղեկավարման համակարգիչներն ու հատուկ կառավարման վահանակները:
«ՈՒրարտուն» ծրագրեր է նախատեսում նաև Հայաստանից դուրս նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ և արդեն իսկ համագործակցում է արտերկրի տարբեր ոլորտների ընկերությունների հետ:


Հարցազրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 2937

Մեկնաբանություններ